Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Հոկտեմբերի 16-ին․․․
08։40 «Միլան քաղաքն ընդունեց Արցախի անկախությունը»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
09։15 Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։ Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել՝ կրելով զգալի մեծ կորուստներ»։
09։45 Բազմաթիվ մեր հայրենակիցները ԱՄՆ-ի մայրաքաղաքում, Կապիտոլիումի առջեւ բողոքի խաղաղ ցույց են անցկացրել՝ մեղադրելով անկախ Արցախի Հանրապետության նկատմամբ թուրք-ադրբեջանական-ահաբեկչական պատերազմը սանձազերծողներին: Բողոքի ցույցը կազմակերպվել է ՀՅԴ Վաշինգտոնի «Անի» մասնաճյուղի ջանքերով:
09։55 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 1 ԱԹՍ, 6 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 120 զոհ»:
10։20 Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հյուսիսային ուղղությամբ համառ մարտերը շարունակվում են, մեր զորքերը կիրառում են շատ գրագետ մարտավարություն: Հերթական համառ գրոհը հետ մղելիս, մեր զորքերի հարվածներից հակառակորդի հետևակը դիմել է փախուստի»:
10։35 Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները։ Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կ.Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։ Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։ Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են»։
12։00 ԱԳ նախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին տեղեկացրեց ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ ոտնձգությունների մասին։ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը մշտապես գնահատում է ռազմական իրավիճակը և դրանից բխող քայլերը՝ նկատի ունենալով նաև ՀԱՊԿ կանոնակարգային գործընթացներ նախաձեռնելու հնարավորությունը:
12։20 Եվրոպայի հայ համայնքի ներկայացուցիչներն այսօր փակել են Բելգիա-Ֆրանսիա սահմանը, ինչի պատճառով երթեւեկությունը կաթվածահար է եղել Ֆրանսիայից դեպի Շվեյցարիա, Իսպանիա, Բելգիա, իսկ Բելգիայից դեպի Նիդերլանդներ, Նիդերլանդներից դեպի Գերմանիա միջպետական մայրուղիներում: «Էրդողան՝ ահաբեկիչ» վանկարկում են նրանք: Ցուցարարները հայտարարել են, որ պահանջում են Արցախի անկախության ճանաչում: Պաստառների վրա պատկերված են Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ ռազմական հանցագործությունների լուսանկարներ:
13։10 ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան ՄԻՊ ՀՀ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը կոչ են արել ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին՝ Որպես ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, օբյեկտիվ գնահատել իրողությունները, չսահմանափակվել միայն դատապարտող կոչերով և ձեռնարկել հրատապ միջոցներ Արցախում հումանիտար աղետը կանխելու նպատակով։
13։30 Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ ՀՀ ԱԳ նախարարը, ներկայացնելով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, առանձնահատուկ կարևորեց ՄԱԿ-ի և իր համապատասխան մարմինների կողմից հումանիտար աջակցության հասանելիության անհապաղ ապահովումը տեղում՝ մեղմելու Արցախի քաղաքացիական բնակչության տառապանքները և հասցեագրելու նրանց առաջնահերթ կարիքները՝ համաձայն ՄԱԿ նպատակների ոգուն: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումների վերաբերյալ և ընդգծեց ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը:
14։00 Ֆրանսիայի խորհրդարանի 20 պատգամավորներ հոկտեմբերի 15-ին պահանջել են կառավարությունից անհապաղ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, հայտնում է Le Figaro-ն։
14։05 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ՖԲ էջում տեղեկացնում է Այսօր Ազգային Ժողովում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ քննարկեցինք Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Անդրադարձա այս պատերազմում Թուրքիայի և նրա կողմից ներգրաված ջիհադիստ ահաբեկիչների մասնակցության փաստին և տարածաշրջանում ու դրանից դուրս միջազգային ահաբեկչության վտանգին: Շեշտեցի, որ այս իրավիճակից միակ ելքը Արցախի միջազգային ճանաչումն է, և որ որևէ այլ լուծում միայն կերկարացնի ու էլ ավելի կթեժացնի այս պատերազմը։ Ունեցանք շատ բաց ու անկեղծ խոսակցություն։
14։30 ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայտարարում ենք, որ Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել, սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է, որը նպատակ է հետապնդում ընդլայնելու հակամարտության աշխարհագրությունը»։
14։40 Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինի հետ: Լևոն Այվազյանը տեղեկացրել է, որ, չնայած հայկական կողմի բազմաթիվ հորդորներին. Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են կուտակումները և գործողությունների իրականացումը ԻԻՀ սահմանի երկայնքով` այդպիսով պատսպարվելով պետական սահմանով: Իրանական կողմին ևս մեկ անգամ ներկայացվել է Ադրբեջանի ԶՈւ գործողությունների` Իրանի հետ սահմանից անվտանգ հեռավորության վրա տեղափոխելու անհրաժեշտությունը:
15։20 Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։
15։35 Արցախի Տեղեկատվական շտաբը հրապարակել է Ադրբեջանի ոչնչացված զինվորների քանակն ըստ օրերի
15։55 Իրանն այլևս անպատասխան չի թողնի մարտական արկերը, որոնք հարվածում են իր սահմանամերձ հատվածներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։
16։15 ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց այսօր բողոքի ցույց էր կազմակերպվել՝ պահանջելով արդար լինել: Նրանք վանկարկում էին՝ «shame on you», ամոթանքներ տալիս Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչին: ՄԱԿ-ի ներկայացուցչի խորհրդականը դուրս եկավ շենքից ու քաղաքացիներին ասաց, որ տեղյակ են խնդրից, տեսել են բոլոր տեսահոլովակները ու այսքանը:
16։50 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, տեղեկացնում է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Խորհրդակցության ընթացքում նաև քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել նաև ներռուսաստանյան օրակարգի հարցերին»,- ասել է Պեսկովը։
16։55 ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գրում է․ Այսօր ընդունել եմ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։ Քննարկել ենք ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Երկուստեք ընդգծել ենք տարածաշրջանի կայունությունը խաթարող գործողությունների և արտաքին ու ահաբեկչական ուժերի ընդգրկման անթույլատրելիությունը: Ծավալված առանձնազրույցում ես իմ շնորհակալությունն եմ հայտնել պարոն Միլոնովին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար, ինչպես նաև ընդգծել եմ Ռուսաստանի Դաշնության ունեցած կարևոր դերակատարությունը՝ հակամարտության կարգավորման և երկարատև խաղաղության հաստատման գործում։
17։15 Ռուսաստանը զորավարժություններ է սկսում Կասպից ծովում, որում ներգրավված են 6 նավ, 7 ինքնաթիռ և ավելի քան 400 զինծառայող։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։ «Զորավարժությունները կընթանան Կասպից ծովի կենտրոնական հատվածում՝ Ապշերոնի թերակղզուց հյուսիս։ Ծովային վարժանքներին կմասնակցեն 6 նավ, 7 ինքնաթիռ և ավելի քան 400 զինծառայող»,- հայտնել են գերատեսչությունից։
17։30 ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է, որ ՀՀ ԶՈՒ և Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաև կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները: Այս առումով հորդորում ենք միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իրենց հայտարարություններում և կոչերում հասցեական անդրադառնալ հակամարտության այն կողմին, որը զանազան միջոցներով խուսափում է հրադադարի ռեժիմի և այդ ռեժիմի պահպանման համար անհրաժեշտ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատումից»:
17։35 Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) մարդասիրական օգնություն է տրամադրել Արցախի Հանրապետությունում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հետեւանքով Հայաստան տեղափոխված Արցախի` շուրջ 7000 բնակիչներին։ Մարդասիրական աջակցություն են ստացել ՀՀ մարզերի մեծ եւ փոքր հյուրանոցներում, հյուրատներում եւ հանգստյան տներում, ինչպես նաեւ գյուղական համայնքներում ապաստանած ընտանիքները, որոնք հարկադրաբար լքել են իրենց բնակավայրերը՝ որոշ դեպքերում առանց տաք հագուստի կամ փաստաթղթի։ Օգնության ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 60 տոննա՝ այդ թվում սննդային տարբեր ապրանքներ, տաք հագուստ, հիգիենայի պարագաներ, դպրոցական պայուսակներ եւ գրենական պիտույքներ տեղահանվածներին, հիգիենայի պարագաներ՝ բուժվող զինվորներին, եւ բժշկական նյութեր ու պարագաներ՝ առողջապահական հաստատություններին։
17։40 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել շվեյցարական RTS հեռուստաընկերությանը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական թուրքական ագրեսիայի հետ կապված հարցերին:
18։00 Արցախ մեկնեց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
18։10 ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսին։
19։00 ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ամեն րոպե համառ ու ծանր մարտերը շարունակվում են։ Ամեն րոպե պատմություն է կերտվում, մեր գոյության իրավունքի պատմությունը։ Այլ ելք չկա, պիտի հաղթենք»։
19։20 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ։ Կանադայի վարչապետը խորը մտահոգություն է արտահայտել ստեղծված իրավիճակով և հույժ կարևորել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը:
19։45 Factor TV-ի հարցազրույցը ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ։ -Այսինքն, ՀԱՊԿ-ը հիմա սպասում է, որպեսզի Հայաստանը դիմի՞: Մինչև այդ քայլեր չե՞ն լինելու: -Ես չեմ կարող ասել՝ ՀԱՊԿ-ը սպասում է: Դա կազմակերպություն է, որտեղ մի քանի երկիր է ներգրավված: Եթե Հայաստանը ցանկանում է, որպեսզի ՀԱՊԿ-ը գործի, դրա համար նա գիտի՝ պետք է դիմի ՀԱՊԿ:
21։00 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր մասնակցեցի զոհված զինվորի՝ շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին: Ցավակցեցի, ապա լսեցի նրա ծնողներին, առանձին զրույց ունեցա նրա հոր հետ, եւ այդ զրույցից հասկացա՝ ճիշտ եմ ընկալում մեր ժողովրդի մղումներն ու ցանկությունները այն մասին, թե ինչ պիտի անենք այս իրավիճակում միասին, ազգովի: Պետք է տեր կանգնենք մեր իրավունքին, մեր հայրենիքին, մեր պետությանը: Ու մեր նահատակների հեղած արյանը: Այլ տարբերակ չկա: Խնամենք, ուժեղացնենք մեր կամքը հաղթանակի»:
21։45 Բարձրագույն դատական խորհուրդը կոչով դիմել է ԵՄ դատական խորհուրդների միությանը։ Կոչ ենք անում ձեռնարկել անհապաղ քայլեր դատապարտելու թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիան ու վայրագությունները և ձեր ներդրումն ունենալ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի դեմ սանձազերծված ցեղասպան պատերազմի անհապաղ դադարեցման գործում:
22։00 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս և հանդիպել առաջնագիծ ուղևորվող պահեստազորայիններին:
23։00 ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում ներկայացնելով իրավիճակը ռազմաճակատում՝ նշեց, որ վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը եւ հյուսիսում, եւ հարավում երկար հրետակոծությունից հետո, որի ընթացքում կիրառվում էին նաեւ այլ օդային հարձակման միջոցներ՝ ԱԹՍ-ներ, հրթիռներ, օդուժ, անցել են լայնածավալ հարձակման: Նրա խոսքով, առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին, ահաբեկիչներին եւ այլ խմբավորումներին, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք եւ ոչ մի դիրք: ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ հարավային ուղղությամբ շարունակվել են ծանր մարտերը, որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ, ու դեռ ընթանում են դժվար ու ծանր մարտերը՝ հատկապես հարավային ուղղությամբ. «Օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը կատարել է նաեւ որոշակի թռիչքներ; Այդ ընթացքում մարտական հարվածներ են հասցվել, մեզ հաջողվել է չեզոքացնել որոշ թռչող սարքեր»: Մինչեւ հարցերին անցնելը Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց ժամկետային զինծառայող Հարություն Դոխոյանին, որին բնորոշեց փոքրիկ հսկա: Հիշեցրեց, որ հակատանկիստ հերոս երիտասարդը խոցել է 5 տանկ, 1 ՀՄՄ եւ 1 ՏՕՍ:
23։15 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Libération թերթին Libération – Ի՞նչ եք ակնկալում Ռուսաստանից: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Մեր ակնկալիքն այն է, որ Ռուսաստանն ավելի գործուն և կոնկրետ քայլեր կձեռնարկի՝ տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի այս հարձակվողական գործողությունները կասեցնելու համար: Եվ, կարծում եմ, այդ ջանքերում ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները և ընդհանրապես միջազգային հանրությունը պետք է օգնեն նրան: Libération – Իսկ ի՞նչ եք ակնկալում Ֆրանսիայից: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մոտավորապես նույնը: Բայց քանի որ մեր տարածաշրջանում Ռուսաստանի գործիքներն ավելի հասանելի են, կարծում եմ, որ Ֆրանսիան պետք է աջակցի և քաջալերի Ռուսաստանին այդ ջանքերում։
23։25 ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցում իրավիճակը ներկայացնելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին: Նա հաստատեց, որ Հայաստանում ադրբեջանական կողմից գերիներ կաn, որոնցից ոմանք բուժօգնություն են ստանում: Հարցին՝ ինչու է հայկական կողմը այդչափ հումանիստ նրանց նկատմամբ, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Որովհետեւ մենք մարդ ենք եւ ունենք համապատասխան արժեհամակարգ, մենք բորենիներ չենք»:
23։30 Քիչ առաջ, մոտավորապես ժամը 22.50 րոպեին ԱԻՆ-ը Կապանում հայտարարեց օդային տագնապ։ Օդային տագնապի ազդանշանն էր լսվում մոտ 10 րոպե։ Ըստ ճշտված տեղեկությունների, Սյունիքի օդային տարածքում անօդաչու թռչող սարքեր էին երեւացել։ Մեղրիի համայնքապետարանը ՖԲ էջում տեղադրել էր հայտարարություն. «Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ, առանց ավելորդ խուճապի պատսպարվեք պաշտպանական կառույցներում։ Հայտարարված է օդային տագնապ»:
23։35 ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է. «ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ»:
23։45 ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի թիրախավորման վերաբերյալ Հոկտեմբերի 16-ի երեկոյան Ադրբեջանի կողմից հերթական անգամ ռմբակոծվել են Արցախի քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդյունքում տուժել է Շոշ համայնքի երեք խաղաղ բնակիչ: Միաժամանակ, ՀՀ հակաօդային պաշտպանական համակարգերի կողմից արձանագրվել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնածախ, Արծվանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերի ուղղությամբ, որի ժամանակ նաև հարվածներ են հասցվել տեղում ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Հատկանշական է, որ ժամեր առաջ ադրբեջանական կողմը նաև տարածեց սադրիչ և բացարձակապես կեղծ տեղեկատվություն՝ ՀՀ ԶՈՒ կողմից Նախիջևանի ինքնավար հանրապետության Օրդուբադ բնակավայրի հռթիռակոծման մասին: Եվ ըստ արդեն իսկ իրենց ավանդական գործելաոճի՝ ապատեղեկատվության այս ալիքին հաջորդել է իրական ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: