Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Հոկտեմբերի 19-ին․․․
09։00 Արցախի ՊԲ-ն հայտնում է․ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում են համարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ իրադրությունը:
09։15 ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հերոսական դրվագ․ Հոկտեմբերի 18-ին ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկել էին տանկերով ուղեկցվող հարձակում՝ օգտագործելով 7 տանկ, այդ թվում՝ մեկ միավոր Տ-90, 5 զրահափոխադրիչ հետևակի տեղափոխման համար։ Հակառակորդը նպատակադրվել էր սրընթաց հարձակմամբ կրակային և հոգեբանական ճնշում գործադրել անձնակազմի վրա՝ ապահովելով ճեղքում սահմանի կարևոր հատվածում։ Գնդապետներ Ստեփան Գևորգյանի, Ստանիսլավ Երյոմինի և հակատանկիստ, շարքային Գարիկ Առաքելյանի մասնագիտական վարպետության, բարոյակամային բարձր որակների և գերազանց ներդաշնակ գործողությունների շնորհիվ հարձակումը խափանվել և հակառակորդը մի քանի կիլոմետր հետ է շպրտվել։
09։30 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականին
10։00 Բազմահազար հայեր ողողել են Կալիֆոռնիայի Նյուպորտ Բիչ քաղաքի փողոցները, ուր մասնավոր հանգանակության նպատակով ժամանել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Մեր հայրենակիցները ԱՄՆ նախագահին իրենց բողոքի ձայնն են հասցրել Հայաստանի ու Արցախի դրոշները ծածանելով, «Հայոց ցեղասպանությունը շարունակվում է», «Ճանաչիր Արցախը», «Դադարեցրեք Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ֆինանսավորումը», «Դադարեցրեք ադրբեջանցիների պատերազմը քաղաքացիական բնակչության դեմ» կարգախոսներով պաստառներ պարզելով, ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտելու, Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջներով: Արդեն Նեւադայում՝ Լաս-Վեգասում, որտեղ հանդիպում էր նախատեսված ընտրողների հետ, կրկին մեծաթիվ մեր հայրենակիցների ներկայությունը նրան ստիպել է խոսել այսօր հայերին հուզող խնդիրների մասին: «Հայերը լավ մարդիկ են, նրանք նաև հիանալի գործարարներ են, գիտեք։ Կալիֆորնիայում, որտեղից ես հենց նոր գալիս եմ, այնքան շատ հայեր կային գեղեցիկ դրոշներով։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Պիտի ասեմ, որ ձեր երկրում հիանալի ոգի կա»,-հայտարարել է Թրամփը:
10։25 ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է․ Հայաստանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ վճռականորեն մերժելու հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի մտադրությունը։
10։45 Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է մարդասիրական օգնության կազմակերպումը 7/24 ռեժիմով։ Հոկտեմբերի 1-ից հումանիտար բեռներով Արցախ է ուղևորվել 40, իսկ դեպի Հայաստանի տարբեր բնակավայրեր՝ 107 բեռնատար։ Մարդասիրական օգնությունը համապատասխան լիազոր մարմինների միջոցով բաշխվել է Արցախի Հանրապետության բնակիչներին և ժամանակավորապես Հայաստան եկած արցախցի ընտանիքներին: Նշենք, որ Հայաստանի տարբեր անկյուններից հումանիտար բեռների հոսքը շարունակվում է, ավելացել է արտերկրից ուղարկվող բեռների ծավալը։
10։40 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը մղված մարտերին զուգահեռ՝ Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակ բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ։ Մասնավորապես, հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները։ Տուժածների ու վնասների մասին տեղեկությունները ճշտվում են»։
11։00 Արցախի Հանրային Հեռուստատեսության անդրադարձը Պատերազմի առաջին օրվանից արցախցի բժիշկները հազարավոր կյանքեր են փրկում: Չեն վհատվում, որովհետև պատերազմի փորձ ունեն ու գիտեն ինչ է պետք անել:
11։20 Պարգև Սրբազանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը այցելեց ու օրհնեց հրամանատարական կազմին և բանակին, ինչպես նաև մաղթեց հաղթանակ»։
11։50 «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը մեջքի և ոտքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել։ Անհանգստանալու կարիք չկա․ վիճակը գնահատվում է կայուն, կյանքին վտանգ չի սպառնում»:
12։05 Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան էջում փոխանցում է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի խոսքերը. «Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Ղարաբաղի ճանաչումն է, պետք չէ երկմտել… Ես անձամբ կողմ եմ ինքնորոշմանը. պետք է սատարել Հայաստանին այս փորձության և պայքարի մեջ»:
12։15 ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, կոնգրեսական Թուլսի Գաբարդը կոչ է արել աշխատել ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների հետ Թուրքիային դաշինքից հեռացնելու համար, հայտնում է ԱՄՆ հայ դատի գրասենյակը։
12։25 Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Նարի Սյունին և Նարե Խլղաթյանը կանանց ջոկատ են կազմել, արդեն 100 հոգի գրանցվել է, կան բազում դիմումներ։ Իրենք, մեր դուստրերը, մեր քույրերը, մեր պատիվն են։ Հենց իրենցով էլ հաղթելու ենք»:
13։00 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորած պատվիրակությանը: Երկրի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել թեմակալ առաջնորդին պատերազմական ծանր այս ժամանակահատվածում Արցախում գտնվելու և իր աջակցությունը բերելու համար` ընդգծելով, որ պատմության ընթացքում հայ եկեղեցին միշտ եղել է ժողովրդի և իշխանության կողքին, և, հատկապես օրհասական պահերին, միասին են հաղթահարել բոլոր դժվարությունները: Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նախագահին է փոխանցել Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքը և նշել, որ, անկախ ստեղծված իրավիճակից, հավատացած է, որ Աստծո զորությամբ և ազգային միասնական ջանքերով կրկին հաջողվելու է դիմագրավել նետված մարտահրավերը և պատվով հաղթահարել Ադրբեջանի կողմից սանձազերծված հանցավոր պատերազմի փորձությունը:
13։15 «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Հայկակ Արշամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստան հասավ ևս մեկ ինքնաթիռ հումանիտար բեռով։ ԱՄՆ արևմտյան ափից այն կազմակերպել էր ArmeniaFund-ը, բեռը եկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Թռիչքի կայացման համար հատուկ շնորհակալություն Տաթևիկ Ռևազյանին ու իր թիմին»։
13։20 Ըստ «Սյունյաց երկիր» պարբերաթերթի, հոկտեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում էր։ Նրա այցից հետո պարզ դարձավ, որ Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները կհամակարգի գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։ Արտակ Դավթյանը Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հետ միասին երկուշաբթի հանդիպել է մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եւ կարեւորել հանրության բոլոր խավերի, իշխանության օղակների, լրատվամիջոցների համագործակցությունն ու մեկտեղված աշխատանքը։
13։50 Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ծանր ու համառ մարտեր են, հատկապես հարավում»։
14։15 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 9 ԱԹՍ, 12 զրահատեխնիկա, կա 150 զոհ»:
14։50 Ռուսաստանը թուրքական կողմի հետ մշտական շփումների մեջ է և քննարկում է Սիրիայից ու Լիբիայից ղարաբաղյան հակամարտության գոտի վարձկանների տեղափոխության հարցը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը
15։20 ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի դատախազության տարածած հաղորդագրությունը, թե, իբր, Հայաստանը թիրախավորել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը, բացարձակ սուտ է, իսկ ստերը անգամ մեկնաբանության կարիք չունեն»։
15։45 «Անջատում հանուն փրկության» գաղափարը՝ remedial secession, նույն ինքնորոշման իրականացման ամենածայրաստիճան ձև-եղանակն է»,- հրավիրված ասուլիսում պարզաբանեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր, որ Միջազգային հանրությունը ԼՂ-ի պարագայում պետք է ընդունի անջատում հանուն փրկության սկզբունքը:
16։00 ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ելույթ ունենալով Մոսկվայում՝ Միջազգային հարաբերությունների ինստիտուտում, ասել է․ «Հայաստանն ու Ադրբեջանը Եվրախորհրդի անդամ են, և երկուսն էլ պարտավորվել են հակամարտությունը կարգավորել խաղաղ միջոցներով, ինչպես նաև հետևել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ Դա ծայրաստիճան կարևոր է։ Անկախ քաղաքականությունից՝ այնտեղ ապրող մարդիկ պետք է օգտվեն միևնույն իրավունքներից, ժողովրդավարությունից ու օրենքի գերակայությունից, ինչպես Եվրոպայի ցանկացած բնակիչ։ Ազգային իշխանությունները պարտավոր են դա ապահովել, և Եվրախորհուրդը պետք է կարողանա առանց խոչընդոտների մտնել այդ տարածքներ, որպեսզի գնահատենք տեղում տիրող իրավիճակը և հնարավորինս աջակցենք»։
17։00 ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքում գրել է․ Սիրելի հայ տղամարդիկ, Ժամանակն է, որ շտապեք ռազմաճակատ եւ աշխարհին ցույց տաք, թե ինչի է ընդունակ հայ տղամարդը իր հայրենիքը, տունը, կնոջը, երեխային եւ ծնողներին պաշտպանելիս։
17։30 ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ ինքը Եվրոպայի խորհրդի իր գործընկերներին իրազեկել է Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ Ռուսաստանի տեսլականի և այդ ուղղությամբ արած քայլերի մասին։
17։45 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, պատգամավոր Արման Աբովյանը: ԱԽ նիստը սկսվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքով: Նիստի ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին հակազդելու ուղղությամբ իրականացվող քայլերը:
18։00 Ռուսաստանը լեգիտիմ իրավունք և հիմքեր ունի հակաահաբեկչական գործողություններ ձեռնարկել նաև Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին ասել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության հետ հարցազրույցում։
18։55 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին նա ասել է ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում: «Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել և՛ Մոսկվայում, և՛ ցանկացած այլ վայրում՝ հակամարտությանը վերջ տալու և կարգավորման ուղի գտնելու համար»,- ասել է նա:
19։10 Պաշտպանության բանակը հրապարակել է հերթական տեսանյութը, որում պատկերված է հակառակորդի հենակետերի և շարասյան ոչնչացումը:
20։30 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Վարչապետն անդրադարձել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին, հայկական կողմի քայլերին և գործողություններին:
20։50 Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն պատրաստվում է երկրի Սենատ ներկայացնել Արցախի անկախությունը ճանաչող փաստաթուղթ։ «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի առաջխաղացմանը խոչընդոտելը նշանակում է խոչընդոտել ամբողջ Եվրոպայում թուրքական իսլամի տարածմանը։ Այս շաբաթ ես Սենատում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին և Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները դատապարտող փաստաթուղթ եմ ներկայացնելու»,- գրել է Բուայեն ֆեյսբուքյան իր էջում։
22։10 Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանի և Արտակ Բեգլարյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ղեկավարների հետ, որի նպատակն էր հանգամանալից ներկայացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրությունը և Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հումանիտար հետևանքները:
22։30 «Հարավային եւ հյուսիսային ուղղությամբ հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել: Հյուսիսային ուղղությամբ մեկ-երկու գրոհից հետո հետ է շպրտվել»,-լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացնելով իրավիճակն արցախյան ռազմաճակատում՝ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Հարավային ուղղությամբ ծանր մարտերը տեւական ժամանակ շարունակվում էին, սակայն հիմնականում կողմերը դիրքային փոփոխություններ չեն ունեցել: Մարտերի ուժգնությունն այս պահի դրությամբ որոշակիորեն թուլացել է»,-հավելեց Արծրուն Հովհաննիսյանը:
23։00 Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները հանդիպումից որեւէ մանրամասն չցանկացան ներկայացնել: «Մեր հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ռազմաճակատում ու դիվանագիտական ճակատում տեղի ունեցող զարգացումները: Ավելին չեմ կարող ասել՝ լավ է, վատ է, շատ վատ է, որեւէ բան չեմ կարող ասել, մանավանդ, որ անվտանգության խորհրդի նիստ էլ է եղել, մեր հանդիպումը հաջորդել է անվտանգության խորհրդի նիստին»,- ասել է ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ ունեն ջենթլմենական պայմանավորվածություն:
23։40 Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ծավալված մարտերի արդյունքում ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են թշնամական թվով 5 անօդաչու թռչող սարք:
23։55 ՄԱԿ Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկողությունը ապահովելու անհրաժեշտությունը: Այս մասին երկուշաբթի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով փակ հանդիպման ավարտին, լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Այժմ անհրաժեշտ է պահպանել հրադադարի ռեժիմը․ սա ամենահրատապ խնդիրն է, քանի որ համաձայնությունը ձեռք է բերվել, բայց չի իրականացվել»,- ասել է նա: «Հիմնական հարցն այն է, թե ինչպես ապահովել հրադադարի պահպանման վերահսկողությունը։ Այս հարցը, իհարկե, քննարկվել է խորհրդակցությունների ընթացքում, և Անվտանգության խորհուրդը բավականին միասնական է իր մոտեցումներում»,- ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը: Միևնույն ժամանակ, նա պարզաբանել է, որ ՄԱԿ դիտորդական առաքելություն տարածաշրջան ուղարկելը Անվտանգության խորհրդի կողմից հատուկ մանդատ է պահանջում։