44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 34-րդ՝ հոկտեմբերի 30
copy image url

44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 34-րդ՝ հոկտեմբերի 30

Ներքին 7 ամիս առաջ - 22:20 30-10-2024
Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Հոկտեմբերի 30-ին․․․

01։40
Արցախի պաշտպանության բանակը հայտնում է․
Ստեփանակերտում ևհարակից բնակավայրերում այս պահին լսվող պայթյունների ձայները ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի գործողության գոտում հայտնաբերված և թիրախային հարվածների արդյունքում ոչնչացված զինամթերքի պայթյունների ձայներն են:
Դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունը շարունակվում է:

02։00
ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է
Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց աշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիին:
Իրանի փոխարտգործնախարար Արաղչիին ներկայացրեց իր երկրի մոտեցումները ստեղծված իրավիճակի հաղթահարման և կրակի դադարեցման ռեժիմի հաստատման ուղղությամբ:
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն:


07։05
Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խորը աղճատում կա իրական առաջնագծի ու ֆեյսբուքի առաջնագծի միջև։ Ֆեյսբուքում և՛ չափից ավել պաթոսը, և՛ պարտվողական տրամադրությունը ոչ մի աղերս չունեն առաջնագծի հետ։ Ֆեյսբուքյան այս տարածքը խորթ է դառնում բոլոր նրանց համար, ովքեր գոնե մեկ անգամ մեկնում են սահման, սահմանի թիկունք ու գործ անում։ Սահմանում հումոր կա, իրար նկատմամբ հարգանք կա, անվախություն կա, զգուշավորություն ու խելամտություն կա։ Մի հատ շուրջբոլորը նայեք, բա էսպե՞ս են թիկունք ապահովում։
Ոգիներդ ամուր պահեք, բեկումն այնպայման լինելու է»։

09։00
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ: Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից: Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է: Այստեղ ևս թշնամական ուժերը կրել են լուրջ կորուստներ: Հակառակորդը շարունակել է թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերը: Ներկա դրությամբ թշնամական խմբավորումների հայտնաբերման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են»:

11։20
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է.
«Այսօր հյուսիսում հարձակումը թշնամին սկսել է ավելի վաղ, դաշտում թողնելով տասնյակ դիակներ հետ է շպրտվել»:

11։30
Եվրախորհրդարանի առաջատար կուսակցությունները հինգշաբթի օրը հանդես են եկել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման միջազգային վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ կիրառելու կոչով: «Մենք խստորեն դատապարտում ենք նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը, կոչ ենք անում անհապաղ և անվերապահորեն դադարեցնել ռազմական գործողությունները։ Մենք նաև կոչ ենք անում ներդնել հրադադարի պահպանման վերահսկման միջազգային արդյունավետ մեխանիզմ», – ասված է կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ:


11։45
Կանանց առաջին վաշտը պատրաստություն է անցնում. Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել:


13։40
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Գերմանիան և միջազգային հանրությունը չեն ընդունելու ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը։


14։15
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ արդեն երրորդ օրն է մեր ժողովրդի համար ճակատագրական այս պահին առաջնագծի և զինվորին պաշտպանելու համար բեմում պատրաստվում են քողարկող ցանցեր:


14։45
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. Ժնևում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:


15։20
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 6 ԱԹՍ, 17 զրահատեխնիկա, կա 60 զոհ:


16։50
Արցախի նախագահի խորհրդական, Արցախի պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.
«Հակառակորդը շատ մեծ կորուստներ կրելով, կարծես թե նրա այդ հարձակողական թափը կոտրվում է: Հետևաբար մենք պետք է հասկանանք, որ տվյալ ժամանակահատվածը վճռական է: Առավել ևս, որ տեսնում ենք նաև դիվանագիտական դաշտում ջանքերի գերլարում, և տարբեր հզոր պետություններ իրենք քայլերն ակտիվացնում են:
Շատ վճռորոշ ժամանակ է, պետք է դիմակայենք մինչև վերջ, որպեսզի արդեն քաղաքական գործընթացները որ սկսվեն, մենք ունենանք բավականին շահեկան դիրքեր»:


16։55
Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման մասին կարելի է խոսել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնության դեպքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Telegraph-ի հետ զրույցում հայտարարել էր, որ ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է լինել լավագույն ելքը ստեղծված իրավիճակից:

17։00
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ՖԲ էջում հաղորդում է․
Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:


17։15
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է եվրոպական մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների՝ The Telegraph-ի (Մեծ Բրիտանիա), European Post-ի (Բրյուսել), Foreign Policy-ի (ԱՄՆ), Tageblatt-ի (Ավստրիա) և Il Gеornale-ի (Իտալիա) հարցերին:
Հարց – Մտադի՞ր եք դիմել Մոսկվային՝ միջամտելու համար: Եթե այո, դա կլինի հումանիտա՞ր, թե՞ ռազմական մակարդակով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մոսկվայի միջամտության հարցը պետք է մի քանի տրամաբանության մեջ նայել: Կա Մոսկվա, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, և կա Մոսկվա, որը Հայաստանի ռազմավարական գործընկերն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Մոսկվան միջնորդ է և պետք է գործի բալանսավորման տրամաբանության մեջ, ինչը հասկանալի է: Եվ ես ասել եմ, որ կողմ եմ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայմանը: Բայց խնդիրն այն է, որ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումը պետք է ընդունելի լինի հակամարտության բոլոր կողմերի համար: Ըստ էության՝ Հայաստանի և Ղարաբաղի համար դա ընդունելի է, և դա կարող է տեղի ունենալ այն պարագայում, ինչպես ռուսաստանցի գործընկերներն են ասել, եթե Ադրբեջանը նույնպես դրան կողմ լինի: Եվ ընդհանրապես ցանկացած խաղաղապահ կարող է տեղակայվել կողմերի համաձայնության պարագայում: Ինչ վերաբերում է Հայաստանի ռազմավարական գործընկեր Մոսկվային, Ռուսաստանի մեր գործընկերներն ասել են, որ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրական սպառնալիքի դեպքում իրենք իրենց դաշնակցային պարտավորությունները, այդ թվում՝ ռազմական, կկատարեն:
Հարց – Որևէ ուրիշ երկիր հանդես եկե՞լ է օտարերկրյա խաղաղապահ ուժեր Լեռնային Ղարաբաղ ուղարկելու առաջարկով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Երկիր չկա, բայց բանակցային գործընթացում միշտ էլ այդ թեման արծարծվել է, և տարբեր կարծիքներ կան խաղաղապահների կազմի վերաբերյալ: Բայց մենք կարծում ենք, որ օպտիմալ լուծումը ռուս խաղաղապահների տեղակայումն է:


17։40
ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի տեղեկացնում եմ, որ ԼՂՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու եւ քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար: ԼՂՀ պաշտոնաթող նախագահները առաջարկել են, որ հնարավոր այցի արդյունքները քննարկվեն Հայաստանի եւ ԼՂՀ նախկին եւ ներկա ղեկավարների հանդիպման ժամանակ:
Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի եւ Արցախի հնարավոր որեւէ քայլի՝ համաձայնել է առաջարկությանը:
Մեր տեղեկություններով՝ պաշտոնաթող նախագահները դեռեւս Հայաստանից չեն մեկնել: Ամեն դեպքում, վարչապետը եւ կառավարությունը բաց են ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առաջարկների համար եւ երբեք չեն հրաժարվել նման առաջարկների քննարկումից»:

18։00
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ, գնդապետ Էդվարդ Էդիսոնի ԱՍՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:

18։50
Ռոբերտ Քոչարյանը մտադրված էր մոտակա օրերին մեկնել Մոսկվա և հանձնեց COVID թեստ, ինչը պարտադիր է Ռուսաստանի Դաշնություն մուտքի համար։ Թեստի պատասխանը դրական էր, ինչը լրիվ անսպասելի էր, քանի որ նա չուներ և մինչ այժմ էլ չունի հիվանդության որևէ ախտանիշ։


20։10
Թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում։ Ծավալված մարտական գործողությունների ընթացքում թշնամին, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից։
Առանձին հատվածներում շարունակվել է հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման ու ոչնչացման մարտական գործողությունները։
Հրետանային կրակով Ծաղկաբերդի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի մեկ զինտեխնիկա։

21։40
7-8 ժամկետային զինծառայող իրենց սպաների հետ մոտ 3 ժամ տևած համառ մարտերից հետո կարողացել են փախուստի մատնել թշնամու 100 անդամ ունեցող հարձակվող խմբին։ Արցախի հանրային հեռուստատեսության ռեպորտաժը հյուսիսից։


22։00
Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպման ընթացքում քննարկվել է ռազմական գործողությունների գոտում տիրող իրավիճակը: Պաշտպանության նախարարը ներկայացրել է օտարերկրյա զինծառայողների և վարձկանների ներգրավվածության փաստեր, հակառակորդի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքները: Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ հայկական ուժերն ունեն իրենց առջև դրված խնդիրները վստահորեն կատարելու բավարար հնարավորություններ, իսկ հրադադարի պահպանումը հնարավոր է ապահովել միայն միջազգային վերիֆիկացիոն միջոցների կիրառման պարագայում:


23։00
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում հայտնեց, որ վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հարձակում էին ձեռնարկել մի քանի ուղղություններով.
«Նախ հյուսիսային ուղղությամբ ոչ երկարատեւ հրետանային պատրաստությունից հետո հետեւակային ուժերով փորձել են գրոհել մի քանի դիրքերի ուղղությամբ, անմիջապես կոտորվել են, կրել լուրջ կորուստներ, հետ են շպրտվել՝ մարտի դաշտում թողնելով զգալի թվով դիակներ: Ամբողջ օրը մարտերը շարունակվել են նաեւ հարավային ուղղությամբ ՝ Արաքս գետից հյուսիս, մի քանի բարձունքների ուղղությամբ: Մեր զինված ուժերն ունեն որոշակի դիրքային առավելություններ, բայց մարտերը շարունակվել են…
Կենտրոնական ուղղությամբ ընթացել են երկու առանձին պրոցեսներ, առաջինը Մարտունի, Ճարտար ուղղությամբ փորձել են ռազմաճակատը ճեղքել, բավականին ինտենսիվ մարտական գործողություններով, հիմնականում ոչ զրահատեխնիկայի կիրառությամբ, գրոհիչ խմբավորումներով, հրետանու բավականին խիտ կրակի ներքո, սակայն մեր զինված ուժերը չեն ընկրկել: Այս պահին որեւէ դիրքային փոփոխություն այս ուղղությամբ չկա, բայց մարտերը համառ են»:

23։10
ԱՄՆ-ն առաջարկում է ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել, հայտարարել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը:
«Երեք հրադադարի պայմանավորվածությունները չեն իրականացել։ Ցավոք, դժվար է պատկերացնել հրադադարի երկարատև պահպանումը, եթե դրանում ներգրավված չեն բազմազգ խաղաղապահ ուժեր կամ դիտորդներ։ Իհարկե, ցանկացած խաղաղապահ առաքելություն չպետք է լինի Մինսկի խմբից, այդ թվում` համանախագահ երկրներից, ներառյալ ԱՄՆ-ից և հարևան երկրներից։ Թուրքիայի ցանկացած միջնորդություն կամ խաղաղապահ առաքելություն ընդունելի չէ ԱՄՆ-ի, ինչպես նաև Հայաստանի համար։ Մենք կարծում ենք, որ երկու կողմն էլ պետք է ընդունի սկանդինավյան խաղաղապահների գաղափարը, և մենք աշխատում ենք սկանդինավյան կառավարությունների հետ՝ ձևավորելու խաղաղապահ ուժեր, որոնք կարող են տեղակայվել տարածաշրջանում, հրադադարը պահպանելու համար», – ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Օ՛Բրայանը։


23։40
Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր: Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ: Հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյաը։


Կարդացեք նաև՝
Պատերազմի քրոնիկան. օր առաջին՝ սեպտեմբերի 27
Պատերազմի քրոնիկան. օր 2-րդ՝ սեպտեմբերի 28
Պատերազմի քրոնիկան․ օր 3-րդ՝ սեպտեմբերի 29
Պատերազմի քրոնիկան․ օր 4-րդ՝ սեպտեմբերի 30
Պատերազմի քրոնիկան․ օր 5-րդ՝ հոկտեմբերի 1
Պատերազմի քրոնիկան․ օր 6-րդ՝ հոկտեմբերի 2
Պատերազմի քրոնիկան․ օր 7-րդ՝ հոկտեմբերի 3
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 8-րդ՝ հոկտեմբերի 4
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 9-րդ՝ հոկտեմբերի 5
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 10-րդ՝ հոկտեմբերի 6
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 11-րդ՝ հոկտեմբերի 7
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 12-րդ՝ հոկտեմբերի 8
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 13-րդ՝ հոկտեմբերի 9
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 14-րդ՝ հոկտեմբերի 10
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 15-րդ՝ հոկտեմբերի 11
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 16-րդ՝ հոկտեմբերի 12
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 17-րդ՝ հոկտեմբերի 13
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 18-րդ՝ հոկտեմբերի 14
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 19-րդ՝ հոկտեմբերի 15
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 20-րդ՝ հոկտեմբերի 16
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 21-րդ՝ հոկտեմբերի 17
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 22-րդ՝ հոկտեմբերի 18
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 23-րդ՝ հոկտեմբերի 19
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 24-րդ՝ հոկտեմբերի 20
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 25-րդ՝ հոկտեմբերի 21
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 26-րդ՝ հոկտեմբերի 22
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 27-րդ՝ հոկտեմբերի 23
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 28-րդ՝ հոկտեմբերի 24
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 29-րդ՝ հոկտեմբերի 25
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 30-րդ՝ հոկտեմբերի 26
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 31-րդ՝ հոկտեմբերի 27
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 32-րդ՝ հոկտեմբերի 28
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 33-րդ՝ հոկտեմբերի 29

Ամենից շատ դիտված

23:03 Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա
20:17 Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան
21:00 Չգնա՞նք քաղաքից դուրս․ Հրազդանի տրանսպորտը «լևի» ռեյսեր է անում
22:30 Կոռուպցիա է, որ վարչության պետը կապ ունի ավտոբուսների մրցույթում հաղթած ընկերության հետ․ հարցում
20:30 Ձերբակալությունները պատվեր են․ Նիկոլն ուզում ա` մարդկանց ճնշի, գաղափարը ոչնչացնի․ հարցում
09:08 Կլինի խաղաղություն կամ շատ ավելի մեծ ողբերգություն. Թրամփը՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածների մասին
23:15 Բուժաշխատողի օրը. Գյումրին դարձել է համերգների ու փառատոնների քաղաք
14:24 Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության. Գարեգին Բ
16:09 Գերագույն դավաճանը կատաղում ու հրահանգում է… առգրավվել է Դավիթ Համբարձումյանի մեքենան. Ռուբեն Մելիքյան
12:50 Իրանում երկրաշարժ է գրանցվել