Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Նոյեմբերի 1-ին․․․
09։00 Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներով թարմացվել են սեպտեմբերի 27-ից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետևանքների վերաբերյալ տվյալները: Մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 45 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 37 տղամարդ:
09։20 Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է․ Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն անհանգիստ է եղել Արցախի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում։ Քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։ Ռմբակոծության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։ Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը վերսկսվել է նաև լուսաբացին։ Գիշերը հրետակոծվել է Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Գրադ և սմերչ կայանքներից թշնամին կրակ է բացել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն եղել։ Նյութական վնասների չափը ճշտվում է։
10։30 Արցախի ՊԲ-ն հայտնում է․ Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են հարավ-արևմտյան, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում: Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես հրթիռահրետանային հարվածներ հասցնելով Մարտունի, Շուշի քաղաքներին և Քարին տակ գյուղին: Նշված ուղղությունների վրա աշխատող հակառակորդի կրակային դիրքերին ՊԲ ստորաբաժանումների կողմից հասցվել են թիրախային հարվածներ: Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում, սակայն, խոցվելով բանակային ուժերի կողմից և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ են շպրտվել: Առավոտյան թշնամական ուժերը վերսկսել են հարձակողական գործողությունները՝ միաժամանակ շարունակելով հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը: ՊԲ-ն լիակատար վերահսկողություն է պահպանում ճակատային գծի ամբողջ երկայնքով՝ վերահսկելով թշնամու բոլոր շարժերն ու ըստ անհրաժեշտության վերջինիս հասցնելով նպատակային հարվածներ:
10։50 ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում, սակայն, խոցվելով բանակային ուժերի կողմից և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ են շպրտվել»: Սա շատ կարևոր լուր է, բայց ամեն ինչ հիանալի չէ։ Պատերազմը շարունակվում է իր բոլոր ծանրություններով։ Երեկվա բրիֆինգից հետո նորից նկատեցի չարդարացված ծայրահեղ էմոցիաներ։ Ամեն ինչ կատաստրոֆիկ չէ և առավել ևս հիանալի չէ։ Պատերազմ է և մեր ողջ ներուժը պետք է կենտրոնացնել, պայքարը դժվար է ու պետք է դնել առավելագույնը»։
11։05 ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել․ «Արցախում ապաստարաններ տեղափոխված կանայք ու ռազմաճակատ չմեկնած տղամարդիկ զինվորների համար քնապարկ, հագուստ են կարում»։
12։40 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ադրբեջանական բանակի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները ներկայացնող ինֆոգրաֆիկա է հրապարակվել։
14։50 Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերում և բերելու է Ադրբեջանին և Ադրբեջանի հանրությանը․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցը Al Jazeera հեռուստաալիքին։
15։40 Արցախի ՊԲ-ն հայտնում է․ Քիչ առաջ ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն:
16։20 Օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։ Մարտունի քաղաքը և շրջանի հարակից գյուղերը ենթարկվել են ավիառմբակոծությունների։ Տուժածներ չկան, իսկ ավերածությունների հետևանքով վնասների չափը ճշտվում է։ Կեսօրին տարբեր զինատեսակներից, հիմնականում գրադի և սմերչի կայանքներից թշնամական ուժերը հրթիռակոծել են Շուշի քաղաքը, բազմաթիվ ավերածությունների կողքին մասնակի վնասվել է նաև բերդաքաղաքի պարսկական «Գոհար աղա» մզկիթը։ Ռազմական ավիացիա կիրառվել է նաև Մարտակերտում։ Քաղաքը հերթական անգամ ենթարկվել է ռմբակոծության։ Այստեղ ևս քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։ Պայթյուններ հնչել են նաև Ստեփանակերտում։ Տուժածներ չկան։ Օրվա ընթացքում միայն մայրաքաղաքում 7 անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։
19։15 ԱՀ հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի ուղերձը․ «Սիրելի հայ ժողովուրդ, Վստահ եմ, որ Արցախի Հանրապետության զինված ուժերը, մայր Հայաստանի և ի սփյուռս աշխարհի հայության հետ մեկտեղ կարողանալու ենք ևս մեկ անգամ հակահարված տալ ոխերիմ թշնամուն և ապացուցել, որ մենք հաղթելու ենք, քանզի միաբան ենք, հաղթելու ենք, քանզի դատապարտված ենք հաղթանակելու: Չափից շատ է արյուն հեղվել, չափազանց մեծ են կորուստները: Քաջ հայորդիների սխրանքներն անգնահատելի են: Նրանց վառ հիշատակը, այսօր ոսոխի դեմ կանգնած մարտիկների ազգանվեր պայքարը, թիկունքում մեր հայրենակիցների համախմբված օգնությունը թույլ չեն տալիս, որ որևէ հայի մտքով անգամ անցնի և վստահ եմ, որ չի էլ անցնում, որ հնարավոր է վերադառնալ Ադրբեջանի իրավասության տակ: Չի՛ եղել և չի՛ լինելու»:
20։05 ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես է հայկական կողմը, հակառակորդին ոչնչացնելուց հետո, առգրավվել է ադրբեջանական կողմի հրամանատարական մեքենան:
21։00 «Լիբանանի հայ համայնք» ֆեյսբուքյան էջը հայտնում է․ «103 տարեկան Քնարիկ Մարկոսեան (Պըրպենք, Ամերիկա) $1 միլիոն նուիրած է «Հայաստան» համահայկական հիմնադրամին»։
23։30 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը խորհուրդ չի տալիս այլ աղբյուրներում հրապարակված՝ ռազմաճակատի իրադրության վերաբերյալ քարտեզներին հետեւել: «Դրանց մեծ մասը կարող են ունենալ առարկայական անճշտություններ՝ տարբեր ուղղությունների վերաբերյալ: Հետեւեք մեզ: Մենք տալիս ենք վստահելի տեղեկություն»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա, շեշտելով՝ ռազմաճակատից պարբերաբար հաղորդվող տեղեկություններում նշված հաջողությունների առնչությամբ ավելորդ «էյֆորիա» պետք չէ դրսեւորել, որովհետեւ պատերազմը շարունակվում է. «Եւ հակառակը՝ դիրքերի կորուստն այս կամ այն հատվածում ճակատագրական չէ: ԶՈՒ-ն վերահսկում է իրավիճակը, ամեն օր ուժեղանում: Հաղթելու ենք»: