Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Նոյեմբերի 9-ին․․․
09։00 Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է․ Գիշերը խաղաղ բնակավայրերում Ստեփանակերտից բացի պահպանվել է հարաբերական հանգիստ։ Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ` մայրաքաղաքում չկան։ Արցախի մյուս բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել։
10։05 ԱԻՊԾ-ն հայտնում է․ Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են պատերազմական հանցագործությունները, մասնավորապես, կրակի տակ պահելով Արցախի խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը։ Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով։ Թիրախակետում բազմաբնակարան շենքերն են, բնակելի թաղամասերը, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտները։ Այս տարածքներում ռազմական որևէ օբյեկտ չկա։
10։30 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղ առավոտյան այցելել եմ Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայինների հետ, ովքեր ավելի քան մեկ օր, է ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին: Շրջայցի ընթացքում հանդիպել եմ նաև գեներալ Մնացականյանին: Այն մեծածավալ ու անգնահատելի ծառայությունը, որն այս օրերին նա մատուցում է Հարենիքին, կներկայացվի պատերազմից հետո»:
11։20 Արցախի ՊԲ-ն հայտնում է․ Նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է: Յուրային զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր: Նշված ժամանակահատվածում ճակատային գծի տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք: Հարավ-արևմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում բանակային ստորաբաժանումները առգրավել են նաև թշնամական 1 տանկ և հրետանային միջոցներ: Մարտական գործողությունների վարման ամբողջ ընթացքում հակառակորդը շարունակել է ավիացիոն և հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերին: Առավոտյան ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններով թշնամական ուժերի հարձակման փորձերը վերսկսվել են:
11։55 ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից»:
12։10 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին առաջարկել է ղարաբաղյան խնդրի լուծման հարցով աշխատանքային խումբ ստեղծել, հայտնում է CNN Turk-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները։
12։20 ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Քարինտակի ուղղությամբ հայտնաբերված խմբավորումը հրթիռահրետանային հարվածներով ոչնչացվում է։ Թշնամին ունի մեծ կորուստներ։ Կադրերը քիչ անց»։ «Վաղ առավոտյան կրկին ադրբեջանական ԱԹՍ է զգետնվել»,-ավելի վաղ հայտնել էր նա։
12։40 Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Շուշիից բացի կարևոր են նաև այլ ուղղության մարտերը։ Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում։ Բոլոր հատվածների մարտերն էլ չափազանց կարևոր են»։
16։00 ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «BBC» գործակալությանը տված հարցազրույցում արված հայտարարությունների վերաբերյալ․ Սույն հարցազրույցում Իլհամ Ալիևը հաստատում է, որ չունի որևէ արդարացում Ստեփանակերտի և Արցախի այլ խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ, որն անհերքելի փաստերով արձանագրվել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային ԶԼՄ-ների և մարդու իրավունքների պաշտպանությամբ մասնագիտացված կազմակերպությունների կողմից։ Հասկանալով, որ վաղ թե ուշ կրելու է իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների պատասխանատվությունը, Իլհամ Ալիևը հուսահատ փորձ է անում ժխտել իրականությունը՝ այն անվանելով «կեղծ լուրեր»: Իլհամ Ալիևի մարդատյաց այս հայտարարությունը, որն արվում է իր հրամանով գործող զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման ֆոնին, ևս մեկ անգամ փաստում է, որ Արցախի ժողովուրդը որևէ հանգամանքում չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո:
17։10 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել. Քարինտակի մատույցներում հակառակորդի ստորաբաժանման ոչնչացումը: Ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվում են: Կարմի շուկայի ուղությամբ 14:20-ին թշնամական կողմի ձեռնարկած գրոհը ՊԲ կողմից հաջողությամբ կասեցվել է: Հարավ-արևելյան (Մարտունու) ուղղությամբ ևս ՊԲ ուժերը դրսևորում են արդյունավետություն: Նշված հատվածում ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է հակառակորդի 3 անօդաչու թռչող սարք: Շուշի-Քարին տակ հատվածում թշնամին կրել է մեծաթիվ կորուստներ: Տեսանյութում ներկայացված են Քարին տակի մատույցներում թշնամական ուժերի ոչնչացման առանձին դրվագներ:
18։00 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա բնական է, քանի որ պատերազմը ծանր պայքարի գործողություններ են, որտեղ երաշխավորված չէ ո՛չ հաջողությունը, ո՛չ անհաջողությունը: Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս: Գոտիները ևս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, և արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված… Եթե ուզում ենք, որ Շուշին նորից մերը լինի, Արցախը պահպանվի, այսօր պետք է գործադրենք բոլոր կարողությունները Ստեփանակերտի ու ռազմաճակատի մյուս ուղղություններում հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար: Սա է հաջողությունների իրական և հուսալի գրավականը: Հաղթանակի կեղծ կոչերն ու ֆեյսբուքյան շահարկումները հասցնելու են հատիկ առ հատիկ ամեն ինչի կորստի: Իսկ պատմությունը մեզ դա չի ներելու… Կռվում ենք մինչև վերջ»:
19։10 Արայիկ Հարությունյանը հայտարարում է․ Սիրելի ՛ հայրենակիցներ, Պատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են: Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ: Մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը, մենք կարող ենք թշնամուն դուրս շպրտել մեր Արցախից, քանի որ պատերազմի ելքը որոշում է ժողովրդի ամուր կամքը: Հայ ժողովուրդը դեռևս կարող է դրսևորել այդ կամքն ու վճռականությունը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ամուր կանգնի իր դիրքերում, և դրական արդյունքը երաշխավորված կլինի: Ես հավատում եմ:
19։25 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շուշիի համար մարտերը շարունակվում են»:
19։45 Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի ուղղությամբ ներկայումս մարտեր են ընթանում։ Շուշին եղել և կլինի հայկական։ Բեկում մտցնելու ժամանակն է»։
21։00 ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «ՊԲ ստորաբաժանումները շարունակում են համառ մարտերը Շուշիի համար: Հակառակորդի խմբավորումներին հասցվում են կրակային հարվածներ: Գերեվարվել է թշնամու երկու զինծառայող»:
22։05 Ղարաբաղյան հակամարտությունը ուժային լուծում չունի, Մոսկվան այս հարցում չի կիսում Անկարայի տեսակետը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք շատ հստակ բնութագրել ենք Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում մեր մոտեցումը՝ ասելով, որ մենք ռազմական լուծում չենք տեսնում: Հավանաբար, մեկ անգամ չեք Անկարայից այլ հայտարարություններ լսել այդ կապակցությամբ: Եվ մեկ անգամ հաստատում ենք Ռուսաստանի տեսակետը, որ մեր երկիրը չի աջակցում այս ճգնաժամի լուծման ուժային ճանապարհը, և մենք պարզապես ձգտում ու կոչ ենք անում կողմերին շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները», – ասել է Զախարովան «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում:
Նոյեմբերի 10-ին 01։00 Հրապարակվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությունը զինադադարի մասին։
01։30 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը «Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել: Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով: Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի եւ սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ: Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու եւ անցյալի սխալները չկրկնելու համար: Ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առաջ, ովքեր իրենց կյանքով են պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը: Մենք պայքարեցինք մինչեւ վերջ: Եվ մենք հաղթելու ենք: Արցախը կանգուն է: Կեցցե՛ Հայաստանը: Կեցցե՛ Արցախը»