Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Հոկտեմբերի 26-ին․․․
08:00
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերով շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հրադադարի կապակցությամբ: «Շնորհավորում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ովքեր քիչ առաջ համաձայնեցին հրադադարին՝ որն ուժի մեջ կմտնի կեսգիշերին: Շատ կյանքեր կփրկվեն: Հպարտ եմ իմ թիմով՝ պետքարտուղար Պոմպեոյով, Սթիվ Բիգանով և ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականով»,- գրել է Թրամփը:
08։10
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տարածել է հետեւյալ հայտարարությունը Ողջունում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը հաստատում է հոկտեմբերի 10-ին և 17-ին Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահների նախաձեռնությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարի իրականացման վերաբերյալ կողմերի հանձնառությունները։ Արցախի Հանրապետությունը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմ, հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները, որն ուժի մեջ կմտնի 2020 թ. հոկտեմբերի 26-ին, 08:00-ին։

08։30
Արցախի ՊՆ-ն հայտնում է․
ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռք բերելուց հետո, որը ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը:
Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում:
09։00
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ»:
09։20
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ»:
09։50
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»:
10։30
Համանախագահները եւ արտաքին գործերի նախարարները համաձայնել են հոկտեմբերի 29-ին կրկին հանդիպել Ժնևում։

10։55
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը: Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը, չեն համապատասխանում իրականությանը և ունեն ակնհայտ սադրիչ բնույթ:
Այս առումով, ՀՀ պաշտպանության նախարությունը կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի շուտափույթ ներդրումը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդրությամբ ռազմագերիների և պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը»:
11։15
Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում։ Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա, կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը։ Հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
11։45
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դրական է գնահատել հոկտեմբերի 26-ից հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը։ «Գլխավոր քարտուղարը ողջունում է Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համատեղ հայտարարությունը, որում ասվում է, որ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում համաձայնեցված և հոկտեմբերի 17-ին Փարիզում վերահաստատված հումանիտար հրադադարը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին՝ ժամանակով ժամը 08:00-ին», – ասված է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ:

12։30
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է: Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին»:

12։55
Կամավորները խոստանում են. Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել։
13։40
Մոսկվան Թուրքիային կոչ է անում իր ողջ ազդեցությունն օգտագործել` ի շահ Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման և հակամարտության կարգավորման հարցում բովանդակային բանակցությունների։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մեր թուրք գործընկերներին համոզում ենք օգտագործել իրենց ազդեցությունն այդ ուղղությամբ», – ասել է Լավրովը` Աթենքի և Մակեդոնիայի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
14։20
Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը: Մասնավորապես ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար: Հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։
15։00
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացնում է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները:

15։15
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում»։

17։20
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը սուր փուլում է գտնվում։ Այն չի կարող և չպետք է վերածվի մրցակցության դաշտի»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով այն հարցը, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում ԱՄՆ-ում ձեռք բերված համաձայնությանը, և արդյոք դա չի նշանակում, որ ԱՄՆ-ին հաջողվել է ավելին անել, քան Ռուսաստանին։

18։00
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին, ընդգծել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, ինչպես նաև Թուրքիայի ապակայունացնող ներգրավվածության հանգամանքը: ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը:

18։40
Մեր համազգային խնդիրն է պայքարել հանուն սեփական հայրենիքում արցախահայության անվտանգ ու արժանապատիվ գոյության: Մեր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները որևէ զիջման ենթակա չեն, և այդ հարցում մեր վճռականությունը վեր է բոլոր տեսակի հանգամանքներից ու ցանկություններից: Հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
19։05
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է: Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև` տանկեր»:

19։25
«Հերթական անգամ չստացվեց հրադադարը պահպանել, ես չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արձագանքը, բայց պետք է իմանաք, որ հայկական կողմն ամեն ինչ արել է, որ հրադադարը պահպանվի»,- ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա վստահեցրեց՝ պաշտպանության բանակն առավոտից շատ զսպված է եղել , բայց օրվա երկրորդ կեսին հրադադարը չհաջողվեց արդեն երրորդ անգամ պահպանել։

22։10
Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է, հարակից տարածքներից լսվում են պայթյունի ձայներ, հայտնում են Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Երբեմն մեր հակաօդային պաշտպանության ստորաբաժումներն են աշխատում կամ հրետանու ձայներն են հեռվից լսվում։ Արցախի հարավ-արևելյան ուղղությամբ թեժ մարտերը շարունակվում են», – հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:
23։30
«Ցավոք, երեկ ուշ երեկոյան մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն (Սանասար) եւ որոշ ուղղություններով առաջանալ»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ն, որոնց միացած են ահաբեկչական կազմակերպություններ եւ այլ պետությունների ԶՈՒ ստորաբաժանումներ, հարավ-արեւելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեցին մի քանի ուղղություններով՝ միաժամանակ հրետակոծելով եւ ռմբակոծելով Արցախի բնակավայրերը: Օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը, փոխել բնագիծը, չնայած որոշ տեղերում թվացյալ հաջողություն ունենան»,-օրվա իրավիճակը ներկայացրեց նա:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով. «Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով վերականգնել առաջնագիծը: Միաժամանակ, նախկինում նշված՝ Հադրութից հյուսիս գտնվող անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի ջախջախման գործողությունները: Որոշ դիվերսիոն խմբեր անգամ թողնելով մեքենաները՝ փախել են, բայց մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են»:

Կարդացեք նաև՝
Պատերազմի քրոնիկան. օր առաջին՝ սեպտեմբերի 27Պատերազմի քրոնիկան. օր 2-րդ՝ սեպտեմբերի 28 Պատերազմի քրոնիկան․ օր 3-րդ՝ սեպտեմբերի 29Պատերազմի քրոնիկան․ օր 4-րդ՝ սեպտեմբերի 30Պատերազմի քրոնիկան․ օր 5-րդ՝ հոկտեմբերի 1Պատերազմի քրոնիկան․ օր 6-րդ՝ հոկտեմբերի 2Պատերազմի քրոնիկան․ օր 7-րդ՝ հոկտեմբերի 344-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 8-րդ՝ հոկտեմբերի 444-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 9-րդ՝ հոկտեմբերի 544-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 10-րդ՝ հոկտեմբերի 644-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 11-րդ՝ հոկտեմբերի 744-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 12-րդ՝ հոկտեմբերի 844-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 13-րդ՝ հոկտեմբերի 9 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 14-րդ՝ հոկտեմբերի 1044-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 15-րդ՝ հոկտեմբերի 11 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 16-րդ՝ հոկտեմբերի 1244-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 17-րդ՝ հոկտեմբերի 1344-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 18-րդ՝ հոկտեմբերի 1444-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 19-րդ՝ հոկտեմբերի 1544-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 20-րդ՝ հոկտեմբերի 1644-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 21-րդ՝ հոկտեմբերի 1744-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 22-րդ՝ հոկտեմբերի 18 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 23-րդ՝ հոկտեմբերի 19 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 24-րդ՝ հոկտեմբերի 20 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 25-րդ՝ հոկտեմբերի 21 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 26-րդ՝ հոկտեմբերի 22 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 27-րդ՝ հոկտեմբերի 23 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 28-րդ՝ հոկտեմբերի 24 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 29-րդ՝ հոկտեմբերի 25