Պատերազմի քրոնիկան․ օր 4-րդ՝ սեպտեմբերի 30
copy image url

Պատերազմի քրոնիկան․ օր 4-րդ՝ սեպտեմբերի 30

Ներքին 8 ամիս առաջ - 22:43 30-09-2024
Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Սեպտեմբերի 30-ին...

01:40
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակեց տեսանյութ. «ՊԲ հրետանավորները. կադրեր առաջնագծից»։


07:50
Սեպտեմբերի 30-ին ժամը 04:30-ի սահմաններում Ստեփանակերտի օդային տարածքում խոցվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Օդային սահմանը խախտել են Harop տեսակի 3 ԱԹՍ, որոնցից 2-ը հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները ոչնչացրել են։ Տեղից աշխատող Banak.info-ի թղթակիցը հայտնաբերել է մնացորդները։


08:00
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում հաղորդում է. «Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահի դրությամբ հրետանային փոխհրաձգություն է։ Գիշերվա ընթացքում Ստեփանակերտի երկնքում հակառակորդի երկու ԱԹՍ է խոցվել»:

08:30
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել․
«ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին տեղեկությունների կապակցությամբ:

ԱԽ անդամները խստորեն դատապարտում են ուժի գործադրումը և ցավում են խաղաղ բնակչության շրջանում զոհերի համար: Անվտանգության խորհրդի անդամները աջակցություն են հայտնել գլխավոր քարտուղարի՝ կողմերին ուղղված կոչին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, վերջ տալ էսկալացիային և վերադառնալ բովանդակային բանակցությունների»:


08։35
ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բացառիկ ու աննախադեպ է այս պատերազմի ոչ միայն թափն ու ծավալը, այլ նաև ռազմագիտական բաղադրիչները:

Փաստացի մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ: Կան ընդգծված առանձնահատկություններ, վերլուծությունը մեր հաղթանակից հետո: Միայն մի բան ասեմ. հրետանին և ՕՀՄ-ները գնալով ավելի են խաչասերվում:

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ և դա լինելու է մեր նոր մակարդակի, նոր որակի հաղթանակը»:

09:45
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի խորհրդարանի մի քանի կին պատգամավորների: Իր խոսքում Աննա Հակոբյանը նշել է, որ ստեղծված պատերազմական իրավիճակը շատ դժվար է, սակայն երկու կարծիք լինել չի կարող. անհրաժեշտ է լինել ամուր ու պինդ:

«Չեմ կասկածում արցախցի կնոջ, առհասարակ հայ կնոջ ամրության վրա, ես ուղղակի ուզում եմ այստեղ իմ ներկայությամբ էլ ամբողջ աշխարհը ևս մեկ անգամ համոզվի, որ չենք տատանվի, չենք վախենա և այս պատերազմում հաղթանակը մերն է լինելու՝ ուշ թե շուտ: Սա իմ համոզմունքն է»,- ասել է Աննա Հակոբյանը:


10:00
Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է խնդրել և հորդորել, որ Արցախի Հանրապետության ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերել ցանկացողները համակարգված գործեն՝ կապ հաստատելով ՏԻՄ-երի, վերջիններս էլ՝ ԱԻՆ-ի հետ, որպեսզի գործընթացը լինի նպատակային և հասցեական:


10:15
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածում․
«Կարծում ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը լիովին տեղավորվում է քաղաքակիրթ աշխարհհ և առաջին հերթին այն երկրների քաղաքական և մարդասիրական պարտավորությունների շրջանակներում, որոնք ճանաչել և դատապարտել են 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը»:


10:35
Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։ Օդում են նաև Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները։ Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։ Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։ Օդաչուների թուրքերենով խոսակցությունները արձանագրված են։ Հայտնոււմ է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։


11:00
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հարցազրույց է տվել մի խումբ ռուսաստանյան լրատվամիջոցների, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային և պատերազմական գործողություններին: Հարցազրույցին մասնակցել են «Россия 24», «Дождь», «РБК» հեռուստաալիքների լրագրողները, «ТАСС», «РИА Новости», «Спутник Армения», «Интерфакс» լրատվական գործակալությունների, «Коммерсантъ» պարբերականի հայաստանյան թղթակիցները:


11:10
«Բոլոր դեպքերում էլ թիրախավորվում են քաղաքացիական անձինք՝ անկախ նրանից, թե որ բնակավայրի ուղղությամբ են կրակոցներ լինում: Գտնում ենք, որ Ադրբեջանի այս վարքագիծը միջազգային հանցագործության դրսևորում է»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հակառակորդի կողմից Արցախի բնակավայրերը հրետակոծելուն՝ հայտարարեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:


11:10
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի ԶՈՒ ներգրավվածության վերաբերյալ.

«Թուրքական զինուժի այս սադրիչ գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը և խոչընդոտում են մարտական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը:

Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի սադրիչ գործողությունները և պահանջում թուրքական զինուժի, ներառյալ՝ օդուժի անհապաղ դուրսբերումը հակամարտության գոտուց»:

11:25
Թուրքիան տապալում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և ավելի է սրում իրավիճակը։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը։


13:05
Ոչնչացվել է հակառակորդի «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, գրել է՝ Շուշան Ստեփանյանը։


13:35
«Արցախի սահմանի ողջ երկայնքով գիշերային մարտերը շարունակվել են: Չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ ընթանում էին երեկ, բայց տեղ-տեղ եղել են հրետակոծություններ: Վաղ առավոտյան հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-երն անցել են լայնածավալ հարձակողական գործողությունների: Այս պահին այդ ուղղությամբ ընթանում են մարտեր: Հստակ պետք է ֆիքսենք, որ կիրառվում են բազում միջոցներ, այդ թվում՝ հեռահար ճշգրիտ միջոցներ՝ ԱԹՍ, մեծ քանակությամբ հրետանի: Մեր ստորաբաժանումները հերոսաբար դիմակայում են: Ունենք զոհեր, որոնց մասին լրացուցիչ կհայտնենք»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

14:05
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «ՊԲ հյուսիս-արևելյան, իսկ ապա նաև հարավային ուղղություններում հակառակորդը կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ:


15։40
Հունաստանը պահանջել է ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի արտահերթ նիստ գումարել՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը:


16։10
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Flightradar24 հարթակում երևում է, որ ադրբեջանական Silk way airlines ավիաընկերության (որի մասնաբաժինների զգալի հատվածը պատկանում է Իլհամ Ալիև դուստր Արզու Ալիևային) երկու տարբեր բեռնափոխադրող ինքնաթիռ այս պահին թռիչքներ են իրականացնում դեպի Իսրայել կամ Իսրայելից հետ․ առաջինը՝ IL-76TD ZP4612֊ը, Իսրայելի Ուվդա շրջանի (որտեղ կա ավիաբազա) մոտակայքից թռնում է դեպի Բաքու։ Մյուսը՝ IL-76TD-90VD֊ն, Բաքվից դուրս է եկել, այժմ Վրաստանի օդային տարածքով անցնելով մտել է Թուրքիայի տարածք, ու ամենայն հավանականությաբ գնում է դեպի Իսրայել»։


16։40
ԱՄՆ Կոնգրեսի բազմաթիվ անդամներ՝ ինչպես Սենատից, այնպես էլ Ներկայացուցիչերի պալատից, հայտարարություններ են տարածել, որոնցով դատապարտում են Ադրբեջանին և Թուրքիային՝ ազատ և անկախ Արցախի Հանրապետության դեմ ռազմական հարձակման համար, հարձակում, որն ընդլայնվեց նաև դեպի Հայաստան:


17։10
Սեպտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկություն է ստացել, որ նույն օրը ադրբեջանական զինված ուժերի կողմից Մարտակերտ քաղաքի քաղաքացիական օբյեկտների ռմբակոծության հետևանքով երեք քաղաքացիական անձ է զոհվել՝ երկու կին և մեկ տղամարդ, իսկ մեկը՝ վիրավորվել է: Զոհվածների և վիրավորի ինքնությունը ճշտվում է:

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին համապատասխան գնահատական տալ ադրբեջանական զինված ուժերի գործողություններին և կիրառել իրենց ողջ գործիքակազմը Արցախի Հանրապետության բնակչության իրավունքների լայնամասշտաբ ու վայրագ ոտնահարումները կանխելու նպատակով:


ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին: Ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:


18։20
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Օրվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվել են մարտական գործողությունները: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները իրենց հմուտ գործողություններով շարունակում են կործանիչ հարվածներ հասցնել նախահարձակ թշնամուն, ինչի արդյունքում հակառակորդը կորցրել է «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, տասնյակ այլ հրետանային ու հակատանկային միջոցներ, հյուսիսային և հարավային ուղղություններում՝ 1-ական «ՏՕՍ 1» տիպի հրանետ, 11 տանկ, 3 ՀՄՄ և 6 զրահափոխադրիչ»:

18։50
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ակտիվորեն տարածվող տեղեկատվությունը, թե, իբր, հայկական կողմն օգտագործել է Տոչկա-ՈՒ հրթիռային համակարգ, ակնհայտ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Միաժամանակ, խստորեն զգուշացնում ենք՝ եթե ադրբեջանական կողմը իբր պատասխան հարված հասցնելու պատրվակով մտադիր է օգտագործել այս ապատեղեկատվությունը և կիրառել նմանատիպ կամ ավելի մեծ տրամաչափի ու հեռահարության հրթիռային համակարգ, ապա հայկական կողմի պատասխանը լինելու է ակնթարթային, հուժկու և խիստ կործանարար»:

19։05
Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Նախարար Մնացականյանը նաև մտահոգություն հայտնեց Թուրքիայի կողմից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրման, Ադրբեջան տեղափոխման և մարտական գործողություններում ներգրավելու առնչությամբ:

19։15
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում է ադրբեջանական հերթական դիրքի գրավման տեսանյութը:


20։20
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:


20։40
BBC-ին հաջողվել է հարցազրույց վերցնել Ադրբեջանում գտնվող սիրիացի վարձկանի հետ։ Նա պատմել է, որ հավաքագրվել է «Սիրիական ազգային բանակ» թուրքամետ կազմակերպության հրամանատարներից մեկի կողմից։ Նրա խոսքով` իրեն առաջարկել են ռազմական օբյեկտների պահպանությամբ զբաղվել, ամսական վճարել երկու հազար դոլար։ Նա Ադրբեջանում հայտնվել է Թուրքիայի տարածքով։ Սիրիացին մասնակցել է Արցախում ռազմական գործողություններին, նա տեսել է սիրիացի 10 զոհերի դիակները և մոտ 70 սիրիացի վիրավորներ, որոնց բժշկական օգնություն չի տրվել։


21։10
Ռուսաստանը մտահոգված է Սիրիայից և Լիբիայից ղարաբաղյան հակամարտության գոտի գրոհայիններ տեղափոխելու մասին լուրերից և կոչ է անում օտարերկրյա ահաբեկիչներին և վարձկաններին անհապաղ դուրս բերել տարածաշրջանից։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։ «Կոչ ենք անում շահագրգիռ պետությունների ղեկավարությանը գործուն միջոցներ ձեռնարկել օտարերկրյա ահաբեկիչներին և վարձկաններին հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերելու համար»,- հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։


21։30
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որոնց ընթացքում դատապարտել է Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումը և կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները։ Այս մասին դիվանագետը հայտնել է Թվիթերում։ «Հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ։ Դատապարտել եմ ուժի կիրառումն ու կոչ արել անհապաղ դադարեցնել կրակը։ Քաղաքացիական բնակչությանը պետք է պաշտպանել»,- գրել է նա։


22։00
Հրապարակվել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 23 զինծառայողների ցուցակը։

22։30
«Դիրքերի շոշափելի փոփոխություններ տեղի չեն ունեցել»,- մամուլի ասուլիսին հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: «Արցախն իր պատմության մեջ երբևէ չի գրավվել ու չի գրավվելու»,- ասց Արցախի նախագահը:


23։30
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով ապացույցներ այն մասին, որ Ադրբեջանն Արցախի դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին:


23։50
ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ին է ներկայացրել սեպտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքների խաղաղ բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները թիրախավորելու վերաբերյալ փաստեր։

Կարդացեք նաև՝
Պատերազմի քրոնիկան. օր առաջին՝ սեպտեմբերի 27
Պատերազմի քրոնիկան. օր 2-րդ՝ սեպտեմբերի 28
Պատերազմի քրոնիկան․ օր 3-րդ՝ սեպտեմբերի 29

Ամենից շատ դիտված

23:03 Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա
20:17 Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան
21:00 Չգնա՞նք քաղաքից դուրս․ Հրազդանի տրանսպորտը «լևի» ռեյսեր է անում
22:30 Կոռուպցիա է, որ վարչության պետը կապ ունի ավտոբուսների մրցույթում հաղթած ընկերության հետ․ հարցում
20:30 Ձերբակալությունները պատվեր են․ Նիկոլն ուզում ա` մարդկանց ճնշի, գաղափարը ոչնչացնի․ հարցում
09:08 Կլինի խաղաղություն կամ շատ ավելի մեծ ողբերգություն. Թրամփը՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածների մասին
23:15 Բուժաշխատողի օրը. Գյումրին դարձել է համերգների ու փառատոնների քաղաք
14:24 Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության. Գարեգին Բ
12:50 Իրանում երկրաշարժ է գրանցվել
12:08 Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը եւ զավակին. Փաշինյան