Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Հոկտեմբերի 8-ին...
01:40
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Euronews հեռուստաընկերությանը
Euronews – Ո՞րն է կարգավորման Ձեզ համար ընդունելի տարբերակը։ Կա՞ հակամարտության լուծման այնպիսի տարբերակ, որը չի ենթադրում բռնություն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեր ամբողջ դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ այն, որ բռնությունների միջոցով Ղարաբաղի հարցը լուծել հնարավոր չէ: Որևէ լուծման հասնել՝ բռնության միջոցով, հնարավոր չէ: Դա Ադրբեջանի քաղաքականությունն է եղել, որ իրենք պատրաստվում են բռնի եղանակով լուծել Ղարաբաղի հարցը: Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել կոմպրոմիսի: Այդ Ադրբեջանն է, որ որևէ կերպ չի ուզում կոմպրոմիս, չի ուզում կոմպրոմիս: Նրա միակ լուծումն այն է, որ Ղարաբաղի հայությունը, որը միշտ եղել է Ղարաբաղի բնակչության 80 և ավելի տոկոսը, տեղահան արվի, և Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների միջոցով ազատվի հայերից, դառնա ոչ հայաբնակ տարածք: Բայց մարդիկ չեն կարող իրենց հազարամյա հայրենիքն ուղղակի թողնել Ադրբեջանի պահանջով: Եվ նրանք պետք է ինքնապաշտպանվեն և ունեն ինքնապաշտպանվելու իրավունք: Բացի ինքնապաշտպանությունից, Լեռնային Ղարաբաղն այստեղ որևէ ուրիշ նպատակ չունի:

02:00
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է տեղադրել իր ՖԲ էջում.
Օգտվելով տեխնիկական հնարավորություններից՝ կեսգիշերն անց զանգահարում եմ առաջնագծի տարբեր տեղամասեր, զրուցում հրամանատարների, զինվորների հետ։ Այս զանգը արել եմ ընդամենը րոպեներ առաջ։
08:50
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանը կուտակել-կուտակել էր մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, սպառազինություն։ Մի հսկայական հատված արդեն անվերադարձ կորուստ է, մեծաքանակ կորուստների հետ կապված հանրային ճնշմանը դիմանում է, որովհետև ամենավտանգավոր հատվածներում տարբեր ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչներ են։ Չնայած դիակների լուսանկարներից պարզ է, որ շատ է նաև ադրբեջանական կանոնավոր բանակի կորուստները։ Հույս ունեմ, որ այս պատերազմն այնպես կավարտենք, որ խնդրի ռազմական լուծումը դուրս կգա Ադրբեջանի քաղաքական օրակարգից։ Այս պահին դա է առաջնահերթը»։
09:20
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակը կայուն-լարված էր: Վաղ առավոտյան ժամը 08:30-ի շրջանում հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կորցնելով երեք միավոր ռազմական տեխնիկա և տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր, Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի»։

09:30
Պաշտպանության Բանակի ֆեյսբուքյան էջը
տեղեկացնում է.
«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է կայուն-լարված: Օպերատիվ-մարտավարական իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային հարվածներ: Ներկա պահին հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները:
09:35
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարավային ուղղությամբ րոպեներ առաջ հակառակորդի երկու ԱԹՍ խոցվեց»։

09:45
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանդիպեցի ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Քննարկեցինք Արցախում ստեղծված իրավիճակը` արձանագրելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր դաշնակցային մակարդակը և նույնական մոտեցումները տարածաշրջանում կայունության և անվտանգության տեսակետից:

11:50
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»:
12:10
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարավային ուղղությամբ հրետանային գերճշգրիտ հարվածներով հակառակորդին պատճառվում է մարդկային ուժի մեծ կորուստներ։ Հայկակական ստորաբաժանումները քիչ առաջ ոչնչացրել են նաև թշնամու չորս միավոր Դ-30 հաուբից անձնակազմով և զինամթերքով՝ թույլ չտալով զբաղեցնել կրակային դիրքեր։
12:25
Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի հերթական խոցումները. «Արցախի տեղեկատվական շտաբը» տեսանյութ է հրապարակել:
13:45
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկություն է հրապարակել Ադրբեջանի կորուստների մասին

13:30
Թշնամի Ադրբեջանը հարվածել է Շուշիի խորհրդանիշին՝ Ղազանչեցոց եկեղեցուն. Տելեգրամի իր էջում հաղորդում է Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հրապարակելով նաեւ Դավիթ Ղահրամանյանի լուսանկարները։ Ղազանչեցոց եկեղեցին 90-ականների պատերազմից հետո վերակառուցվել էր:

14:00
Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների այս վճռորոշ օրերին առաջնագիծ են մեկնում նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կամավորական խմբեր: Հավելենք նաև, որ համայն հայության համար կարևորագույն այս ժամանակահատվածում իրենց առաքելությունն օրնիբուն անձնվիրաբար ու նորովի լիցքերով են կատարում նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողները:

15:00
Զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը գրում է․
«Իմ որդին՝ Ալբերտ Հովհաննիսյանը, ում լուսանկարն այս օրերին լայն տարածում գտավ ողջ աշխարհում և հարազատ դարձավ շատերիդ համար, անմահացավ: Անչափելի ու անհատակ է իմ ու իմ ընտանիքի ցավը: Օրեր շարունակ նրանից որևէ տեղեկություն չունեինք, բայց շատերդ մեր ընտանիքի հետ էիք՝ ձեր ներկայությամբ, խոսքով, աղոթքներով, բայց … այլ բան էր կանխորոշված: Կոկորդս խեղդող արցունքների միջից ուզում եմ խնդրել, որ բոլորիդ հիշողություններում Ալբերտը մնա հավերժ երիտասարդ, անսահման լավատես, չափազանց հայրենասեր, ով մեծ երազանքներ ու շատ անելիքներ ուներ և ում մեծագույն սերը Հայրենիքն էր: Վիշտս ծանր է ու մեծ, բայց հպարտությունս ավելի մեծ է, որ հայրենասեր հայի, մերօրյա իրական Հերոսի հայրն եմ: Գիտակցում եմ՝ իմ Ալբերտը միայն իմ Հերոսը չի, նա բոլորիս Հերոսն է, նաև ներկա ու ապագա սերունդների Հերոս հայի օրինակ, ով իր հերոս նախնիների ճամփան բռնեց և անմահացավ…»

15:15
«Արմավիր» ՔԿՀ-ի 4-րդ մասնաշենքի բողոքի ցույց կազմակերպած դատապարտյալ եւ կալանավորված անձանց հանդիպել է ՔԿՀ-ի պետ Արտակ Ղազարյանը։ Հիշեցնենք, անազատության մեջ գտնվողները հինգշաբթի առավոտվանից հրաժարվել են ճաշերից, իրենց ներքնակները խցերից հանել են դուրս՝ պահանջելով ուղարկել առաջնագիծ։ Նրանք միաժամանակ իրենց դիմումների պատասխաններն են ուզում, որոնցով ցանկություն են հայտնել մեկնել առաջնագիծ։
16:00
Պաշտպանության Բանակի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հայկական և օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունն առ այն, որ կողմերի միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում»:

16:20
Ժնևում ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ներկայացուցիչների բանակցությունները: Հանդիպումն ընթանում է փակ ձևաչափով։ Բանակցություններին մասնակցում են ԵԱՀԿ համանախագահները։ Երեկվանից Ժնևում է գտնվում նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
ՀՀ ԱԳ նախարարը հրաժարվել է մեկնել Ժնև։ Հայկական կողմի այս դեմարշը շրջադարձային նշանակություն է ունեցել պատերազմի ընթացքի վրա։
18:00
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամաստաբ ռազմական գործողությունների հետևանքով Արցախից Հայաստան ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու և նրանց սոցիալական աջակցությունը համակարգելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծել է Արցախից ժամանող քաղաքացիների ժամանակավոր կայանման կետ: Արցախից ժամանող քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չունեն ժամանակավոր բնակության վայր կամ հյուրընկալող, կարող են այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող «Հայորդաց տան» շենքում ստեղծված կայանման կետ, որտեղից կկազմակերպվի նրանց տեղափոխումը ժամանակավոր կացարաններ: Կայանման կետը գործում է շուրջօրյա՝ ապահովելով միջգերատեսչական համագործակցություն՝ քաղաքացիների կարիքներին հնարավորինս օպերատիվ արձագանքելու համար:

18:10
Ադրբեջանական ուժերը երկրորդ անգամ են հարվածել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն: «ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ ռուս լրագրողներից մեկը վիրավորվել է: Նշվում է, որ հարվածը հասցվել է նույն տեղում, ինչ որ կեսօրին: Կան վիրավորներ: Տեղեկատվությունը հաստատել է նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
18:40
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական «Spiegel» շաբաթաթերթին, որը տեղադրվել է նաև շաբաթաթերթի կայքում:
Spiegel – Դիմե՞լ եք Ռուսաստանին ռազմական օգնության համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հայաստանը և Ռուսաստանը անվտանգության ոլորտում դաշնակիցներ են և ունեն որոշակի պայմանագրային փոխհարաբերություններ: Եվ ես համոզված եմ, որ համապատասխան իրավիճակներ ձևավորվելու դեպքում Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ կկատարի:
Spiegel – Ի՞նչ է դա նշանակում՝ երբ Հայաստանի տարածքի վրա հարձակո՞ւմ կլինի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա գնահատման որոշակի խնդիր ունի՝ սպառնալիքի չափը, ծավալները և պոտենցիալը: Մենք ունենք պայմանագրային մեխանիզմներ: Գիտեք, որ 102-րդ ռուսական ռազմաբազան գտնվում է Հայաստանում: Ռուս սահմանապահները պահում են Թուրքիայի և Իրանի հետ սահմանը:

18:50
Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը՝ որպես նրանց անվտանգության միակ երաշխիք,
19:10
Լրագրող Լիկա Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մազի ծերով մահից պրծանք։ Ցերեկը հարվածեցին Ղազանչեցոցին, որոշեցինք նկարահանող խմբով մեկնել Շուշի։ Ճանապարհին ստիպված եղանք կանգնել, քանի որ երկնքում 2-3 հարվածային դրոն էր պտտվում… քիչ անց լսվեց աճող վնգունը՝ ու հարված։ Հասցրինք մտնել մոտակա նկուղ։ Շունչ քաշեցինք, գնացինք Շուշի… եկեղեցուն մոտենալն ու երկրորդ ռումբի հարվածը մեկ էր։ Եթե չլինեին դրոներն ու դրա պատճառով հապաղումը՝ մենք մեջն էինք լինելու…. Աստված պահեց։ Էդ պահին եկեղեցում ուրիշ լրագրողներ էին, ռուսաստանցի… 3-ն էլ՝ վիրավոր։ Մեկին օգնեցինք դուրս բերել եկեղեցուց»։
19:10
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարվել է 27.09.2020թ.-ից առ 07.10.2020թ. ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունների դեպքերի հետևանքների հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն և վերլուծություն:

21:00
ՀԱՊԿ-ը կարծում է, որ Ադրբեջանը չի հարվածի Հայաստանին. Բաքուն Երևանի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: «Ես վստահ եմ, որ իրադարձությունների նման զարգացում չի լինի: Նախ` որովհետև Ադրբեջանի իշխանություններն ընդգծել են, որ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ իրենք չունեն: Եվ ոտնձգություն չեն կատարի նրա ինքնիշխանության նկատմամբ: Երկրորդ, այնտեղ բավարար չափով խոհեմություն ունեն և պատասխանատվություն սեփական ժողովրդի նկատմամբ»,- ասել է Զասը:

21:15
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն առաջարկել է պաշտոնական Երևանին և Բաքվին հանդիպել Վիեննայում և ուղիղ բանակցություններ անցկացնել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը լուծում տալու համար: «Շատ մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի շարունակվող էսկալացիայի կապակցությամբ: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ավստրիան կոչ է անում դադարեցնել պատերազմը և սատարում է բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- գրել է Կուրցը Թվիթերի իր միկրոբլոգում:

21:40
Միասնական տեղեկատվական կենտրոնի Գորիսի շտաբում տեղի ունեցած ասուլիսում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց․
«Այսօր և անցնող ողջ գիշերը, որին ականատես եմ եղել, հրթիռակոծվել է Ստեփանակերտը, Շուշին և այլ քաղաքներ: Այսօրվա հրթիռակոծության արդյունքում կան նաև վիրավոր լրագրողներ: Այսօր երկու անգամ, ինչը միանշանակ ապացուցում է գործողությունների դիտավորությունը, Ադրբեջանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց վանքին, որի արդյունքում վանքը զգալի տուժել է, եղել են նաև քաղաքացիական անձինք, որոնց մասին կտեղեկացնի Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը»:
22:00
Փարիզում Թուրքիայի դեսպանատան դիմաց ֆրանսահայերը բողոքի ցույց են սկսել: Նրանք մեկ րոպե լռությամբ հարգեցին ադրբեջանաթուրքական ագրեսիայի ու Արցախի դեմ սանձազերծված պատերազմի պատճառով ընկածների հիշատակը: Ցույցի մասնակիցները վանկարկում էին «Միություն, պայքար, հաղթանակ», «Հայաստան», «Կանգ առ Ալիեւ», «Էրդողան ահաբեկիչ», «Ղարաբաղը մերն է», կրում՝ նման բովանդակությամբ հայերեն, անգլերեն ու ֆրանսերեն պաստառներ:

22:45
«Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումը լրացվել է նոր կետերով, որոնք սահմանում են. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է: Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը»:
23:00
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. Ժամը 19:30-ից 21:20-ն ընկած ժամանակահատվածում Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ:
23:15
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը.
Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինուժը կրկին ռմբակոծել է Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը, որի արդյունքում վիրավորվել և մարմնական վնասվածքներ են ստացել օրվա առաջին կեսին նույն տաճարի ռմբակոծման հետևանքները լուսաբանելու նպատակով տեղում գտնվող օտարերկրացի լրագրողներ Յուրի Կոտյոնոկը, Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող խմբի անդամ Հրանտ Բալադյանը: Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերում իրենց մասնագիտական գործունեությունը ծավալող լրագրողների թիրախավորումը կրում է միտումնավոր բնույթ և նպատակ ունի խոչընդոտելու ադրբեջանական բանակի պատերազմական հանցագործությունների փաստագրումն ու ներկայացումը միջազգային հանրությանը: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում տուժած լրագրողներին և խստորեն դատապարտում Ադրբեջանի հերթական պատերազմական հանցագործությունը։

23:40
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Tv5Monde հեռուսաալիքին.
Tv5Monde – Պարոն վարչապետ, այսօր Ժնևում սկսվել են քննարկումներ ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբի շրջանակում, որտեղ ներգրավված է նաև Ֆրանսիան: Պետք է նշեմ նաև, որ Հայաստանն էլ իր հերթին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է: Եվ Ֆրանկոֆոնիայի վերջին գագաթնաժողովն էլ տեղի է ունեցել Ձեզ մոտ՝ Երևանում, Հայաստանում: Ի՞նչ սպասելիքներ ունեք Դուք նախագահ Մակրոնից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես նախ ուզում եմ ընդգծել՝ հայ ժողովրդի և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի գոհունակությունը Ֆրանսիայի նախագահի անկեղծ և շիտակ, ճշմարտության վրա հիմնված դիրքորոշումների առիթով: Կարող եմ ուղիղ ասել՝ ակնկալում եմ, որ Ֆրանսիայի նախագահը և Ֆրանսիան ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև այն մտահոգությունները, որ Էմանուել Մակրոնը բարձրացրել է, այսօրվա իրավիճակում այդ մտահոգությունները լուծելու այլ տարբերակ ուղղակի չկա, որովհետև սա կարող է վերածվել մի մեծ հումանիտար աղետի: Բայց, որը նաև իր ահաբեկչական ճառագայթները և իր ահաբեկչական ալիքները կարող է տարածել մեր տարածաշրջանում ավելի լայն իմաստով: Եվ իհարկե, սա ուղիղ սպառնալիք է գլոբալ անվտանգությանը՝ հաշվի առնելով Թուրքիայի գործոնը և քաղաքականությունը: Իմ ակնկալիքն իրոք այն է, որ Ֆրանսիան ուղղակի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
23:55
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Ղարաբաղյան հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները՝ գերիների եւ զոհերի մարմինները փոխանակելու նպատակով, հայտարարում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
ՌԴ ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հոկտեմբերի 9-ին հրավիրել են Ռուսաստան՝ խորհրդակցություններ անցկացնելու համար:

-
Հիշեցնենք, որ ՀՀ-ն մերժել էր Ֆրանսիայի հրավերն ու հոկտեմբերի 8-ին չէր մասնակցել Ժնևում Արցախի հարցով կազմակերպված բանակցություններին, որին մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ֆրանսիայի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Հայկական կողմի այս դեմարշը շրջադարձային նշանակություն է ունեցել պատերազմի ընթացքի վրա։
Կարդացեք նաև՝
Պատերազմի քրոնիկան. օր առաջին՝ սեպտեմբերի 27Պատերազմի քրոնիկան. օր 2-րդ՝ սեպտեմբերի 28Պատերազմի քրոնիկան․ օր 3-րդ՝ սեպտեմբերի 29Պատերազմի քրոնիկան․ օր 4-րդ՝ սեպտեմբերի 30Պատերազմի քրոնիկան․ օր 5-րդ՝ հոկտեմբերի 1Պատերազմի քրոնիկան․ օր 6-րդ՝ հոկտեմբերի 2Պատերազմի քրոնիկան․ օր 7-րդ՝ հոկտեմբերի 344-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 8-րդ՝ հոկտեմբերի 444-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 9-րդ՝ հոկտեմբերի 544-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 10-րդ՝ հոկտեմբերի 644-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 11-րդ՝ հոկտեմբերի 7