Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Հոկտեմբերի 31-ին․․․
07։00 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հայտարարություն են հրապարակել։ Համանախագահները կրկին կողմերին կոչ են արել ամբողջությամբ կատարել Մոսկվայի հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության համաձայն ստանձնած եւ հոկտեմբերի 17-ին Փարիզի հետ եւ հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում վերահաստատված պարտավորությունները՝ ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը: Հրադադարի կամ այլ պարտավորությունների իրականացմանը զուգահեռ ու առանց դրանց վնասելու կողմերը պայմանավորվել են հրատապ կարգով ձեռնարկել մի շարք քայլեր։
09։00 ԱԳՆ-ն տեսանյութ է հրապարակել համանախագահների հետ Ժնևում հանդիպման մասին։
09։30 Արցախի ՊԲ-ն հայտնում է․ Հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման և կրակային խոցման միջոցառումները: Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով: Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Յուրային զորքերի կողմից խոցվել են նաև թշնամական 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա և 5 անօդաչու թռչող սարք: Առավոտյան վերսկսվել են մարտական գործողությունները նշված ուղղություններում: Հակառակորդը շարունակում է բացի պաշտպանական բնագծերից թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները:
10։15 Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Նամակում, մասնավորապես, ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը: Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկամամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:
10։35 Միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է․ Այսօր առավոտյան՝ ժամը 07:08-ի սահմաններում, հակառակորդը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է Ստեփանակերտն ու Շուշին: Ստեփանակերտում թշնամական ուժերի թիրախում հայտնվել է կենտրոնական շուկան ու մեկ բնակելի տուն: Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ:
12։50 Ռուսաստանի արտգործնախարարությունը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումին։ Այս մասին համապատասխան հայտարարությունը տեղադրված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին օգնության խորհրդակցություններ սկսելու կապակցությամբ դիմումի կապակցությամբ հաստատում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը հավատարիմ է Հայաստանի Հանրապետության նկատմամաբ դաշնակցային պարտականություններին, այդ թվում նրանց, որոնք բխում են 1997թ․ օգոստոսի 29-ին կնքած Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջեւ բարեկամության, փոխգործակցության և փոխօգնության մասին պայմանագրից։ Այդ պայմանագրի որոշ հոդվածներով նախատեսվում է զինված հարձակման սպառնալիք առաջանալու կամ ագրեսիայի ակտի դեպքում կոնկրետ գործողություններ ձեռնարկել միմյանց տարածքները պաշտպանելու համար։ Այդ պայմանագրի համաձայն՝ Ռուսաստանը Երևանին կցուցաբերի անհրաժեշտ օգնություն, եթե մարտական գործողությունները տեղափոխվեն անմիջականորեն Հայաստանի տարածք»,- ասված է հայտարարության մեջ։
13։15 Արցախի ՊԲ-ն թշնամական ուժերի կողմից քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառման անհերքելի փաստեր ներկայացրեց, որից հետո ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններ տարածելու անհեռանկար գործին` անհաջող ճիգեր գործադրելով ջրից չոր դուրս գալու համար: Հայտնում է Շուշան Ստեփանյանը։
16։00 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Arabiya հեռուստաալիքին: Al Arabiya – Թույլ տվեք Ձեզ վերջին հարցը տալ: Վերջում ի՞նչ կցանկանայիք ասել ադրբեջանցիներին ու հայերին: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իմ եզրափակիչ խոսքն այն է, ինչ ես ասել եմ վարչապետ դառնալուց հետո: Մենք պետք է գտնենք Ղարաբաղի հարցի այնպիսի լուծում, որն ընդունելի է և՛ Ադրբեջանի ժողովրդի համար, և՛ Հայաստանի ժողովրդի համար, և՛ Ղարաբաղի ժողովրդի համար:
17։25 Արցախի տեղեկատվական շտաբում ադրբեջանական կորուստների մասին վերջին տվյալները ներկայացնող ինֆոգրաֆիկա է հրապարակվել։
20։00 Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել․ Ֆոսֆորն ինքնին թունավոր նյութ է: Այն կարող է հանգեցնել ոսկորների և ոսկրածուծի վնասմանը, ինչպես նաև հյուսվածքների մահվան: Նման ռումբի ոչնչացման գոտի ընկած անձը կարող է մահացու վնասվածքներ ստանալ՝ մասնավորապես խորը այրվածքներ: Նույնիսկ բուժաշխատողը, որը ցուցաբերում է բժշկական օգնություն և սպասարկում ֆոսֆորից այրվածքներ ստացած անձին՝ պետք է վերապատրաստված լինի, այլապես կարող է վերքի բուժման ընթացքում ևս այրվածք ստանալ:
22։45 ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Քիչ առաջ ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը Ստեփանակերտի երկնքում ոչնչացրել են հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն:
23։00 «Ամբողջ օրը վաղ առավոտվանից Ադրբեջանի զինված ուժերը ահաբեկչական խմբավորումների հետ միասին ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել են հարձակողական գործողությունները, մարտերի ինտենսիվությունը շատ բարձր չի եղել, սակայն որոշ օջախային ուղղություններով գնացել են ինտենսիվ հարձակողական գործողություններ: Մասնավորապես կենտրոնական ուղղությամբ մեկ-երկու դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետեւակային եւ այլ ուժեր, զրահատեխնիկա, օգտագործելով հրետանի՝ միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի զինված ուժերին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, որոշակի դիրքային փոփոխություններ: Դրան հակառակ հարավային եւ հարավ-արեւելյան ուղղություններում ընթացող առանձին օջախային մարտերում մեր զինված ուժերը կարողացել են հակառակորդից վերցնել որոշակի դիրքեր, եղել է որոշակի առաջխաղացում: Մարտերը շարունակվում են: Դրանք մեծ ինտենսիվություն չունեն, սակայն կիրառվում են բավականին շատ զենքեր եւ զինատեսակներ»,- իրավիճակը ռազմաճակատում այսպես ներկայացրեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
23։15 Հոկտեմբերի 31-ին Բերձորի ուղղությամբ երեք թևերով հակառակորդի առաջխաղացող ստորաբաժանումները մեր հրետանային դիպուկ կրակով ետ են շպրտվել, մեծ կորուստներ կրելով՝ ավելի քան 50-100 դի։ Հրետանային կրակով խոցվել է ևս մեկ միավոր զինտեխնիկա։ Ձախ թևում ամրապնդվել են մեր հենակետերը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ։ Օրվա ընթացքում թշնամու կողմից հրետակոծվել են մեր դիրքերը՝ օգտագործելով հրետանային խոցման տարբեր միջոցներ։ Մեր հրետանու կրակով ճնշվել են բոլոր կրակակետերը։ Տող գյուղի մերձակայքում խոցվել են հակառակորդի մեծ կուտակումներ, որոնք պատրաստվում էին հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ։ Ճնշվել է նաև մեկ արձակման կայան, որը կրակ էր վարում մեր բնակավայրերի վրա։ Թուրքը Բերձոր ոտք չի դնելու։ Հայտնում է Ա.Ա.Մ Քաշաթաղի տարածքային միավորումը։