Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Հոկտեմբերի 6-ին...
08։30
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գրում է․
Սիրելի ՛ հայրենակիցներ Անցած գիշեր առաջնագծում, ընդհանուր առմամբ, պահպանվել է հարաբերական կայուն վիճակը: Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն և արհեստավարժ կերպով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Պատերազմական իրավիճակին հատուկ պայմաններում արդյունավետ են գործում նաև պետական կառավարման բոլոր օղակները: Թե՛ թիկունքում, թե՛ առաջնագծում բոլորը քաջ գիտակցում են իրենց անելիքները:

09։20
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը
գրում է․
ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել։ Հետագա սրացումների դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
09։40
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է․
ԱրԱր հիմնադրամը համագործակցության պայմանագիր կնքեց Միքայելյանի անվան Վիրաբուժության կենտրոնի հետ, որտեղ ապաքինվում են մեր բազմաթիվ վիրավոր զինծառայողներ, ներառյալ ծանր վիճակում գտնվող։ Մեր հնարավորությունների սահմաններում, մենք աջակցելու ենք Կենտրոնին անհրաժեշտ սարքավորմամբ, դեղամիջոցներով և բժշկական պարագաներով, որոնց կարիքը շատ մեծ է։

10։00
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Ադրբեջան, որտեղ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությունը:

10։40
«Վիրավորների մասին տեղեկատվության բացը լրացնելու խնդրից մենք էլ ենք տեղյակ: Մենք էլ ենք ստանում բազմաթիվ զանգեր եւ հարցումներ՝ պարզելու համար, թե ով որտեղ է գտնվում»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ որոշ վիրավոր զինծառայողների մասին տեղեկությունը երբեմն հասանելի չի լինում ընտանիքի անդամներին:

11։30
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանն է, ով աշխատանքային պարտականություններից դուրս նոր՝ ոչ պակաս կարևոր գործով է զբաղված: Նրա այս կերպարը յուրահատուկ մարմնավորումն է մեր ազգի` այս օրերին դրսևորած վարքագծի` ամեն ինչ հանուն ճակատի ու Հայրենիքի: Ահա սա՛ է մեր ժողովրդի անպարտ լինելու ֆենոմենը: Վստա՛հ եղեք, հաղթանակը մերն է»:

11։50
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է․
Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների կողմից արված հայտարարությունը, որտեղ աներկբա կերպով դատապարտվում է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների աննախադեպ մեծ ծավալների թիրախավորումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, որպես անընդունելի սպառնալիք տարածաշրջանային կայունության համար: Հայաստանը վերահաստատում է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, որի մասին ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ 2020թ․ հոկտեմբերի 2-ին: Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորումը ու խաղաղ գործընթացն այլընտրանք չունեն, և ցանկացած փորձ` տանելու այն ռազմական լուծմանը վճռականորեն կասեցվելու է:
12։20
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարում է․
Եվս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, ինչը թույլ կտա վերացնել Արցախի ժողովրդի գլխին կախված էքզիստենցիալ վտանգը, վերջ տալ Արցախի դեմ անմարդկային ագրեսիային և վերականգնել երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում:
12։40
ՀՀ ՊՆ ֆեյսբուքյան էջը
տեղեկացնում է. «Թեժ գծի 1-28 հեռախոսահամարից բացի գործում է նաև ՀՀ ԶՈւ ԳՇ Վստահության գիծը։ Հարգելի քաղաքացիներ, կարող եք զանգահարել 85-01, 85-02, 85-03 և 011 660 054 հեռախոսահամարներին»։

12։50
Երեւանի քաղաքապետարանը 100 միլիոն դրամ կհատկացնի Ստեփանակերտին: Այսպիսի որոշում կայացրեց Երեւանի ավագանին՝ արտահերթ նիստում: 100 միլիոն դրամն, ըստ քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանի, կուղղվի Ստեփանակերտի վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների եւ օբյեկտների կապիտալ աշխատանքների իրականացմանը:

13։10
Կալիֆոռնիայի ընտրված պաշտոնյաները և ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կոնգրեսական Ադամ Շիֆը համերաշխություն են հայտնել Հայաստանին և Արցախին՝ համապատասխան լուսանկար
հրապարակելով Ֆեյսբուքում։

13։15
«Պինդ եղեք, սիրելի հայրենակիցներ, մենք չենք աղերսելու եւ չենք խնդրելու հրադադար: Պատերազմը սկսել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, եւ վարում է արդեն Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
13։30
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 5-ի մարտակոչի հետ կապված՝ Պետական եկամուտների կոմիտեն աջակցություն է հայտնում կամավորագրված՝ նախկին զինծառայողների, հատկապես մարզերից՝ Երևանի կենտրոնական հավաքակայան տեղափոխման գործընթացի կազմակերպմանը: Պետական եկամուտների կոմիտեն կտրամադրի տրանսպորտային միջոցներ:

14։00
Գերմանական հեղինակավոր «Neues Deutschland» պարբերականի լրագրող-խմբագիր Փիթեր Շթայնիգերն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և Էրդողանի էքսպանսիայի (ընդլայնման) քաղաքականությանը:
«Երկարատև սառեցված հակամարտությունից հետո՝ երկու հետխորհրդային պետությունների միջև թեժ պատերազմին վերադարձը՝ Էրդողանի էքսպանսիայի քաղաքականության մի մասն է Հարավային Կովկասում, որը հիմնված է Բաքվում նավթային ավտոկրատի հետ նրա պակտի վրա: Նորագույն պատմության մի ժամանակահատվածում հայերն արդեն ենթարկվել են արյունալի հալածանքների ֆանատների կողմից: Նրանց ժառանգներն այժմ ռումբեր են նետում Ստեփանակերտի վրա: Թուրքիան այլևս ոչ միայն գաղտնի միջամտում է իսլամիստ վարձկանների գործերին, այլ վաղուց արդեն ներգրավված է Ադրբեջանի կողմից կանոնավոր զինված ուժերում: Նրանց պետության ղեկավարը ցանկանում է, որպեսզի հայ զինվորներին «որսան ինչպես շների»»։

14։20
Հայկական կողմը տեղեկացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), որ չի մասնակցելու հոկտեմբերին անցկացվող «Անքակտելի եղբայրություն-2020» զորավարժություններին, ասել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը: «Հայաստանը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել «Անքակտելի եղբայրություն-2020» խաղաղապահ զորավարժություններին, որոնք ծրագրվում են անցկացնել Բելառուսի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-ից 16-ը»,- ասել է նա։
14։30
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս, որ Ռուսաստանը ոչ միայն մտադիր չէ զիջել իր դիրքերը տարածաշրջանում, այլ նաեւ ամրապնդում է այն։ Թուրքական իրական սպառնալիքի պարագայում դա կարող է լուրջ անվտանգության ամրապնդման գործոն լինել Հայաստանի համար։ Ռուսական գործոնի ակտիվացումն ու հայ-ռուսական դաշինքի ամրապնդումը բխում է մեր պետական շահերից եւ զսպող մեխանիզմ կարող է լինել Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների պարագայում։ Այո, այս պատերազմը նաեւ քաղաքակրթությունների բախում է, այդ թվում պանթուրքիզմի դեմ, հետեւաբար դաշնակիցներ պետք է փնտրել ոչ թե շատ հեռուներում, այլ ամրապնդել ու զարգացնել կապերը դաշնակից Ռուսաստանի հետ»։
14։50
Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է.
«Համացանցում շրջանառվող այն տեղեկությունները, թե Վրաստանը խոչընդոտում է դեպի ՀՀ վառելիքի ներկրմանը և նաև հրաժարվում է բաց թողնել դեպի Հայաստան հումանիտար օգնությունը, չեն համապատասխանում իրականությանը։ Ե՛ւ վառելիքի, և՛ հումանիտար օգնության տեղափոխման հետ կապված որևէ խնդիր չկա»։
15։20
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը»։

15։30
«Այս պատերազմի երկրորդ, երրորդ օրերից սկսած՝ միջազգային խաղացողների եւ ընդհանրապես միջազգային մամուլի եւ հանրության շրջանում որոշակի ընկալման փոփոխություն տեղի ունեցավ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, մեզ համար ձեռնտու փոփոխություն: Աշխարհն ընդունեց այն փաստը, որ Թուրքիան ներգրաված է պատերազմի մեջ ու նաեւ տեռորիստներ է ներգրավել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Ըստ նրա դիվանագիտական առումով սա շատ դրական է մեզ համար ու մեծ հնարավորությունների տեղ է բացում:

15։40
Հանրապետության նախագահի աշխատակազմն ընդհանուր առմամբ 81,3 մլն դրամ է հատկացրել Արցախի վերականգնման և անհրաժեշտ այլ կարիքների համար: Այդ գումարի մի մասը 2020թ. պետական բյուջեից Հանրապետության նախագահի աշխատակազմին հատկացված միջոցներից է, որը կտրամադրվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդին, իսկ մյուս մասն արդեն իսկ փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքի հաշվեհամարին:

15։50
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.
«Երևանում տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, քննարկվել է իրավիճակը հակամարտության գոտում»:

16։00
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրավիճակն Արցախում շարունակում է կայուն-լարված մնալ։ Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով նոր կորուստներ է պատճառում թշնամու ահաբեկչական զորամիավորումներին․ դիրքային որոշակի հաջողություններ ունենք»։
16։05
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու ուղղությամբ հակառակորդի հարձակման ժամանակ մարտկոցի հրամանատար, կապիտան Գեղամ Մարտիկի Մարտիրոսյանը, ճիշտ գնահատելով իրավիճակն ու գրոհի ուղղությունը, անվրեպ կրակոցով խոցել է հակառակորդի յոթ տանկ` ստիպելով վերջիններիս խուճապահար նահանջել:

16։15
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին
այցելել է Արցախի Հանրապետություն: Վարչապետն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն: Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է առաջնագծում օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին արժանի հակահարված հասցնելու, ինչպես նաև ԶՈՒ առաջիկա քայլերի մասին:
16։25
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարի գալուստ դժոխք: Արցախի ՊԲ տեղեկություններով՝ կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ հարձակում են սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ: Հակառակորդի կողմից անտեսվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անվտանգությունը: Մեթոդաբար և շարունակաբար ոչնչացվում են հակառակորդի մեծաթիվ կարողություններ»:
16։40
ՀՀ ԱԳՆ հայտարարում է
«Արցախի ՊԲ-ից ստացված տեղեկությունների համաձայն՝ կեսօրին մոտ, Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ է սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ:
Այս գործողությունը տեղի է ունենում Թուրքիայի ԱԳ նախարար Բաքու այցի ընթացքում և ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից ժամեր անց։
Արցախի ՊԲ կողմից գործի են դրվել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հարձակումը ետ շպրտելու համար»:
16։55
Արցախի Տեղեկատվական շտաբը
տեսանյութ է հրապարակել, մակագրելով. «Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքները»։
17։10
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ հրապարակումներիս տակ շատ են գրում, որ մենք էլ պետք է թիրախավորենք ադրբեջանական խաղաղ բնակչությանը, միանգամից ասեմ, որ բացառված է նման քայլի դիմենք։ Մի պարզ պատճառով, որովհետև մենք թուրք չենք, բայց գիտենք ոնց կարելի է ջարդել նրանց ահաբեկչական բանակին»
18։15
ՄԹ արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը և Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել են
«Կանադան և Միացյալ Թագավորությունը վերահաստատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրա շրջակայքում շարունակվող ռազմական գործողությունները դադարեցնելու հրատապ անհրաժեշտությունը: Մենք հատկապես մտահոգված ենք քաղաքացիական տարածքների հրետակոծման մասին հաղորդագրություններով և ցանկանում ենք մեր ցավակցությունը հայտնել ողբերգականորեն իրենց կյանքը կորցրածների ընտանիքներին: Հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն բռնությունը և հարգեն հրադադարի մասին համաձայնագիրը»:
19։30
Քիչ առաջ ՄԻԵԴ-ը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը եւ միջանկյալ միջոց կիրառեց։ Որոշման մեջ մասնավորապես ասված է. Դատարանը վերահաստատում է միջանյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը եւ կոչ անում բոլոր ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։

19։55
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքային 3 խմբերն այց են իրականացրել Արցախից Հայաստան տեղափոխված մարդկանց կացարաններ՝ նրանց կարիքների ուսումնասիրության, իրավունքների ապահովման հարցում աջակցություն ցուցաբերելու համար:
20։10
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին կրկնել է Ղարաբաղում մարտական գործողությունները դադարեցնելու կոչը՝ ի շահ քաղաքացիական բնակչության։ Նա նորից է կոչ արել վերսկսել բանակցությունները՝ ԵԱՀԿ սկզբունքներին և պարտականություններին համապատասխան՝ հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար։ Անցյալ շաբաթվա ընթացքում նա անմիջական կապ է հաստատել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակների հետ, որպեսզի ընդգծի այդ հարցում ԵԱՀԿ ԽՎ դիրքորոշումը, ասված է ԵԱՀԿ հայտարարության մեջ։

20։30
ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Արցախի տեղեկատվական շտաբում հայտարարեց. «Սա միայն Արցախի, միայն հայի խնդիր չէ: Սա արդեն գլոբալ, աշխարհի խնդիրն է դառնում: Աշխարհը պիտի պայքարի: Մենք դեռեւս լսում ենք կոչեր երկու կողմերին, եւ դա նույնիսկ զայրույթ է առաջացնում: Մենք ի՞նչ կոչ լսենք, եթե մեր զինվորի թիկունքում հայրենիքն է, իր երեխան է, իր տունն է: Իսկ թուրքի հետեւո՞ւմ ինչն է: Նա եկել է գրավելու, ուզում է խլել մեր հայրենիքը, ինչը մենք, բնականաբար, թույլ չենք տալու»:
21։00
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել Ղարաբաղյան հակամարտության հարցով։ Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել հակամարտության գոտում իրավիճակի աննախադեպ սրման կապակցությամբ:

21։30
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում
գրում է. «Շահարկումներից խուսափելու նպատակով, ներկայացնում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքը AFP գործակալությանը։ «Հակամարտությունների կարգավորումը պետք է իրականացվի փոխզիջումների հիման վրա։ Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների»: Հորդորում եմ ԶԼՄ գործընկերին զերծ մնալ վարչապետի խոսքը կոնտեքստից դուրս, ոչ ամբողջական կամ սեփական մեկնաբանությամբ ներկայացնելուց»։

21։55
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՊՆ-ի նոր
տեսանյութը։
22։40
«Այդպիսի օր չկա, որ մեր զինված ուժերն ադրբեջանական որևէ օբյեկտ շարքից չհանեն»,- Հայկական միասնական կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը նաև անդրադարձավ այն զանգերին, որոնցով օգնություն, պարեն և դրամական միջոցներ են առաջարկում ու ասաց. «Դրամական միջոցները հիմնականում կարող եք ուղղել Հայաստան համահայկական հիմնադրամին և զինծառայողների ապահովագրության 1000+ հիմնադրամին»:
23։00
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է»: Քիչ անց նա նաև տեղեկացնում է, որ հրթիռակոծվում է նաև Շուշին: «Դուք այլ բանի ընդունակ չեք բացի քաղաքներին հարվածելը, ձեր կռիվը մենակ կարողանում եք տալ խաղաղ բնակիչների հետ», գրում է Արծրուն Հովհաննիսյանը:
23։20
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, հայկական ստորաբաժանումները փորձել են հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, լկտի սուտ է։ Մենք բազմիցս ենք հայտարարել, որ չենք թիրախավորում նավթագազային ենթակառուցվածքները, սակայն անկախ տեղակայման վայրից բոլոր այն ռազմական օբյեկտները և նշանակետերը, որտեղից կրակ կարձակվի Արցախի ուղղությամբ, կոչնչացվեն»:
23։30
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում
գրել է.
«Երբ գտնվում ես ժամեր շարունակ անդադար հրթիռակոծվող քաղաքում, և այդ ընթացքում նույնիսկ ապաստարանում չես, այլ շատ խոցելի վայրում: Երբ գիտակցում ես, որ քեզ հետ Ստեփանակերտ եկած երեք փխրուն աղջիկների, որդուդ և քո կյանքը, այնպես ինչպես Ստեփանակերտի հազարավոր խաղաղ բնակիչների կյանքը մազից է կախված, և ամեն վայրկյան իրավիճակը կարող է անշրջելի դառնալ: Երբ ամուսինդ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը, նույն այդ հրթիռների տակ, այնուամենայնիվ, հասնում է Ստեփանակերտ, արձանագրում ես, որ վերմարդկային հովանավորության տակ ենք գտնվում որպես ազգ և պետություն: ԵՎ մեզ արդեն այլ բան չի մնում, քան վերջնական ՀԱՂԹԱՆԱԿՆ արձանագրելը»։
23։45
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում
հրապարակել է BBC World News-ին տված հարցազրույցից մի հատված. «Եվ Արցախը, այո՛, Հայաստան է, հայերի երկիր է, որովհետեւ միշտ այնտեղ բնակչության 80 եւ ավելի տոկոսը եղել են հայեր: Եվ ի՞նչ պրոբլեմ կա սրա հետ: Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ հայեր չապրեն: Դրա համար էլ ահաբեկիչների աջակցությամբ հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա: Եվ ի՞նչ է առաջարկվում, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ասելու են` քանի որ դուք ահաբեկիչներ եք, ուրեմն մենք հրաժարվո՞ւմ ենք մեր արմատներից: Չի կարող լինել նման բան»:

Կարդացեք նաև՝
Պատերազմի քրոնիկան. օր առաջին՝ սեպտեմբերի 27Պատերազմի քրոնիկան. օր 2-րդ՝ սեպտեմբերի 28Պատերազմի քրոնիկան․ օր 3-րդ՝ սեպտեմբերի 29Պատերազմի քրոնիկան․ օր 4-րդ՝ սեպտեմբերի 30Պատերազմի քրոնիկան․ օր 5-րդ՝ հոկտեմբերի 1Պատերազմի քրոնիկան․ օր 6-րդ՝ հոկտեմբերի 2Պատերազմի քրոնիկան․ օր 7-րդ՝ հոկտեմբերի 3 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 8-րդ՝ հոկտեմբերի 444-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 9-րդ՝ հոկտեմբերի 5