Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Հոկտեմբերի 7-ին...
08:00 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թշնամու ահաբեկչական բանակն այս պահին անխնա ոչնչացվում է։ Փառք Հայոց Բանակին»:
08:40 ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։ Առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։ Տեսագրությունն առկա է։ Հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով քիչ առաջ հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելիքաքսուքային պահպանման խոշոր բազա։
09:20 Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Շատ կարևոր. ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, չունենալով արդյունավետ հարձակողական գործողություններ վարելու բավարար կարողություններ, արդեն երկրորդ օրն է, սկսել են դիմել ակնհայտ սադրանքների: Մասնավորապես, արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների հարավային ուղղությունում ադրբեջանական ստորաբաժանումները մեծաթիվ խմբերով կուտակվում են անմիջապես արցախա-իրանական սահմանի երկայնքով (Արաքս գետի երկայնքով) և փաստացիորեն պատսպարվելով այդ սահմանով, փորձում են առաջ շարժվել: Այդ մարտավարությամբ ադրբեջանական կողմը փորձում է հրահրել արցախյան կողմին կրակ բացել կամ հարվածներ հասցնել սահմանի երկայնքով՝ փաստացի Իրանի ուղղությամբ: Չի բացառվում նաև, որ մարտական գործողությունների արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումները, այլընտրանք չունենալով, նահանջեն կամ փախչեն իրանական տարածք: Այս ամենից խուսափելու համար, կարծում ենք, իրանական կողմը, որն անշուշտ տեսնում է այդ ամենը, պետք է կանխի կամ պարտադրի ձեռնպահ մնալ այդպիսի կուտակումներից»:
09:45 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջարկում եմ համազգային աղոթքով աջակցենք մեր բանակին»։
10:00 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Հոկտեմբերի 6-ին հակառակորդը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությանը հաջորդած հարաբերական անդորրը օգտագործել է վերախմբավորում կատարելու համար և անցել հարձակման ռազմաճակատի հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդի գործողությունները վտանգ են ներկայացրել նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի համար: ՊԲ մարտիկները հուժկու հակահարվածներով չեզոքացրել են ադրբեջանական զինուժի առաջխաղացման բոլոր փորձերը: Մարտերի ընթացքում ոչնչացվել է մեծաքանակ կենդանի ուժ, զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այլ սպառազինություն և ռազմական տեխնիկա: ՊԲ ստորաբաժանումներին հաջողվել է նաև էապես բարելավել սեփական մարտակարգերը: Գիշերվա ընթացքում հակառակորդը առաջխաղացման փորձ է կատարել նաև հարավ-արևելյան ուղղությամբ: Հակառակորդի գրոհող ստորաբաժանումները ոչնչացվել են հրթիռահրետանային կրակով: Առավոտյան 06:30-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների հերթական հրթիռահրետանային հարվածը հանգեցրել է հակառակորդի խմբավորման բարոյալքմանը և խուճապահար փախուստին: Հակառակորդը մարտադաշտում է թողել ավելի քան 60 զոհ, մի քանի տասնյակ խոցված և սարքին տեխնիկա: Խոցվել է նաև հակառակորդի վառելիքաքսուկային նյութերի խոշոր պահեստ:
10:15 Հոկտեմբերի 6-ին Միլանի Քաղաքապետարանի դիմաց՝ Լա Սկալայի հրապարակում, տեղի ունեցավ խաղաղ ցույց՝ նվիրված Արցախի Հանրապետության հանդեպ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի քննադատմանը։ Ցույցի ընթացքում հնչեցին կոչեր ի նպաստ Արցախի անկախության միջազգային ճանաչմանը։ Միլանի և Իտալիայի տարբեր քաղաքներից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև համայնքին աջակից իտալացիները արտահայտեցին իրենց զորակցությունը հայրենիքում գտնվող մեր հայրենակիցներին։
10:35 ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակառակորդի մուտքը դժոխք, մեր դիպուկ հարվածներն ու նրանց անփառունակ ելքը․․․ և այսպես շարունակ:
10: 50 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս լուսանկարն էպիկական է… Երբ անցած շաբաթ այցելել էի այս երեխաներին Ստեփանակերտի ապաստարանում, իմացա, որ իրենց համայնքում շատ բան չունեն զբաղվելու, բացի դպրոցից: Խոստացել եմ, որ պատերազմից հետո դպրոցում ունենալու են ամենալավ ինժեներական լաբորատորիան, ինչպես նաև էքսկուրսիա են գալու Երևան: Նրանք էին, որ ասացին՝ լքենք մեր Արցախը, բա ո՞վ տոնի հաղթանակը:
11:30 ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակառակորդի հերթական վառելիքաքսուքային խոշոր բազան օդ հանվեց․․․ շարունակելի:
11:50 Եվրոպական խորհրդարանի դիմաց մեկնարկել է հայերի բազմամարդ ցույցը, այնտեղ ընթանում է Արցախյան հակամարտության գոտում ծավալվող պատերազմական գործողությունների հարցը: Ցույցի մասնակիցները Հայաստանի եւ Արցախի դրոշներով են, վանկարկում են Հայաստան, Արցախ, կոչ են անում վերջ դնել ադրբեջանաթուրքական ագրեսիային եւ Արցախի դեմ սանձազերծած պատերազմին:
12:05 Ժամեր առաջ Տորոնտոյում կայացել է մարդաշատ բողոքի ցույց՝ ընդդեմ Հայաստանի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմի։ Հավաքը եղել է ինքնաբուխ, չի ունեցել առաջնորդ, այն չէր կազմակերպվել որևէ կազմակերպության կողմից, և հավաքը նաև սրանով էր բացառիկ ու աննախադեպ։ Օրեր առաջ Տորոնտոյում բնակվող մի խումբ կանայք բացել էին ֆեյսբուքյան հարթակում փակ խումբ, որտեղ այնուհետև ակտիվորեն ընթացել են կազմակերպչական հարցերը, հայտարարվել էր օրն ու ժամը, և կայացել է ինքնաբուխ բողոքի ցույց։Բանախոսների թվում էին նաև աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասան Արսինե Խանջյանը։
12:30 Արցախ ուղարկվող հումանիտար օգնության ծավալները ժամ առ ժամ ավելանում են. ԱԻՆ հումանիտար արձագանքման աշխատանքների համակարգող, ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը՝ հումանիտար օգնության մասին:
13:00 Պուտինը նշել է, որ մշտական կապ է պահպանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նա հիշեցրել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, և որ Ռուսաստանը այդ երկրի նկատմամբ որոշակի պարտավորություններ ունի: «Ինչպես գիտեք, ես մշտական կենդանի աշխատանքային կապի մեջ եմ Հայաստանի վարչապետի հետ: Եվ Հայաստանի ղեկավարության մոտ Ռուսաստանի՝ իր միութենական պարտավորությունները կատարելու որակի հետ կապված որևէ հարց չի առաջանում»,- ասել է նա:
13:20 «Արցախը պինդ է, կանգուն է, բոլորը վճռական են՝ մինչեւ վերջ պաշտպանելու մեր հայրենիքը»,- Արցախում հրավիրած ճեպազրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: Նա սկսեց լավ լուրերից. «Հակառակորդը մեծ կորուստներ է տվել մի շարք հատվածներում ու նրա մեծածավալ հարձակման փորձը լիակատար ձեւով ձախողվել է: Մեծ ստորաբաժանումներ են պարզապես վերացվել, սա շատ լավ լուր է՝ ամբողջ հայության համար: Համառ մարտերը շարունակվում են: Կան տեղեր, որտեղ համեմատաբար հանգիստ է, կան տեղեր, որ մարտերը շարունակվում են: Ինչպես տեսնում եք, Ստեփանակերտը կա եւ կլինի»:
13:35 Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտությանն այլ երկրների ներգրավվածության կապակցությամբ և հակամարտության՝ լայնածավալ պատերազմի վերածվելու պատճառով։ «Անվտանգությունը, կայունությունն ու տարածաշրջանի հանգստությունը՝ հատկապես Իրանի հյուսիսային սահմաններին, Թեհրանի համար շատ կարևոր են, և այդ հակամարտությունը չպետք է հող նախապատրաստի որոշ ահաբեկչական խմբավորումների ներթափանցման համար»,- ասել է Ռոհանին։
13:50 «Հակառակորդին հարմար պահին հասցվել է հրետանային հուժկու հարված: Կարելի է ասել, գլխովին ջախջախվել է 3 բրիգադ՝ իր հարձակողական գրեթե ողջ կազմով, մոտ 60 դիակ թողել են դաշտում, մի մասն անհասկանալի է, թե ինչ վիճակում են: Թողել են մեծ թվով զրահատեխնիկա, որը՝ սարքին, որը՝ խոցված ու գլխովին ջախջախված, մնացորդները փախել են ուղղակի դաշտից»,- քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
14:00 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրած ասուլիսում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց իրավիճակը ռազմաճակատում. «Երեկ ողջ գիշեր եւ այսօր առավոտյան մարտերը շարունակվել են: Գիշերվա ընթացքում հակառակորդը Արաքսի հովտի հատվածում՝ Արաքսի երկայնքով փորձել է ուժեր կուտակել եւ առաջ ընթանալ: Մեր հետախուզական ստորաբաժանումները հետեւել են հակառակորդի գործողություններին եւ ժամանակին հավաստանշել են ու դիպուկ հրետանային կրակով խմբավորմանը մեծ վնաս ենք պատճառել, մոտավորապես 3 համահավաք բրիգադների՝ լավ սպառազինված, կրակային խոցում են իրականացրել՝ ոչնչացնելով ամբողջ խումբը»:
14:30 Միջազգային համաներման կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ բացահայտում է, որ օգտագործվել են 2010թ․ ի վեր միջազգային համաձայնագրերով արգելված կասետային ռումբեր։ Կազմակերպությունը փաստում է, որ շաբաթ և կիրակի օրերին հայկական աղբյուրների հրապարակած տեսանյութերում առկա տեղեկատվությունը վկայում է այդ զենքերի կիրառման մասին։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ կազմակերպության փորձագետներին «հաջողվել է տեղորոշել Ստեփանակերտի բնակելի այն թաղամասերը, որտեղ իրականացվել են նկարահանումները և որտեղ գտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված իսրայելյան արտադրության M095 DPICM կասետային ռումբերը»։
14:55 Հայաստանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար Բաքվի առաջ քաշած պայմանները դժվար իրականանալի են։ Նման հայտարարություն է արել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը՝ ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանի պատգամավորների առաջ։ «Ես շատ մտահոգ եմ այն կապակցությամբ, թե ինչ մտքեր են հնչել Ադրբեջանի արտգործնախարարի հետ զրույցում։ Նա ինձ ասել է, որ մարտերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի համաձայնի Ղարաբաղից դուրս գալու կոնկրետ գրաֆիկ ներկայացնել։ Բանակցությունները վերսկսելու համար այդ պայմանը շատ դժվար է կատարել, իսկ իրավիճակն օր-օրի ավելի է վատանում»,- ասել է Բորելը։
15:15 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Sky news հեռուստաալիքին. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի համար Ադրբեջանի հետ հակամարտությունը, ըստ էության, վերածվել է «միջազգային ահաբեկչության դեմ պայքարի»: Բախվելով անլուծելի խնդրի, որը ծագել է իր պաշտոնավարման տարիներից շատ առաջ, և վկայակոչելով սիրիացի վարձկանների մասին լուրերը՝ պարոն Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության այս վերջին սրացումը համարում է քաղաքակրթական խնդիր: Նիկոլ Փաշինյանը Sky News-ին ասաց. «Նախ, Թուրքիան ուղղակիորեն և ամբողջովին ներգրավվել է հակամարտության մեջ՝ հրահրելով և բորբոքելով այն»: Թուրքիան Սիրիայի տարածքից վարձկաններ և ահաբեկիչներ է տեղափոխել հակամարտության գոտի, ինչը փոխում է ամբողջ համատեքստը: Նա հավելեց. «Ըստ էության, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության պայքարը միջազգային ահաբեկչության դեմ»:
15:40 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Նա ջերմ բարեմաղթանքներ է հղել այդ առթիվ՝ հաջողություն ցանկանալով նրան պետության ղեկավարի բարձր առաքելությունն իրականացնելու գործում: Կողմերը նաև քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ կարևորելով ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը:
16:10 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են թեժ և ծանր մարտերը: Արցախի Պաշտպանության բանակը անընդհատ նոր ու ցավոտ կորուստներ է հասցնում թշնամու զորքերին, որոնց հարձակման նպատակը պարզ է ամբողջ աշխարհին: Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարություն կոչվող ահաբեկչական հանցախումբն ու նրան անթաքույց աջակցող Թուրքիան ամեն կերպ փորձում են ներխուժել Արցախի Հանրապետության տարածք՝ այն ամբողջությամբ օկուպացնելու և հայ ժողովրդին ֆիզիկապես բնաջնջելու նպատակով: Համոզված եմ, որ աշխարհում այլևս չկա որևէ մեկը, որ վերջնականապես չի համոզվել այս ճշմարտության մեջ։ Այդ հակամարդկային ոճրագործությունը կանխող ուժն այսօր մեր բանակն է, որը սխրանքներ է գործում մարտի դաշտում, ստիպում մեր թշնամուն հաշվի նստել իր իսկ ստեղծած առասպելների տապալման հետ։ Մեր զինվորները հերոսական պայքար են մղում մեր հողի ամեն սանտիմետրի համար: Իրենց նվիրումով են աչքի ընկնում մեր բոլոր հայրենակիցները՝ թե՛ Արցախում, թե՛ Մայր հայրենիքում, թե՛ Սփյուռքում: Անգամ այս հաղթական պահերին էլ չպետք է թուլացնել զգոնությունը, պետք է շարունակել գործել սթափ ու հստակ՝ որպես նպատակ մեր ազգային ձգտումների իրականացումն ունենալով: Ես վստահ եմ, որ մեր այս ազատամարտն ըստ արժանվույն է գնահատվելու մեր ժողովրդի ապագա բոլոր սերունդների կողմից: Վստահեցնում եմ, որ միասնաբար անելու ենք ամեն ինչ մեր համազգային իղձերն ու նպատակները իրականացնելու համար»։
16:55 ԱԱԾ-ն կոչ է անում և խստորեն զգուշացնում, որ մեր զինծառայողները զերծ մնան միմյանց և իրենց հարազատների միջև հեռախոսային բաց կապ հաստատելուց, ինչպես նաև հիշյալ բնույթի տարատեսակ խոսակցություններից, որոնք ուղղակիորեն կարող են սպառնալ մեր քաջարի զինծառայողների անվտանգությանը՝ անգամ վտանգ հանդիսանալով նրանց կյանքի համար:
17:20 Պաշտպանության Բանակը հրապարակել է թշնամական զորքերի ոչնչացման և փախուստի հերթական կադրեր:
17:45 «Ցավալի փաստ է, որ այսօրվա դրությամբ մեր թշնամին արդեն հասել է այն սադրանքին, որ ռմբակոծում է քաղաքները և գյուղերը»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը։ Նա նշեց, որ Ստեփանակերտում ուսումնասիրվում են բոլոր ավերվածությունները և վնասները, և որոշվում է այդ կրված վնասների աստիճանը․ «Այսօրվա դրությամբ Ստեփանակերտում բոլոր ենթակառուցվածքները շարունակում են աշխատել իրենց հունով, և որևէ խուճապի կամ այլ պայմանների խնդիր չկա։ Միանշանակ, եթե տապալվում է ինչ-որ մի ենթակառուցվածք, ապա մեր մասնագետները տեղում փորձում են վերացնել այդ բոլոր վնասները, և փորձում են այսօրվա դրությամբ ապահովել քաղաքի բնականոն կյանքը»։
18:30 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Առաջին ալիքին:
19:30 «Մամուլում տարածվող լուրերը, որ վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, չեն համապատասխանում իրականությանը. նման հանդիպում նախատեսված չէ: Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, որ չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ մեկ ձեռքով բանակցություններ վարվեր, իսկ մյուս ձեռքով՝ վարվեն ռազմական գործողություններ Արցախի և Հայաստանի դեմ: Ներկա պահի հրամայականն է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական լայնածավալ ագրեսիայի դադարեցումը: ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ մշտական կապի մեջ է», հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը:
19:50 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրում է․ Սիրելի ՛ հայրենակիցներ Պաշտպանության բանակի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն` ստիպված թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով մեր զորքի հակահարձակման իրականացմանը: Ի դեպ, այդ օպերացիայի արդյունքում, թշնամին ունեցել է զինտեխնիկայի մեծ կորուստներ, իսկ մարտադաշտում թողնելով ավելի քան հարյուր զոհ արագ նահանջել է:
20:10 Մինչ Հայաստանն իր պատրաստակամությունն է հայտնում հրադադար հաստատել Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանի կողմից ոչ մի նմանատիպ ազդակներ չենք ստանում։ Գերմանիայի Բունդեսթագում կառավարության հարցուպատասխանի ժամանակ նման հայտարարություն է արել Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մասը։ Նա Ադրբեջանին կոչ է արել համաձայնության գալ Լեռնային Ղարաբաղում հրադադարի շուրջ։ «Եթե Ադրբեջանն այս հարցում իր դիրքորոշումը չփոխի, Եվրամիությունը պարտավոր է ճնշում գործադրել Բաքվի վրա»,- հայտարարել է Մասը։
20:35 ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝
21:05 ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Նորից թիրախավորվում է Շուշին։ Հասկացեք ձեր փախչող զորքի խայտառակության համար խաղաղ բնակիչները մեղավոր չեն։
21:20 Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լե Դղիանը հայտարարել է, որ Թուրքիան ռազմական առումով ներգրավված է Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությանը։ «Նորությունն այն է, որ Թուրքիան ռազմական ներկայություն ունի հակամարտությունում։ Դա հղի է հակամարտության միջազգայնացման ռիսկով»,- ասել է Լե Դղիանը։
21:45
22:00 Արցախի Հանարապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարավում աղբը գրեթե ամբողջությամբ մաքրված է»:
22:15 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ պատերազմական իրավիճակում պետական կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման թեմայով:
22:30 Խոսելով դաշնակիցների մասին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Այո, մենք ունենք դաշնակիցներ, բայց մեր դաշնակիցները կոնկրետ մեր կողքին մարտադաշտում չեն, որովհետև մենք դրա կարիքը չունենք, մենք ինքնուրույն մեր մարտական գործողությունները վարում ենք և հաղթանակ տանում ենք»: Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին էլ, գիշերային մութ ժամերին էլ համառ մարտերը շարունակվում են: Նա մանրամասնեց. «Արցախի քաղաքները` մայրաքաղաքը, Շուշին, Հադրութը ենթարկվում են ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների և հրթիռակոծությունների: Ողջ օրվա ընթացքում ամբողջ սահմանի երկայնքով՝ հատկապես հարավային ուղղությամբ, համառ և դժվարին մարտեր են ընթացել: Այս պահին էլ շարունակվում են»:
22:50 Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ, քննարկվել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը, հայտնում են ՌԴ ՊՆ-ին:
23:25 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է «Հայաստան և Արցախ. Քրիստոնեության կղզի» խորագիրը կրող հոլովակը: