Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Հոկտեմբերի 15-ին
01։00 Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է տեսանյութեր, որոնք վկայում են հակառակորդի կողմից թիրախավորում է քաղաքացիական ենթակառուցվածքները։
09։00 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Առավոտյան հյուսիսային և հարավարևելյան ուղություններով հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը»:
09։25 Պաշտպանության բանակը հրապարակել է հոկտեմբերի 14-ին թշնամական ուժերի ոչնչացման կադրեր
10։40 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրապետության նախագահին միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին»:
10։55 Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Այսօր Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը մեր եռագույնի գույներով է զարդարված՝ ի համերաշխություն հայ ժողովրդի»։
11։15 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր իմ հրամանագրով Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Փա՛ռք ու պատիվ մեր բանակին»:
12։20 Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Իսպանիայի Կոնգրեսի 21 պատգամավորներ և 15 սենատորներ Հայաստանի և Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն են տարածել»:
13։45 Արցախի տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել։ ԱՀ նախագահը հրամանագիր է ստորագրել․ Արցախի Հանրապետության տարածքից ելքը սահմանափակվել է զորահավաքային զորակոչի ենթակա ԱՀ քաղաքացիների համար և թույլատրվում է միայն հատուկ դեպքերում՝ պարետի կողմից տրված անցաթղթի առկայության դեպքում։ Պարետին լիազորվել է նաև, ըստ անհրաժեշտության, սահմանել ԱՀ որոշակի տարածքներ անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), այդ տարածքներում գտնվելու և տեղաշարժվելու հատուկ կարգ և պայմաններ:
14։00 Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին բանաձևը, որով խստորեն դատապարտում է հակամարտությանը Թուրքիայի միջամտությունը և զենքի մատակարարումները։ Բանաձևը Ավստրիայի կառավարությանը կոչ է անում երկկողմ և բազմակողմ մակարդակով հանդես գալ մարտական գործողությունների անհապաղ դադարեցման և միջազգային իրավունքի պահպանման համար։ Պատգամավորները պահանջում են մարդասիրական օգնություն հասցնել քաղաքացիական բնակչությանը և օգտագործել իրենց ազդեցությունը հակամարտության բոլոր մասնակիցների վրա, որպեսզի ապահովվի մարդասիրական օգնության մատակարարումը խաղաղ բնակչությանը։ Պատգամավորները պահանջել են օգտագործել իրենց ազդեցությունը Թուրքիայի վրա, որպեսզի հեռու պահեն նրան հակամարտությանը միջամտելուց։
14։15 Հոկտեմբերի 15-ին նախատեսված՝ «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության դեպի Հայաստան հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երևան չվերթը չի կայանալու, ինչի առնչությամբ ավիաընկերությունը հիմնավոր պատճառ չի նշել: Հումանիտար բեռը ամերիկահայ համայնքի կողմից է, որն ուղարկվում էր Արցախա-ադրբեջանական պատերազմից տուժած խաղաղ բնակիչների համար: Ավիաչվերթի չեղարկման մասին «Քաթար էյրվեյզը» Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեին տեղեկացրել է հոկտեմբերի 14-ին: Օդանավը պետք է անցներ Թուրքիայի օդային տարածքով, Թուրքիան, սակայն, խոչընդոտներ է հարուցում Հայաստան տեղափոխվող հումանիտար բեռի համար:
14։45 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 4 ԱԹՍ, 5 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 350 զոհ:
15։00 ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կա՞ արդոք տարբերություն այս երեխաների միջեւ։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ է տառապել, քան՝ մյուսը։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ էր արժանի սրան, քան՝ մյուսը։ Արդյոք նրանցից մեկի վիճակն ավելի շա՞տ է արժանի ուշադրության, քան մյուսինը։ ՄԱՐԴԸ չի կարող տարբերություն դնել այս երեխաների միջեւ։ Դա ուղղակի անհնար է։ Բայց ահա մարդիկ, որ նստած են ՄԱԿ-ի Նյու Յորքի, Ժնեւի, Երեւանի եւ Բաքվի գրասենյակներում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի օֆիսներում կարողանում են այս երեխաներին անցկացնել «աշխարհաքաղաքական մաղի միջով» եւ նրանց մասին խոսել կամ չխոսել բացառապես աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով։ Թերես դա ի վերուստ տրված կարողություն է»։
15։05 «Քննարկվում է տարածաշրջանում խաղաղարարության հարցը»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը և հավելել, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը կկայանա դեկտեմբերի 2-ին Մոսկվայում։
15։50 Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարավում ծանր ու համառ մարտեր են»։
16։10 «Новости Армении» տելեգրամյան ալիքում Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում տուժածներին օգնություն տրամադելու նպատակով իրականացվում է դրամահավաք։ Էջն առաջարկում է դրամական օգնությունը փոխանցել 4890 4947 0987 4051 քարտային հաշվին։ Հատկանշական է, որ Telegram-ում նույն քարտային հաշիվին գումար փոխանցելու կոչով հանդես է գալիս նաև ադրբեջանական «Азербайджан | Новости» ալիքը՝ իբրև աջակցություն Ադրբեջանի քաղաքացիներին։ Ստացվում է, որ նույն քարտային հաշվին փոխանցումներ են արվում և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից։
16։30 ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը ասուլիսում տեղեկացրեց, որ րոպեներ առաջ մեր բանակը խոցել է հակառակորդի հերթական ՍՈՒ-25 գրոհիչը: Գարիկ Մովսեսյանի խոսքով, թուրքական F-16 ինքնաթիռները Ադրբեջան են բերվել հուլիսին՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների նախօրեին ու չեն վերադարձել Թուրքիա, մնացել են Գյանջայում ու դեռ ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել Վարդենիսի, Հադրութի, Ստեփանակերտի ուղղությամբ: Իսկ Ադրբեջանի սկսած պատերազմից օրեր առաջ՝ սեպտեմբերի 23-ին ինքնաթիռների հերթափոխ է իրականացվել ու նոր եկած ինքնաթիռները ակտիվ մասնակցել են մարտական գործողություններին՝ Հայաստանի եւ Արցախի ռմբակոծում եւ հրթիռակոծում:
16։45 ՀՀ Զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանի սկսած լայնածավալ մարտական գործողությունների ժամանակ Հայաստանի տարածքում սպանվել է մեկ քաղաքացի, մարմնական վնասվածք է ստացել երեք քաղաքացի, որից մեկը՝ անչափահաս: Սպանվել են նաեւ ռազմական գործողություններում չներգրավված 5 զինծառայողներ, վիրավորվել 11-ը:
17։00 ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Ադրբեջանը հերթական անգամ խախտեց մարդասիրական նպատակներով Մոսկվայում կրակի դադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունը։ Րոպեներ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Թիրախակետում` քաղաքացիական ենթակառուցվածքներն են։ Զոհեր ու վիրավորներ, բարեբախտաբար չկան»։
17։40 ՀՀ մարդու իրավունքների ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրվել է տեսանյութ այն մասին, թե պատերազմական իրավիճակներում ինչպես պետք է առաջի բուժօգնություն ցույց տալ տարբեր տեսակի արյունահոսությունների ժամանակ:
19։10 Հումանիտար հրադադարի հերթական խախտումը գրանցվեց ժամը 19։00-ին։ Նշանակետում Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքն է։ Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է համայնքը, նախնական տվյալներով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ։ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
21։00 «Առաջնային հարցն այստեղ, թե պատրաստ են դրան հակամարտող կողմերը, այսինքն՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Խաղաղապահների, դիտորդների տեղակայումը, երբ էլ որ դա լինի, հնարավոր է միայն երկու կողմի համաձայնությամբ»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյոք Ռուսաստանը խաղաղապահ ուժեր ուղարկել Լեռնային Ղարաբաղ։
21։20 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցում պատասխանեցին այս հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում ռազմական գործողությունները՝ սկսած սեպտեմբերի 27-ից։
21։50 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը։ Պիտի կանգնենք, այլ տարբերակ չկա։ Մի անգամ պիտի կանգնենք մինչև վերջ։ Խրիմյան Հայրիկը Բեռլինի կոնգրեսից որ հետ եկավ, երկաթե շերեփից բացի մի ուրիշ բան էլ ասեց։ Ասեց՝ սերբերի թրից արյուն էր կաթում, դրա համա՛ր իրենց երկիր տվեցին։ Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը։ Հայրենիքն ու տունը չեն զիջվում։ ՈՉ ՄԻ ԳՆՈՎ։ Կեցցե հավերժական հայ ժողովուրդը։ Հաղթելու ենք։ Անկասկած հաղթելու ենք»։
22։20 Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ում իր աղբյուրները։ «Նախարար Մևլույթ Չավուշօղուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի թեման»,- ասել է Չավուշօղլուն։
22։45 ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվածությունը համարել է վտանգավոր և հույս հայտնել, որ հայերը կկարողանան դիմակայել Ադրբեջանի գործողություններին: «Դա վտանգավոր է: Այժմ մենք տեսնում ենք, որ թուրքերն առաջ են եկել և ռեսուրսներ են տրամադրում Ադրբեջանին՝ ուժգնացնելով ռիսկը, մեծացնելով կրակային հզորությունը Լեռնային Ղարաբաղի՝ 150 հազար բնակչությամբ փոքրիկ տարածքի շուրջ պատմական պայքարում»,- ասել է Պոմպեոն: Նա նշել է, որ սա երկարատև հակամարտություն է, որի լուծումը պետք է լինի բանակցությունների և քննարկումների միջոցով՝ ո՛չ զինված դիմակայության, և ո՛չ երրորդ երկրի մասնակցությամբ, «որը գալիս է՝ բերելով իր կրակային հզորությունը մի իրավիճակի լուծման համար, որն արդեն վառոդի տակառ է»: «Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան պաշտպանել իրենց Ադրբեջանի գործողություններից, և որ նրանք բոլորը կհետևեն հրադադարին և կնստեն սեղանի շուրջ՝ փորձելով հասկանալ այդ պատմական բարդ խնդիրը»,- ասել է նա:
23։00 Վաղ առավոտյան, հակառակորդը նորից հարձակողական գործողություններ է նախաձեռնել՝ 2-3 ուղղություններով. ողջ օրվա ընթացքում համառ մարտեր են ընթացել, հատկապես հարավային ուղղությամբ՝ մերձարաքսյան տարածքում: Այս մասին, քիչ առաջ, հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տվել, երկուստեք կորուստներ կան: Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, հակառակորդին պատճառվել են զգալի կորուստներ եւ հաջողվել է հակառակորդին ետ շպրտել: «Ընդհանուր առմամբ, իրավիճակը շարունակում է ծանր մնալ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հակառակորդը կիրառում է մեծ քանակի ուժեր, հատկապես հետեւակ, անդադար գրոհել է նաեւ օդուժի տարբեր միջոցներով: Նա նաեւ ասաց, որ գիշերային ժամերին կրակի որոշակի թուլացում է տեղի ունենում, սակայն, առավոտյան ժամերին, հակառակորդը նորից լայնածավալ գրոհներ է իրականացնում: Գրոհները, օրվա ընթացքում, տարբեր ուղղություններով թուլանում են կամ սաստկանում: