Պատերազմի քրոնիկան. օր առաջին՝ սեպտեմբերի 27
copy image url

Պատերազմի քրոնիկան. օր առաջին՝ սեպտեմբերի 27

Ներքին 8 ամիս առաջ - 20:51 27-09-2024
07։10
Արցախից ստացվեցին առաջին լուրերը, որ ադրբեջանական զորքերը հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկայնքով։

08։17
Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայտարարություն տարածեց․ «Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը»։



08։25
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց․ «Հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են»:

08։39
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց ունեցավ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:



09։03
Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ «Մարտերը շարունակվում են։ Ադրբեջանը տանկերի կորուստներ ունի»։

10։17
Քաղաքացիական բնակչության շրջանում առաջին զոհերի մասին տեղեկությունը ստացվեց։ «Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ: Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր», – նշել էր Շուշան Ստեփանյանը։

10։45
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արսեն Թաթոյանը կոչ արեց միջազգային հանրությանը և մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին քայլեր ձեռնարկել և ուղղել իրենց բոլոր ջանքերը կանխելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված այս ռազմական ագրեսիան և բռնությունը:

11։07
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ԱԺ արտահերթ նիստում հատուկ ուղերձ հնչեցրեցրեց՝ նշելով․ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատերազմի կողմնակից չենք, բայց պատրաստ ենք պատերազմի: Մեզանից ավելի շատ խաղաղություն սիրող ու խաղաղության կողմնակից չկա: Մենք չենք ցանկացել պատերազմ, այս պատերազմը մեզ պարտադրվել է, և պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքն ու ընտանիքները: Իրավիճակի սրման համար ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը: Տարածաշրջանում հղի հումանիտար աղետի համար պատասխան է տալու անձամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը»։



12:36
Նիկոլ Փաշինյանը զորահավաք հայտարարեց․ «Կառավարության որոշմամբ ՀՀ-ում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Վարչապետը զորքերին կցագրված անձնակազմերին կոչ արեց ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ»:

12։40
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը իր ուղերձում ասաց․ «Մարտական գործողությունների հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Այս պահին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը վճռական հակահարվածներով կասեցնում է թշնամու առաջխաղացման բոլոր փորձերը՝ թշնամուն պատճառելով ծանր կորուստներ»:

13։00
Արծրուն Հոհաննիսյանն ու ԱՀՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ունեցան ճեպազրույց



13։13
Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և համատարած զորահավաք 18-ից բարձր տարիքային խմբի համար։

14։17
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածեցին հայտարարություն, որում ասվում է․ «Համանախագահները մտահոգությամբ են դիտարկում ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունները։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերսկսել բանակցությունները ՝ հակամարտության կայուն կարգավորում գտնելու համար: Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` տեղերում իրավիճակի կայունացման համար և կրկին հայտարարում են, որ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»։

14:30
Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը գրավել է 6 բնակավայր, իրականությանը չի համապատասխանում»:

14:38
ՀՀ Առողջապահության նախարարությունը արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կամավոր դոնորության կոչ է անում:

15։57
Աննա Հակոբյանը հասնում է Ստեփանակերտ։ «Ստեփանակերտում եմ։ Եկել եմ արցախցի մեր քույրերի եւ եղբայրների կողքին լինելու»,- գրել է Աննա Հակոբյանը։



16։11
Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս տեսաուղերձով։

17։32
Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է․ «Ադրբեջանական բանակը մարտերի ժամանակ օգտագործում է իր զինանոցում եղած բոլոր 300 և ավելի մեծ տրամաչափի ռեակտիվ համազարկի կայանքները՝ Սմերչ, Քասիրգա, Պոլոնեզ և այլն»։

17։33
Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է․ «Հենց նոր մենք փբեցինք ևս մեկ անօդաչու»։

17։37
Գումարվում է ՀՀ ԱԺ հատուկ նիստ, որտեղ ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը։

19։41
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց ունեցան․ «Ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնել լայնամասշտաբ ռազմական բախումների վերսկսկման առնչությամբ: Նշվել է, որ այժմ կարևոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ հակամարտության հետագա էսկալացիան թույլ չտալու համար, և կարևորը՝ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները»։

20։20
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուղերձում ասաց․ «Ադրբեջանն իր այդ գործողություններով միջազգային միջնորդներին և միջազգային հանրությանը անթաքույց ցույց է տալիս, որ չի ցանկանում Արցախի հարցը կարգավորել բանակցությունների միջոցով և նպաստել խաղաղությանն ու կայունությանը տարածաշրջանում, շարունակում է ոտնահարել համամարդկային արժեքները, թիրախավորել քաղաքացիական բնակչությանը, բուժհաստատությունները և հաղորդակցության ուղիները: Մենք հուսով ենք, որ միջազգային հանրության կողմից հրատապ քայլեր կձեռնարկվեն Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմը դադարեցնելու ուղղությամբ: Դա անհրաժեշտ է մարդկային հետագա զոհերից խուսափելու և տարածաշրջանում ստեղծված առանց այն էլ փխրուն իրավիճակն ավելի չապակայունացնելու համար»:

20։59
Սուրեն Սուրումյանը ասուլիսի ժամանակ հայտնեց․ «Այս պահի դրությամբ հակառակորդը ունի 4 ուղղաթիռի, 33 տանկի և ՀՄՄ-ի, 27 ԱԹՍ-ի և 2 ինժեներական զրահատեխնիկայի կորուստ»։

20։59
Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցում հայտնեց․ «Մոտ հարյուր վիրավորներից, որ կրել են հայկական բանակի ստորաբաժանումները, 10 զինծառայող տեղափոխվել է Երևան, ստացել բուժօգնություն, մնացածի վիճակը առավել թեթև է»։

21։23
Շուշան Ստեփանյանը տեղեկացրեց․«Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է առել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին, իրականությանը չի համապատասխանում»:

22։00
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ստեղծված իրավիճակն ամփոփեց լրագրողների հետ։

22։41
Շուշան Ստեփանյանը հայտնեց․ «ՊԲ ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով (սպառազինություն), այդ թվում՝ ՀՄՄ-3»:

23։47
Հայտնի դարձան ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված 16 զինծառայողների անունները։



23:57
Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրեց․«Արցախում էս պահին կա խնդիր կապի հետ – չեն գործում. կանխավճարային համակարգը, հետվճարայինի շարժական համացանցը և SMS-ը: Պատճառը Ադրբեջանի թիրախավորված գործողություններն են: «Ղարաբաղ Տելեկոմի» և արտադրող ընկերության մասնագետներն աշխատում են խնդիրը կարգավորելու ուղղությամբ»։

00։00
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը տեղեկացրեց․ «Այսօր ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության հետևանքով մեկ հղի կին էլ է լրջորեն վիրավորվել: Բարեբախտաբար, մեր բժիշկների պրոֆեսիոնալ միջամտության շնորհիվ երեխան էլ է փրկվել, մայրիկն է»: /Երեխան ծնվել է, տղա, անունը՝ Մոնթե/։



Աղբյուրը՝ Ampop.am

Ամենից շատ դիտված

23:03 Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա
20:17 Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան
21:00 Չգնա՞նք քաղաքից դուրս․ Հրազդանի տրանսպորտը «լևի» ռեյսեր է անում
22:30 Կոռուպցիա է, որ վարչության պետը կապ ունի ավտոբուսների մրցույթում հաղթած ընկերության հետ․ հարցում
20:30 Ձերբակալությունները պատվեր են․ Նիկոլն ուզում ա` մարդկանց ճնշի, գաղափարը ոչնչացնի․ հարցում
09:08 Կլինի խաղաղություն կամ շատ ավելի մեծ ողբերգություն. Թրամփը՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածների մասին
16:09 Գերագույն դավաճանը կատաղում ու հրահանգում է… առգրավվել է Դավիթ Համբարձումյանի մեքենան. Ռուբեն Մելիքյան
14:24 Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության. Գարեգին Բ
23:15 Բուժաշխատողի օրը. Գյումրին դարձել է համերգների ու փառատոնների քաղաք
12:50 Իրանում երկրաշարժ է գրանցվել