Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Նոյեմբերի 8-ին․․․
00։05 Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ՖԲ էջում հրապարակվել է այս տեսանյութը:
08:00 Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է․ Պատերազմական գործողություններին զուգահեռ թշնամական կողմը շարունակում է հեռահար հրթիռներով ավերել խաղաղ բնակավայրերը։ Ստեփանակերտում վերջին մեկ ժամվա ընթացքում երեք անգամ միացել է տագնապի ազդանշանը։ Թշնամին ոչ թիրախային հարվածներ է հասցնում բնակելի թաղամասերի ու հանրային նշանակության օբյեկտների վրա։ Տուժածներ չկան։ Ավերածությունները շատ են։
08։45 ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանելով․ Սիրելի ՛ հայրենակիցներ, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դիմավորել եմ կյանքիս ամենածանր լուսաբացներից մեկը… Մեր Հայրենիքի պաշտպանների հետ կանգնած ենք մինչև վերջ: Կենաց-մահու պայքարը շարունակվում է:
09։10 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը հանգամանորեն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Ռուսաստանի նախագահը Թուրքիայի իր գործընկերոջը տեղեկացրել է, որ հեռախոսային շփումներ է ունենում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ: Այդ կապերն ուղղված են ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման ուղիների և քաղաքական-դիվանագիտական կարգավորման որոնմանը:
09։35 Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է․ Շուշին շարունակում է մնալ թշնամական կողմի անհասանելի երազանքը։ Թեպետ քաղաքում ավերածությունները բազմաթիվ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին։
10։20 ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է․ Նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում: Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը: Տարբեր ուղղություններում ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է թշնամու մեծաթիվ կենդանի ուժ, 4 տանկ, 20 միավոր այլ զրահատեխնիկա, 11 միավոր ավտոտեխնիկա, 2 ԱԹՍ: Մարտական գործողություններին զուգահեռ հակառակորդը հրթիռահրետանային համակարգերվ թիրախավորել է նաև մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Լուսադեմին դիտարկվել են հակառակորդի տեխնիկայի և անձնակազմի կուտակումներ ճակատային գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում: Բանակային ստորաբաժանումները վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում կրակային խոցման ուղղությամբ:
10։50 ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը կճանաչի Հայոց Ցեղասպանությունն ու կմիջամտի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին գրված է նրա գրասենյակի տարածած պաշտոնական փաստաթղթում: Ջո Բայդենի նախընտրական քարոզարշավի ընթացքում, դեռևս հոկտեմբերի 16-ին, տարածվեց նրա գրասենյակի հայտարարությունը՝ ներկայացնելով Բայդենի և նրա վարչակազմի դիրքորոշումը հայերի համար ամենաառաջնային հարցերի շուրջ։ Ըստ «Ջո Բայդենի աջակցությունը հայ ժողովրդին» փաստաթղթի՝ Բայդենը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ մարդու համընդհանուր իրավունքները հռչակելով իրենց վարչակազմի համար գլխավոր առաջնահերթություն, որպեսզի նմանատիպ ողբերգություն այլևս երբեք չկրկնվի։ Ջո Բայդենն ավելի կամրապնդի ԱՄՆ-Հայաստան գործընկերությունը՝ հայ ժողովրդի կյանքը բարելավելու համար։
11։00 ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ծանր ու վճռական մարտեր են Շուշիի համար, հաղթանակ մեր հերոսներին:
11։30 ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ ժամը 9:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ:
12։30 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Ուկրաինա 24» հեռուստաընկերությանը.
13։05 ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Շուշիում մարտերը շարունակվում են, սպասեք ու հավատացեք մեր զորքին։
14։30 ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ մեկնաբանելով․ «ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 13:40-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են թշնամու հերթական բայրաքթարը»:
15։15 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներն են հրապարակվել՝ ինֆոգրաֆիկայի տեսքով:
18։05 «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել․ Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ասում է․ «Շուշիում մաքրման աշխատանքներ են կատարվում․ պատմության մեջ քաղաքը շատ է վառվել ու նորից ոտքի կանգնել»։
18։50 Արցախի ազատամարտիկների միության Բերձորի բաժանմունքի ղեկավար Հարություն Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ՊԲ N ստորաբաժանման և Քաշաթաղի շրջանի մի խումբ պահեստազորայինների և աշխարհազորի հետ այսօր առավոտյան Բերձորի ուղղությամբ առաջնագծի երեք թևերով անցել ենք գրոհի։ Թշնամու դիվերսիոն խմբերը հերթով հայտնաբերվում և ոչնչացվում են։ Մեր հրետանու դիպուկ համազարկերը ահ ու սարսափ են առաջացրել նրանց մոտ, ունեն զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Սպասեք հաղթական լուրերի։ Թուրքը Բերձոր ոտք չի դնելու։
19։05 ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Շուշի քաղաքում և մերձակայքում մարտեր են գնում։ Սպասեք պաշտոնական տեղեկությունների, զերծ մնացեք գնահատականներից։
19։20 Օրվա ընթացքում Արցախի բնակավայրերում իրադրությունը եղել է կայուն լարված։ Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը։ Քիչ առաջ հրթիռակոծվեց քաղաքը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած։ ԱԻ պետական ծառայության փրկարարները վիրավորին առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխել բուժհաստատություն։Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
20։30 Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը լուսանկար է հրապարակել․ Մեր սիրելի ու վիրավոր քաղաքն այսօր… Համոզված եմ, որ շուտով կրկին կլսենք մեր բալիկների խինդն ու ծիծաղն այստեղ՝ հրթիռների պայթյունների փոխարեն, և միասին կապաքինենք Արցախի վերքերը: Պինդ եղե՛ք…
21։00 «Զինուժ մեդիան» նոր տեսանյութ է հրապարակել․ «Հակառակորդը փախուստի է դիմում Բերձորի լեռներից. «Գյոռբագյոռ 2020»։
21։30 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Լիահույս եմ, որ Ձեր վարչակազմը գործուն քայլեր կձեռնարկի պատերազմի դադարեցման և խնդրի համապարփակ կարգավորման ուղղությամբ, որի հիմքում պետք է ընկած լինեն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը նրա ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով»։
22։25 «Շուշի քաղաքի մեջ եւ շրջակա հարակից տարածքներում, պարիսպների տակ, ճանապարհների վրա մարտերը ողջ օրվա ընթացքում եղել են բավականին սաստիկ, եւ այս պահին որոշակի մարտեր ընթանում են, չնայած ինտենսիվությունը զգալի թուլացած է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Սաստիկ է եղել նաեւ Բերձորի ուղղությամբ: Թշնամին մի քանի անգամ փորձել է ճեղքել եւ դուրս գալ դեպի Բերձոր, հավանաբար՝ փորձելով այդ ուղղությամբ օգնության հասնել Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին, բայց կրելով զգալի կորուտներ՝ հետ է շպրտվել, ավելին՝ դիմել է փախուստի»,-հավելեց նա: «Իրավիճակն ընդհանուր առմամբ կարելի է համարել դրական: Մեր զորքերին հաջողվում է թշնամուն թույլ չտալ որեւէ ուղղությամբ հաջողություն զարգացնել, բայց մարտերն ընթացքի մեջ են: Գիշերային ժամերին արդեն 3-4 օր է ճակատամարտը շարունակվում է»,-շեշտեց Արծրուն Հովհաննիսյանը: Անդրադառնալով Շուշին գրավելու մասին Ադրբեջանի նախագահի՝ իրականությանը չհամապատասխանող հայտարարությանը՝ Արծրուն Հովհաննիսյանը նկատեց, որ հայկական համացանցում դրան հաջորդել են տրամադրություններ ստեղծող ոչ պաշտոնական հայտարարություններ: «Նորից եմ ասում՝ մեր զորքերը կռվում են անձնուրաց: Մեր հրամանատարներից շատերն անգամ խախտելով մարտավարության կանոններն ու տրամաբանությունը՝ զենքը ձեռքին բարձրաստիճան հրամանատարությունն իջնում է զորքի կողքին կանգնելու եւ կռվելու, խփում հակառակարդի տանկն ու զրահամեքենան, զինվորի եւ զորքի հետ կռվում մինչեւ վերջին բնագիծը: Հետեւաբար, չշտապենք, սպասենք պաշտոնական հաղորդագրություններին եւ Շուշիի ճակատամարտի ավարտին: Վստահ եմ, որ մեր զորքն այն փառքով է ավարտելու եւ հաղթելու ենք: Վստահենք մեր զորքին եւ սպասենք»,-հանրությանը դիմեց Հովհաննիսյանը: