Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Հոկտեմբերի 5-ին...
08։10 ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը ՖԲ էջում հայտնում է. «Գիշերվա ընթացքում և այս պահին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են»:
10։30 «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը հայտնում է․ «Մեր ԱրԱր հիմնադրամը անցավ աշխատանքի մոբիլիզացիոն ռեժիմի, և սկսեց գործարկել մի շարք նախագծեր՝ աջակցելու առաջնագծում հերոսաբար մարտնչող մեր եղբայրներին։ Հաշվի առնելով մեր հիմնադրամի բանակի հետ աշխատելու երկարամյա փորձը, մեր ծրագրերը հիմնականում կրում են տեխնոլոգիական բնույթ, մենք բանակին աջակցում ենք բարդ սարքավորմամբ, որի սուր կարիքը կա, և որը կամ պետք է արտադրել Հայաստանում, կամ ներկրել արտերկրից՝ այս դժվարին պայմաններում։ Վերջին երեք օրերի ընթացքում, մեզ դիմել են Հայաստանում և արտերկրում ապրող մեր բազմաթիվ ընկերներ, որոնք նախկինում էլ աջակցել են մեր գործունեությանը, և էլ առաջին կանչով իրենց ներդրումը սկսեցին բերել մեր հաղթանակի սուրբ գործին։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, այն համոզմամբ, որ ձեր ներդրումը կմոտեցնի մեր ընդհանուր հաղթանակը։ Մեր առաջին ծրագրով, մենք սկսում ենք բարձր անցանելիության ռեանիմացիոն մեքենաների ներկրում, նրանք ծայրահեղ անհրաժեշտ են՝ մարտադաշտից ծանր վիրավորներին հանելու և նրանց կյանքը փրկելու համար։ Եթե դուք ցանկանում եք նյութապես աջակցել մեր գործունեությանը, կամ էլ ունեք հասունության բարձր մակարդակում գտնվող տեխնոլոգիական նախագծեր, որոնք իրենք ֆինանսական աջակցության կարիք ունեն, խնդրում եմ գրեք ինձ անձնական նամակով»։
10։50 «Այս պահին հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռակոծում է Ստեփանակերտը»,- ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
11։00 Լոս Անջելեսում հայ համայնքը երկու օր է բողոքի ցույցեր է անում՝ ի պաշտպանություն Արցախի ու Հայաստանի: Նրանք փակել էին քաղաքի գլխավոր փողոցները, եւ այդպիսով փորձում էին ուշադրություն հրավիրել Արցախում ընթացող պատերազմական գործողությունների վրա, ինչպես նաեւ պահանջում էին CNN-ից լուսաբանել արցախյան պատերազմը:
11։30 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախյան ճակատի հարավային ուղղությամբ։ Ընթանում են թեժ մարտեր։ ՊԲ ստորաբաժանումները արժանի հակահարված են հասցնում թշնամական ուժերին»։
11։45 Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։ Սակայն ի տարբերություն Բաքվի ահաբեկչական իշխանության, մենք թիրախավորում ենք ոչ թե քաղաքացիական բնակչությանը, այլ խոշոր քաղաքներում մշտական տեղակայում ունեցող ռազմական օբյեկտները։ Այդ քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը կրկին կոչ ենք անում անհապաղ լքել իրենց բնակավայրերը, որպեսզի խուսափեն հնարավոր զոհերից։
11։50 «Քիչ առաջ ադրբեջանական կողմից ապատեղեկատվություն տարածվեց այն մասին, թե ՀՀ որոշ շրջաններից իբրեւ թե հրթիռակոծում են ադրբեջանական նշանակետեր: Դա ապատեղեկատվություն է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
11։55 ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոկտեմբերի 1-ին պաշտպանական մարտերի ընթացքում զորամասի հրաձիգ-զենիթահար, շարքային Արսեն Սերյոժայի Մարգարյանը, դրսևորելով սառնասրտություն ու մասնագիտական վարպետություն «ԻԳԼԱ» համակարգով հետևել է պաշտպանության շրջանում ռմբակոծություն իրականացնող ինքնաթիռների թռիչքները, ճիշտ հաշվարկել և նպատակային կրակոցով խոցել է հակառակորդի երկու ՍՈՒ-25 ինքնաթիռ»:
12։00 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The New York Times-ին, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին: Պարոն Փաշինյանը հրաժարվեց ասել, թե արդյոք Հայաստանը պատրաստ է հանձնել որևէ տարածք հնարավոր խաղաղ կարգավորման դեպքումՙ պնդելով, որ այդ հարցին պետք է պատասխանի ոչ թե ինքը, այլ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը:
12։05 Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՔԿԾ կամավորական համահավաք վաշտի՝ ռազմաճակատ ճանապարհելու միջոցառումը։ Նախարար Բադասյանը ողջույնի խոսքում նշել է, որ բոլորը գիտեն, թե ինչ մարտահրավեր է նետված Հայաստանի Հանրապետությանը։ «Մենք գործ ունենք պանթուրքական նոր ծրագրի հետ, գործ ունենք պատերազմական գործողություններում ահաբեկիչ վարձկանների ներգրավման հետ, որոնք դեմ են առել քաջարի հայ զինվորի հաղթական դիմադրությանը»:
12։15 Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախյան ճակատի հարավային ուղղությամբ։ Ընթանում են թեժ մարտեր։ ՊԲ ստորաբաժանումները արժանի հակահարված են հասցնում թշնամական ուժերին»:
12։50 Լեռնային Ղարաբաղում սպանվել է սիրիացի 93 վարձկան, նրանցից 53-ի մարմինները երեկ տեղափոխվել են Սիրիա: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով Սիրիայի ընդդիմությունում իրավիճակին ծանոթ իր աղբյուրը:
13։15 Լրագրողների հետ ճեպազրույցում «Հայաստան համահայկական հիմնադրամի» տնօրեն Հայկակ Արշամյանը պարզաբանեց հարցը, թե ինչպես են տնօրինվում Արցախի համար սկսված դրամահավաքի միջոցները, որոնք այս օրերին փոխանցվում են հիմնադրամին: «Դա տեղի է ունենում միասնական որոշմամբ, քանի որ դրամահավաքը հայտարարվել է միասնական որոշմամբ՝ ՀՀ-ում եւ Արցախում: Այդ միջոցները ծախսվում են թիկունքի ամրապնդման համար՝ մեքենայի, զինվորի կոշիկի, վիրավորների բուժման եւ այլ անհրաժեշտ բաների վրա: Անհոգ եղեք, գումարները ծախսվում են միասնական որոշմամբ»,-վստահեցրեց Հայկակ Արշամյանը: Հիշեցնենք, որ հիմնադրամը հրապարակել է կայքի միջոցով նվիրատվություն կատարելու ուղեցույց:
13։30 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գրառումը «Սիրելի ՛ հայրենակիցներ Վաղ առավոտյան եղել եմ առաջնագծի հարավային թևում (Ջեբրաիլում): Պաշտպանության բանակը ոչ միայն այդ ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել: Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ»:
15։00 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկություններ կան, որ Պաշտպանության բանակի կողմից թշնամու ռազմական օբյեկտներին երեկվա հասցված հրթիռային հարվածներից հետո Ադրբեջանի տարբեր քաղաքներից մի քանի հարյուր հազար մարդ խուճապահար փախչում է դեպի Բաքու և թիկունքային այլ բնակավայրեր: Շնորհակալ ենք Ադրբեջանի ժողովրդին՝ ցուցաբերած քաղաքացիական բարձր գիտակցության համար: Իրականում, օր առաջ պետք է շտապել»:
15։10 «Արցախի տեղեկատվական շտաբ» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Լուսանկարում կումուլյատիվ բեկորային, կամ ինչպես ընդունված է ասել` կասետային չպայթած ռումբեր են: Մայրաքաղաքում կամ ցանկացած վայրում հանդիպելու դեպքում հանկարծ ձեռք չտալ: Վերջին օրերին հակառակորդը կիրառել է նշված զենքից, ինչը երկարաժամկետ վտանգ է ներկայացնելու քաղաքացիական բնակչության համար։ Խնդրում ենք հնարավորինս եղե՛ք ուշադիր։
15։15 Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայեդ Խաթիբզադեն ասել է, որ իրենք մշակել են ծրագիր Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակների հակամարտությանը վերջ տալու համար:
15։35 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Ադրբեջանը շարունակում է հարվածներ հասցնել քաղաքացիական ենթակառուցվածքներին Ստեփանակերտում: Չեն շրջանցում նույնիսկ դպրոցներն ու մանկապարտեզները»:
15։40 ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու մարտական դիրքի վրա հակառակորդի մեծաքանակ ուժերի հարձակման ընթացքում մայոր Արամայիս Վիրաբի Թևանյանը ցուցաբերել է նախաձեռնություն, ճիշտ կազմակերպելով հաշվարկի գործողությունները` խոցել է հակառակորդի 10-ից ավելի զրահատեխնիկա: Մայոր Ա. Թևանյանի հաշվարկի անվրեպ կրակոցները մեր մարտիկների համար ստեղծել են հնարավորություն՝ հետ մղել հակառակորդի գրոհն ու անառիկ պահել մարտական դիրքերը»:
16։00 Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների ներկայիս ընթացքը և ընդգծել Թուրքիայի աննախադեպ անմիջական ներգրավվածությունն ու աջակցությունը ադրբեջանական կողմին։ Դավիթ Տոնոյանն ընդգծել է նաև, որ իրավիճակի այս տեմպերով զարգացումը աղետալի կլինի ամբողջ տարածարջանի համար:
16։20 ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ և կողմերին երկխոսության կոչ անում: Այս մասին հայտարարել է այցով Անկարայում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում: «Մենք շատ ուշադիր հետևում ենք Ղարաբաղի իրավիճակին: Հակամարտության կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը: Անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը՝ բանակցությունների ճանապարհով խաղաղ լուծման հասնելու համար»,- ասել է Սթոլթենբերգը:
16։45 Եվրամիությունը Մինսկի խումբն համարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լավագույն պլատֆորմը: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն և հավելել, որ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ջոզեֆ Բորելը դեռևս տարածաշրջան այցելելու ծրագրեր չունի։
16։50 Ռուսաստանը աշխատանքային շփումների մեջ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով, երկխոսությունը շարունակական և բարձր մակարդակի վրա է։ Իսկ հեռախոսային կապերը անմիջականորեն պետությունների ղեկավարների միջև կախված են նրանց աշխատանքային գրաֆիկից և նպատակահարմարությունից, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
17։00 Եվրոպական խորհրդարանի բոլոր հիմնական քաղաքական խմբակցություններից 48 պատգամավոր նամակ է հղել Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ խիստ զայրույթ հայտնելով Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ: Եվրոպական Խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Եվրոպական դիվանագիտության ղեկավարին կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ և բովանդակային գործողություններ իրականացնել։ Նամակը նախաձեռնել է կիպրացի եվրապատգամավոր՝ Եվրոպական խորհրդարանում Հայաստան-ԵՄ բարեկամության խմբի նախագահ, Լուկաս Ֆուրլասը:
17։15 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շփման գծի այն հատվածներում, որտեղ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, հրամանատարներից անընդհատ տեղեկություններ ենք ստանում, որ թշնամին կենդանի ուժի և զինտեխնիկայի սարսափելի մեծ կորուստներ է կրում։
17։30 Պաշտպանության Բանակի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Շարքային Կարեն Ալեքսանյանը, դրսևորելով մարտական բարձր վարպետություն ու սառնասրտություն, կարողացել է դյուրակիր զենիթահրթիռային համալիրով ոչնչացնել թշնամական 4 ԱԹՍ, ինչի համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի:
17։35 ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի ՊԲ հարավային ուղղությամբ խոցվեցին հակառակորդի մեկ տանկ և երկու ՀՄՄ»:
17։40 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավելորդ շահարկումներից խուսափելու համար, նշեմ, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը, որպեսզի. ա) խուսափի ավելորդ զոհերից, բ) ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին։ Երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։ Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը, և հեռու չէ այն օրը, երբ կտեսնենք, թե ինչպես է թշնամու կազմալուծված բանակը խուճապահար նահանջում։ Ու որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու։ Հաղթելու ենք»:
18։00 Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Զորքերի որոշակի տեղաշարժերը, խուսավարումները այս պատերազմի այս փուլում ոչինչ չեն որոշում։ Հակառակորդի քարոզչական նյութերը մի օգտագործեք»։
18։00 «Ես այս ուղերձով ուզում եմ դիմել վերջին մեկ տարվա ընթացքում ժամկետային զիվորական ծառայությունն ավարտած, զորացրված և քաղաքացիական կյանքում գտնվող մեր զինվորներին, թող ներկայանան Կենտրոնական հավաքակայան, կամավորագրվեն, զինվորագրվեն հայրենիքի պաշտպանությանը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսպիսի կոչ արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
18։10 Ադրբեջանական պատերազմական հանցագործությունների հետևանքով Արցախում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 քաղաքացիական անձ. Արցախի ՄԻՊ
18։20 Մեր որդին զինվորագրվեց, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով որդու՝ Աշոտ Փաշինյանի լուսանկարը։
18։30 Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Երկուստեք ընդգծվեց ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը և այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը:
18։35 Ռուբեն Վարդանյանը հանդես եկավ հրատապ հայտարարությամբ՝ ուղղված Ռուսաստանի նախագահին, Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ռուս մտավորականությանը, Հայաստանի և Արցախի ղեկավարությանը, Հայաստանի երիտասարդությանը, Վրաստանի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին և ողջ հայությանը:
18։45 Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց Հայաստանի և Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական ԱԹՍ-ների թիրախային հարձակումների վերաբերյալ՝ որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ:
18։50 ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Համառ մարտեր են ընթանում, կասեցվում է թշնամու զորքերի առաջխաղացումը»։
19։00 Արցախի ԱԺ-ն կոչ է անում աշխարհի երկրների խորհրդարաններին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը
19։20 Ֆրանսիան պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատմանը, հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի, Ադրբեջանի և Հայաստանի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցներից հետո:
20։10 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է տեսանյութ՝ հրետակոծված Ստեփանակետրից:
20։30 ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում կիրառել է մարտավարական հնարքներ, մասնավորապես՝ ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն։ Հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած դիրքերը, հայտնվել է ծուղակում։ Այնուհետև, հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։ Մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող, հակառակորդը անկանոն կերպով դիմել է փախուստի»։
20։40 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ձեր ցավը տանեմ. դուք հաղթող եք» և հրապարակել է ՊՆ-ի լուսանկարները առաջնագծից:
21։00 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Sky News Arabia հեռուստաընկերությանը.
21։25 Արծրուն Հովհաննիսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց․ «Այս պահին չի կարող ներկայացնել թվային ամփոփումներ հակառակորդի զինված ուժերի կորուստների մասին, վաղն ամփոփ կերպով կներկայացնեն»:
22։00 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դղիանը և ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ամենավճռական կերպով դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրա սահմաններից դուրս բռնության աննախադեպ և վտանգավոր էսկալացիան, ասվում է արտգործնախարարների հայտարարության մեջ:
22։20 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը շարունակել են ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումների քննարկումը: Նշվել է, որ ռազմական գործողությունները սրացում են ստացել՝ ձեռք բերելով լայնածավալ բնույթ: Դժբախտաբար այն հանգեցնում է լուրջ կորուստների և քաղաքացիական բնակչության զոհերի: Ռուսական կողմը վերստին ընդգծել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման կարևորությունը:
22։50 Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը թվարկելով Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց, բնակելի տների, ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը՝ նշեց, որ Ադրբեջանն իր առաջ խնդիր է դրել ամբողջությամբ շարքից հանել Արցախի քաղաքացիական կենսական նշանակության ենթակառուցվածքները, ինչը ոչ միայն պատերազմական հանցագործություն է, այլեւ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է. «Դա ինքնին կարող է հանգեցնել մարդասիրական լրջագույն աղետի, որոշակի վերականգնողական աշխատանքներ, իհարկե, պետությունը կատարում է, բայց եթե այսպես շարունակվի, հետեւանքները կարող են շատ ծանր լինել մարդասիրական տեսանկյունից»:
23։10 Արցախի ՊԲ-ն հրապարակել է հակառակորդի հերթական տանկի խոցման տեսանյութը:
23։30 ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուջարիկը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ ԼՂ հակամարտության շուրջ․ «Պետք է վերստին կրկնել, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կարևոր է, որ բոլոր կողմերն անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, և բոլոր համապատասխան տարածաշրջանային և միջազգային դերակատարները գործադրեն իրենց ազդեցությունը ՝ մարտերի հրատապ դադարեցման և ԵԱՀԿ հովանու ներքո բանակցությունների վերսկսման համար»։
23։40 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն իր ՖԲ էջում գրում է. Վերադառնում եմ Ստեփանակերտից։ Մեր 18֊20 տարեկանները հրաշքներ են գործում։ Ու անասելի պինդ են։ Աշխարհի ամենապինդ բանակներից մեկը։ Մատակարարումներն ապահովվում են։ Միջազգային ընդգծված համակրանքն ակնհայտ է։ Վստահ եմ՝ մեր բարեկամները և առաջին հերթին Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի, այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
23։50 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրում է․ «Մեր համազգային միասնությունը մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանն արդեն պարտվել է այս պատերազմում: Հաղթանակը մերն է ու թող դրանում ոչ ոք չկասկածի»: