Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Հոկտեմբերի 29-ին․․․
08։30 Արցախի ՊՆ-ն հայտնում է․ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը: Քիչ առաջ ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով վերահսկողության տակ:
09։00 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են։ Պաշտպանության բանակը, հատկապես, թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում։ Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ»։
09։15 Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը:
11։20 Արցախի ՊԲ-ն հայտնում է․ Ներկա պահին թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները: Հակառակորդը, հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական և սովորութային իրավունքների պահանջները, կրակի տակ է առել բացառապես խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է հերթական պատերազմական հանցագործությունը: Իրադրության հետագա լարման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունը:
11։40 Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա։ Կան ավերածություններ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։ Հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
12։10 Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման: Երկու հայ դանակահարվել է: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմը սահմանից տեղափոխում են երրորդ երկրների տարածք և սկսում սադրիչ գործողությունների արշավ: Հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը
12։40 Թուրքերը ֆրանսիական Վիեն քաղաքում սպառնալիքներ են հնչեցրել հայերի հասցեին, հարձակվել ոստիկանության աշխատակիցների վրա, սադրիչ գործողություններ կատարել: Վերջին օրվա ընթացքում սա նմանատիպ 4-րդ դեպքն է: Հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակըԼ
13։20 Պաշտպանության բանակը հրապարակել է Ադրբեջանի քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը։ Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը · ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա · ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ, · ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ, · ՊՆ մարտական կառավարման կենտրոն, · ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ, · ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա, · Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինական գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան և հրետանու սպառազինության վերանորոգման գործարան: Ադրբեջանի Բարդա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը · 1-ին ԲԿ շտաբ · Վերանորոգման գումարտակ · Կապի առանձին գումարտակ · Զենիթահրթիռային դիվիզիոն · Տանկային բրիգադ · Հակատանկային դիվիզիոն
12։50 ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է․ «Խաղաղ բնակչության դեմ կատարվող ադրբեջանական ռեժիմի այս պատերազմական հանցանքներն ուղեկցվում են Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ուղիղ ներգրավմամբ և հետապնդում են ԼՂ-ում հայ ժողովրդին ոչնչացնելու նպատակ Ձգտելով իրականացնել իր ցեղասպան մտադրությունը և խուսափել դրա պատասխանատվությունից՝ Ադրբեջանը միաժամանակ ծավալել է կեղծիքների ու հերյուրանքների վրա հիմնված քարոզարշավ՝ մոլորեցնելու միջազգային հանրությանը։ Ադրբեջանի մարդկության դեմ ոճիրների և էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման և շարունակելու հանդիպել Արցախի ժողովրդի վճռական դիմադրությանը, որն իրականացնելու է ինքնապաշտպանության համար անհրաժեշտ բոլոր միջոցներով»։
13։10 Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել
13։30 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 3 ԱԹՍ, 14 զրահատեխնիկա, կա 105 զոհ»:
13։50 Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում միջազգային հանրությանը, ի մասնավորի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, հավատարիմ հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման սկզբունքներին, առավել գործնական, ազդեցիկ ու վճռական միջոցներ գործադրել արյունահեղության կասեցման, տարածաշրջանում խաղաղության վերահաստատման և արցախահայության ինքնորոշման և պարզապես մարդկանց կյանքի, ապրելու իրավունքի իրացման համար: Արցախի հարցը ռազմական ճանապարհով վճռելու, արցախահայությանը բնաջնջելու Ադրբեջանի քաղաքականությունը վերստին փաստում է այն իրողությունը, որ Արցախի համար չի կարող լինել անվտանգության երաշխիք Ադրբեջանի կազմում։
15։00 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջը գրում է․ ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը ապատեղեկատվություն է։
15։30 Իտալացի լրագրող Դանիելե Բելոկկիոն և ֆոտոլրագրող Ռոբերտո Տրավանը հայ գործընկերների հետ Հադրութում են։
17։00 Հայոց պետականության պաշտպանները. Արցախի տեղեկատվական շտաբը լուսանկարներ է հրապարակել
18։15 Մարիա Զախարովան նշել է, որ հետագա քայլերը քննարկելու համար պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ վաղը, հոկտեմբերի 30-ին Ժնեւում հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությամբ։
18։30 Ոստիկանության և ԱԱԾ ծառայողները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են բազմաբնույթ միջոցառումներ՝ Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։
19։00 «Մենք ի սկզբանե համարել ենք և մեր դիրքորոշումը բացարձակապես բաց է, մենք խոսել ենք 5 և հետագայում ևս 2 շրջանների՝ Ադրբեջանին փոխանցելու հնարավորության մասին՝ Ղարաբաղի որոշակի կարգավիճակի դիմաց։ Երկարաժամկետ կարգավորումն այն է, որ շահերի այնպիսի բալանս գտնենք, որը կբավարարի երկու կողմին էլ՝ ինչպես ադրբեջանցի ժողովրդին, որին մենք հարգում ենք, այնպես էլ հայ ժողովրդին»,- ասել է ՌԴ ղեկավարը։
19։20 «Ինչպես 1992-ին, երբ մեր հաղթարշավը սկսվեց Շուշիի ազատագրումից, այսօր էլ մեր հաղթարշավը պայմանավորված է Շուշիի պաշտպանությունից: Թշնամին գտնվում է Շուշիից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, առավելագույնը՝ 5: Թշնամու գերնպատակն է գրավել Շուշին, տիրանալ Շուշիին»,- քիչ առաջ ֆեյսբուքյան իր ուղերձում հայտարարեց Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
20։50 Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորել է զգույշ լինել ՀՀ տարածքում ճամփորդելիս և խորհուրդ տվել չայցելել Արարատի, Վայոց ձորի ու Սյունիքի մարզեր։
22։15 «Մարտական գործողությունները ողջ օրվա ընթացքում շարունակվել են ռազմաճակատի երկայնքով, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ: Նախ Հարավային հատվածում, Բերձորից մինչեւ Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ եղել են որոշակի մարտական գործողություններ, սակայն մեր զինված ուժերին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել: Բացի դրանից՝ Արցախի Մարտունու եւ Ասկերանի շրջանների գյուղերում անտառային զանգվածի փոքր բնակավայրերի հարակից տարածքներում շարունակվել են դիվերսիոն խմբերի դեմ ընթացքող մարտական գործողությունները»,-Միասնական տեղեկատվական կենտրոնում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով. «Այսօր այդ մարտական գործողություններն ընթացել են Ավետարանոց եւ դեպի Սղնախ գյուղի տարածքի, հարակից բլուրների եւ անտառների զանգվածներում: Դիվերսիոն խմբերը ներթափանցումն են տարբեր ուղղություններով, նրանց դեմ պայքարը ենթադրում է որոշակի առանձին մարտական գործողությունների ձեւ, մարտավարություն, ինչը հինգերորդ սերնդի պատերազմին բնորոշ մարտական գործողությունների նման մարտեր չեն»: Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ օրվա ընթացքում շարունակվել են նաեւ Արցախի տարբեր բնակավայրերի հրետակոծությունները՝ տարբեր ուղղություններով, կիրառվել են հիմնականում հրետանային, հրթիռային միջոցներ:
22։30 ԱԳՆ մամուլի խոսնակն, անդրադառնալով առաջիկայում Ժնեւում կայանալիք հանդիպմանը, տեղեկացրեց. «Հոկտեմբերի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է ժնեւ, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Իսկ այս պահին, քանի դեռ անցնում է մեր ճեպազրույցը, տեղի է ունենում ՀՀ արտաքին գործերի նախարարի հանդիպումը Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արաքչիի հետ, որի մասին լրացուցիչ մանրամասներ կկարողանամ տրամադրել հանդիպման ավարտից հետո»:
23։55 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայենի հետ՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ ՀՀ վարչապետն ԱՄՆ նախագահի խորհրդականի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը ոտնահարելով միջազգային հարաբերություններում ընդունված բոլոր նորմերը և անտեսելով ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների ջանքերը՝ երեք անգամ անընդմեջ խախտում է հրադադարի մասին պայմանավորվածությունները, որոնցից վերջինը ձեռք էր բերվել ԱՄՆ մայրաքաղաքում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հարցում Ադրբեջանին սատարում է Թուրքիան և հնարավոր չէ ապահովել հրադադարի պահպանումը` առանց մատնանշելու, թե որ կողմն է խախտել այն և ովքեր են շահագրգռված պատերազմի շարունակմամբ: Ամերիկյան կողմը հավաստիացրել է, որ շարունակելու է միջնորդական գործունեությունը հրադադարի հաստատման ուղղությամբ և կարևորել հակամարտության մեջ երրորդ ուժերի ներգրավվածության բացառումը