44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 17-րդ՝ հոկտեմբերի 13
copy image url

44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 17-րդ՝ հոկտեմբերի 13

Ներքին 8 ամիս առաջ - 22:20 13-10-2024
Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Հոկտեմբերի 13-ին...

09:00
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.
«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը մնացել է անփոփոխ: Առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևելյան ուղություններով հակառակորդը վերսկսել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ: Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիս-արևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու և վերջինիս պլանները ձախողելու համար բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը»:

09:20
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու Հայաստանին ուղղված մեղադրանքը: Այս բացարձակ սուտ տեղեկատվությամբ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում խաղաղ բնակավայրերի նկատմամբ ագրեսիվ գործողությունների համար։ Աղջաբեդի շրջանը կրակի տակ պահելու մասին լուրը ևս կեղծ է: Հայկական կողմը պահպանում է հումանիտար հրադադարի ռեժիմը և կասեցնում է այն խախտող Ադրբեջանի հարձակողական գործողությունները»:


10:15
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 5 ԱԹՍ, 7 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 220 զոհ»:


10:40
Պաշտպանության Բանակը լուսանկարներ է հրապարակել Հյուսիսային սահմանագոտուց


10:50
Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ


11:25
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գիշերն անհանգիստ է եղել Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում։ Ադրբեջանը շարունակել է ռմբակոծել Արցախի բնակավայրերը` խախտելով մարդասիրական նպատակով հոկտեմբերի 10 -ին հայտարարված հրադադարի պահպանման ռեժիմը։ Գիշերը թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ։ Մարտակերտում այրվել է մեկ բնակարան։ Զոհեր ու վիրավորներ չկան»։

12:00
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ ամեն զանգից վեր ես թռչում, սրտիդ աշխատանքն արագանում է, ծնկներդ ծալվում են, աչքերիդ առաջ մթնում է, ուսերիդ ծանրությունից ողնաշարդ չես կարողանում ուղիղ պահել, ուզում ես ավելի շուտ հողի տակ անցնել, բայց հանկարծ այդ զանգը քեզ քո զինվոր որդու մասին վատ լուր չբերի կամ ասում ես՝ Աստված իմ, գոնե վիրավորված լինի։ Նույն պահին մտածում ես մյուս ձագերի մասին, որոնց ոչ թե անձամբ դու ես կաթ տվել, փայփայել ու մեծացրել, այլ քո նման մեկը։ Մենք՝ բոլոր հայ մայրերս քիչ-քիչ մահանում ենք մեր ամեն մի հերոս զինվորի, բայց մեր սրտում՝ մեր «ձագի, գառնուկի» հետ միասին։ Որդի կորցրած մայրը մահանում է իր բալի հետ միասին, պարզապես դա ֆիզիկապես արձանագրվում է ինչ-որ մի օր, ինչ-որ մի պահի։
Մեզ՝ մայրերիս համար, սա դժոխք է։
Բայց մենք ո՛չ հայրենիք եւ ո՛չ էլ արժանապատվություն չունե՛նք թշնամիներին տալու։
Հայ ժողովուրդը այլեւս երբե՛ք չի ցեղասպանվելու։
Հայ մայրը անցնելու է դժոխքի միջով, բայց իր որդուն անարժանապատիվ նահանջի չի՛ դրդելու»։


12:20
The American Conservative պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը լոբբինգ անում Վաշինգտոնում՝ նպատակ ունենալով ապացուցել, թե Հայաստանը ագրեսոր է, և ԱՄՆ-ը պետք է աջակցի Ադրբեջանին։

12:35
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և վաղ առավոտից կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքով: Հրետանային զինատեսակներից գնդակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը: Բանակային ստորաբաժանումների հետ ակտիվ ռազմագործողություններին ադրբեջանական կողմից մասնակցում են մի քանի հազար վարձկան-ահաբեկիչներ: Պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում՝ փորձելով կասեցնել թշնամու նախահարձակ գործողությունները: Պետք է գործադրել բոլոր ջանքերը մինչև ատամները զինված թշնամուն մեծ կորուստներ պատճառելու և հայրենական այս պատերազմում հաղթանակ ապահովելու համար»:


12:50
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.
«Ադրբեջանական ագրեսիայի դեմքը: 2 տարեկան Արծվիկը վիրավորվել է հարազատ Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո: Նրա 9 տարեկան ավագ քույրը մահացել է: Փոքրիկը տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, ունի մի շարք վնասվածներ վերջույթներում ու գլխի վրա։ Գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ»։


13:15
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ ստորագրել եմ «Պաշտպանության մասին» ԱՀ օրենքում լրացումներ կատարելու մասին Խորհրդարանի կողմից այսօր միաձայն ընդունված օրենքի նախագիծը:
Հայրենական սուրբ պատերազմի այս վճռորոշ պահին ևս մեկ անգամ դիմում եմ մեր ժողովրդին համախմբվելու և ներդնելու բոլոր ջանքերը վերջնական հաղթանակի հասնելու համար:
Թշնամու ողնաշարը ջարդելու և մեր սահմաններից ետ մղելու համար յուրաքանչյուրիդ անհատական մասնակցությունը կարևոր է: Մենք հաղթելու ենք և գալիք սերունդների համար ապահովելու ենք սեփական հողում և հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու ապագան»:
Օրենքի նախագծի համաձայն սահմանվում են «աշխարհազոր» հասկացությունը, նպատակները, կառուցվածքը, ձևավորման կարգը, խաղաղ և պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության և կիրառման, ենթակայության և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

13։40
Ռուսաստանի ՊՆ-ն ակտիվ մասնակցություն ունի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման հարցում։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ «Ռուսաստանի ՊՆ-ն իր լիազորությունների սահմաններում ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը։ Մասնավորապես նախարար Սերգեյ Շոյգուն այդ հարցով հեռախոսազրույցներ է ունեցել տարբեր երկրներում իր գործընկերների հետ»,- հայտնել են գերատեսչությունից։


14։00
Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է.
«Միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել է թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ»։

15։30
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Russian Today հեռուստաընկերությանը.


15։50
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «BBC Newshour»-ին
ԲիԲիՍի. Ինչո՞ւ կամ չեք միացնում տարածքը, կամ ճանաչում նրա անկախությունը: Սրանք այն տարբերակներն են, որոնք բաց են ձեզ համար:
Զոհրաբ Մնացականյան. Հենց այն նույն հիմքով, որ մենք պետք է պատասխանատու լինենք: Մենք չենք ցանկանում խաղաղ կարգավորմանը հնարավորություն չտալ:
ԲիԲիՍի. Բայց եթե Ձեր վարչապետն ասում է, որ Ղարաբաղը Հայաստան է, ապա միանգամայն պարզ է, որ դուք չեք ցանկանում ճանաչել նրա անկախությունը:
Զոհրաբ Մնացականյան. Դա համատեքստից դուրս մի ներկայացրեք: Հայաստանի վարչապետը շատ հետևողական է եղել փոխզիջումային լուծման հարցում՝ պնդելով, որ այլ տարբերակ չկա, քան փոխզիջումային լուծման հասնելը, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Միայն փոխզիջումային լուծումն է հնարավոր: Երբ վարչապետի այս հայտարարությունը դիտարկվում է համատեքստից դուրս, ստացվում է այն, ինչ ստացվում է: Մինչդեռ վարչապետն ասում էր, որ Հայաստանը մեծ ջանքեր է գործադրում սեփական բարեփոխումների ու սեփական զարգացման գործում, և Հայաստանը չի կարող անտարբեր լինել Արցախի իր հայրենակիցների նկատմամբ: Եվ այս համատեքստում Հայաստանը աջակից կլինի Արցախի մեր հայրենակիցներին՝ որպես նրանց անվտանգության միակ երաշխավոր: Հակամարտության համատեքստում նա միանգամայն, ուղղակիորեն և հետևողականորեն խոսում էր փոխզիջման մասին:


16։20
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի կոչը, «ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել հրադադարի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և դադարեցնել հարվածները Գյանջայի և Ստեփանակերտի ուղղությամբ: Մենք ցավում ենք մարդկային կորուստների համար և շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղ կարգավորման դիրքորոշմանը», – գրել է նա Twitter- ի իր էջում։


17։00
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Շտեֆան Վիսկոնտին ու Էնդրյու Շոֆերը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Հայտարարության մեջ ասվում է, որ համանախագահները մտահոգված են ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվող բռնության կապակցությամբ և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանները կատարելու ուղղությամբ՝ տարածաշրջանի համար աղետալի հետևանքները կանխելու նպատակով։

17։15
Լոս Անջելեսում քայլարշավի ընթացքում նաև դրամահավաք է իրականացվել և ավելի քան 100 հազար դոլար է հավաքվել


18։25
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը իսրայելական արտադրության Harop ԱԹՍ է խոցել, որն ադրբեջանական բանակն օգտագործում է Ղարաբաղում։ Անօդաչու թռչող սարքը խախտել է Իրանի օդային տարածքն ու տեղում խոցվել։ Այն վայր է ընկել Իրանի տարածքում։ Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների՝ անօդաչու սարքը շատ չի վնասվել, և այն հնարավոր է օգտագործել։


18։50
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 12-ի ժամը 17․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 40 դեպք, որոնցից 13-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 27-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 9-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։

19։00
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հանդիպել է եվրոպացի մի խումբ լրագրողների հետ, որոնք վերջին օրերին գտնվում էին Արցախում: Նախագահը պատասխանել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի և դրա հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ նրանց հարցերին:


19։25
ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպի հայտարարությունը․
«Ականատես ենք լինում ավելի քան երկու շաբաթ տևող դաժան բռնություններին, որոնք ծավալվում են Ղարաբաղյան հակամարտության սրացմանը զուգընթաց։ Մեր գնահատմամբ՝ ողջ տարածաշրջանում արդեն հարյուր հազարավոր տուժածներ կան։
Քաղաքացիական անձինք մահանում են կամ կյանքը խեղող վիրավորումներ ստանում։ Տները, ձեռնարկությունները և երբեմնի բանուկ փողոցները փլատակների են վերածվում։ Չջեռուցվող նկուղներում օրեր անցկացնող կամ իրենց տները հանուն անվտանգության լքող մարդկանց թվում ծերեր և նորածիններ կան։
Բացի այդ, առողջապահական ողջ համակարգը՝ իր անձնակազմով և շտապօգնության ծառայությամբ հանդերձ, գերլարված է աշխատում այս օրերին՝ որոշ տեղերում նույնիսկ ենթարկվելով ուղիղ հարձակումների։ Շփման գծի երկու կողմերի համայնքներում խառնաշփոթ է, կորուստներ և վախ»։

20։00
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով բազմաթիվ քաղաքացիների հարցումների ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, Ձեր բազմաթիվ հարցերին ի պատասխան ցանկանում եմ տեղեկացնել, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի և պաշտպանության բանակի հերոսական հակազդեցության այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով։
Վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն, փորձանմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչև նոր խնդիրների լուծում։
Ասվածը նաև վերաբերվում է հարվածային և հետախուզական ԱԹՍ-ների մշակումներին։

20։15
Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 13-ին հանդիպեց ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Հանդիպման ընթացքում շոշափվեցին տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների հասցեագրման և այդ ուղղությամբ քայլերի ձեռնարկմանն առնչվող հարցեր: Նախարար Մնացականյանը զրուցակցին հանգամանալից ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումները՝ ընդգծելով կրակի դադարեցման ռեժիմի լիարժեք հաստատման և դրա ամրապնդման կարևորությունը:


20։40
«Արդեն 17 օր է՝ մենք օր ու գիշեր աշխատում ենք։ Մեր փրկարարներն առանց վարանելու առաջնագծում թիկունքային աշխատանքներ են իրականացնում, կարգավորում է քաղաքացիական բնակչությանը ապաստարաններում տեղավորելու հարցը»,- Արցախի միասնական տեղեկատվական շտաբում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Տեխնիկական անվտանգության տեսչության պետ Սասուն Սարուխանյանը։


21։00
Արցախի տեղեկատվական շտաբում կայացած մամուլի ասուլիսում ասաց Վարչության պետ Մեխակ Արզումանյանն ասաց, որ Ստեփանակերտի բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների հրետակոծման հենց առաջին օրվանից մեր ծառայողները, նույնիսկ օդային տագնապի ազդանշանի տակ, կատարում են իրենց առջև դրված պարտականությունները։ Նա տեղեկացրեց նաև, որ այս պահի դրությամբ հանրապետությունում քաղաքացիական բնակչությունից ունենք 25 զոհ և 100-ից ավելի վիրավոր, 5800-ից ավելի բնակելի, մշակութային կամ հասարակական նշանակության օբյեկտների վնասներ։

21։35
«Ազատ, անկախ Արցախ», «Ճանաչում», «Միացեք»-հոկտեմբերի 13-ին Երևանում այս կոչերով քայլերթ անցկացվեց ՌԴ դեսպանատան մոտից դեպի Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ: Քայլերթի մասնակիցները, «Էրդողա՛ն, տեռորիստ», «Կեցցե՛ հայոց բանակը» վանկարկումներով, դիմելով աշխարհին, կոչ արեցին ճանաչել Արցախի անկախությունը՝ հայտարարելով. «Հանուն Արցախի անկախության միացե՛ք»:

22։25
Արայիկ Հարությունյանը հայտարարում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր այցելել եմ Ասկերան շրջկենտրոն և շրջանային ղեկավարության հետ քննարկել պատերազմական գործողություններին աշխարհազորայինների մասնակցության հարցերը: Շրջվարչակազմի ղեկավարը զեկուցեց, որ ժողովուրդն ունի պատասխանատվության բարձր գիտակցում, և կամավորական ջոկատների կազմավորման աշխատանքներն ընթանում են հավուր պատշաճի:
Ասկերանի օրինակով Հանրապետության բոլոր շրջաններում այս պահին իրականացվում է աշխարհազորայիններից կազմված ջոկատների ստեղծման գործընթացը: Առաջիկա ժամերի և օրերի ընթացքում Պաշտպանության բանակը կհամալրվի պատերազմի և զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ու գիտելիքներ ունեցող մեր քաղաքացիներով, որոնց մասնակցությունը, համոզված եմ, էականորեն նպաստելու է մարտի դաշտում իրականացվող մեր զորքերի գործողությունների արդյունավետության բարձրացմանը»:


22։50
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ներկայացնելով իրավիճակը ճակատում՝ հայտարարեց.
«Վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Արցախի սահմանի գրեթե ողջ երկայնքով սկսել են լայնամասշտաբ հարձակվողական գործողություններ՝ առնվազն երեք-չորս ուղղություններով: Հատկապես թեժ է եղել հյուսիսային ուղղությունը:
Օրվա ընթացքում այդ ուղղությամբ եղել են թեժ մարտեր: Մեծ, ծավալուն հրետակոծությունից հետո անցել են լայնամասշտաբ հարձակման զրահատեխնիկայի կիրառմամբ: Նման թեժ մարտեր այս պատերազմի ընթացքում շատ քիչ են եղել:
Այսօր երեւի տեղի է ունեցել ամենաթեժ մարտերից մեկը ողջ պատերազմի ընթացքում: Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակառակորդին հետ շպրտել՝ պատճառելով էական կորուստներ:
Մեր զինված ուժերի, կանոնավոր բանակի, պահեստազորի, աշխարհազորի միասնական, համատեղ փայլուն, հերոսական գործողությունների շնորհիվ հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակվողական գործողությունները»:


23։00
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը թարմացրել է Արցախի բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ իր երկրորդ միջանկյալ զեկույցը՝ դրանում ներառելով հոկտեմբերի 9-ից մինչև 12-ը արձանագրված նոր դեպքերն ու փաստերը:



23։40
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Reuters գործակալությանը


23։55
Տավուշի մարզպետարանը նախաձեռնել է «Ես տեղում եմ» յուրօրինակ արշավ՝ առաջնագծում կռվող մարտիկներին թիկունքում գտնվողների աջակցությունը ցույց տալու համար։ Արշավի ընթացքում լուսանկարների և տեսահոլովակների միջոցով քաղաքացիները ցույց են տալիս, որ իրենք ամուր կանգնած են թիկունքում և շարունակում են արարել։


Կարդացեք նաև՝
Պատերազմի քրոնիկան. օր առաջին՝ սեպտեմբերի 27
Պատերազմի քրոնիկան. օր 2-րդ՝ սեպտեմբերի 28
Պատերազմի քրոնիկան․ օր 3-րդ՝ սեպտեմբերի 29
Պատերազմի քրոնիկան․ օր 4-րդ՝ սեպտեմբերի 30
Պատերազմի քրոնիկան․ օր 5-րդ՝ հոկտեմբերի 1
Պատերազմի քրոնիկան․ օր 6-րդ՝ հոկտեմբերի 2
Պատերազմի քրոնիկան․ օր 7-րդ՝ հոկտեմբերի 3
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 8-րդ՝ հոկտեմբերի 4
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 9-րդ՝ հոկտեմբերի 5
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 10-րդ՝ հոկտեմբերի 6
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 11-րդ՝ հոկտեմբերի 7
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 12-րդ՝ հոկտեմբերի 8
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 13-րդ՝ հոկտեմբերի 9
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 14-րդ՝ հոկտեմբերի 10
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 15-րդ՝ հոկտեմբերի 11
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 16-րդ՝ հոկտեմբերի 12

Ամենից շատ դիտված

23:03 Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա
20:17 Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան
21:00 Չգնա՞նք քաղաքից դուրս․ Հրազդանի տրանսպորտը «լևի» ռեյսեր է անում
22:30 Կոռուպցիա է, որ վարչության պետը կապ ունի ավտոբուսների մրցույթում հաղթած ընկերության հետ․ հարցում
20:30 Ձերբակալությունները պատվեր են․ Նիկոլն ուզում ա` մարդկանց ճնշի, գաղափարը ոչնչացնի․ հարցում
09:08 Կլինի խաղաղություն կամ շատ ավելի մեծ ողբերգություն. Թրամփը՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածների մասին
23:15 Բուժաշխատողի օրը. Գյումրին դարձել է համերգների ու փառատոնների քաղաք
14:24 Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության. Գարեգին Բ
12:50 Իրանում երկրաշարժ է գրանցվել
12:08 Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը եւ զավակին. Փաշինյան