Պատերազմի քրոնիկան․ օր 6-րդ՝ հոկտեմբերի 2
copy image url

Պատերազմի քրոնիկան․ օր 6-րդ՝ հոկտեմբերի 2

Ներքին 8 ամիս առաջ - 22:30 02-10-2024
Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Հոկտեմբերի 2-ին...

00:30
Արցախի ԱԳՆ հայատարարություն է տարածել, որտեղ ասվում է․
«Վերստին ընդգծում ենք, որ ներկա պայմաններում, երբ միջազգային հանրության կողմից խաղաղության կոչերը ոչ միայն մերժվում են, այլև Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից ենթարկվում են կոշտ քննադատության, տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման ամենակարճ ճանապարհը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է»։


01:05
«Ոչ մի արդարացում ինձ համար ընդունելի չէ, թե ինչու են նրանք լռում, չեն գալիս Արցախ ու արձանագրում այս խնդիրները»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի հետ կապված միջազգային իրավապաշտպան հանրության արձագանքին:


01:30
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայենի հետ: Դեսպան Օբրայենն ամերիկյան կողմի խոր մտահոգությունն է արտահայտել Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նա վերահաստատել է շուտափույթ հրադադար և կայունություն հաստատելու հարցում ԱՄՆ շահագրգռվածությունը և Հայաստանի ու տարածաշրջանի համար օգտակար լինելու պատրաստակամությունը:


01:50
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ՖԲ -ում տեղեկացնում է. Ըստ ՀՕՊ տեղորոշման տվյալների, ժամը 00։15-ի դրությամբ ՀՀ ԶՈՒ կողմից խոցվել է չորս ԱԹՍ՝ մեկը Կոտայքի, ևս երեքը Գեղարքունիքի մարզում։ Բոլոր խոցված անօդաչուները եղել են հետախուզական։ Այսպիսով, ՀՀ օդային տարածքում օրվա ընթացքում ընդհանուր առմամբ խոցվել է հակառակորդի 7 անօդաչու։


08:00
Բաքվին և Երևանին ուղղված համանախագահող երկրների հայտարարությանն արձագանքեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով երկրի խորհրդարանում կրկին վերահաստատեց Անկարայի անվերապահ աջակցությունը Բաքվին ու քննադատեց համանախագահների հայտարարությունը՝ նշելով, որ ԱՄՆ, ՌԴ ու Ֆրանսիան մոտ 30 տարի անտեսել են խնդիրը: «Անընդունելի է, որ նրանք ներգրավված լինեն հրադադարի հաստատման հարցում` հաշվի առնելով ներկա զարգացումները»,- հայտարարել է Էրդողանը` առաջ քաշելով հայկական ուժերի դուրս բերման նախապայման:

08:25
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրել է, որ այս գիշեր Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում ՀՀ ՀՕՊ ուժերի կողմից ոչնչացված բոլոր չորս անօդաչու թռչող սարքերն էլ հետախուզական են եղել:


08:30
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Ժամը 07:55-ի սահմաններում հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք։ Արցախի սահմանի երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են։ Հակառակորդի՝ առանձին հատվածներում մեր զորքերի պաշտպանությունը ճեղքելու փորձերը ձախողվել են։

08:40
Արցախի ՊԲ-ն հայտնում է
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել: Այս պահին ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կասեցնել հակառակորդի բոլոր գրոհները՝ վերջինիս պատճառելով կկենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:

09:00
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ստացված տեղեկությունների համաձայն, Արցախի Հանրապետության բջջային ցանցի՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից անհայտ ճանապարհով ձեռք բերված 097-77-72-70 հեռախոսահամարի օգտագործմամբ կատարվում են զանգեր՝ հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով։

09:30
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ պատասխանը FoxNews-ի հարցին:
ԱՄԻ ՔԵԼՈԳ (FoxNews) — Ես կցանկանայի հարցնել Լեռնային Ղարաբաղի մասին, որն, ինչպես հասկանում ենք, ծագեց լրիվ հանկարծակի։ Ոմանք պնդում են, որ դա արտաքին խաղացողների պրովոկացիա էր։ Ի՞նչ եք Դուք կարծում այնտեղ կատարվողի մասին։
ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ՊՈՄՊԵՈ — … Մենք չենք ողջունում այս [հակամարտության] միջազգայնացումը։ Կարծում ենք, որ դրսի խաղացողները դրսում էլ պետք է մնան։ Կոչ ենք անում հրադադարի, որ երկու կողմերն էլ հետ կանգնեն։ Խոսել ենք երկու երկրների ղեկավարության հետ այս մասին…

10;40
«Հակառակորդի կորուստներն են՝ 39 զրահատեխնիկա, 4 հատ ՍՈՒ 25 ինքնաթիռ, 17 ԱԹՍ, 3 ուղղաթիռ: Անձնակազմի կորուստը՝ մոտ 830: Ոչնչացվել է նաեւ հրետանային դիվիզիոն»,-Արցախում լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով այս պահի տվյալները՝ ասաց ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:
Նա նշեց. «Ցավոք, հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում իրենց կյանքը զոհաբերել են պաշտպանության բանակի 54 մարտիկներ, վիրավորների քանակը ճշտվում է, բավականին շատ վիրավորներ ունենք: Հակառակորդն օգտագործել է աննախադեպ քանակի անձնակազմ եւ տեխնիկա»:


11:20
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածում․
Մենք ողջունում ենք այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն առաջնորդների մակարդակով խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի կիրառումը:
Մենք շարունակելու ենք վճռականորեն հակադարձել Արցախի դեմ այս ագրեսիային` միաժամանակ պատրաստ լինելով աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ՝ 1994-1995թթ. համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման ուղղությամբ:

11:50
Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ՖԲ էջում հայտնում է. «Հենց նոր Սմերչը խփեց Հադրութ քաղաքին։ Կան քաղաքացիական վիրավորներ»:

12:05
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է նոր տվյալներ մինչ այժմ Ադրբեջանի կրած կորուստների մասին:


13:00
«Ալ Ջազիրա»-ի մեկնաբան Հասան Ջամուլի դիտարկմանը, թե Թուրքիան մինչև հիմա ժխտում է, որ ուղղակի աջակցություն է ցուցաբերում, ՀՀ նախագահ Սարգսյանը պատասխանել է, որ նրանք ճիշտ չեն ասում. «Թուրքիան նույնն է անում Սիրիայի, Լիբիայի, Իրաքի դեպքում: Հիշում եմ ամերիկացի մեծագույն նախագահներից մեկի խոսքը, որն ասում էր, որ կարող եք հիմարացնել բոլորին ինչ-որ ժամանակ, կարող եք ինչ-որ մարդկանց հիմարացնել երկար ժամանակ, բայց չեք կարող բոլոր մարդկանց մշտապես հիմարացնել: Թուրքիան հիմարացնում է միջազգային հանրությանը»:


13:15
Ռուս երգչուհի Չիչերինան Ղարաբաղում կրակահերթի տակ է ընկել, հայտնում է Wargonzo-ն։

13:20
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի պաշտպանական բանակն արդեն հասցրել է խոցել 1 ինքնաթիռ և 2 ԱԹՍ:


13:40
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հակառակորդի խոցված Տ-90 տանկի լուսանկարներ՝ մակագրելով. «Սա էլ Տ-90-ը։ Տղերքը հեշտ էլ խփել են։ Շատ մոտիկ չկարողացա գնալ ցավոք, կրակում էին»։


13:55
«Ստեփանակերտին խփեցին»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է Արծրուն Հովհաննիսյանը:

14:15
«Գելլափ Ինթերնեյշնլը» ուսումնասիրություն է իրականացրել Արցախյան կոնֆլիկտի եւ սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի թեմայով: Ինչպե՞ս եք գնահատում մեր բանակի ռազմական ոգին եւ վճռականությունը հարցին, 92%-ը տվել է ՝ «շատ բարձր» պատասխանը, 7,8%-ը համարել է բարձր, 0,3%-ը դժվարացել է պատասխանել:


14:30
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հերքել է այն լուրերը, թե Կիևը ռազմական աջակցություն է ցուցաբերելու Բաքվին։ «Ուկրաինան հայ-ադրբեջանական հակամարտության մեջ աջակցություն չի ցուցաբերելու կողմերից ոչ մեկին։ Իսկ ահա բուժօգնություն՝ երևակայությանը զոռ տվող պատգամավորների համար դեղահաբերի տեսքով, պետք է ամբողջ երկրով փնտրենք»,- գրել է Ավակովը Թվիթերում։

14:40
ՀՀ վարչապետը սոցիալական և նյութական աջակցության շտաբ ստեղծելու որոշում է ստորագրում։

15:00
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լե Դրիանը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության միջազգայնացման վտանգի մասին։ Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։


15:20
ՀՀ Ոստիկանությունը հայտարարում է, որ 2020 թվականի հոկտեմբերի 2-ից՝ ժամը 14:00-ից, Մ-12 միջպետական մայրուղու սահմանային հատվածում կտեղադրվեն շարժական անցակետեր: Միաժամանակ՝ կարգելվի Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ անձանց և տրանսպորտային միջոցների ելքը՝ բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների, ինչպես և ՀՀ կառավարության կողմից տրված թույլտվության հիման վրա առանձին դեպքերի:

15:40
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակների այն հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրից թիրախավորվում և հրթիռակոծվում է Ադրբեջանի տարածքը, ակնհայտ կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը:

16:00
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել կանադական հեղինակավոր The Globe and Mail պարբերականին․
«Հայաստանն ու Ադրբեջանը լայնածավալ պատերազմի շեմին են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ: The Globe and Mail-ին տված բացառիկ հարցազրույցում պարոն Փաշինյանն ասաց, որ իր երկիրը գտնվում է «քաղաքակրթական առաջնագծում» և որ այն երկրները, որոնք ՆԱՏՕ-ի միջոցով դաշնակցում են Թուրքիային, ինչպես Կանադան, արդ պետք է որոշեն, թե իրենք որ կողմում են»,- ասել է Փաշինյանը:

16:40
Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ՖԲ էջում հայտնում է. «Արցախի ՊԲ ճշգրիտ հարվածներով ժամը 16:00-ի սահմաններում խոցվել է հակառակորդի հինգ միավոր ինքնաթիռ և երեք միավոր ուղղաթիռ»:


17:00
Հոկտեմբերի 2-ին, ժամը 13։45-ի սահմաններում հրթիռակոծության է ենթարկվել Ստեփանակերտ քաղաքը, մասնավորապես մասամբ վնասվել է ԱԻ ՊԾ վարչական տարածքը, վիրավորվել են ԱԻ ՊԾ 8 ծառայողներ, ովքեր տեղափոխվել են Ստեփանակերտի բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տվյալների՝ փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում։

17:15
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ.
ոկտեմբերի 2-ին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է հանցավոր կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը: Այս անգամ հարված է հասցվել մայրաքաղաք Ստեփանակերտին և Հադրութ քաղաքին, որի հետևանքով եղել են վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում: Օտարերկրյա զինյալ ահաբեկիչներով համալրված Ադրբեջանի զինված ուժերը, անկարող լինելով վեցօրյա մարտերի ընթացքում հասնել որևէ հաջողության մարտի դաշտում, ձեռնամուխ են եղել Արցախի խաղաղ բնակչության դեմ զանգվածային ոճրագործությունների իրականացմանը:

17;30
Սոցիալական և նյութական աջակցության շտաբը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ից գործող կարգավորումներով արգելված է առանձին նախաձեռնություններով աջակցության հավաքագրումը, և ամբողջ գործընթացը համակարգվում է բացառապես տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

17:40
Արցախի ՄԻՊ-ը ահազանգում է, որ Ադրբեջանը կիրառել է կասետային հրթիռներով «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր Հադրութ քաղաքի քաղաքացիական նշանակության օբյեկտների վրա, որի արդյունքում վիրավորվել է երեք անձ: Սա այս օրերին քաղաքացիական նշանակության օբյեկտների դեմ կասետային զենքի կիրառման առաջին դեպքը չէ, ինչը նույնպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է:

18;00
Արցախի և ՀՀ հյուսիսարևելյան սահմանների խրամատների հավելյալ ամրապնդման համար հանրապետության տարածքում ծայր առած անվադողերի հավաքագրման գործին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև եղեգնաձորցի դպրոցահասակ տղաները: Նրանք նախաձեռնել և քաղաքի բնակիչներից հավաքել են անվադողեր:


18;10
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է. «Միջազգային և տեղական մեկ տասնյակ լրագրողների Մարտակերտ տեղափոխող մեքենան հրետակոծվել է թշնամու կողմից: Տուժածներ չկան:


18;30
Չիլիի խորհրդարանի պատգամավորների պալատը Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել,


18:40
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտերի բռնկման արդյունքում՝ ԵՄ-ն հայտարարում է հակամարտության հետևանքով շփման գծի երկու կողմերի տուժած քաղաքացիական բնակչությանը հրատապ մարդասիրական օգնություն հատկացնելու մասին: Ֆինանսավորումը կուղղվի մի քանի հազար մարդու հաշվարկով առողջապահական աջակցություն, բժշկական սարքավորումներ, սննդի փաթեթներ և այլ հրատապ օգնության ապահովմանը:


19:05
Տեղի է ունեցել հեռախոսազրույց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: ՀՀ վարչապետը վերստին ուշադրություն է հրավիրել Թուրքիայի խիստ ապակայունացնող վարքագծի և ռազմական գործողություններին միջամտելու հանգամանքի վրա:


19:25
Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերելու ղարաբաղյան հակամարտության կողմերից և ոչ մեկին։ Նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Հայաստանին ու Ադրբեջանին իրավիճակը կարգավորելու կոչ արել։ Նրա խոսքով՝ ռազմական օգնության հարցն անգամ չի էլ կարող բարձրացվել։


20:30
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 2-ին ստորագրել է հրամանագրեր պարգևատրելու մասին: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է ԱՀ պաշտպանության բանակի 1 զինծառայող, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ 11 զինծառայող: «Արիության համար» մեդալով պարգևատրվել է 10 զինծառայող: «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել է 7 պահեստազորային՝ հետմահու և ԱՀ պաշտպանության բանակի 19 զինծառայող:

21:40
«Նախորդ 24 ժամերի տվյալով՝ հակառակորդի կրած կորուստներն են՝ 540 սպանված, ավելի քան 700 վիրավոր ունի, բոլոր տեսակները միասին վերցված՝ նաև անվավոր զինված ուժերը, կորցրել են մոտ 45 միավոր զրահատեխնիկա, վեց ինքնաթիռ, որոնցից մեծ մասը օդում չեն խոցվել, 3 ուղղաթիռ և վեց ԱԹՍ»,- հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:

21:50
Նախագահ Արմեն Սարգսյանն հանդիպում է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների համատեղ հայտարարության կարևորությունը:


23:00
Արցախի ԱԳՆ հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների համատեղ կոչի վերաբերյալ․
Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը, որում խստագույնս դատապարտվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում բռնության աճը և կոչ է արվում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Այս կապակցությամբ վերստին ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը ոչ միայն թույլ կտա անհապաղ դադարեցնել ագրեսիան, այլև կբացառի ապագայում դրա կրկնության հնարավորությունը: Որքան ավելի շուտ սկսվի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, այնքան ավելի արագ տարածաշրջանում երկար սպասված ու տևական խաղաղություն կհաստատվի:

23:30
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետի և Արբեջանի նախագահի հետ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ և առաջարկել է Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների վերսկսման նոր մեթոդ, հաղորդում է Reuters-ը: Մակրոնն ասել է, որ աշխատանքները կսկսվեն ուրբաթ երեկոյան, քանի որ ինքն ակտիվացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում միջնորդի իր ջանքերը:

23:50
Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է՝ խորապես ցավում է, որ կողմերը շարունակում են ռազմական ներգրավվածությունը՝ չնայած միջազգային հանրության, այդ թվում` իր և ԵԱՀԿ համանախագահների կողմից հրադադարի բազմիցս հնչեցրած կոչերին: Նա կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները: Այս մասին «Ամերիկայի ձայնին» ասել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

23:59
«Ստեփանակերտը առաջին անգամ շատ խոշոր հրթիռային միջոցներից հարվածներ է ստացել: Նախքան այդ էլի Ստեփանակերտը որոշակի հարվածներ ստացել է, բայց դրանք այս տրամաչափի զենքերից չեն եղել» ,- այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: Նրա խոսքով, Ադրբեջանը, նախնական տվյալներով, 4 հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, ինչի արդյունքում տուժել են բնակիչներ, ԱԻՆ ծառայության շենքն է լրջորեն վնասվել. «Ակնհայտ է, որ դա դիտավորյալ ու թիրախավորված հարված է եղել: Ադրբեջանը նպատակային կերպով թիրախավորել է մարդասիրական գործառույթ իրականացնող մարմին, այսինքն՝ ԱԻն ծառայությունը, ինչի հետեւանքով, նախնական տվյալներով, 7 վիրավոր կա, վիրավորներից մի քանիսի վիճակը բավականին ծանր է»:


Կարդացեք նաև՝
Պատերազմի քրոնիկան. օր առաջին՝ սեպտեմբերի 27
Պատերազմի քրոնիկան. օր 2-րդ՝ սեպտեմբերի 28
Պատերազմի քրոնիկան․ օր 3-րդ՝ սեպտեմբերի 29
Պատերազմի քրոնիկան․ օր 4-րդ՝ սեպտեմբերի 30
Պատերազմի քրոնիկան․ օր 5-րդ՝ հոկտեմբերի 1

Ամենից շատ դիտված

23:03 Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա
20:17 Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան
21:00 Չգնա՞նք քաղաքից դուրս․ Հրազդանի տրանսպորտը «լևի» ռեյսեր է անում
22:30 Կոռուպցիա է, որ վարչության պետը կապ ունի ավտոբուսների մրցույթում հաղթած ընկերության հետ․ հարցում
20:30 Ձերբակալությունները պատվեր են․ Նիկոլն ուզում ա` մարդկանց ճնշի, գաղափարը ոչնչացնի․ հարցում
09:08 Կլինի խաղաղություն կամ շատ ավելի մեծ ողբերգություն. Թրամփը՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածների մասին
16:09 Գերագույն դավաճանը կատաղում ու հրահանգում է… առգրավվել է Դավիթ Համբարձումյանի մեքենան. Ռուբեն Մելիքյան
14:24 Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության. Գարեգին Բ
23:15 Բուժաշխատողի օրը. Գյումրին դարձել է համերգների ու փառատոնների քաղաք
12:50 Իրանում երկրաշարժ է գրանցվել