44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 13-րդ՝ հոկտեմբերի 9
copy image url

44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 13-րդ՝ հոկտեմբերի 9

Ներքին 8 ամիս առաջ - 22:20 09-10-2024
Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Հոկտեմբերի 9-ին...

09:00
Պաշտպանության Բանակի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է.
«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է անփոփոխ: Ռազմաճակատի առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրետանային մենամարտեր, հակառակորդը հրթիռա-հրետանային հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները լիարժեքորեն վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և պատրաստ են ցանկացած զարգացման»:

10:10
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի հոկտեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած հոկտեմբերի 9-ից։


10:20
ԱՄՆ-ի տարբեր նահանգներից ու քաղաքներից Վաշինգթոն ժամանած բյուրավոր մեր հայրենակիցներ Սպիտակ տան առջեւ բողոքի ցույց անցկացրին՝ իրենց անվերապահ աջակցությունը հայտնելով Թուրքիայի անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ահաբեկչական պատերազմում Արցախի եւ Հայաստանի պայքարին, պահանջելով ԱՄՆ-ից դադարեցնել օգնությունը Թուրքիային եւ Ադրբեջանին:


10:30
Ավետիք Չալաբյանը գրում է․
«Երեկ թշնամին, արդեն զգալով, որ ձախողվել է մարտի դաշտում և ստիպված է լինելու պատասխան տալ սեփական ժողովրդի առաջ բազմաթիվ զոհերի, ավերածությունների և սեփական երկիրը ահաբեկիչների որջի վերածելու համար, գնաց վերջին ստորության՝ թիրախավորեց մեր սրբության սրբոցը, Աստծո վեհ և լուսավոր տաճարը, Արցախի խաղաղության և վերածննդի խորհրդանիշը՝ Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Մեր տաճարն այսօր վիրավոր, բայց կանգուն է, ինչպես և մենք, ու կռվելու ենք ձեր դեմ մինչև վերջնական հաղթանակ, քանզի դուք մեզ ուրիշ ընտրություն չեք թողել։ Թիրախավորելով մեր սրբությունները, դուք փորձում եք կոտրել մեր ոգին, և այն կրկին ենթարկել ձեր քոչվորական հորդաների անաստված կամքին։ Մեր ոգին սակայն դիմադրել ու հաղթել գիտի, ցավից վեր հառնել ու արարել գիտի, վերքերը բուժել ու կորցրածը վերականգնել գիտի։ Մեր ոգին Աստծուց է, սնվում է նրա զորությամբ, և ձեզ հասու չի։ Այս անգամ էլ Աստծո զորությամբ և մեր ոգու ուժով հաղթելու ենք ձեր հորդաներին, վեր հառնենք ու վերականգնենք մեր սուրբ տաճարը։ Ուրիշ ընտրություն մենք այլևս չունենք»։

10:50
Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.
«Նորից հրթիռակոծվեց Ստեփանակերտը»։

11:30
Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տեղեկություն հակառակորդի կորուստների վերաբերյալ. վերջին տվյալներով խոցվել է ևս 17 ԱԹՍ, 12 զրահատեխնիկա, կա 300 զոհ:


12:10
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Մոսկվայում խորհրդակցություններին իրենց մասնակցությունը, լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ընթանում են ակտիվ նախապատրաստական աշխատանքներ»,- ասել է նա։


12:35
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է․
Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը, որը տարածաշրջանում կապահովի երկարատև խաղաղություն և կայունություն, ինչպես նաև կբացառի Ադրբեջանի կողմից հերթական պատերազմ սանձազերծելու փորձերը և կկանխի Բաքվի իշխանությունների կողմից մարդկության դեմ նոր հանցագործությունների իրագործումը:

12:50
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «ՀՀ ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա, որտեղ կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները: Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են»:


13:00
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը: Ղրղզստանի Հանրապետության կողմից նիստին մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալիկբեկ Ջեկշենկուլովը։


14:05
Հոկտեմբերի 8-ի գիշերը 9-ի առավոտյան տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը։ ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 8-ին ունեցած իր զրույցների, ՌԴ նախագահի` Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունների անցկացման առաջարկության մասին։ Հայաստանի և Արցախի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին Մոսկվայում կայանալիք խորհրդակցությունների օրակարգի, ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերի շուրջ։


14:15
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վարչապետ Փաշինյանը զրուցակցին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների և այդ համատեքստում տեղի ունեցող զարգացումների մասին:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ստեղծված պայմաններում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման կարեւորությունը եւ միջազգային հանրության կողմից այդ ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։


14:25
Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հակառակորդը հարավային ճակատի նույն հատվածում շարունակաբար մեծ թվով կորուստներ է կրում»։


14:40
Այս օրերին սփյուռքի տարբեր համայնքներից Հայաստան է հասնում տասնյակ տոննաների օգնություն: Գրեթե բոլոր համայնքները համախմբվել են Արցախի և համահայկական պայքարի շուրջ: Հայաստան եկող օգնության համակարգմամբ զբաղվում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:


14:50
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռազմական գործողություններն առաջնագծի բոլոր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են: Ծանր մարտերում թշնամին մարտադաշտում կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ է կրում՝ պակասը փորձելով լրացնել հիմնականում արցախյան առաջին պատերազմի պարտված վետերաններով:


15:15
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ֆեյսբուքյան էջում հակառակորդի ավտոշարասյան ոչնչացումը պատկերող տեսանյութ է հրապարակել:


15:25
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթ է ունենում Երևանում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում։


15:40
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ սա վարչապետի պաշտոնում պարոն Միշուստինի առաջին այցն է Երևան և ցավով նշել, որ այն տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմական գործողությունների պայմաններում: ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկայում ՌԴ վարչապետը մեր երկիր կայցելի արդեն այլ պայմաններում և մթնոլորտում: Հանդիպման սկզբում երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով ռազմական գործողությունների դադարեցման կարևորությունը:


16:00
«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստի անդամներին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցների մասին», – ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


16:20
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դիմում է համաշխարհային հանրությանը: Անհրաժեշտ են հրատապ քայլեր: Ժամանակն է ոչ թե ձևական կոչերով կամ կոնֆերանսներում գեղեցիկ ելույթներով, այլ իրական քայլերով անհապաղ դադարեցնել այս շարունակվող հումանիտար աղետը, զոհերն ու զանգվածային ավերածությունները:
Յուրաքանչյուր րոպեն, յուրաքանչյուր վայրկյանը կարևոր է:
Մի՛ կուրացրեք ձեզ:
Մի՛ փակեք ձեր աչքերը:


17:10
Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանի որդին Արցախում ռազմական գործողություններին մասնակցելիս վիրավորվել է:


17:30
ԵՄ 27 անդամ երկրների արտգործնախարարները որոշում են հոկտեմբերի 12-ին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

17:45
ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ տարբեր աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 8-ը մարտական գործողությունների արդյունքում զոհվել է մոտ 53 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ։ Ավերվել են մեծ թվով շինություններ, այդ թվում՝ բնակելի տներ և այլ քաղաքացիական օբյեկտներ, դրանց մեծամասնությունը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում։

18:00
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Bloomberg-ին


18:00
ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայում»:

Այս հանդիպումը շրջադարձային նշանակություն է ունեցել պատերազմի ընթացքի վրա։

18:20
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական La Republica թերթին․
««Թուրքերի վերադարձը Հարավային Կովկաս նշանակում է մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության վերսկսումը, երբ Օսմանյան կայսրությունը կոտորեց 1,5 միլիոն մարդու», – պնդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Թուրքիայի կողմից քաջալերված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան ահաբեկչական պատերազմ է ընդդեմ մի ժողովրդի, որը պայքարում է իր ազատության համար», – շարունակում է Փաշինյանը:


19:00
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին Հոկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Դեսպան Լաքոտը վերահաստատել է ռազմական գործողությունները դադարեցնելու և բանակցությունների սեղանի շուրջ կողմերի նստելու ուղղությամբ ջանքեր գործադրելու ֆրանսիական կողմի պատրաստակամությունը:


19:15
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի ղեկավարությունն ակնհայտորեն չի տիրապետում իրավիճակին․․․ Հադրութը րոպեներ առաջ»: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այօսր հայտարարել էր, թե իբր՝ «իրենք գրավել են Հադրութ բնակավայրը»:


19:35
Ազգային ժողովն այսօր երկրորդ եւ ամբողջական ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը, որով վարչական կամ քրեական պատասխանատվություն է սահմանվում ռազմական դրությամբ պայմանավորված սահմանափակումները խախտելու, այդ թվում՝ հետեւանք առաջացնող սուտ, կեղծ, խուճապ տարածող տեղեկությունների տարածման համար:

20:00
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 9-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզի պահեստ, որտեղ հավաքված են Արցախից ժամանած քաղաքացիների համար սնունդն ու հագուստը: Աննա Հակոբյանը ծանոթացել է, թե ինչպես և ինչ ժամկետներում է տրամադրվում օգնությունը: Վարչապետի տիկինը եղել է նաև Ռանչպար համայնքում, որտեղ բնակություն են հաստատել մի քանի հարյուր արցախցիներ:


20:50
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրպարակել է ռուսաստանցի զինվորական թղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի տելեգրամի ալիքից տեսանյութ՝ գրելով. «Այսօրվա բացակայությանս հետևանքները»:


21:30
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդը կրկին կրել է որոշակի կորուստներ: Անդրադառնալով ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցների այն հայտարարությանը, թե իբր ադրբեջանական զինված ուժերը գրավել են Ջեբրաիլը, Հադրութը եւ հարակից գյուղերը, ՊՆ ներկայացուցիչն ընդգծեց. «Սա մեղմ ասած ծիծաղելի է, որովհետեւ ես այդ ժամանակ գտնվում էի Հադրութ քաղաքում, եւ որեւէ նման բան չկար: Ասեմ ավելին՝ կոնկրետ այդ ուղղությամբ, այսինքն՝ մերձարաքսյան հովտից մի փոքր ավելի հյուսիս ընդհանրապես ակտիվ մարտական գործողություններ չկային»:

22:00
Ադրբեջանական զինված հարձակումները քաղաքացիական բնակչության նկատմամբ չեն դադարում, և առկա վիճակը պահանջում է առաջին բժշկական օգնության ոլորտում նվազագույն գիտելիք ու հմտություն: Այդ նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ՝ ինչպես ցույց տալ առաջին օգնություն կոտրվածքների դեպքում:


23:59
Վերադարձ նախապատերազմական վիճակին անհնար է. Վերլուծաբանները ՀՀ, ՌԴ ու Ադրբեջանի մոսկովյան խորհրդակցությունների մասին: «Ամերիկայի ձայնի» անդրադարձը։


Կարդացեք նաև՝
Պատերազմի քրոնիկան. օր առաջին՝ սեպտեմբերի 27
Պատերազմի քրոնիկան. օր 2-րդ՝ սեպտեմբերի 28
Պատերազմի քրոնիկան․ օր 3-րդ՝ սեպտեմբերի 29
Պատերազմի քրոնիկան․ օր 4-րդ՝ սեպտեմբերի 30
Պատերազմի քրոնիկան․ օր 5-րդ՝ հոկտեմբերի 1
Պատերազմի քրոնիկան․ օր 6-րդ՝ հոկտեմբերի 2
Պատերազմի քրոնիկան․ օր 7-րդ՝ հոկտեմբերի 3
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 8-րդ՝ հոկտեմբերի 4
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 9-րդ՝ հոկտեմբերի 5
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 10-րդ՝ հոկտեմբերի 6
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 11-րդ՝ հոկտեմբերի 7
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 12-րդ՝ հոկտեմբերի 8

Ամենից շատ դիտված

23:03 Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա
20:17 Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան
21:00 Չգնա՞նք քաղաքից դուրս․ Հրազդանի տրանսպորտը «լևի» ռեյսեր է անում
22:30 Կոռուպցիա է, որ վարչության պետը կապ ունի ավտոբուսների մրցույթում հաղթած ընկերության հետ․ հարցում
20:30 Ձերբակալությունները պատվեր են․ Նիկոլն ուզում ա` մարդկանց ճնշի, գաղափարը ոչնչացնի․ հարցում
09:08 Կլինի խաղաղություն կամ շատ ավելի մեծ ողբերգություն. Թրամփը՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածների մասին
23:15 Բուժաշխատողի օրը. Գյումրին դարձել է համերգների ու փառատոնների քաղաք
14:24 Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության. Գարեգին Բ
12:50 Իրանում երկրաշարժ է գրանցվել
12:08 Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը եւ զավակին. Փաշինյան