Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Հոկտեմբերի 14-ին։
09։00 ԱՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել 2020թ. հոկտեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ի և 16:00-ի սահմաններում, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, մասնավորապես՝ «Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին» 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 1993թ. դեկտեմբերի 7-ի լրացուցիչ արձանագրության (հոդված 53, մշակութային արժեքների և պաշտամունքի վայրերի պաշտպանությունը) պահանջների լուրջ խախտումներով, ուղղակի նշանառությամբ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի կենտրոնում գտնվող ռազմական օբյեկտների անմիջական հարևանությամբ չտեղակայված հոգևոր ժառանգություն համարվող պատմական հուշարձան հանդիսացող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծելու և մեծ վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
09:30 ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը: Առավոտյան հարավային, հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները՝ հատկապես ինտենսիվ կրակ վարելով հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ ակտիվությունը կասեցնելու համար ճակատային գծի բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ շարունակելով վստահորեն իրականացնել հայրենիքի սահմանների պաշտպանության սրբազան առաքելությունը»:
09:50 Երեկ երեկոյան Ֆրանսիայի հայ համայնքը Փարիզում Ազգային ժողովի հարակից տարածքում, բազմամարդ հավաք է անցկացրել՝ Ֆրանսիայի կառավարությունից պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը: Ցույցի մասնակիցները նշել են, թե իրենց պատմական հնարավորություն է ընձեռվել՝ Ադրբեջանին ու Թուրքիային ցույց տալու, թե ով է մի բռունցք դարձած հայ ժողովուրդը: Արցախի դեմ սանձազերծած պատերազմի օրվանից ի վեր Փարիզում հայ համայնքը բողոքի ցույցեր անցկացրել է Ֆրանսիայում Ադրբեջանի եւ Թուրքիայի դեսպանատների առջեւ՝ դատապարտելով այդ երկրների ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Իսկ այս անգամ ցույցի մասնակիցները Ֆրանսիայի իշխանությունից պահանջում են ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
10:30 Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտարարությունը. Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։ Ավելորդ է նշել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այդ պնդումը չի կարող որևէ հիմնավորում ունենալ։ Փաստացի, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն թույլ է տալիս թիրախավորել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և բնականոն մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա։ Վերահաստատելով, որ մինչև այս պահը Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ, միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ այսուհետ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ։
10:45 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ»։
11:05 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 3 ԱԹՍ, 20 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 350 զոհ»:
11:35 ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Դավիդ Տոնոյանին և Զաքիր Հասանովին կոչ է արել Լեռնային Ղարաբաղում լիարժեք կատարել մոսկովյան պայմանավորվածությունները։ ՌԴ ՊՆ հաղորդմամբ՝ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել երկու նախարարների հետ։ «Բանակցությունների ընթացքում ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն իր գործընկերներին կոչ է արել ամբողջովին կատարել հայկական և ադրբեջանական կողմի ստանձնած պարտավորությունները, որոնց շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
12:10 Պաշտպանության Բանակի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հակառակորդը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը՝ կրկին անգամ թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու գյուղերը: Մասնավորապես Մարտակերտ քաղաքին հրթիռահրետանային հարվածներ հասցնելուց բացի, այդ ուղղությամբ այսօր թշնամին կիրառել է նաև ռազմական ավիացիա: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին լռեցնելու համար դիմում են համապատասխան գործողությունների»:
12:25 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանհանդես է գալիս կոչով. Թանկագի՛ն հայրենակիցներ, Մայր հայրենիքում ու Սփյուռքում ապրող քույրեր և եղբայրներ, Դիմում եմ ձեզ հատուկ տեսաուղերձով՝ ստեղծված իրավիճակի և մեր անելիքների վերաբերյալ: (տեսանյութը՝ iravaban․net-ի)
13։00 Ռուսաստանը չի բացառում, որ ռուսաստանյան ռազմական դիտորդներ կներգրավվեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմների հաստատման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Հիմա անգամ ոչ թե խաղաղապահների մասին է խոսքը, այլ ռազմական դիտորդներ պետք է ներգրավված լինեն։ Դա բավարար է։ Մենք կարծում ենք, որ շատ ճիշտ կլինի, եթե դրանք լինեն մեր ռազմական դիտորդները, բայց վերջնական որոշումը կողմերը պետք է կայացնեն։ Անխոս, մենք ելնում ենք նրանից, որ թե՛ Երևանում, թե՛ Բաքվում հաշվի կառնեն մեր դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը»,- ասել է Լավրովը։
13։20 Լեռնային Ղարաբաղում հնարավոր է իրավիճակի քաղաքական կարգավորում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներն այս առումով մնում են բանակցությունների սեղանին։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Իհարկե, քաղաքական կարգավորումն հնարավոր է։ Առաջարկները, որոնք մշակել են համանախագահները, շարունակում են մնալ բանակցային սեղանին։ Դրանց բովանդակությունը հայտնի է։ Խոսքը փուլային կարգավորման մասին է, որով պետք է ազատվեն Ղարաբաղին կից շրջանները՝ ապահովելով Ղարաբաղի անվտանգությունը։ Եվ նախքան Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելը պետք է ապահովվի Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ հուսալի կապ»,- ասել է Լավրովը։ Նա նաև հավելել է, որ հոկտեմբերի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ և հայտնել, որ հրադադարի անհապաղ հաստատման անհրաժեշտության մասին։
13։55 ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվա կատարած 2-րդ այցի ընթացքում հարցազրույց է տվել ռուսական ՌԲԿ պարբերականին։
14։00 Վարչապետ Փաշինյանն ուղերձով դիմում է ժողովրդին։
14։30 ԱԳՆ հայտարարությունը․ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն արդեն հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Վարդենիսի շրջանում հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը մերկապարանոց ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան «պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին»։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է իրականացնել հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի արտոգործնախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ սադրանքով ձգտում է ընդարձակել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։
Ադրբեջանական կողմի բոլոր գործողություններն արժանանալու են համարժեք պատասխանի՝ ՀՀ ԶՈւ իրենց տրամադրության տակ եղած միջոցներով: Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ զինված ագրեսիայի փորձը և նախազգուշացնում, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն ունենալու են անդառնալի ռազմաքաղաքական հետևանքներ, որոնց ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը:
14։55 Ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին խորհրդարան կներկայացնի Արցախի ճանաչման մասին բանաձև։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է Թվիթերի իր միկրոբլոգում։
15։15 Ռուս զինվորականները ստուգում են անմիջականորեն Հայաստանի տարածքին Ադրբեջանի հասցրած հարվածի մասին տեղեկությունները, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
15։35 Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Լոս Անջելեսից Արցախ հերթական աջակցությունն է հասել՝ երկու ռեանիմոբիլ՝ լցված քնապարկերով: Նախաձեռնության հեղինակները՝ Սամվել եւ Զաքար Հայրապետյանները, դեմ են իրենց քայլը աջակցություն անվանելու մտքից: Սա պարտք են համարում, համոզված, որ յուրաքանչյուր հայ պետք է հենց հիմա վտանգված հայրենիքի համար անի այն ամենը՝ ինչի հնարավորությունն ունի: Խոստանում են նոր նախաձեռնություններով շուտով գալ Արցախ: Իսկ ռեանիմոբիլները հանձնվել են Արցախի առողջապահության համակարգին. կօգտագործվեն այնտեղ, որտեղ դրանց կարիքը կլինի»:
17։10 Արցախի ՊՆ հայտարարությունը․ Հակառակորդը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, այս անգամ թիրախավորել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք: Վերոնշվածն արդեն բացահայտ ռազմական հանցագործություն է, որի հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
18։20 Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտարանը (SOHR) հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանական զորքերի շարքերում կռվող Անկարայի հավաքագրած ջիհադիստների դիակների մի մասն արդեն տեղափոխվել է Սիրիա: Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի կողմից հայերի դեմ կռվելու համար Ադրբեջան տեղափոխված ջիհադիստական խմբավորումների անդամների շարքերում զոհերի քանակը հասել է 119-ի: 78 դիակն արդեն Ադրբեջանից տեղափոխել են Սիրիա:
18։45 Հայաստանում Բելառուսի դեսպանատունը մասնավորապես հայտարարել է. «Հաշվի առնելով հոկտեմբերի 12-ին Հայաստանում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Տրոցյուկի եւ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի միջեւ կայացած հանդիպումը՝ անհրաժեշտ ենք համարում անել հետեւյալ հայտարարությունը. Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 4-ին Հայաստանի եւ Բելառուսի նախագահների հեռախոսազրույցի ժամանակ հստակ եւ միանշանակ պատասխան է տրվել մեր հայ գործընկերոջ հարցին. վերջին կես տարում ռազմարդյունաբերական համալիրի մասով ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին որեւէ ռազմական բեռի մատակարարում չի իրականացվել: Անիմաստ է այդ թեմային վերադառնալը: Բելառուսում ցավում ենք ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման համար: Ներկայիս իրավիճակում չափազանց կարեւոր է արնահեղությունը դադարեցնելն ու նոր զոհերից խուսափելը:
18։55 ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը կոչով դիմում է ժողովրդին․ Հատուկ կոչով դիմում եմ արցախահայ իմ զինապարտ և զենք բռնելու ունակ բոլոր այն հայրենակիցներին, ովքեր այս օրերին գտնվում են Հանրապետությունից դուրս: Սիրելի ՛ ընկերներ Մեր Հայրենիքն այսօր առավել, քան երբևէ բոլորիս պաշտպանության կարիքն ունի: Ձեր օջախները, պապերի գերեզմանները, ձեր զավակների ապագան անպաշտպան թողնելու առաջին հերթին բարոյական իրավունք չունեք: Եթե որևէ մեկդ մտածում եք, որ Արցախից դուրս կարող եք ապահով ապրելու և արարելու համար արժանապատիվ կյանք գտնել ձեզ և ձեր ընտանիքների համար, չարաչար սխալվում եք: Մենք պատմականորեն բացառիկ հնարավորություն ենք ունեցել ազատ և անկախ պետականություն ունենալու, որի համար մեկ անգամ արդեն մեծ գին ենք վճարել: Սա մեր վերջին ճակատամարտն է, որն իրավունք չունենք զիջելու, որտեղ դասալքությունը հավասարազոր է դավաճանության: Այստեղ տերը մենք ենք և իրավունք չունենք ոսոխին ներս թողնելու և թույլ տալու, որ նա պղծի մեր սրբությունները: Ուրեմն, ձեզ եմ դիմում՝ որպես հպարտ և հայ ժողովրդի արժանապատվությունը բարձր պահած քաղաքացիների, որպես իսկական հայրենասերների. շտապե՛ք միանալ ձեր եղբայրներին, ովքեր անսասան կանգնած են իրենց հայրենի հողի վրա, ովքեր սահմանին կանգնելով, հաց թխելով, մեքենա վարելով առաջնագիծն ու թիկունքը դարձնում են ամուր ու ավելի ուժեղ: Ե՛տ դարձեք, քանի դեռ ուշ չէ, քանի որ բոլորիդ արարքները գնահատելու են ժողովուրդն ու պատմությունը: Անեծքի փոխարեն՝ ընտրեք օրհնության ճանապարհը: Արցախը սպասում է բոլորիդ:
19։00 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
20։00 Պաշտպանության բանակը հրապարակել է տեսանյութ՝ դիվերսիոն հետախուզական խմբի ոչնչացումը հարավ-արևելյան ուղղությամբ:
20։30 ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասուլիսում անդրադառնալով Արցախում ընթացող պատերազմին եւ Թուրքիայի կողմից ներգրավված ահաբեկչական խմբերին եւ դրանից բխող վտանգավոր զարգացումներին, ասաց՝ թուրք-ադրբեջանական-ահաբեկչական այս եռամիասնությունը շատ վտանգավոր քայլեր է ձեռնարկում։
21։05 Ի՞նչ է պետք անել Օդային տագնապի ժամանակ, որո՞նք են առաջնային գործողությունները, որտե՞ղ պատսպարվել, որո՞նք են թաքստոցները. այս և այլ հարցերի մասին խոսում է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը։
21:40 Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ապահովում է Ադրբեջանի ուժեղացումը, և Վաշինգտոնը կոչ է անում հետ կանգնել դրանից։ Լրագրողների հետ հեռախոսային ճեպազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։
22:30 «Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը նորից վերսկսել են լայնածավալ հարձակողական գործողությունները՝ հատկապես հյուսիսային եւ հարավային ուղղությամբ, բայց մի փոքր ոչ ավելի դեպի Արաքսի հովիտ: Երկու ուղղություններով էլ համառ հարձակումներ են փորձել զարգացնել»,- Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ հակառակորդը գործել է շատ մեծ խտությամբ շարակազմերով, մարտակարգերով, որոնց մեր զինված ուժերը պատճառել են մեծ կորուստներ՝ այդ թվում՝ կենդանի ուժի:
23:05 Արցախի ԱԳն-ն հայտարարում է․ Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հյուսիս-արևելքում տեղակայված հոսպիտալի դիտավորյալ գնդակոծությունը, որտեղ բուժում էին ստանում նաև քաղաքացիական անձինք: Պատերազմի օրենքների և սովորույթների նմանատիպ կոպիտ խախտումը հերթական անգամ ցույց է տալիս, որ իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու ճանապարհին Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը հետ չի կանգնելու որևէ հանցագործությունից։
23։30 ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ՖԲ էջում կատարած գրառմամբ տեղեկացնում է. Երեկ ու այսօր գրեթե առանց զրահատեխնիկայի, շատ խիտ հրետանային կրակի տակ ադրբեջանական զորքը մեծ խտության շարասյուններով, անդադար գրոհել են մեր մի քանի մարտական դիրքերը։ Սակայն, կրելով չափազանց շատ կորուստներ, հետ են շպրտվել առանց որևէ հաջողության։ Որոշ տեղերում ադրբեջանական կորուստները գերազանցում են անգամ առաջին օրերի իրենց կորուստները։
23։55 Ինչպես հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը, հոկտեմբերի 14-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը թշնամու սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրել է ԱՀ Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանին և նույն շրջանի ԱԱԾ աշխատակից Սերգեյ Միրզոյանին:
23:58 ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է տեսանյութեր, որոնցում երեւում է հակառակորդի կողմից թիրախավորված հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը: Շուշան Ստեփանյանը գրում է. «Սա այն է, ինչը ջանադրաբար հերքում էր պաշտոնական Բաքուն» եւ մեջբերում է ադրբեջանական հայտարարությունները.«Ադրբեջանական բանակը կրակ չի վարում ոչ ռազմական թիրախների ուղղությամբ: Հայկական կողմի տարածած այն տեղեկությունը, թե Ադրբեջանի բանակը կրակ է բացել հիվանդանոցի վրա, որտեղ քաղաքացիական մարդիկ են բուժում ստանում, կեղծ է։ Հայտարարում ենք, որ, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանի բանակը քաղաքացիական ենթակառուցվածքների և ոչ ռազմական թիրախի ուղղությամբ կրակ չի վարում։ Մեր բանակը խստորեն հետևում է հումանիտար հրադադարի ռեժիմին» ։