Պատերազմի քրոնիկան․ օր 5-րդ՝ հոկտեմբերի 1
copy image url

Պատերազմի քրոնիկան․ օր 5-րդ՝ հոկտեմբերի 1

Ներքին 8 ամիս առաջ - 22:30 01-10-2024
Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Հոկտեմբերի 1-ին...

07:30
Բրիտանական «The investigative journal»-ի հետաքննության մեջ Լիբիայում կռվող սիրիացի ապստամբներից ոմանք պատմել էին, որ իրենց ասվել է, թե Ադրբեջան են գնալու ավելի շատ գումարի դիմաց, քան Լիբիայում էին ստանում: «Ես լսել եմ, որ մենք գնալու ենք Ադրբեջան կամ ինչ էլ որ այն կոչվեր»,- ասել է Համզայի դիվիզիայի անդամ Օմար Յաղրին` սխալ արտասանելով երկրի անունը. «Լսեցի, որ նրանք մեր ներկայիս աշխատավարձին 2000 կամ 3000 դոլար կավելացնեն: Ես ուզում եմ գնալ, եթե դա ճիշտ է, քանի որ դա ավելի լավ է, քան նույնիսկ Լիբիայում $2000 ստանալը»:

08:10
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ՖԲ-ում տեղեկացնում է. Ըստ ՀՕՊ տեղորոշման տվյալների, ժամը 00։15-ի դրությամբ ՀՀ ԶՈՒ կողմից խոցվել է չորս ԱԹՍ՝ մեկը Կոտայքի, ևս երեքը Գեղարքունիքի մարզում։ Բոլոր խոցված անօդաչուները եղել են հետախուզական։ Այսպիսով, ՀՀ օդային տարածքում օրվա ընթացքում ընդհանուր առմամբ խոցվել է հակառակորդի 7 անօդաչու։


08:25
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Ժամը 07:55-ի սահմաններում հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք։ Արցախի սահմանի երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են։ Հակառակորդի՝ առանձին հատվածներում մեր զորքերի պաշտպանությունը ճեղքելու փորձերը ձախողվել են։

08:30
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն: Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է:


08:40
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Մարտակերտում ադրբեջանաթուրքական ռազմական օդուժի ռմբակոծությունից զոհված 3 քաղաքացիական անձինք մեր հարազատներն են՝ կնոջս հարազատ քեռին՝ Հրանտ քեռին, իր կինը՝ Լյուբան ու կնոջ քույրը…
Լույս դառնան բոլոր նահատակված հայրենյաց պաշտպանների հոգիները… Ձեր բոլորի արյունը չենք մոռանալու ու չենք ներելու»:


09:00
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ։ Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։
Այսպիսով՝ արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհաքաղաքական սահմաններով։

10:00
Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջոցներից «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցել կես միլիոն ԱՄՆ դոլար գումար


10:05
ԱԱԾ-ն բացահայտել է նախկին բարձրաստիճան զինվորականի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք

10:20
Հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում: Հայտնում է Արցախի ՊԲ-ն։

11:30
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զսպում էի չգրելու, բայց…
Երկու օր առաջ Աստծուն հանձնեցինք Պառավաքարից իմ Կարենին, այսօր և վաղը հավերժի ճանապարհորդ կդառնա իմ երկրորդ զավակը՝ Տիգրանը, Ներքին Կարմիրաղբյուրից…
Ամբողջ մեր երկիրը տնքում է արյան ծանրությունից և երկինքը իր արցունքն է ցողում… Տղե՜րք, ձեր արյունով ենք ապրելու… մեռնելով ենք ՀԱՂԹԵԼՈՒ…

Այո՛, մենք ՄԵՆԱԿ ենք աշխարհից և աշխարհի դեմ, բայց ե՞րբ չենք եղել… Ձեր արյունով մենք խաղաղություն չենք մուրալու, այլ պարտադրելու ենք… Ծանր, դժվար, վշտով, ցավով, տառապանքով, մեր կյանքով՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ…»


11:30
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև է ներկայացրել

11:40
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը. առաջնորդները կողմերին կոչ են արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել և շուտափույթ վերականգնել հրադադարի ռեժիմը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:


12:00
Ռուսական կողմի նախաձեռնությամբ ՀՀԿ նախագահ, ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողություններն ու էսկալացիան: Դրա հետ կապված՝ նախագահ Սարգսյանը դեսպանին տեղեկացրել է ՀՀԿ-ի կողմից ներքաղաքական օրակարգի սառեցման ու համազգային կոնսոլիդացիայի մասին:


13:30
«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում, կա երկու վիրավոր, նախնական տվյալներով երկուսն էլ Ֆրանսիայի քաղաքացի»:

13:50
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ հոկտեմբերի 1-ին ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային և հարավ-արևելյան ուղղություններում խոցել են 1 ինքնաթիռ և ևս 1 ուղղաթիռ: Խոցված ուղղաթիռն ընկել է ՊԲ վերահսկողության տարածքում:


14:30
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակառակորդի ևս մեկ ինքնաթիռ խոցվեց․․․ օդուժաթափ»: Հիշեցնենք, որ ընդհանուր հաշվով՝ հակառակորդ կորցրել է 4 ինքնաթիռ, որից 3-ը խոցվել են հոկտեմբերի 1-ին:


15:10
Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի նախագահներ Էմանուել Մակրոնը, Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը համատեղ հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Նախագահները կոչ են արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Մակրոնը, Թրամփն ու Պուտինը,Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում առանց նախապայմանների վերականգնել բանակցային գործընթացը։


15:40
Արցախի Ազգային ժողովի կոչը Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին
Բաքվի իշխանությունների քմահաճույքների համար զոհվելուց խուսափելու համար կոչ ենք անում Ադրբեջանի բնիկ ժողովրդներին՝ լեզգիներին, թալիշներին, ավարներին, թաթերին, ուդիններին, ցախուրներին, ինգիլոյներին, ռուտուլներին, Շահդաղի խմբի ազգություններին և քրդերին, ովքեր ուծացման եզրին են.
1․Բոլոր հնարավոր միջոցներով խուսափել զորակոչից, առաջնագիծ մեկնելուց և Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիային մասնակցելուց՝ այդ թվում փորձելով լքել Ադրբեջանի տարածքը։ Արցախի դեմ ագրեսիային մասնակցել չցանկացող և Ադրբեջանը լքած անձանց այլ երկրներում հայկական սփյուռքի համապատասխան կառույցների կողմից կցուցաբերվի համապատասխան օժանդակություն։


16:20
Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Իսպանացի պատգամավորներն Կոնգրեսի դիմաց «Կեցցե Անկախ Արցախը», «Ոչ Արցախի դեմ ագրեսիային» գրառումներով պաստառներով իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին: Ակցիային մասնակցում էին պատգամավորներ իշխող Սոցիալիստական կուսակցությունից,կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին՝ կարող ենք» կուսակցությունից, ինչպես նաև Բասկերի երկրի «Բիլդու» կուսակցությունից և մի քանի այլ կուսակցություններից»:


17:10
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Զրույցը կայացել է բելառուսական կողմի նախաձեռնությամբ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով տեղի ունեցող զարգացումները:


17:30
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Ըստ նախնական տվյալների՝ ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցված ինքնաթիռները եղել են ՍՈւ-25, իսկ ուղղաթիռները՝ ՄԻ-24 տիպի:


18:00
Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Դեսպանն իր ցավակցությունն է հայտնել վերջին օրերի մարտական գործողությունների հետևանքով զինվորական և քաղաքացիական զոհերի կապակցությամբ, նշել, որ Ֆրանսիան խիստ անհանգստացած է իրավիճակի լարվածությամբ և ուշադրությամբ հետևում է զարգացումներին:


18:20
ԵՊՀ-ն խնդրել է գործընկերներին՝ դիմել իրենց երկրների կառավարություններին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին:


18:50
Արայիկ Հարությունյանը տիկնոջ՝ Քրիստինե Հարությունյանի հետ այցելել է ՊԲ զինվորական հոսպիտալ։


19:30
1280 զոհ. Ադրբեջանական բանակի կորուստները ժամը 18։00-ի դրությամբ:


20:10
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հերթական տեսանյութը՝ ադրբեջանական անօդաչուի խոցման պատկերմամբ:


20:30
Խորապես ցավում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության վերսկսման կապակցությամբ, որն արդեն հանգեցրել է բազմաթիվ զոհերի: Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը: «Կողմերին հիշեցնում եմ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների մասին՝ երաշխավորել կյանքի իրավունքը և պաշտպանել բնակչությանը խոշտանգումներից, անմարդկային կամ արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքից կամ պատժից: Հակամարտության սրումը պարունակում է լուրջ սպառնալիքներ այս իրավունքներին»,- ասել է Միյատովիչը:

20:45
Հադրութում և Մարտունիում շարունակվել է քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի ռմբակոծությունը:


21:00
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքից հասցված հարվածներն արդարացում չունեն, և ինքն անձամբ է այդ մասին ասել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ «Ֆրանսիան անելու է հնարավոր ամեն բան, որպեսզի հակամարտությունն արագ կարգավորվի։ Հարվածները, որոնք հասցվել են կիրակի Ադրբեջանի տարածքից արդարացում չունեն։ Այդ մասին ես ասել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից առաջ։


21:10
ՀՀ ԱԳ նախարարության մամուլի Խոսնակ Աննա Նաղդալյանը մամուլի ասուլիսում տեղեկացրեց, որ ՀՀ ԱԳՆ-ն որոշում է կայացրել խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին:

21:25
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։ ՀՕՊ ուժերը տվյալ տարածաշրջանում ոչնչացրել են հակառակորդի երեք ԱԹՍ, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրին հրթիռային հարված հասցրած անօդաչուն»։


22:40
«Կիրակի օրը օգտագործելով իրենց զինանոցի ողջ կազմը, կատարելով համապատասխան խոցման ու ազդեցության միջոցառումներ՝ հակառակորդն անցել է հարձակման մի քանի ուղղություններով, հեռահար նպատակն է եղել երկու-երեք օրվա ընթացքում մխրճվել ՊԲ մարտավարական խորությամբ մոտ 10-15 կմ եւ պարտադրանքի լեզվով խոսել ՀՀ եւ Արցախի ղեկավարության հետ: Նրանք խախտել են հերթական պայմանավորվածությունները ուժի չկիրառման հարցում»,- ասուլիսի ժամանակ ասաց Սեյրան Օհանյանը:


23:30
ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք:

23:45
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ՖԲ էջում տեղեկացնում է. «Չորրորդն էլ ոչնչացվեց: Հանդարտ, վստահ եւ դուխով: Հաղթելու ենք»:

Հիշեցնենք, որ խոսքը հակառակորդի 4 ԱԹՍ-ների մասին է: Մինչ այդ վարչապետը տեղեկացրել էր.

«Թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի օդում: Հայաստանի ՀՕՊ ուժերը արդեն իսկ ոչնչացրել են դրանից երեքին: Ընթանում է չորրորդի տեղորոշման եւ չեզոքացման գործընթացը»:


23:55
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Եվրոպայի խորհրդում խոսում է Լեռնային Ղարաբաղի մասին։


Կարդացեք նաև՝
Պատերազմի քրոնիկան. օր առաջին՝ սեպտեմբերի 27
Պատերազմի քրոնիկան. օր 2-րդ՝ սեպտեմբերի 28
Պատերազմի քրոնիկան․ օր 3-րդ՝ սեպտեմբերի 29
Պատերազմի քրոնիկան․ օր 4-րդ՝ սեպտեմբերի 30

Ամենից շատ դիտված

23:03 Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա
20:17 Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան
21:00 Չգնա՞նք քաղաքից դուրս․ Հրազդանի տրանսպորտը «լևի» ռեյսեր է անում
22:30 Կոռուպցիա է, որ վարչության պետը կապ ունի ավտոբուսների մրցույթում հաղթած ընկերության հետ․ հարցում
20:30 Ձերբակալությունները պատվեր են․ Նիկոլն ուզում ա` մարդկանց ճնշի, գաղափարը ոչնչացնի․ հարցում
09:08 Կլինի խաղաղություն կամ շատ ավելի մեծ ողբերգություն. Թրամփը՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածների մասին
23:15 Բուժաշխատողի օրը. Գյումրին դարձել է համերգների ու փառատոնների քաղաք
14:24 Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության. Գարեգին Բ
12:50 Իրանում երկրաշարժ է գրանցվել
12:08 Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը եւ զավակին. Փաշինյան