44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 14-րդ՝ հոկտեմբերի 10
Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Հոկտեմբերի 10-ին...
02։45 Հոկտեմբերի 9-ին ժամը 17-ին Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարարության ընդունելությունների տանը մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ մարդասիրական նկատառումներով հրադադար կնքելու վերաբերյալ խորհրդակցությունների համար: Հանդիպումը շարունակվում է նաև գիշերը։ Լրագրողները, որոնք հավաքվել են ԱԳՆ ընդունելությունների տան շենքում, չեն լքում տարածքը նույնիսկ կեսգիշերից հետո: Բոլորն անհամբեր սպասում են արդյունքներին: Առայժմ նորություն չկա:
04։00 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով հոկտեմբերի 9-ին, ժամը 17-ին Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը սկսված հանդիպումը՝ ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ, վերջապես ավարտվեց: Հիշեցնենք, որ հանդիպման օրակարգում էր մարդասիրական նկատառումներով մարտական գործողությունների դադարեցումը՝ գերիների փոխանակման եւ զոհվածների մարմինները մարտի դաշտից տանելու հարցը: Հանդիպումից հետո հոկտեմբերի 10-ին ժամը 3:50 կայացած ճեպազրույցում Սերգեյ Լավրովը նշեց այն 4 կետերը, որի շուրջ կողմերի միջեւ կայացել է համաձայնությունը (ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՉԷ) . 1.Հայտարարվում է կրակի դադարեցման մասին 2020 թ. հոկտեմբերի 10-ից՝ ժամը 12:00-ից՝ մարդասիրական նկատառումներով՝ ռազմագերիների եւ այլ անազատ անձանց փոխանակման, ինչպես նաեւ զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի չափանիշներին համաձայն եւ միջնորդությամբ: 2.Կրակի ռեժիմի դադարեցման կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ կերպով: 3.Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար դրույթների հիման վրա կսկսեն առարկայական բանակցություններ՝ հնարավորինս արագ կերպով խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: 4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձեւաչափի անփոփոխությունը:
10։10 Արցախի ՊԲ-ն հայտնում է․ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ հակառակորդի կողմից ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։ ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի բոլոր գրոհները ՝ պատճառելով մարդուժի և ԱԹՍ-ի մեծ կորուստներ։ Հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը։
10։30 ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան։
11։00 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է․ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ձեռք բերված մարդասիրական նպատակներով հրադադարի մասին հայտարարությունից հետո արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն լարված: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային մենամարտեր: Ներկա պահին ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են մարտական գործողությունները: Առավել թեժ մարտեր են ընթանում հարավային ուղղությամբ: Հակառակորդը լայնորեն կիրառում է հարվածային թռչող սարքեր: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ դիմագրավում են հակառակորդի նախահարձակ գործողություններին և պատճառում ցավոտ հարվածներ:
11։10 ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Ադրբեջանական զինված ուժերն այժմ անցել են օդային հարձակման՝ մեծ քանակությամբ և լայնորեն կիրառելով ԱԹՍ-ներ։ Հակառակորդն ամեն կերպ փորձում է առավելություն ապահովել հումանիտար հրադադարից առաջ, բայց ապարդյուն։
11։20 Ինչպես հայտնում է ԱՀ ՄԻՊ-ը, Ադրբեջանը մի քանի րոպե առաջ հրթիռակոծեց Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները: Զոհերի մասին տվյալներ դեռ չկան:
11։45 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեսանյութ է հրապարակվել․ «Հայրենիքի պաշտպանության առաջնագծում»։
12։00 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել արաբալեզու Alghad TV հեռուստաընկերությանը` անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային:
12։10 Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով:
12։15 ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման։
12։24 Արծրուն Հովհաննիսյանը գրում է․ Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։
12։30 ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։
12։50 ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հարավային թևում հակառակորդի ձեռնարկած գրոհները։ Միաժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը կրակ է վարում Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ, հերթական կեղծիքն է։
13։00 Արցախի Հանրային հեռուստատեսության նկարահանող խումբը շրջել է պատերազմող Ստեփանակերտում, զրուցել մարդկանց հետ, ովքեր օդային հարձակումների միջակայքում փորձում էին զբաղվել սովորական կենցաղային գործերով:
14։50 Արցախի ՊԲ-ն հայտնում է․ Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով:
15։50 Արցախի ԱԳՆ-ն հայտարարում է․ Այսօրվա ուխտադրուժ հարձակումը համոզիչ կերպով վկայում է, որ Ադրբեջանը բանակցությունները դիտարկում է բացառապես որպես քողարկում՝ ռազմական գործողություններին պատրաստվելու համար։ Ստեղծված իրադրությունում միջազգային հանրությունը վտարյալ պետությանը կարող է կանգնեցնել միայն մեկ ճանապարհով՝ Արցախի Հանրապետության ճանաչմամբ, ինչն անհրաժեշտ իրավական մեխանիզմներ կապահովի՝ խաղաղություն և անվտանգություն երաշխավորելու ինչպես մեր հանրապետության, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար։
16։15 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։ Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Իսկ առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ կխոսեմ առավոտյան ժամը 10-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Հուսամ՝ այս անգամ նոր խոչընդոտներ չեն լինի»։
16։45 Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի միջև: Նախագահները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ: Վլադիմիր Պուտինն իր գործընկերոջը տեղեկացրել է տարածաշրջանում լարվածությունը թուլացնելուն ուղղված Ռուսաստանի միջնորդական ջանքերի մասին:
18։00 ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել․ Հադրութ քաղաքի ուղղությամբ թշնամու գրոհն այսօր ետ մղած մեր քաջարի տղաների հետ: Փա ՛ռք Հայոց Բանակին:
18։30 Հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է մարդասիրական նպատակներով արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով հայտարարված կրակի դադարեցման և ռազմագերիների, պահվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ու վերջինիս չափանիշների համաձայն համապատասխան գործողությունների իրականացման ընթացակարգը, որը համակարգվելու է Արցախի իշխանությունների հետ:
19։00 Բազմամարդ հավաք-երթ է իրականացվել Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի։ Երթի մասնակիցները ծածանում էին Հայաստանի և Արցախի դրոշները, վանկարկում «Ճանաչել Արցախը», նաև նույն գրությամբ պաստառներ էին պարզել։
20։05 «Մինչեւ հրադադար հայտարարելը մարտերը նույն կերպ ընթանում էին, հատկապես թեժ էր հարավային ուղղությունում: Հակառակորդը փորձում էր իր առաջխաղացումն ապահովել, ինչը կասեցվում էր մեր զինված ուժերի կողմից: Մարտերի ընթացքում հակառակորդը երեկվա եւ մինչեւ կեսօրի դրությամբ տվել է 200 զոհ, 3 ԱԹՍ, 4 ավտոտեխնիկա եւ այլ միջոցներ: Հրադադար հայտարարելուց ժամեր առաջ հակառակորդի գործողությունները ավելի սաստկացել են, բայց մեր Զինված ուժերը հետ են մղել բոլոր առաջխաղացումները: Այս պահի դրությամբ հիմնականում հրադադարը պահպանվում է, չնայած նրան, որ առանձին տեղերում պրովոկացիաներ են եղել եւ մեր կողմից պրովոկացիաներին պատասխան տրվել է»,- քիչ առաջ հրավիրած ասուլիսում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ մինչեւ հրադարդարը Ադրբեջանի ԶՈՒ հետախուզադիվերսիոն ստորաբաժանումներից փոքր խմբեր փորձել են ներթափանցել Հադրութ քաղաք ու այդ ընթացքում մեր կողմից այդ խմբերը չեզոքացվել են, ընթացել են ոչ մեծ մասշտաբային մարտեր. «Պրովոկացիան կատարվել է մինչեւ հրադադարը այն հաշվարկով, որ հրադադարը հայտարարելուց հետո որպես փաստ արդեն արձանագրված լինի: Հրադադարից հետո, ինչպես արտգործնախարարների հայտարարության մեջ նշված է, ՊԲ տեղամասերից մեկում թույլ է տրվել, որ մոտենան ու վերցնեն իրենց մի քանի դիակները, սակայն դրանից հետո այդ գործընթացը դադարեցվել է, որովհետեւ նման դեպքերը եւս օգտագործել են՝ պրովոկացիաներ անելու համար: Դրա համար հայտարարում ենք, որ հետայսու դա թույլ է տրվելու միայն Կարմիր խաչի ներկայացուցիչների առկայության պարագայում»:
22։00 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում նոր տեսանյութ է հրապարակվել՝ «Գոյամարտ 10․10․2020» վերտառությամբ։
22։40 «Էրդողանն ահաբեկիչ է», «Ամոթ Թուրքիա», «Երեւանը խաղաղություն է ուզում», «Արցախը Հայաստան է»՝ այս վանկարկումներով ուղեկցվեց ամերիկահայերի՝ Նյու Յորքում ընթացող բողոքի քայլերթը: Ամերիկայի հայությունը պահանջում է վերջ դնել ադրբեջանաթուրքական ագրեսիային ու պատերազմին, իսկ միջազգային լրատվամիջոցներին կոչ է անում օբյեկտիվ լուսաբանել եւ ճիշտ ներկայացնել իրականությունը:
23։00 ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կոչի հիման վրա՝ հոկտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև Մոսկվայում տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքում ընդունվել էր համատեղ հայտարարություն։ Սույն հայտարարությամբ կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով կրակի դադարեցմանը` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Սակայն դրժելով իր իսկ ստանձնած հանձնառությանը՝ Ադրբեջանը շարունակեց մարտական գործողություններ ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Հարվածներ հասցվեցին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի բնակավայրերին: Ադրբեջանական բանակի սադրիչ գործողությունները ուղեկցվում են քաղաքական հայտարարություններով, որը չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան որ Ադրբեջանը տապալում է կրակի դադարեցման համաձայնությունը:
23։15 Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնում է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հստակ տեղեկություններ է ստացել, որ առավոտյան Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ այդ խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն: Այժմ աշխատանքներ ենք տանում հանգամանքները պարզելու ուղղությամբ և վաղը հանդես կգանք ավելի մանրամասն տվյալներով:
23։250 Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է, հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ տելեգրամի իր ալիքում:
23։30 Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ ղեկավար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: Զրույցների ըմթացքում կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածություններին, որոնք ձեռք էին բերվել հոկտեմբերի 9-ին Մոսկվայում արտգործնախարարների խորհրդակցությնների ընթացքում, ինչպես նաև ընգծել են «գետնի վրա» դրանց խստորեն հետևելու անհրաժեշտությունը:
23։55 ՀՀ ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Մոսկվայում հոկտեմբերի 9-ին ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը պետք է պահպանվի և իրականացվի: Ադրբեջանն այսօր ժամը 12:00-ից հետո շարունակել է հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա` խախտելով պարտավորությունները: Հենց հիմա հրթիռակոծում են Ստեփանակերտը: Սա զզվելի ագրեսիա է»:
23։55 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է․ Այս պահին հրթիռակոծվում են Մարտունին, Շուշին եւ Արցախի տարբեր խոշոր գյուղական համայնքներ.