44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 15-րդ՝ հոկտեմբերի 11
copy image url

44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 15-րդ՝ հոկտեմբերի 11

Ներքին 8 ամիս առաջ - 22:20 11-10-2024
Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Հոկտեմբերի 11-ին...

01:45
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է
Հրթիռակոծության հետևանքով Ստեփանակերտում ամբողջությամբ ավերվել է մեկ առանձնատուն, այրվել` հարևանությամբ գտնվող տնտեսական նշանակության մեկ շինություն, վնասվել են մոտակա ենթակառուցվածքները։


08։00
Արցախի պաշտպանության բանակը հայտնում է
Չնայած Պաշտպանության բանակը հետևում է Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություններին և կրակ չի վարում՝ ադրբեջանական կողմը շարունակում է հրթիռահրետակոծության տակ պահել Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին և Արցախի Հանրապետության այլ բնակավայրերը: Ադրբեջանական կողմը միևնույն ժամանակ ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները թիրախավորել են Գյանջա քաղաքը: Հիշյալ պնդումները բացարձակ սուտ են և իրականության հետ որևէ առնչություն չունեն:

08։35
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մեկնաբակելով․ Ադրբեջանի կողմից կռվող վարձկանների մասին հերթական ապացույցը։


09։45
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվող ցույցերի լուսանկարներ է հրապարակել ու գրել․
Այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը։ Այս շարժումը պետք է գրավիչ դարձնել նաեւ այլ ազգերի ներկայացուցիչների համար՝ ովքեր դեմ են բռնությանը, կոռուպցիային, ահաբեկչությանը եւ ձգտում են արդարության, ազատության եւ սիրո հաղթանակին։
Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ։
Աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Եթե դա չեն անում կառավարություններն ու խորհրդարանները, դա կարող են անել ժողովուրդները, անհատները, կազմակերպությունները:
Սա պետք է դառնա այդպիսի անհատներին, ժողովուրդներին, կազմակերպություններին միավորող համաշխարհային շարժում։

9։50
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը՝ անգլերեն լեզվով: Զեկույցում ներկայացված են 2020թ. սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունների դեպքերի հետևանքների հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն և վերլուծություն:


10։00
«Եթե առաջիկա 1-2 օրում մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ առաջին հերթին ՀՀ իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, միջազգային կառույցներին եւ աշխարհի բոլոր երկրներին»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:


10։25
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները․


10։50
Արծրուն Հովհաննիսյանը գրում է․
Թուրքիայից և Իսրայելից հումանիտար բեռների քողի տակ ինտենսիվորեն Ադրբեջան են բերվում հարվածային ԱԹՍ-ներ։ Միևնույն է՝ հաղթելու ենք։


11։00
Banak.info-ն ֆիքսել է բացառիկ կադրեր, որտեղ երևում է՝ ինչպես է ադրբեջանական կողմը տանում իր դիերը: Մանրամասները՝ ստորև ներկայացվող տեսանյութում:


12։15
Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ֆեյսբուքյան իր էջում կարևոր պարզաբանում է ներկայացրել․ Լոս Անջելեսում կայացած Armenia Aid դրամահավաքի արդյունքում հայտարարվեց 30.5 միլիոն դոլարի հասույթ, որն ի վերջո ուղղվելու է Լոս Անջելեսում տեղակայված Armenia Fund-ի բանկային հաշիվներին։ Հետագայում տարակարծություններից խուսափելու համար, խնդրում եմ հաշվի առնել, որ այդ թիվը ներառում է այդ պահին հավաքագրված կանխիկ դրամական միջոցները, արժեթղթերը, բանկային չեկերը, բանկային փոխանցումները, առցանց վճարումները և ամենակարևորը՝ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ։ Վերջիններս կարող են և ամբողջությամբ չնյութականացվել ու այդպես էլ մնալ խոստում։ Սա է ընդհանրապես ցանկացած դրամահավաքի տրամաբանությունը։ Արդյունքները կամփոփվեն մոտակա օրերին,և միայն դրանից հետո կավելացվեն www.himnadram.org կայքի հաշվիչում։


12։25
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Թուրքական օդուժի օդային ղեկավարման կետերը, որոնք թռչում են Թուրքիայի օդային տարածքում, ղեկավարում են ադրբեջանական օդուժի կազմում գործող թուրքական ԱԹՍ-ներին։ ԱԹՍ-ները վեց միավոր F-16-երի ծածկույթի տակ, այսինքն ուղեկցմամբ հարվածներ են հասցնում Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքներին։


12։50
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Հաղթանակից հետո այն հինգ հակատանկիստ աղջիկներին անձամբ եմ ներկայացնելու ձեզ։ Ու առհասարակ կին հերոսուհիները այլ հպարտության թեմա են։ Ափսոս որ շատերի դեմքը բացել չենք կարող, հատկապես վեց ամսական երեխուն մոր հույսին թողած ու պատերազմ գնացած գեղեցկուհուն։


13։00
Հոկտեմբերի 11-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ և Անմահ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։
«Այժմ միասնական աղոթք բարձրացնենք առ Ամենակարողն Աստված մեր վիրավոր զավակների ապաքինման, մեր նահատակված քաջարի զինվորների և պատերազմի արհավիրքներին զոհ դարձած հայորդյաց հոգիների հանգստության համար։ Թող Տերը խաղաղության մեջ պահի Հայաստան և Արցախ մեր հայրենիքը, Իր Սուրբ և պատվական Խաչի նշանով հալածի երևելի և աներևույթ թշնամիներին, մեր ժողովրդին պահպանի չարի բոլոր փորձանքներից, ամուր պահի մեր հաղթական հավատքն ու ոգին։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, թող պահի մեր սրտերն ու մտածումները Քրիստոս Հիսուսով, այժմ և միշտ և հավիտյանս․ ամեն»։

13։30
ՊԲ-ն հայտնում է․
Հոկտեմբերի 10-ին և 11-ին Ադրբեջանը շարունակել է հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ ազգաբնակչությանը: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հավատարիմ է հումանիտար հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը: Եթե Ադրբեջանը շարունակի խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և դիմի նախահարձակ գործողությունների, ՊԲ պատասխանը լինելու է անհամաչափ կոշտ:

13։55
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է․
Աշխարհում խաղաղություն ամենաշատը ուզում են արցախցիները, բայց մենք նաեւ չենք կարող պարտադիր պայման ընդունել մի երկրից, որի նպատակն է բնաջնջել Արցախի պատմությունը, ժողովրդին։ Հայտարարելու եմ հայրենական պատերազմ, եւ կոչ եմ անելու բոլոր հայերին՝ նյութական ու ցանկության դեպքում ֆիզիկական մասնակություն ունենալ։ Եթե երկարատեւ պատերազմ են ուզելու, մենք չենք հրաժարվելու։


14։20
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, կարևորելով տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը, տարածաշրջանի պետությունների մեջ շահավետ համագործակցությունը և պայքարը միջազգային ահաբեկչության դեմ՝ կոչ է անում Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի իշխանություններին.


16։00
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.
«Լոս-Անջելեսից Երևան հասավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20 տոննա հումանիտար օգնությունը։ Դեղեր և բժշկական սարքավորումներ, շարժական էլսնուցման համակարգեր։ Հզոր ենք միասին»։


17։20
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Պատերազմը ծանր է, մեր զորքերը համառ ու ծանր մարտեր են մղում: Սակայն մեկ անգամ չէ, որ մենք եղել ենք նման դժվար կացության մեջ: Հաղթելու ենք։


18։15
Հյուսիս-արևելյան ուղղությամբ հոկտեմբերի 11-ին թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակողական գործողություններ: ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են թշնամական ուժերի հարձակման փորձը՝ խոցելով վերջինիս 2 զրահատեխնիկա և պատճառելով մեծ քանակությամբ մարդկային կորուստներ:


18։30։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպում է ունեցել ԱԺ խորհրդի անդամների՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արտաքին գործերի նախարարը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և առաջիկա անելիքներն արտաքին քաղաքականության ոլորտում, այդ թվում՝ խորհրդարանական հարթակներում:


18։45
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է․
Խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկում են գրոհներ՝ կիրառելով զրահատեխնիկա և հրթիռահրետանային միջոցներ։ ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն ճնշում են հակառակորդի բոլոր գործողությունները։

19։10
Ռուսաստանը, պաշտպանելով իր ազգային շահերը, ծայրաստիճան շահագրգռված է Ադրբեջանում և Հայաստանում կայուն իրավիճակ հաստատելու հարցում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ստեղծված իրավիճակը եզակի է նրանով, որ մենք ունենք մեր ազգային շահերը և պաշտպանում ենք դրանք։ Մեզ համար առաջնային պլանում է և կարևոր է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի կայունությունը։ Այդ երկրների հարաբերությունները էապես կարևոր են մեզ համար»,- նշել է նա։


19։30
Կրակի դադարեցման հայտարարությունից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն գիշերը հրթիռակոծել է Մարտունի քաղաքը, որի արդյունքում զոհվել է մեկ քաղաքացի և վնասվել են բնակելի տներ:

19։50
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 11-ի ժամը 17․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 14 դեպք, որոնցից 9-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 5-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ 11 դեպքով հարուցվել է վարչական վարույթ, 3-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող մեկ անձ տուգանվել է 300 հազար դրամի չափով, երկու լրատվական կայք՝ 700 հազար դրամի չափով։ Ընդ որում, լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Մյուս հրապարակումների հեղինակներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։


20։25
ՀՀ ՊՆ-ն հայտնում է․
Զինված ուժերի համալրման գործընթացը շարունակվում է։ Զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայինների հետ անցկացվում են մարտական պատրաստության և անվտանգության կանոնների պահպանման գործնական պարապմունքներ:


20։35
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից՝ հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է Արցախի առնվազն 5 քաղաքացիական անձ:

20։55
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը վաղը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ: Նախատեսված է նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:


21։20
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել․
«Չսահմանափակվելով Մերձավոր Արևելքից ահաբեկիչ զինյալների, ռազմական սպառազինության ու մասնագետների մատակարարմամբ Ադրբեջանին` Թուրքիան ստանձնել է նաև ս․թ․ հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ՀՀ, ԱՀ և ՌԴ ԱԳ նախարարների մակարդակով ձեռք բերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածության դրույթների տապալման նպատակով Ադրբեջանի սանձազերծած տեղեկատվական և քաղաքական արշավի հովանավորչությունը»։

21։40
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը իր ռուս գործընկերոջը ներկայացրել է ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը:

22։00
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Վարչապետ Փաշինյանը տեղեկատվություն է տրամադրել հոկտեմբերի 10-ին հայտարարված մարդասիրական հրադադարից հետո տեղի ունեցող զարգացումների մասին: Նա մտահոգություն է հայտնել Ստեփանակերտի չդադարող ռմբակոծության և ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի մասին պայմանավորվածության խախտման կապակցությամբ: Գերմանիայի կանցլերը խոր մտահոգություն է հայտնել իրավիճակի լարվածության կապակցությամբ: ՀՀ վարչապետն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման կարևորությունը:


22։30
ԵՄ-ն կողմերին կոչ է անում առանց հապաղելու վերադառնալ բովանդակային բանակցությունների դաշտ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, առանց նախապայմանների և համաձայնեցված սկզբունքների հիման վրա:


22։50
Վատիկանում կիրակնօրյա աղոթքի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Նա կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական նկատառումների համար համաձայնեցված կրակի դադարեցումը: Հռոմի պապը կոչ է արել պահպանել հրադադարը՝ նկատելով, սակայն, որ այն չափազանց փխրուն է: «Թեև զինադադարը շատ փխրուն է թվում, ես խրախուսում եմ դրա պահպանումը: Ես ցավում եմ մարդկային կյանքերի կորստի համար, տառապանքի համար և տների ու հավատքի կենտրոնների կործանման համար»,-ասել է Պապը: Հռոմի պապը բոլորին կոչ է արել աղոթել զոհերի համար ու բոլոր նրանց համար, ում կյանքը վտանգված է:

23։00
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է «Զինուժ մեդիայի» նկարահանումները Հադրութում։


23։45
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսին վստահեցրեց՝ մինչև չլինի հումանիտար հրադադարի լիարժեք պահպանում, որպեսզի Կարմիր խաչը կարողանա աշխատել, չեն կարող լիարժեք դուրս բերվել դիակները:

Կարդացեք նաև՝
Պատերազմի քրոնիկան. օր առաջին՝ սեպտեմբերի 27
Պատերազմի քրոնիկան. օր 2-րդ՝ սեպտեմբերի 28
Պատերազմի քրոնիկան․ օր 3-րդ՝ սեպտեմբերի 29
Պատերազմի քրոնիկան․ օր 4-րդ՝ սեպտեմբերի 30
Պատերազմի քրոնիկան․ օր 5-րդ՝ հոկտեմբերի 1
Պատերազմի քրոնիկան․ օր 6-րդ՝ հոկտեմբերի 2
Պատերազմի քրոնիկան․ օր 7-րդ՝ հոկտեմբերի 3
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 8-րդ՝ հոկտեմբերի 4
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 9-րդ՝ հոկտեմբերի 5
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 10-րդ՝ հոկտեմբերի 6
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 11-րդ՝ հոկտեմբերի 7
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 12-րդ՝ հոկտեմբերի 8
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 13-րդ՝ հոկտեմբերի 9
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 14-րդ՝ հոկտեմբերի 10

Ամենից շատ դիտված

23:03 Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա
20:17 Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան
21:00 Չգնա՞նք քաղաքից դուրս․ Հրազդանի տրանսպորտը «լևի» ռեյսեր է անում
22:30 Կոռուպցիա է, որ վարչության պետը կապ ունի ավտոբուսների մրցույթում հաղթած ընկերության հետ․ հարցում
20:30 Ձերբակալությունները պատվեր են․ Նիկոլն ուզում ա` մարդկանց ճնշի, գաղափարը ոչնչացնի․ հարցում
09:08 Կլինի խաղաղություն կամ շատ ավելի մեծ ողբերգություն. Թրամփը՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածների մասին
23:15 Բուժաշխատողի օրը. Գյումրին դարձել է համերգների ու փառատոնների քաղաք
14:24 Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության. Գարեգին Բ
12:50 Իրանում երկրաշարժ է գրանցվել
12:08 Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը եւ զավակին. Փաշինյան