Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Հոկտեմբերի 28-ին․․․
08։20 Գլենդելի քաղաքային խորհուրդը ճանաչեց Արցախի անկախությունը
09։40 Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Երեկոյան հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները: հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը։
10։55 Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Երեկոյան Մարտունին և Ասկերանի վերին ենթաշրջանն են հայտնվել թշնամական ուժերի թիրախում, իսկ կեսգիշերից հետո կայուն լարված իրավիճակը պահպանվել է՝ առանց կրակի։ Առավոտյան ռազմագործողություններին զուգահեռ, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը նորից կրակ է վարել։ Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված։ Իսկ քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
11։10 ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր տեսանյութ է հրապարակել. Նռնաձոր՝ պատերազմի թիկունքում գտնվող գյուղը:
11։20 Հակառակորդի հերթական ԱԹՍ-ների ոչնչացումը. ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել:
11։50 «Գեղեցիկ և ուժեղ երգ արցախցի երեխաների կատարմամբ»,- Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:
13։20 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Սմերչ» կայանքից մեկ հարված հասցվել է մայրաքաղաք Ստեփանակերտին։ Տուժածներ չկան։
13։55 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները: Մինչև այսօր խոցվել է հակառակորդի 618 զրահատեխնիկա, 223 ԱԹՍ, 25 ինքնաթիռ, 6 ՏՈՍ, 16 ուղղաթիռ: Հակառակորդն ունի 6749 զոհ:
14։30 ՀՀ տասնյակ քաղաքացիներ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան միջոցով նամակներ ուղարկեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունով և խնդրեցիին Ռուսաստանին միջամտել տեղի ունեցողին: Նախաձեռնության մասնակից Մանուել Մանուկյանն իր անունից նամակով դիմում է ՌԴ նախագահին որպես ՀՀ հասարակ քաղաքացի, որը չի զբաղեցնում որևէ պաշտոն:
14։45 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի ԶՈւ-ն Սմերչով հարվածել է Բարդա քաղաքին, անհիմն և կեղծ է»:
15։00 Ադրբեջանը ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծում է Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով՝ թիրախավորվել է Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը (Հանրապետական ծննդատուն)։ Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։ Ստեփանակերտում օդային տագնապ է։ Հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
16։05 Վիտալի Բալասանյանի կոչը Այս օրհասական պահին իմ կոչն եմ ուղղում Արցախում, Հայաստանում և արտերկրում բնակվող բոլոր արցախցիներին, իմ մարտական ընկերներին ու ողջ հայությանը. վտանգված է մեր պետությունն ու պետականությունը, մեր հայրենիքը, Արցախն ու հայությունը, այժմ թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն։
17։00 Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է վնասվել. ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը կադրեր է հրապարակել
17։15 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Մոսկվա Հայաստանի վարչապետի հետ բանակցությունների, ընդ որում, «առանց նախապայմանների»:
18։30 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ նախորդ օրը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ինքը Ռուսաստանի ղեկավարին առաջարկել է համատեղ մասնակցել ղարաբաղյան ճգնաժամի կարգավորմանը: «Մենք Պուտինի հետ քննարկել ենք Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները: Մենք ասացինք՝ եկեք Կովկաս, լուծեք այս հարցը: Եթե ուզում եք, եկեք միասին լուծենք: Դուք կխոսեք ձեր գործընկերների հետ, մենք` մեր: Թող խոսեն նաև մեր արտգործնախարարներն ու մյուսները: Կարևորն է հասկանալ, թե մենք կարող ենք լուծել այս հարցը, թե ոչ»,- ասել է Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ։
19։45 արցախի ՊԲ-ն հայտնում է․ Հակառակորդը օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրների կիրառմամբ հրթիռակոծության են ենթարկվել Շուշին և Ստեփանակերտը, ինչի հետևանքով մեծ վնաս է հասցվել մայրաքաղաքի ծննդատանը, երկու քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին: Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և վիրավորներ: ՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում՝ հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում հակառակորդ կողմին հավատարիմ մնալ հումանիտար հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին, հակառակ դեպքում՝ համարժեք պատասխանն իրեն երկար չի սպասեցնելու:
20։40 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր աշխատանքային հանդիպում ունեցա ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ եւ նա մի զարմանալի տեղեկություն հայտնեց։ Պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծը էականորեն փոխվել է։ Չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։ Արդյունքում՝ տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում ենք սպասում, ինչն այնքան անհրաժեշտ է՝ մանավանդ հիմա։
22։00 Հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում ում որոշել են ԲՀԿ քաղխորհրդի անդամներ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին , ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանին, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանին, ԲՀԿ Կանանց խորհրդի համանախագահ Լուիզա Սարգսյանին հրատապ գործուղել ՌԴ մայրաքաղաք Մոսկվա:
22։45 «Ողջ օրը Ադրբեջանի զինված ուժերը եւ նրան աջակցող, զինակցող ահաբեկչական խմբավորումները հատուկ նշանակության տարբեր ջոկատները շարունակել են իրենց հարձակողական տարաբնույթ գործողությունները ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաեւ Արցախի հյուսիսից մինչեւ հարավային ուղղությունը»,-Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով, Բերձորի ուղղությամբ եւ հարավային հատվածում ոչ լայնամասշտաբ մարտական գործողություններ են ընթացել.«Հակառակորդին չի հաջողվել առաջանալ դեպի Բերձորի ուղղություն՝ չնայած նրա որոշակի ջանքերին: Այս ուղղությամբ մեր զինված ուժերի ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել: Հյուսիսային ուղղությամբ հիմնականում վարվել է հրետանային կրակ, հրետակոծություն՝ մասնավորապես Մարտակերտ եւ ավելի հյուսիս ընկած ստորաբաժանումների ուղղությամբ:
23։00 Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցից հետո պատասխանելով լրագրողների հարցերին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց. « Հակառակորդի հարձակողական լայնածավալ բռունցքի, թափի կոտրելը իրականացված է մեր կողմից, դրանից հետո շարունակվել են այլ բնույթի գործողություններ, որոնք դանդաղ, օջախային, սողացող բնույթ ունեն, շարունակվում են, եւ հեշտ չի միանգամից չեզոքացնել բարդ լեռնաանտառային տեղանքում բավականին մեծաքանակ դիվերսիոն խմբերի հոսքը, բայց այնպես էլ չի, որ իրենք այստեղ մեծ հաջողություն ունեն, որովհետեւ մենք մեր տունն ենք պաշտպանում, մեր տան տերն ենք, եւ միանշանակ հաղթելու ենք…»:
23։40 ՄԱԿ գլխավոր քարտուղարությունը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում բնակեցված տարածքների վրա բոլոր հարձակումները, այդ թվում Բարդա քաղաքի վրա իրականացված հարվածները, որոնք, ըստ հաղորդումների, սպանել և վիրավորել են շատերին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ստեփանակերտի և այլ բնակավայրերի գնդակոծությունները: «Նման հարձակումների արդարացում չի կարող լինել»,-գրված է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի տարածած հաղորդագրության մեջ :
23։55 Խախտված հրադադարներ, ավերված բնակավայրեր. միջազգային լրատվամիջոցները՝ ԼՂ կոնֆլիկտի մասին