44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 24-րդ՝ հոկտեմբերի 20
copy image url

44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 24-րդ՝ հոկտեմբերի 20

Ներքին 8 ամիս առաջ - 22:20 20-10-2024
Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Հոկտեմբերի 20-ին․․․

06։10
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները նախատեսում են այցելել Միացյալ Նահանգներ: Դրա մասին հաղորդում է POLITICO պարբերականը: Ուրբաթ օրը նախատեսվում է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը հակամարտող կողմերի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ Ըստ պարբերականի, ուրբաթ առավոտյան Վաշինգտոնում պետքարտուղար Պոմպեոն կընդունի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին, որից հետո տեղի կունենա Պոմպեոյի հանդիպումը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Քննարկման հիմնական առարկան է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը:


08։30
Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները ծանր մարտեր են մղում հարավային ուղղությամբ` Իշխանաձորի հատվածում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Պաշտպանության բանակն այդ հատվածում այսօր շատ ծանր մարտեր է մղում ադրբեջանական զինուժի դեմ»,- ասաց Պողոսյանը:

09։00
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը և իրենց գործողություններով թշնամական ուժերին պատճառում կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ»:

10։00
Մի խումբ մտավորականներ կոչ են անում։
«Հայաստանի իշխանությանը կոչ ենք անում ընդունել 14 կուսակցությունների՝ այս իրավիճակից միասնաբար ելքեր գտնելու առաջարկը, որպեսզի ցեղասպանությունից պաշտպանվելու նպատակով օգտագործվի հայ ժողովրդի ամբողջ ներուժը, որպեսզի ապագայում այդ ներուժից չօգտվելու մեղադրանքները չդիտարկվեն կորստի հիմնական պատճառ. կոչ ենք անում միայն երկրի փրկությունից հետո զբաղվել ներքաղաքական, կուսակցական խնդիրներով և գաղափարական հակամարտություններով»։

10։30
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը։


11։05
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի։ Հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են։ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու համար»։


11։15
Հայոց պետականության պաշտպանները. ՊԲ-ն լուսանկարներ է հրապարակել


12։20
ՌԴ Դաշնության խորհրդից հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը։


12։40
Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հրատապ կերպով Արցախից եկել են Երևան ու քիչ առաջ Կառավարությունում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է 168.am-ը: Նրանց մտահոգել է երեկ ԱԱԽ նիստում և արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեղեկությունների բովանդակությունը։


13։00
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 5 ԱԹՍ, 10 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 50 զոհ»:


13։25
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ ձե՛ր շնորհիվ։ Դո՛ւք կանգնեցիք մինչեւ վերջ։ Դո՛ւք չընկրկեցիք թշնամու սարսափազդու զենքերի առաջ։ Դո՛ւք չհավատացիք թուլամորթներին ու չսասանվեցիք դավաճանների հարվածներից։
ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ ձե՛ր կյանքի գնով, Գեւորգ, Արտավազդ, Մանվել, Գեւորգ։
Մենք ձեզ հաղթանակած, հզոր, արդար, ծաղկուն հայրենիք ենք պարտք»:


14։20
Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նահանջը պարտություն չէ, 1918-ին էլ կար նահանջ, 1941թ. էլ կար նահանջ, 1992թ. էլ կար նահանջ, բայց բոլոր այդ դեպքերում վերջում եղավ հաղթանակ։
Էլի է լինելու հաղթանակ»։


14։55
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրապետականի կարծիքն անփոփոխ է. Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:

15։10
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ:


16։00
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է․․․
Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում»։


16։25
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը եւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը և կարժանանան ազգային հերոսի կոչման»:


17։30
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. Ստեփանակերտից ոչ հեռու հայտնաբերվել է Ադրբեջանի կողմից արձակված կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային ռումբերով, որը միջազգային բոլոր կոնվենցիաների դրույթներով՝ արգելված է կիրառել խաղաղ բնակչության վրա։


20։05
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում խոցված ԱԹՍ-ի լուսանկար է հրապարակել և գրել.
«Տեսնես` ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն»:

20։35
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ ՌԴ նախագահն իր գործընկերոջը տեղյակ է պահել Լեռնային Ղարաբաղում հետագա էսկալացիան կանխելուն և հետագա բանակցությունների վերականգնմանն ուղղված քայլերի մասին։
Նախագահները պատրաստակամություն են հայտնել սերտորեն համագործակցել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ և ՄԱԿ Անվտանգության խորհրդի շրջանակներում։


21։00
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում համացանցում հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցիալական ցանցերի կեղծ էջեր։ Վերջիններս տարածում են ակնհայտ ապատեղեկատվություններ՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ փոխկապակցված անձանց, ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Քյարամյանի, ներքաղաքական և արտաքին քաղաքական բազմաթիվ երևույթների վերաբերյալ, որոնք ստահոդ լինելուց բացի՝ պարունակում են ՀՀ և Արցախի անվտանգությանը վնասող զգալի տարրեր ու բաղադրիչներ:

22։25
«Հարավային ուղղությամբ մարտերի ընթացքում մեր զորքերը հաջողությամբ կասեցրել են հակառակորդի հարձակողական մի քանի գրոհներ եւ հետ շպրտել ելման բնագծեր: Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են ոչ այնքան ինտենսիվ, որքան ցերեկային ժամերին են լինում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:


23։00
«Հետեւելով վեհափառ հայրապետի կոչին՝ Աստծո օրհնությամբ, հզոր հավատքով պատրաստ ենք մարտին, եւ մեր վճռական հարվածը հասցնելու մեր ոսոխին, ում երազանքն է ոչնչացնել մեզ ու իրեն վերադարձնել իր բույնն ու որջը: Մեր տղաները ռազմի դաշտում սխրանքներ են գործում իրենց կյանքով ու արյունով վերստին գծում մեր հաղթանակների ու գոյության անծայրածիր սահմանները: Քանի դեռ ողջ ենք, ուրեմն ոչինչ չի վերջացել, մենք վճռականորեն վերջացնելու ենք այսօրվա ու ապագայի մեր այս մեծ հայրենական պատերազմը»,- ուշ երեկոյան դիմելով արցախցիներին՝ Ստեփանակերտից այսպիսի կոչ արեց Բագրատ սրբազանը:

23։25
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանից լրագրողները հետաքրքրվեցին Զանգելանի (Կովկասան)՝ իբրեւ թե Ադրբեջանի կողմից գրավված լինելու մասին: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ իբրեւ թե գրաված բնակավայրերի անուններն էր թվարկել՝ ոգեւորվածությամբ ասելով, թե Զանգելանը եւս իրենցն է: Արծրուն Հովհաննիսյանը հեգնեց. «Հերթը հասել է Զանգելանին: Ինչպես Հադրութն էին «գրավել», Ֆիզուլին, այնպես էլ՝ Զանգելանն են «գրավել», այսքանը կասեմ»:

23։35
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է, որ Ադրբեջանը կառավարվում է ռասիստական ռեժիմի կողմից, որը փառաբանում է հայերի նկատմամբ էթնիկ բռնությունները և էթնիկ ատելություն է սերմանում հասարակության մեջ, Twitter-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արցախի հայերին Ադրբեջանի իշխանության ներքո ապրել պարտադրելը խախտում է միջազգային իրավունքը», – նշել է ՀՀ վարչապետը:


23։40
ԱՄՆ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն կոչ է արել Միացյալ Նահանգներին պաշտոնապես ճանաչել Արցախի անկախությունը: Նապոլիտանոն նշել է, որ Արցախը չի կարող միանալ Ադրբեջանին, որովհետեւ այն հազարամյակներ շարունակ եղել է Հայաստանի մի մասը:


Կարդացեք նաև՝
Պատերազմի քրոնիկան. օր առաջին՝ սեպտեմբերի 27
Պատերազմի քրոնիկան. օր 2-րդ՝ սեպտեմբերի 28
Պատերազմի քրոնիկան․ օր 3-րդ՝ սեպտեմբերի 29
Պատերազմի քրոնիկան․ օր 4-րդ՝ սեպտեմբերի 30
Պատերազմի քրոնիկան․ օր 5-րդ՝ հոկտեմբերի 1
Պատերազմի քրոնիկան․ օր 6-րդ՝ հոկտեմբերի 2
Պատերազմի քրոնիկան․ օր 7-րդ՝ հոկտեմբերի 3
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 8-րդ՝ հոկտեմբերի 4
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 9-րդ՝ հոկտեմբերի 5
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 10-րդ՝ հոկտեմբերի 6
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 11-րդ՝ հոկտեմբերի 7
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 12-րդ՝ հոկտեմբերի 8
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 13-րդ՝ հոկտեմբերի 9
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 14-րդ՝ հոկտեմբերի 10
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 15-րդ՝ հոկտեմբերի 11
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 16-րդ՝ հոկտեմբերի 12
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 17-րդ՝ հոկտեմբերի 13
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 18-րդ՝ հոկտեմբերի 14
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 19-րդ՝ հոկտեմբերի 15
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 20-րդ՝ հոկտեմբերի 16
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 21-րդ՝ հոկտեմբերի 17
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 22-րդ՝ հոկտեմբերի 18
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 23-րդ՝ հոկտեմբերի 19

Ամենից շատ դիտված

23:03 Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա
20:17 Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան
21:00 Չգնա՞նք քաղաքից դուրս․ Հրազդանի տրանսպորտը «լևի» ռեյսեր է անում
22:30 Կոռուպցիա է, որ վարչության պետը կապ ունի ավտոբուսների մրցույթում հաղթած ընկերության հետ․ հարցում
20:30 Ձերբակալությունները պատվեր են․ Նիկոլն ուզում ա` մարդկանց ճնշի, գաղափարը ոչնչացնի․ հարցում
09:08 Կլինի խաղաղություն կամ շատ ավելի մեծ ողբերգություն. Թրամփը՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածների մասին
23:15 Բուժաշխատողի օրը. Գյումրին դարձել է համերգների ու փառատոնների քաղաք
16:09 Գերագույն դավաճանը կատաղում ու հրահանգում է… առգրավվել է Դավիթ Համբարձումյանի մեքենան. Ռուբեն Մելիքյան
14:24 Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության. Գարեգին Բ
12:50 Իրանում երկրաշարժ է գրանցվել