Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Հոկտեմբերի 21-ին․․․
08։30 ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ժամը 8:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի ինքնաթիռ։
10։00 Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է․ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը: Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում: Երեկ էլ նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտում է ոչ միայն հաստատված մարդասիրական հրադադարը, այլև խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է արգելված զինատեսակներ:
10։15 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այցի ընթացքում նախատեսվում են նախագահ Սարգսյանի հանդիպումները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Հանդիպումները տեղի են ունենալու նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ:
12։50 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Արցախի և Հայաստանի պաշտոնաթող նախագահները հանդիպել են` քննարկելու Արցախում սանձազերծված պատերազմն ու դրա հետևանքները։ Հանդիպումները պարբերական են լինելու»։
13։40 Հոկտեմբերի 19-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն հայտնեցին հանդիպել Մոսկվայում և բանակցել Ղարաբաղյան հակամարտության շուրջ: Հայտարարություններին հաջորդեցին տեղեկություններ այն մասին, թե Մոսկվայում ղեկավարների հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 22-ին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը, անդրադառնալով տեղեկությանը, նշել է, որ այն չի համապատասխանում իրականությանը: «Եթե Մոսկվայում կամ այլ քաղաքում նման հանդիպում նախատեսվի, հանրությունը այդ մասին կիրազեկվի»,- նշել է Գևորգյանը:
14։00 Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը հոկտեմբերի 7-ից գտնվում է Արցախում: Նա հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը, ստորաբաժանումների հրամանատարությունը ժամանակավորապես հանձնելով այլ անձանց, բժիշկների պահանջով ռեանոմոբիլով շտապ տեղափոխվել է Հայաստանի բժշկական կենտրոններից մեկի վերակենդանացման բաժանմունք:
14։35 Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու ցանկությունը։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Մենք լսել ենք հարցազրույցները (ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի)։ Ողջունում ենք Մոսկվա գալու և խաղաղության հասնելու նրանց ցանկությունը»,- ասել է Ռուդենկոն լրագրողներին և հավելել, որ անհրաժեշտ է դադարեցնել կրակը և վերջ տալ խաղաղ բնակչության տառապանքներին։
15։00 ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ նամակ է գրել մի շարք երկրների առաջին տիկնանց՝ Մելանյա Թրամփին (ԱՄՆ), Բրիջիտ Մակրոնին (Ֆրանսիա), Սոֆի Գրեգորի Թրյուդոին (Կանադա), Նադյա Չամին Աունին (Լիբանան), Հո Չինին (Սինգապուր), Դիանա Նաուսեդիենեին (Լիտվա), Ֆաբիոլա Անդրեա Յանեզին (Արգենտինա), Թրան Նյուգետ Թուին (Վիետնամ), Կիմ Սիմփլիս Բարոունին (Բելիզ)։
15։05 ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի լրումն երեկ հրապարակված հաղորդագրության, տեղեկացնում եմ. Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին այս անգամ մասնակցել են Հայաստանի հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը»:
15։20 Մոսկվայում կայացել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի առանձին-առանձին հանդիպումները։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հասնելու ու խնդրի կայուն կարգավորման հետ կապված հրատապ հարցերը։
15։45 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իրանական IRNA լրատվական գործակալությանը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ շրջանակն է: Իրանը, լինելով տարածաշրջանի կարևոր երկրներից, ունի և կարող է դեր խաղալ: Կարծում եմ՝ այս փուլում այդ դերը պետք է կենտրոնացնել ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ, և մենք ողջունում ենք Իրանի ցանկացած կառուցողական քայլ՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»,- ասել է Փաշինյանը
16։30 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 2 ԱԹՍ, 4 զրահատեխնիկա, կա 150 զոհ»:
17։20 Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության վաստակյալ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողություններին և ստեղծված իրավիճակին։
17։50 Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:
18։00 Ի շարունակումն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների և ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված Ռուսաստանի միջնորդությամբ տարվող աշխատանքների՝ հոկտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Վերահաստատելով Հայաստանի հավատարմությունը կրակի դադարեցման շուրջ հոկտեմբերի 10-ի Մոսկովյան համատեղ հայտարարությամբ և հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին՝ նախարար Մնացականյանը որպես առաջնահերթ նպատակ ընդգծեց վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը:
18։05 «Այսօր եւ այս ողջ ընթացքում բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունն ու փոխգործակցությունը։ Մենք զգում ենք Ռուսաստանի աջակցությունը որպես Հայաստանի եւ հայ ժողովրդի ռազմավարական դաշնակից։ Կա մշտական հաղորդակցություն մեր երկրների միջեւ եւ մենք հնարավորինս ամենաբարձր եւ արդյունավետ կերպով փոխգործակցել ենք եւ փոխգործակցում ենք այս իրավիճակից լուծում գտնելու համար»,-այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաեւ կուսակցություններին, ՀԿ-ներին, քաղհասարակության ներկայացուցիչներին կոչ արեց կամավորագրվել, զենք վերցնել ու գնալ ռազմաճակատ ու կանգնել հերոսների կողքին կամ նրանց տեղը եւ հասնել մեկ նպատակի՝ հաղթանակին։
18։50 Արցախի Տեղեկատվական շտաբը ներկայացրել է Ադրբեջանի ոչնչացված զինվորների քանակը՝ ըստ օրերի:
19։00 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 21-ին ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Երկրի ղեկավարն անդրադարձել է ստեղծված պատերազմական իրավիճակին և նշել, որ, հաշվի առնելով թշնամու նկրտումները, պետք է պատրաստվել երկարաժամկետ գործողությունների:
19։15 Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Նախագահ Սարգսյանը շատ կարևոր է համարել, որ միջազգային գործընկերներն ամբողջությամբ հասկանան հակամարտության էությունը և պատերազմը դադարեցնելու հստակ կոչ հնչեցնեն։ «Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից»,-ընդգծել է Հայաստանի նախագահը:
19։50 «Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտությանն ու պատասխանել հարցին, թե ինչ է ակնկալում գալիք ուրբաթ օրը ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ իր հանդիպումներից
21։00 ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է․ «Բարդ դիվանագիտական իրավիճակ է: Եվ մեր տեսակետը, որը կիսում են եվրոպական գրեթե բոլոր երկրները, մնում է այն, որ հակամարտության դադարեցումը ճիշտ ուղի է: Նրանց պետք է ասենք, որ դադարեցնեն կրակը: Յուրաքանչյուր երկիր պետք է հեռու մնա հակամարտությանը ներգրավվելուց, չտրամադրի ոչ վառելիք, ոչ ռազմական համակարգեր, ոչ աջակցություն: Եվ հենց այն պահին, երբ դիվանագիտական լուծումը բոլորի համար ընդունելի լինի, ապա հնարավոր է հասնել դրան: Դա այն է, ինչի մասին ես կխոսեմ նրանց հետ ուրբաթ օրը»։
21։45 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Մանե Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ վարչապետն իր այսօրվա ելույթում ընդգծել է, որ Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել ԼՂ հարցի փոխզիջումային լուծման եւ այսօր էլ պատրաստ է: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել նաեւ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպել Մոսկվայում: Հայաստանը պատրաստ է եղել եւ պատրաստ է ԼՂ հարցի խաղաղ կարգավորման և բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը»։
22։30 «Այսoր թեժ է եղել կենտրոնական ուղղությունը: Սկզբում հյուսիսում մարտական գործողություններն ընթացել են հետեւյալ կերպ: Հակառակորդը հարձակողական մի քանի փորձ է արել, հետ է մղվել: Հակառակորդին պատճառվել է զգալի կորուստ: Կիրառվել է ավիացիա, հիմնականում՝ մարտավարական ինքնաթիռներ, որոնք որեւէ կերպ հաջողության չեն հասել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ներկայացնելով իրավիճակն առաջնագծում՝ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Տեսանյութը՝ «Առավոտ»-ի։
23։00 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության դեմ ու Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը և հատկապես իր մտահոգությունը հայտնել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ:
23։55 Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է․ Օրվա ընթացքում Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանները դարձյալ հայտնվել են ադրբեջանական ագրեսիայի թիրախում: Մասնավորապես, ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և նույն շրջանի Հերհեր գյուղի ուղղությամբ, նյութական վնաս պատճառել խաղաղ բնակչությանը: Արդեն երկրորդ օրն է թշնամին ռազմական ավիացիա է կիրառում Մարտակերտ քաղաքի և հարակից գյուղերի ուղղությամբ: Այստեղ էլ էական վնասները շատ են: Օրվա ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չեն եղել:
23։55 Արցախի ԱԳՆ-ն հայտարարում է․ «ՀՀ-ն հետևողականորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների միջնորդությամբ հոկտեմբերի 10-ի և 17-ի հայտարարություններով համաձայնեցված կրակի դադարեցման պայմանավորվածությունների անվերապահ իրականացմանը: Մշտապես հանդես գալով հակամարտության ռազմական կարգավորումը բացառող դիրքերից՝ մեկ անգամ ևս շեշտում ենք, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ միջոցներով միջազգային մանդատ ունեցող ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»: