44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 16-րդ՝ հոկտեմբերի 12
copy image url

44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 16-րդ՝ հոկտեմբերի 12

Ներքին 8 ամիս առաջ - 22:20 12-10-2024
Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Հոկտեմբերի 12-ին...

08։00
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը ՖԲ էջում հաղորդում է.
«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հակառակորդն այժմ ինտենսիվորեն հրետակոծում է հարավային առաջնագիծը»:

08։30
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է․
Գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Հակառակորդը ակտիվություն է դրսևորել հատկապես հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը իր օգտին փոփոխության ենթարկելու թշնամական ուժերի բոլոր փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը ունի մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ: Առավոտյան հակառակորդի կողմից վերսկսվել են հրետանու կրակով ուղեկցվող հրաձգությունները, որոնք ճնշվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում:

09։00
Ամերիկահայությունը շարունակում է բողոքի երթերը, մասնավորապես Լոս Անջելեսում կայացել է ամենահուժկու եւ բազմամարդ բողոքի երթը՝ ադրբեջանաթուրքական գործողություններին եւ սանձազերծված պատերազմին վերջ դնելու եւ Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով: Լոս Անջելեսի ոստիկանական դեպարտամենտի տվյալներով 100000-170000 մարդ է փողոց դուրս եկել: «Մենք մեր զինվորների հետ ենք»՝ ի թիվս այլ կոչերի վանկարկում են ի աջակցություն Արցախի եւ Հայաստանի ցույցի դուրս եկած ամերիկահայերը: www.nbclosangeles.com-ի փոխանցմամբ, համայնքն արդեն միլիոնավոր դոլարներ է հավաքել՝ իբրեւ մարդասիրական օգնություն Հայաստան եւ Արցախ ուղարկելու համար, որտեղ ներառված է նաեւ Քիմ Քարդաշյանի կողմից հանգանակած 1 միլիոն դոլարը:


10։20
Միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 3 ԱԹՍ, 3 զրահատեխնիկա, կա 200 զոհ»:

10։40
Միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.
«Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ իբր Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ:
Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Ի. Ալիևի մերկապարանոց հայտարարությունը:
ՊԲ ստորաբաժանումները ռազմաճակատի ամբողջ երկարությամբ շարունակում են վստահորեն կատարել առաջադրված մարտական խնդիրները: ՊԲ ստորաբաժանումները միևնույն ժամանակ հաջողությամբ կասեցնում են հումանիտար հրադադարի ռեժիմին չհետևող ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունների փորձերը:
Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման և ոչնչացման ռազմագործությունը: Օպերատիվ իրադրությունը գտնվում է ՊԲ լիարժեք վերահսկողության ներքո: Մեր հայրենակիցներին հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»:

10։50
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Հայկակ Արշամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համահայկական հիմնադրամի համազգային դրամահավաքը հատեց 100 միլիոն ԱՄՆ դոլարի շեմը:

11։05
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են: Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացրելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք: Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում»:


11։15
Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ես մի քանի անգամ անդրադարձել եմ այն հարցին, որ հստակ դիրքեր, բնագծեր, նույնիսկ բնակավայրեր նշելը պատերազմի այս փուլում այնքան տեղին չէ: Պատերազմը սաստիկ է, հայկական բանակը վարում է ծանր մարտեր, իրեն մի քանի անգամ գերազանցող թուրք-ադրբեջանական ուժերի դեմ, որին լիովին աջակցում է թուրքական օդուժը, հետախուզական և այլ համակարգերը, մեծ թվով վարձկաններ, ահաբեկիչներ և մասնավոր զինվորական կազմակերպություններ: Այդ գերազանցող ուժերին հայկական բանակը դիմակայում է մեծ հաջողությամբ, այնպիսի հաջողությամբ, որ համաշխարհային փորձագետներն են անգամ նշում դրա մասին: Ըստ մարտավարական և օպերատիվ անհրաժեշտության պաշտպանության բանակը կատարում է ինչպես նահանջ ու բնագծերի փոփոխություն, այնպես էլ հարձակում ու հակահարձակում»:

12։00
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց և ծաղկեպսակ զետեղեց Անհայտ զինվորի գերեզմանին»։


12։10
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել. «Հակառակորդի գրոհները հետ մղող տղերքը»,- գրել է նա:


12։30
Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ալ–Ջազիրա»-ին


12։40
ՅՈՒՆԵՍԿՕ-ն խորը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների շարունակվող սրման կապակցությամբ, ինչը հանգեցնում է քաղաքացիական զոհերի աճի և վնաս հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում` դպրոցներ, մշակութային և կրոնական վայրեր, ինչպես նաև սպառնում է լրագրողների անվտանգությանը:

13։00
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը մեկնարկել է: Լավրովը հանդիպման մեկնարկին խոսեց այն կարեւոր պայմանավորվածության մասին, որը ձեռք բերվեց երկու օր առաջ Մոսկվայում. «Մենք տեսնում ենք, որ պայմանավորվածությունը ամբողջությամբ չի կատարվում եւ ռազմական գործողությունները շարունակվում են: Մեր հաշվարկով, այն կոնտակտները, որոնք մենք ունենք ձեր հետ, Ադրբեջանի մեր գործընկերների հետ, կկարողանանք ապահովել ձեռք բերված պայմանավորվածության լիակատար կատարմանը, այն պայմանավորվածության, որը ձեռք է բերվել եռակողմ ձեւաչափով հանդիպման ընթացքում»:


15։00
Կառավարության շենքում ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը արտախորհրդարանական ուժերի հետ:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպմանը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը. «Իրավիճակի մասին լսեցինք տեղեկություններ, ներկայացրինք մեր կարծիքը ստեղծված իրավիճակի հետ կապված»:

15։30
Վարչապետի՝ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ վարչապետը լսել է քաղաքական ուժերի տեսակետները։
«Մենք մեր տեսակետը հայտնել ենք, հստակ է՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Իմ կարծիքով՝ պետք է անել հնարավորինը, որ հրադադարի ռեժիմն աշխատի»:


16։00
Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների պատսպարմամբ ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ։ Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ»։


16։10
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ: Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է: Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ:


16։30
ԱՀ Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի հաղորդագրությունը․
Նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների, զոհված ռազմական ու քաղաքացիական անձանց դիակների փոխանակման համար ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման վերաբերյալ հայտարարությունը, ԱՀ Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովն իր պատրաստակամությունն է հայտնում հայտարարության մեջ նշված մարդասիրական գործողությունների իրականացման ուղղությամբ։
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ղեկավարության կողմից բոլոր ստորաբաժանումներին հրաման է տրված 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը՝ 12։00-ին դադարեցնելու ռազմական գործողությունները։
Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում անցել է նախապատրաստական աշխատանքների և ադրբեջանական կողմի՝ կրակի դադարեցման ռեժիմի խստիվ պահպանման և շփման գծում իրավիճակի կայունության դեպքում, պատրաստ է փոխադարձ մարդասիրական գործողություններ իրականացնել։

16։55
Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ղարաբաղյան հակամարտության գոտի խաղաղապահներ բերելու հարցը չի քննարկվել:


17։10
ԱԺ նախագահի տեղակկալ Վահե Էնֆիաջյանը բելառուսական կողմի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանին բելառուսական զենքի մատակարարման մասին շրջանառվող տեղեկատվության վրա:
ԱԺ փոխխոսնակը հույս է հայտնել, որ վերոնշյալ երեւույթների եւ փաստերի վերաբերյալ Բելառուսի կողմից կարվեն թիրախավորված հայտարարություններ եւ քայլեր:


17։30
ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր նամակներով դիմեցի ՆԱՏՕ ԽՎ նախագահ Աթթիլա Մեսթերհազիին, ՆԱՏՕ անդամ և ասոցացված պետությունների պատվիրակությունների ղեկավարներին: Տեղեկացրեցի, որ Ադրբեջանը, խախտելով հոկտեմբերի 10-ից՝ ժամը 12:00-ից հայտարարված հումանիտար հրադադարի պահանջները, շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները: Ավելին, Թուրքիայի անմիջական աջակցությամբ, փաստորեն, շարունակվում է Հայոց ցեղասպանության քաղաքականությունը»:

18։00
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է․
«Այն, ինչին այսօր բախվում են Արցախի մեր հայրենակիցները, համարվում է էքզիստենցիալ սպառնալիքի մարմնավորում, որը հասունացել է այս մի քանի տասնամյակների ընթացքում, և որի մասին մենք անընդհատ խոսել ենք:
Մենք կարողացանք հասնել որոշակի արդյունքի, Սերգեյ Վիկտորովիչ, Ձեր շնորհիվ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական ներգրավվածության շնորհիվ: Մեզ հաջողվեց համաձայնեցնել համատեղ հայտարարություն նախարարական մակարդակով կրակի դադարեցման վերաբերյալ: Մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը, ՌԴ ներդրումը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը հանուն նրա, որ մենք հասնենք այսպիսի արդյունքի: Այսօր մեզ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները: Դրանում Ռուսաստանի դերը մնում է չափազանց կարևոր:
Ցավոք, այս պահին մենք չենք կարող փաստել, որ գործնականում ունենք հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանում, և անգամ այստեղ ժամանելուն զուգահեռ շարունակում ենք տեղեկություններ ստանալ, որ Ադրբեջանը չի իրականացնում կրակի դադարեցման իր պարտավորությունները»:


18։20
Հոկտեմբերի 12-ին ԵՄ արտաքին գործերի նախարարների` Լյուքսեմբուրգում կայացած հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում իր խոսքը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը սկսեց Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին անդրադարձով: Նա ԼՂ-ում տեղի ունեցող իրավիճակը գնահատեց հրատապ և խոսելով ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում այս հարցով տեղի ունեցած քննարկումների մասին՝ ասաց. «ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ կարևոր է՝ կողմերը վերադառնան խաղաղ բանակցությունների:


18։40
Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Հայաստանում հերթական 3 մլն ԱՄՆ դոլարն է հատկացրել մարդասիրական ու սոցիալական ծրագրերի իրագործման համար:

20։15
Ի լուր խուլ ու անտարբեր աշխարհի… Բելգիահայ երաժիշտը՝ Սևակ Ավանեսյանը, նվագել է հրետակոծված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում:


20։50
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, մանրամասներ ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի վերաբերյալ:


21։20
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ (ԵԽԽՎ) տեսակապի ձևաչափով անցկացվող ընդլայնված նիստի ընթացքում քննարկում է կազմակերպվել Արցախի և Ադրբեջանի միջև ընթացող զինված հակամարտության թեմայի վերաբերյալ։

22։00
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Պատերազմական այս օրերին անընդունելի է, երբ հանրային միասնությունը փորձում են խաթարել տարբեր տիպի ապատեղեկատվություններով: Վերջերս նմանատիպ մի տեղեկություն էլ կարդացի գեներալ Մովսես Հակոբյանի մասին, ով ռազմական ագրեսիան սկսելու առաջին օրից Ստեփանակերտում է՝ պահանջված տեղում»:


22։50
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հայտարարեց․
Օրվա ընթացքում տարբեր ձեւերով մարտական գործողությունները շարունակվել են նաեւ հարավային ուղղությամբ՝ զրահատեխնիկայի, հրետանու եւ այլ միջոցների կիրառությամբ: Հադրութ քաղաքի ուղղությամբ դիվերսիոն-հետախուզական գործողությունները կասեցվել են, հակառակորդը հետ է շպրտվել: Հադրութ քաղաքը գտնվում է մեր ԶՈՒ վերահսկողության տակ: Մինչեւ ուշ ժամ մարտական գործողությունները շարունակվում են: Գիշերը որոշակի թուլացումներ են լինում»:

23։00
ԱՀ ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են չպայթած ռումբերի և ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման աշխատանքները։ Միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել է թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ։ Ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով` չպայթած զենք-զինամթերքը սակրավորները տեղափոխել են մայրաքաղաքից դուրս` անվտանգ վայր և ոչնչացրել։


23։10
Հաշվի առնելով, որ ադրբեջանական զինված հարձակումները քաղաքացիական բնակչության նկատմամբ չեն դադարում և առկա վիճակը պահանջում է առաջին բժշկական օգնության ոլորտում նվազագույն գիտելիք ու հմտություն՝ Պաշտպանի աշխատակազմի բժիշկը կներկայացնի, թե ինչպես ցույց տալ առաջին բուժօգնություն տարբեր իրավիճակներում: Այս տեսանյութը վերաբերում է ուշագնացության ժամանակ առաջին բուժօգնությանը:


23։30
Արման Եղոյանը Ֆրանկոֆոնիայի ԽՎ հանձնաժողովի նիստում կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը


Կարդացեք նաև՝
Պատերազմի քրոնիկան. օր առաջին՝ սեպտեմբերի 27
Պատերազմի քրոնիկան. օր 2-րդ՝ սեպտեմբերի 28
Պատերազմի քրոնիկան․ օր 3-րդ՝ սեպտեմբերի 29
Պատերազմի քրոնիկան․ օր 4-րդ՝ սեպտեմբերի 30
Պատերազմի քրոնիկան․ օր 5-րդ՝ հոկտեմբերի 1
Պատերազմի քրոնիկան․ օր 6-րդ՝ հոկտեմբերի 2
Պատերազմի քրոնիկան․ օր 7-րդ՝ հոկտեմբերի 3
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 8-րդ՝ հոկտեմբերի 4
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 9-րդ՝ հոկտեմբերի 5
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 10-րդ՝ հոկտեմբերի 6
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 11-րդ՝ հոկտեմբերի 7
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 12-րդ՝ հոկտեմբերի 8
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 13-րդ՝ հոկտեմբերի 9
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 14-րդ՝ հոկտեմբերի 10
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 15-րդ՝ հոկտեմբերի 11

Ամենից շատ դիտված

23:03 Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա
20:17 Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան
21:00 Չգնա՞նք քաղաքից դուրս․ Հրազդանի տրանսպորտը «լևի» ռեյսեր է անում
22:30 Կոռուպցիա է, որ վարչության պետը կապ ունի ավտոբուսների մրցույթում հաղթած ընկերության հետ․ հարցում
20:30 Ձերբակալությունները պատվեր են․ Նիկոլն ուզում ա` մարդկանց ճնշի, գաղափարը ոչնչացնի․ հարցում
09:08 Կլինի խաղաղություն կամ շատ ավելի մեծ ողբերգություն. Թրամփը՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածների մասին
23:15 Բուժաշխատողի օրը. Գյումրին դարձել է համերգների ու փառատոնների քաղաք
14:24 Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության. Գարեգին Բ
12:50 Իրանում երկրաշարժ է գրանցվել
12:08 Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը եւ զավակին. Փաշինյան