Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Նոյեմբերի 7-ին․․․
09։00 ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ ժամը 6:45-ի սահմաններում խոցել են հակառակորդի ԱԹՍ:
10։05 Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է․ Խաղաղ բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել։ Կեսգիշերից հետո Շուշիից բացի, Ստեփանակերտում և մյուս քաղաքներում հարաբերական հանգիստը պահպանվել է։ Իսկ բերդաքաղաք Շուշին պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։
10։30 Արցախի ՊԲ-ն հայտնում է․ Նոյեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: Առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում: Բանակային ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրել են թշնամական ուժերի հարձակման բազմակի փորձերը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ մարդկային ուժ: Նշված ժամանակահատվածում առանձնահատուկ արդյունավետությամբ աչքի են ընկել հատկապես ՊԲ հրետանային ստորաբաժանումները: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: Անփոփոխ է մնացել նաև մարտական գործողություններին զուգահեռ հանրապետության խաղաղ բնակավայրերը հրթիռահրետանային կրակով թիրախավորելու՝ թշնամական ուժերի մարտավարությունը: Հարավ-արևելյան և հարավային ուղղություններում յուրային ուժերի կողմից խոցվել է նաև թշնամական ուժերի անձնակազմ տեղափոխող 2 միավոր ավտոտեխնիկա և 4 ԱԹՍ: Թշնամական ուժերի կողմից հարձակման փորձերը հիմնական ուղղություններում շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները անհրաժեշտ միջոցառումներ են իրականացնում դրանք կասեցնելու, հակառակորդի խմբավորումների հայտնաբերման և կրակային խոցման ուղղությամբ:
10։55 Ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ հերթական կեղծիքն է տարածում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին, թե իբր վերջինս վիրավորվել է: Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները:
11։20 ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Սիրելի տիկնայք, կողմնորոշվե՛ք, խնդրում եմ։ Եթե պատրաստ չէիք պատերազմի, պետք էր միանալ խաղաղության արշավին, ոչ թե քարկոծել այն։ Եթե այդ արշավը ձեր սրտով չէր, կամ անտարբեր էիք դրա նկատմամբ, նշանակում է՝ պատրաստ էիք պատերազմի։ Եթե պատրաստ էիք, ուրեմն հենց հիմա է պահը, երբ պետք է ապացուցենք, որ հայ կինը այլեւս այն թույլ արարածը չէ, որին կարելի է իր երեխայի աչքի առաջ սրախողխող անել, անապատներում սովամահության մատնել, խաչել, նվաստացնել։ Հայ կինը այսուհետ կտիրապետի զենքին ու հայ տղամարդուն հավասար կպաշտպանի ե՛ւ իրեն, ե՛ւ իր երեխային, ե՛ւ իր հայրենիքը։ Մենք ո՛չ հայրենիք եւ ո՛չ էլ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու։ Մենք մեր անմահացած հերոս զավակներին հաղթական ու հզոր հայրենիք ենք պարտք, եւ դա բոլորի՛ս պարտքն է։
12։25 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հակառակորդի կորուստների վերաբերյալ ինֆոգրաֆիկա է հրապարակվել․ վերջին տվյալներով խոցվել է ևս 5 ԱԹՍ, 13 զրահատեխնիկա, կա 105 զոհ:
13։00 La Libre Belgique- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրել է Ռուսաստանի աջակցությունը Հայաստանի անվտանգությունը երաշխավորելու համար: Ի՞նչ դեր կարող է խաղալ Ռուսաստանը: – Ռուսաստանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում: Նա Մինսկի խմբի անդամ է և լավ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Նա, ի հակադրություն Թուրքիայի, կարող է միջնորդ լինել: Բայց Ռուսաստանը նաև հասկանում է, որ Թուրքիան իր դերն ունի խաղալու: Եթե Թուրքիան օգտագործի իր ազդեցությունը և ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, հնարավոր կլինի հրադադար հաստատել:
13։50 Արայիկ Հարությունյանը գրում է․ Սիրելի ՛ հայրենակիցներ, Այսօր ընդունել եմ Աբխազիայի հայ համայնքի կամավորական ջոկատների ներկայացուցիչներին, ովքեր հայրենի հողի կանչով Արցախում են: Տղաները եկել են՝ քաջ գիտակցելով ստեղծված իրավիճակը, եկել են իրենց եղբայրների հետ թշնամու դեմ մարտի դաշտում կռվելու և Հայրենիքի պաշտպանության սուրբ գործում իրենց անձնական ներդրումն ունենալու: Ընդհանրապես, ոգևորող է, որ այս օրերին մեզ են միանում սփյուռքահայ մեր հայրենակիցները: Ոսոխին հետ շպրտելու գործում մեր հաջողության իրական գրավականը միմյանց թև ու թիկունք լինելն է:
17։50 Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Արցախից ժամանակավորապես հեռու գտվող իմ սիրելի՛ հայրենակիցներ։ Խուճապի մի մատնվեք։ Ամեն ինչ վերահսկողության տակ է։
18։00 ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆեյսբուքյան էջը հայտնում է. Ստեփանակերտը՝ թշնամու թիրախում։ Քաղաքը հրթիռակոծվում է գրադի և սմերչի կայանքներից։ Տուժածների մասին տվյալներ առայժմ չկան։
18։10 ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ո՛չ մի կորուստ, ո՛չ մի նահանջ դեռ պարտություն չէ, ամեն ինչ կորցրած չէ, եթե գիտակցությունդ պայքարում է։ Շուշիի շրջակայքում մարտերը շարունակվում են։ Վերջ տվեք անհարկի քննարկումներին։
19։40 ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ծանր մարտեր են ընթանում հյուսիսում՝ Մարտունու ուղղությամբ, Շուշիից հարավ մեր զորքերը հաջողություններ ունեն։ Այսքանից հետո եթե մի տեղ էլ բարդ է իրավիճակը, ապա դա չի նշանակում, որ ոմանք աղմուկ պիտի բարձրացնեն, խոսեն բացասական բաներից։
20։55 ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին լուրը ապատեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը:
21։15 ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Անմիջապես Շուշիի մերձակայքում ծանր մարտերը շարունակվում են։
22։40 «Ռազմաճակատի տարբեր հատվածներուն ընթանում են մարտեր, որոնք չեն դադարում՝ գիշեր, թե ցերեկ, մասնավորապես Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում, ճանապարհների ուղղությամբ թշնամուն հաջողվել է մոտենալ, եւ մարտերը չեն դադարում: Ես նշել եմ, որ մենք պաշտպանեցինք Շուշին, բայց ինչպես երեւում է, հակառակորդը նոր միջոցներ եւ ուժեր ներգրավելով՝ շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունն իրականացնելու պլանները: Մեր զորքը համառորեն դիմադրում է թեւերին, թիկունքին, բայց մարտերը համառ են եւ շարունակական, ծանր մարտեր են ընթանում, որպեսզի Շուշին դիմակայի, մնա կանգուն: Փաստորեն արդեն երրորդ օրը շարունակվում են մարտերը»,- Միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով, մարտեր են ընթանում նաեւ Շուշիին մոտեցող ուղղություններում՝ Քարինտակ, Լիսագոր եւ այլ հատվածներում. «Երբ այս ծանր մարտերն ընթանում են, եւ Շուշին պայքարում է մինչեւ վերջ, հայ զորականը պայքարում է, մեր բոլորիս պարտքն է հավատալ եւ վստահել հայ զինվորականին, ուստի տեղին չեն որեւէ տեսակի այլ դիտարկումները, խուճապային տրամադրությունները, տարհանման մասին մտքերն ու խոսակցությունները՝ նահանջի մասին: Ոչինչ, մենք դիմադրում ենք, դիմադրում ենք հերոսաբար, եթե անգամ նահանջում ենք, պետք է պահենք մեր մարտունակությունը: Զորքը պետք է պահի իր մարտունակությունը, որպեսզի իր դիմադրությամբ անգամ հաջորդիվ հաղթանակները կարողանա կռել»:
23։00 Ժամը 20:00-ից Հայ հեղափոխական դաշնակցության գրասենյակում մոտ 2 տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարներ և ներկայացուցիչներ քննարկում են Արցախում ստեղծված իրավիճակը։ Խորհրդարանական ուժերից քննարկմանը մասնակցում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Քննարկումն այս պահին դեռ շարունակվում է։ Հավանաբար առաջիկա ժամերին կուսակցությունները հանդես կգան հայտարարությամբ, որում կոնկրետ ձևակերպված պահանջ կլինի` ուղղված Հայաստանի իշխանություններին։
23։55 Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ՖԲ էջում հրապարակվել է այս տեսանյութը: