Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Հոկտեմբերի 23-ին․․․
09։00 Պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները: Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են Ասկերանը, իսկ կեսգիշերին՝ կրկին թիրախավորել Մարտունին: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը»:
09։30 Զոհվել է ԱԺ նախկին պատգամավոր, 1991-95-ին Մեղրիի ՆԳ բաժնի պետ, ՀԱԿ համակիր ու նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանը: Այս մասին ՖԲ իր էջում տեղեկացնում է Դավիթ Մաթեւոսյանի դուստրը՝ Հերմինե Մաթեւոսյանը. «Հայրս, որ իր կյանքը նվիրել էր ազատ ու երջանիկ Հայաստանի կերտմանը, զոհվեց հանուն Հայաստանի»:
09։55 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։ Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով Ա.Սախարով 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում ևս հրդեհ չբռնկվի։ Նախնական տվյալներով՝ թշնամին այս ուղղությամբ կրակ է բացել «Գրադ» կայանքից։ Մարդկային կորուստներ չկան։ Լուսադեմին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերն են հայտնվել Ադրբեջանի թիրախում։ Այստեղ կիրառվում են սմերչ տեսակի հրթիռներ։ Այս պահին ևս Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կարմիր Շուկան, հրթիռակոծվում են սմերչով»։
11։30 Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում կասետային սպառազինություն է կիրառել քաղաքացիական բնակչության բնակության վայրերում։ Այս մասին հայտարարել է Human Rights Watch կազմակերպությունը։ Լեռնային Ղարաբաղում հոկտեմբերին կազմակերպության կատարած հետաքննության արդյունքներով՝ արձանագրվել է կասետային զինատեսակների կիրառման 4 դեպք, որի վերաբերյալ կազմակերպությունը համապատասխան զեկույց է հրապարակել։
11։50 Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, 31 ներկայացուցիչների համահեղինակությամբ, Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ:
12։20 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ անում է ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համար, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
12։40 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Ադրբեջանի զինտեխնիկայի ոչնչացումը պատկերող տեսանյութ է հրապարակել:
13։15 Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Զրույցի ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում:
13։35 Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ։ Որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերին հետ ենք շպրտում ելման բնագծեր»։
14։20 Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 4 ԱԹՍ, 8 զրահատեխնիկա, կա 80 զոհ:
15։40 Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում հայերն այսօր բազմամարդ հանրահավաք են անցկացրել Եվրոպայի խորհրդի շենքի առջեւ: Մեկ րոպե լռությամբ զոհված զինծառայողների հիշատակը հարգելուց հետո՝ ցույցի մասնակիցները բացականչում էին՝ «Ստոպ տեռորիզմ», «Արցախ», «Ֆրանսիան հայերի բարեկամն է», «Ալիեւ, Էրդողան ահաբեկիչ»: Պաստառների վրա էլ գրված էր՝ «Ձեր լռությունը հանցագործություն է», «Արցախը Հայաստան է», «Ճանաչե՛ք Արցախը»:
16։10 Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայ ռազմագերիներին ստիպողաբար խոսեցնելը թշնամու անզորության հստակ ցուցիչն է։ Չէ պատերազմը թեթև չէ, խաղ ու պար չէ, բայց թշնամին էլ հաստատ փայլուն արդյունքներ չունի»։
17։00 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի Դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում: Հաշվի առնելով այդ ամենը, խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ»։
17։40 Արցախի ԱԻՊԾ-ն հայտարարում է․ «Կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։ Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։ Ի դեպ, ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։ Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա»։
20։10 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վարչապետը տեսակցել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում վիրավորված զինծառայողներին:
20։45 ԱՄՆ Կոնգրեսի 50 անդամ դիմել է պետքարտուղար Մայք Պոմպեոին՝ պահանջելով ընդհանուր Մագնիտսկու ցուցակ կազմել Ադրբեջանի դեմ։
20։55 Հոկտեմբերի 23-ին աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյին:
21։20 ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Քիչ առաջ ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ»:
21։40 Մարտունին և Ստեփանակերտը ռմբակոծվում են, հայտնում է հայկական միասնական տեղեկատվական հարթակը: Ավելի վաղ նշվում էր, որ Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը:
21։45 «Տեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ, որ իսկապես լավ առաջընթաց կա»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ «Մենք բանակցում ենք Հայաստանի հետ։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք նրանց հետ։ Նրանք շատ լավ մարդիկ են»,- ասել է Թրամփը, սակայն հրաժարվել է մեկնաբանել, թե արդյոք հեռախոսազրույց ունեցել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ։ «Չեմ ուզում այդ մասին խոսել»,- նշել է նա։
22։30 Թշնամական ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խատելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն այս պահին կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ:
23։30 ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցում ներկայացնելով իրավիճակը ռազմաճակատում՝ տեղեկացրեց, որ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները ռազմաճակատի տարբեր ուղղություններով: «Բացի ռազմաճակատում տիրող մարտական գործողություններից՝ նաեւ օրվա ընթացքում հրթիռակոծվել են Արցախի տարբեր բնակավայրերը, այդ թովում՝ Մարտակերտ եւ Բերձոր քաղաքները՝ հարակից բնակավայրերով, 3 արկ ընկել է Բերձորի տարածաշրջան: Օրվա ընթացքում հատկապես թեժ են եղել կենտրոնականից հարավ ընկնող Շեխեր, Ջիվանիկ եւ հարակից գյուղերում դիվերսիոն ներթափանցման գործողություններ իրականացրած ադրբեջանական հրոսակախմբերի եւ դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները: Այս ուղղությամբ կոնկրետ կան հստակ հաջողություններ: Լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրը՝ իր հարակից անտառներով, որոշ տեղերում դեռ այդ աշխատանքները շարունակվում են»,-հայտնեց ՊՆ ներկայացուցիչը:
23։40 Հրետակոծվել է նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։ Վիճակն ըստ բժիշկների` բավարար է։ Կան նաև նյութական մեծ վնասներ։ Հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն։
23։45 Հակառակորդն ինքնաթիռից կրկին հարվածել է Ստեփանակերտին: Վնասվել են բնակելի տուն և հարակից գազատարը: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
23։55 Հոկտեմբերի 23-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարար նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանին։ Զրուցակիցները համակարծիք էին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը հնարավոր է միջազգային մանդատով օժտված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: