Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։
00։45
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը իր ՖԲ էջում ներկայացրել է հայկական զինուժի կողմից հակառակորդի խոցված սպառազինությունը սեպտեմբերի 28-ի, ժամը 21:00-ի դրությամբ։

02։17
Արցախի ՊՆ կայքում հրապարակվել են լուսանկարներ, որոնցում երևում է ադրբեջանական օդուժի կորուստների հետքերը:

03։00
«Ամերիկայի ձայնն» անդրադառնում է պատերզմի ընթացքին։ Մտահոգիչ են համարվում հակամարտության ընդլայնման հավանականությունն ու կիրառվող մահացու զինատեսակները, որոնք սպառնում են նաև խաղաղ ազգաբնակչությանը:
07։10
Վաղ առավոտյան հարավային ուղղությամբ
խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ:
08։30 Պատերազմական իրավիճակում գտնվող Ստեփանակերտում
հարսանիք է տեղի ունեցել:

08։48
Մոսկվայում Հայաստանի դեսպանը հայտնել է, որ Սիրիայի հյուսիսից մոտ 4,000 գրոհայինների տեղափոխել են Ադրբեջան՝ այնտեղ կռվելու համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնականը հերքել է այդ հայտարարությունը։ Հայաստանը նույնպես հայտնել է, որ թուրք զինվորականները կռվում են Լեռնային Ղարաբաղի (հայկական վերահսկողության տակ գտնվող անջատողական շրջան) ադրբեջանական ճակատում, և որ Թուրքիան տրամադրել է ԱԹՍ-ներ և կործանիչ օդանավեր։
09։30
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Ստեղծված իրավիճակում ակտիվորեն քննարկվում են իրադարձությունների զարգացմանը զուգահեռ մեր հավանական համարժեք քայլերը, մասնավորապես՝ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը»:

09։30
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածում Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվության վերաբերյալ։ «Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության Հայաստանին ուղղված մեղադրանքը՝ Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ:
Այս ապատեղեկատվությունը բացարձակ սուտ է և նպատակ ունի հող նախապատրաստել մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ»:
10։30
Սեպտեմբերի 29-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանը կրակ է վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական հարվածային ԱԹՍ-ի հարվածից Վարդենիսում այրվել է քաղաքացիական ավտոբուս։
11։00
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ժամը 10։30-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ են բարձրացել Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանից և ապահովել են «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները։ F-16 կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն զոհվել է։ Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա։
11։05
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Գեներալ-գնդապետ, Արցախի հերոս պարոն Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ` իր ռազմական գիտելիքներով ու հմտություններով օժանդակելու համար Արցախի պաշտպանությանն ու հաղթանակին:

11։15
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում
տեսանյութ է տարածել՝ վերնագրելով. «Հակառակորդի խուճապահար փախուստը»:
11։30
«Արմավիր», «Կոշ», «Նուբարաշեն», «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների կալանավորված եւ դատապարտված անձինք պատրաստվում են բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրենց զորակոչելու առաջնագիծ։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ րոպեներից ազատազրկված անձինք դիմումներ էին հասցեագրել ՔԿՀ-ների վարչակազմերին՝ իրենց առաջնագիծ ուղարկելու համար։
12։00
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում
գրել է. «Արցախի ՊԲ ստորաբաժանումների կողմից արևելյան ուղղությամբ Իգլա ԴԶՀՀ-ով ոչնչացվել է հակառակորդի երկու ուղղաթիռ»:

14։05
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցին՝ պատրաստվում է արդյոք կազմակերպությունը քննարկել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի հրետակոծության խնդիրը:
«Որպեսզի այդ հարցը քննարկվի ՀԱՊԿ-ում, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին` համապատասխան խնդրանքով: Նման խնդրանք ՀԱՊԿ քարտուղարությունը դեռ չի ստացել»,- ասաց Զայնետդինովը:
14։30
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:
Արմեն Գրիգորյանը նշել է տարածաշրջանային անվտանգության վրա բացասական ազդեցություն ունեցող Թուրքիայի ապակայունացնող դիրքորոշման հանգամանքը:

15։30
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջը հակառակորդի ուղղաթիռի ոչնչացումը պատկերող
տեսանյութ է հրապարակել:

16։00
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել դադարեցնել բռնությունները Լեռնային Ղարաբաղում և վերադառնալ բանակցություններին:

17։40
«Արցախի Տեղեկատվական շտաբ»-ը ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայկական ԶՈՒ-ի կողմից խփված ԱԹՍ-ի մնացորդները ցուցադրող
տեսանյութ:

18։00
Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել BBC Newshour լրատվականին։
Հարց. Հակամարտության վերջին բռնկման հետևանքով քաղաքացիական անձինք են զոհվել: Դուք ընդունու՞մ եք, որ այդ տարածքը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս:
Զոհրաբ Մնացականյան. Արցախն իրացնում է ինքնորոշման իր իրավունքը: Արցախը Հայաստանի պատմական տարածքն է: Արցախի հայ բնակչությունը զանգվածային խտրականության է ենթարկվել ամբողջ ժամանակահատվածում, երբ բոլշևիկյան կառավարության որոշմամբ այն փոխանցվեց Ադրբեջանին:
18։30
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը։ Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է»:
18։45
Սեպտեմբերի 29-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի՝ Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղության և անսասանության համար։
«Ի խորոց սրտի հայցում ենք Աստծո Սուրբ Աջի հովանին ու զորակցությունը մեր բանակի քաջարի զինվորներին, արցախահայ մեր խրոխտ զավակներին, աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին։ Թող Տիրոջ պահպանությունն ու օրհնությունը տարածյալ լինեն մեր հայրենյաց և համայն հայության վրա», – ասաց Ամենայն Հայոց Հայրապետը։

19։20
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել են կամավորականներին:

20։20
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հարցազրույց է տվել բրիտանական BBC-ի լրատվական ծառայությանը: Հարցազրույցի շրջանակում Հայաստանի վարչապետը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Արցախի և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդեն 3 օր է` Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են Արցախի խաղաղ բնակիչները, իսկ ագրեսիային այդ թվում Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ ուղղակի միացել են նաև թուրքական ուժերը:

20։55
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով տեղի ունեցող զարգացումներին: ՌԴ նախագահը խոր մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ և կարևորել հրադադարի ռեժիմի պահպանումն ու ապաէսկալացիայի ուղղությամբ քայլերի իրականացումը:

21։10
«Լեռնային Ղարաբաղում և մերձակա տարածքներում զոհերի արագ աճի պատճառով Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ անի հրատապ թուլացնել լարվածությունը։ Ինչպես նաև պետք է պահանջի մյուսներից, օրինակ՝ Թուրքիայից, որ հեռու մնա հակամարտությունից»,- գրել է Բայդենը Թվիթերում։

22։00
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած մի խումբ նախկին բարձրաստիճան հրամանատարների:

22։10
Վիեննայում Ալբանիայի նախագահությամբ տեղի է ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով։ Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ 57 անդամ պետությունների ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։

22։30
ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը նշեց, որ ևս հակառակորդը ձախողել է իր զավթողական քաղաքականության մեջ, ավելին, ռազմաճակատի տարբեր ուղղություններով ՊԲ տարբեր ստորաբաժանումները գրանցել են զգալի հաջողություններ՝ վերցնելով նախկինում կորցրած որոշակի դիրքեր՝ հիմնականում հյուսիսային և հարավային ուղղություններով: Ամբողջ գիշեր և ցերեկվա ընթացքում ընթացել են ինտենսիվ ռազմական գործողություններ ամբողջ ճակատում՝ բոլոր ուղղություններով: Հատկապես լարված են եղել հյուսիսային և հարավային ուղղությունները:

23։10
«Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը սահմանի գրեթե ամբողջ երկայնքով, թեժ են եղել հյուսիսային ու հարավային ուղղությունները: Ընդհանուր առմամբ՝ պատերազմի սկսվելու առաջին իսկ պահից հակառակորդը կորցրել է կենդանի ուժ՝790 մարդ, որից 180՝ Քարվաճառի ուղղությամբ, մոտ 1900 վիրավոր ունեն: Հայկական ստորաբաժանումները հակատանկային ու ոչ հակատանկային միջոցներից 137 զրահատեխնիկա ու տանկ են խոցել, ոչնչացվել է 72 ԱԹՍ, ոչնչացվել է 7 ուղղաթիռ եւ մեկ ինքնաթիռ»,- միասնական տեղեկատվական կենտրոնում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

23։50
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ, ծանոթացել է իրավիճակին և տեսակցել է վիրավոր սպաներին ու զինվորներին:
ԱԽ քարտուղարը հետաքրքրվել է վիրավորների բուժման ընթացքով, մաղթել է շուտափույթ ապաքինում և շնորհակալություն է հայտնել անձնվեր ծառայության համար:

Կարդացեք նաև՝
Պատերազմի քրոնիկան. օր առաջին՝ սեպտեմբերի 27Պատերազմի քրոնիկան. օր 2-րդ՝ սեպտեմբերի 28