44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 31-րդ՝ հոկտեմբերի 27
copy image url

44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 31-րդ՝ հոկտեմբերի 27

Ներքին 7 ամիս առաջ - 22:20 27-10-2024
Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Հոկտեմբերի 27-ին․․․

08:00
Հոկտեմբերի 26-ի լույս 27- ի գիշերը Արցախի բոլոր բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Իսկ Ասկերանի վերին ենթաշրջանում, ընդհանուր առմամբ, կայուն լարվածությունը դեռ պահպանվում է։ Հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

08։30
«Մենք պետք է մեկ բռունցք դառնանք: Տղանե՛ր, մենք ապավինում ենք ձեզ և հավատում ենք ձեր անկոտրում ուժին, որ բերելու է մեր խաղաղությունը, մեր վաղվա լուսավոր օրը Արցախում, Հայաստանում և ամեն հայի սրտում»,- ասում է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:


09։05
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր: Երեկոյան թշնամական ուժերը ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը խոցվել է ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունի, Մարտակերտ քաղաքն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կատարել առաջադրված մարտական խնդիրը՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահպանելով վերահսկողության ներքո: Հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը։


10։00
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետով և 94-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ստորագրել եմ հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:
Իսկ մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ նրան շնորհելով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա»:


10։30
Թշնամին շարունակում է կրել մարդկային և զինտեխնիկայի կորուստներ. Պաշտպանության բանակը տեսանյութ է ներկայացրել։


11։20
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:
Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ»:

11։45
ԱՀ նորանշանակ պաշտպանության նախարար Միքայել Արզումանյանը խոստանում է անել առավելագույնը ժողովրդի ակնկալիքներն արդարացնելու համար։


12։30
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ: Կան վիրավորներ»:

13։05
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ հարավային ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով զգալի վնասներ և կորուստներ: Հակառակորդը սահմանի տվյալ հատվածում օգտագործում է ԱԹՍ-ներ»:

13։35
«Ունենք պետական դավաճանության, լրտեսության դեպքեր, զինծառայողների շրջանում կեղծ և ստահոդ լուրերի տարածման դեպքեր, իրականացնում են աշխատանքներ հսկիչ անցակետերի, կիբերհանցագործության ուղղություններով»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը:

13։55
Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեր հերոս Հովհաննիսյան Ալբերտի հայրը՝ Արտակը շարունակում է բոլորիս ապշեցնել իր բացառիկ տեսակով։ Սա իր անձնական մեքենան է, որը ինքը նվիրում է բանակին։ Խոնարհումս, հերոսի հայր, բացառիկ հայորդի»։



14։20
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրեր. մինչդեռ ադրբեջանական կողմը ջանադրաբար հերքում է»:


14։50
ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պիտի կռվենք, ձեր ցավը տանեմ։ Բոլորս պիտի կռվենք։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Եթե չկռվենք, հայրենիքը մեր աչքի առաջ մետր-մետր մաշվելու է, մենք կորցնելու ենք մեր արժանապատվությունն ու անկախ ազգ լինելու իրավունքը և նզովվելու ենք սերունդների կողմից։ Էնպես որ՝ պիտի կռվենք։
Վերակազմակերպվենք, լուծենք եղած խնդիրները, հաղթահարենք ինքներս մեզ և կռվենք։ Եվ հաղթանակը մերն է լինելու։
Հաղթելու ենք»:


15։00
Արցախի ՄԻՊ-ն ամփոփել է Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին հասցված վնասները հոկտեմբերի 26-ի դրությամբ։


15։15
Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում Թուրքիայի ներգրավման հարցում կարևոր է միայն պատերազմող կողմերի՝ Ադրբեջանի և Հայաստանի տեսակետը․ միայն նրանք կարող են համաձայնության գալ կամ ցանկանալ այս կամ այն ​​պետության մասնակցությունը կարգավորման գործընթացին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով այն հարցին, թե Կրեմլում ի՞նչ են մտածում հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում Թուրքիայի հնարավոր մասնակցության վերաբերյալ։

16։00
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրամանատարական կազմի հետ քննարկել է ՀՀ հարավային սահմանում առկա օպերատիվ իրադրությունը եւ առաջիկա քայլերն ու խնդիրները: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Առավոտյան, ժամը 10:00-ից 10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով եւ հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: ԱԹՍ-ներից մեկն ընկել է ՀՀ տարածքում:

16։10
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մեր բանակի թիկունքն ամուր պահելու նպատակով անհրաժեշտ է ապահովել արյան պաշարների բավարար քանակ: Արյունատվության համար խնդրում ենք անձնագրով մոտենալ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ ք. Երևան, Մուրացան 113 յուրաքանչյուր օր ժամը 10:00-ից 14:00-ն:


16։25
ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության եւ Զինված ուժերի միջեւ հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը: Առավելեւս ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը եւ շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները:
ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը քաղաքական եւ մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից եւ գործողություններից:
ՀՀ Պաշտպանության նախարարություն
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբ

17։00
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չե՞ք տեսնում՝ պատասխանեց.
«Առաջին իսկ օրվանից բոլոր հնարավոր ուղղություններով կատարվում են աշխատանքներ: Այդ աշխատանքները կատարվում են՝ ի հեճուկս ամեն ինչի, որեւէ բան հաշվի չի առնվում, նկատի ունեմ՝ ինչ-որ մեկին ավել մի բան խնդրելու, մի քանի ժամ կամ մի ամբողջ օր ավել աշխատելու: Որեւէ բան չի խանգարում ու բոլոր ուղղություններով աշխատանք տարվում է: Մեր ազգի ցանկությունները հաճախ չէ, որ համընկնում են:
Ինչ վերաբերում է դաշնակիցներին, կոնկրետ երկրներին, մենք ունենք մի գործընկեր, որը մեզ ամեն ձեւով աջակցում է: Այդ աջակցությունը դուք ինքներդ տեսնում եք՝ հայտարարությունների, նույնիսկ ուղիղ խոսքի ձեւով, դա ՌԴ-ն է, ինչպես նաեւ կարող եմ նշել Ֆրանսիայի մեր գործընկերների աջակցությունը եւ ԱՄՆ-ի աջակցությունը, որը դուք նույնպես տեսնում եք: Մնացածը ասել այս պահին չեմ կարող»:


17։30
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել վարձկան-ահաբեկիչներին։


18։30
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակում է իրականացվել, կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք: Ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել նշված ուղղությամբ»:

19։05
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ներկա է եղել խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Իրանի արտգործնախարարը նշել է, որ Թեհրանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջնական կարգավորման ծրագիր է մշակել, որը կներկայացվի այսօր-վաղը։


19։30
Ադրբեջանական կասետային հրթիռի հարվածից Ննգի գյուղում վիրավորվել է երեք կին. Արցախի ՄԻՊ


19։45
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցներ է ունեցել, որոնց ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և կոչ է արել կատարել հրադադարի պահպանման պարտավորությունները։
«Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն առանձին զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հակամարտությունը ռազմական լուծում չունի», – ասվում է Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ:


20։00
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն կառավարությունում հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ հակառակորդի գործողությունների դեմ պայքարին միտված քայլերը:


20։25
Կեսօրին հրետանի է կիրառվել Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի վրա, կան բազմաթիվ ավերածություններ: Հետկեսօրին թշնամին ռազմական ավիացիայով ռմբակոծել է Մարտունի քաղաքը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտներ: Մարդկային կորուստներ չկան: Այստեղ ևս նյութական վնասները շատ են: «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրթիռակոծվել է նաև Մարտունու շրջանի Ննգի գյուղը: Կասետային ռումբերի հարվածի հետևանքով երեք կին վիրավորում է ստացել: Ամբողջությամբ ավերվել է մեկ տուն, տարբեր աստիճանի վնաս է հասցվել համայնքի այլ տների ու ենթակառուցվածքների ևս:
Հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։


20։50
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին


22։10
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է քարտեզ, որում պատկերված է իրավիճակը ռազմաճակատում։


22։25
«Առավոտյան ադրբեջանական զինված ուժերը նորից շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով, միաժամանակ մի քանի բնակավայրերի խաղաղ բնակիչների նկատմամբ կիրառվել են հրետակոծություններ, որոնց վերաբերյալ Արցախի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալները հաղորդվել են:
Մարտական գործողությունները եղել են հյուսիսային ուղղությամբ, համեմատաբար ավելի թեթեւ լարվածությամբ նույն ժամանակ շարունակվել են մի շարք գյուղերի ուղղությամբ: Դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է՝ հիմնականում բնակավայրերին մոտ անտառներում»,- Միասնական տեղեկատվական կենտրոնում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

23։30
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Երևանի և Բաքվի միջև հրադադարի ռեժիմի խախտումից: ԱՄՆ նախագահն այս մասին հայտարարել է լրագրողների հետ զրույցում: Թրամփը նշել է, որ հակամարտությունը շարունակվում է շատ երկար ժամանակ, ապա հավելել է. «Ահա, թե ինչ է տեղի ունենում, երբ կան երկրներ, որոնք այդ ամենի մեջ են երկար ժամանակ: Այո, դա հիասթափեցնող է»: Այնուամենայնիվ ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը կկարգավորվի:

23։45
Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում։ Հաղորդվում է, որ կողմերը ի թիվս Լիբիայում և Սիրիայում տիրող իրավիճակի, քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։ Ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև Մերձավոր Արևելքից զինյալների գնալով ավելի մասշտաբային դարձող ներգրավվածության կապակցությամբ։


23։55
Հոկտեմբերի 29-ին նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ժնևում:


Կարդացեք նաև՝
Պատերազմի քրոնիկան. օր առաջին՝ սեպտեմբերի 27
Պատերազմի քրոնիկան. օր 2-րդ՝ սեպտեմբերի 28
Պատերազմի քրոնիկան․ օր 3-րդ՝ սեպտեմբերի 29
Պատերազմի քրոնիկան․ օր 4-րդ՝ սեպտեմբերի 30
Պատերազմի քրոնիկան․ օր 5-րդ՝ հոկտեմբերի 1
Պատերազմի քրոնիկան․ օր 6-րդ՝ հոկտեմբերի 2
Պատերազմի քրոնիկան․ օր 7-րդ՝ հոկտեմբերի 3
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 8-րդ՝ հոկտեմբերի 4
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 9-րդ՝ հոկտեմբերի 5
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 10-րդ՝ հոկտեմբերի 6
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 11-րդ՝ հոկտեմբերի 7
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 12-րդ՝ հոկտեմբերի 8
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 13-րդ՝ հոկտեմբերի 9
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 14-րդ՝ հոկտեմբերի 10
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 15-րդ՝ հոկտեմբերի 11
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 16-րդ՝ հոկտեմբերի 12
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 17-րդ՝ հոկտեմբերի 13
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 18-րդ՝ հոկտեմբերի 14
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 19-րդ՝ հոկտեմբերի 15
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 20-րդ՝ հոկտեմբերի 16
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 21-րդ՝ հոկտեմբերի 17
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 22-րդ՝ հոկտեմբերի 18
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 23-րդ՝ հոկտեմբերի 19
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 24-րդ՝ հոկտեմբերի 20
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 25-րդ՝ հոկտեմբերի 21
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 26-րդ՝ հոկտեմբերի 22
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 27-րդ՝ հոկտեմբերի 23
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 28-րդ՝ հոկտեմբերի 24
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 29-րդ՝ հոկտեմբերի 25
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 30-րդ՝ հոկտեմբերի 26

Ամենից շատ դիտված

23:03 Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա
20:17 Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան
21:00 Չգնա՞նք քաղաքից դուրս․ Հրազդանի տրանսպորտը «լևի» ռեյսեր է անում
22:30 Կոռուպցիա է, որ վարչության պետը կապ ունի ավտոբուսների մրցույթում հաղթած ընկերության հետ․ հարցում
20:30 Ձերբակալությունները պատվեր են․ Նիկոլն ուզում ա` մարդկանց ճնշի, գաղափարը ոչնչացնի․ հարցում
09:08 Կլինի խաղաղություն կամ շատ ավելի մեծ ողբերգություն. Թրամփը՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածների մասին
23:15 Բուժաշխատողի օրը. Գյումրին դարձել է համերգների ու փառատոնների քաղաք
14:24 Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության. Գարեգին Բ
16:09 Գերագույն դավաճանը կատաղում ու հրահանգում է… առգրավվել է Դավիթ Համբարձումյանի մեքենան. Ռուբեն Մելիքյան
12:50 Իրանում երկրաշարժ է գրանցվել