Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Նոյեմբերի 5-ին․․․
09։00 Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է․ Կեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը։ Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին։ Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են։
09։20 Կանադայի Լավալ քաղաքի Քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև:
09։55 Արցախի ՊԲ-ն հայտնում է․ Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ճակատային գծի բոլոր ուղղություններում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Թշնամական ուժերը առանձնակի ակտիվություն են դրսևորել արևելյան, հարավ-արևելյան ու հարավային ուղղություններում: Հակառակորդի գրոհային խմբերի կողմից ձեռնարկված բազմակի գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կասեցվել են: Թշնամին կրել է մարդկային ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ: Հակառակորդը երկու գրոհային խմբերի կազմով հարձակման փորձ է ձեռնարկել նաև հյուսիսային հատվածում, որոնք ժամանակին հավաստանշվել և ոչնչացվել են բանակային ստորաբաժանումների կողմից: Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակել են մնալ թշնամական ուժերի հրթիռահրետանային կրակի թիրախային գոտում: Ներկա պահին թշնամական ուժերի՝ հարձակման փորձերը նված ուղղություններում շարունակվում են: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից:
12։40 «Չունենք բարեկամների պակաս: Մենք համագործակից պետություն ենք տարբեր հարթակներում եւ հստակ ենք արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ: Այն կառուցված է ազգային շահերի հետապնդման գերակա նպատակի վրա, ազգային անվտանգությունն էլ գիտակցաբար է կառուցված»,- ԱԺ արտաքին հարաբերությունների, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների նիստում 2021թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսօր ասաց նա:
13։05 Հրետակոծվում են Բերձոր և Շուշի քաղաքները` հարակից բնակավայրերով։ Այստեղ միացված է տագնապի ազդանշանը։ Տուժածների մասին առայժմ տվյալներ չկան։ Հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
13։25 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պրոֆեսիոնալ զինվորականների և կամավորականների համատեղ ջանքերով ստեղծված պաշտպանական ամրությունները և տղաների վճռականությունը հույս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը: Այսօր այցելել եմ Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը: Պրոֆեսիոնալ զինվորականների և կամավորականների համատեղ ջանքերով ստեղծված պաշտպանական ամրությունները և տղաների վճռականությունը հույս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը: Շուշին իր հոգևոր և մշակութային արժեքներով ու ավանդույթներով, մեր ամենամեծ ժառանգություններից է, որ ստացել ենք պապերից և նույն հայկական ոգով պետք է փոխանցենք մեր սերունդներին: Հ.Գ. Հատուկ շնորհակալություն եմ հայտնում «Արցախի հերոս», հայ ժողովրդի նվիրյալ զավակ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին»: 13։40 Նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, թշնամական ուժերը արևելյան հատվածում, զրահապատ մեքենաների կիրառմամբ, ձեռնարկել են հարձակման փորձ: ՊԲ ստորաբաժանումների ու պահեստազորայինների գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, մարտադաշտում թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել: Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ ՊԲ վերահսկողության ներքո: Արցախի ՊԲ
13։45 «Այսօրվա իրավիճակը պարզ ընդգծում է մեկ իրողություն եւ գերակայություն: Արցախն Ադրբեջանի կազմում որեւէ ապագա չունի: Չի ունեցել եւ չունի»,-ԱԺ արտաքին հարաբերությունների, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների նիստում 2021թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
14։05 «Արցախի տեղեկատվական շտաբը» տեսանյութ է հրապարակել՝ մակագրելով. այս երեխաների կյանքի և կրթության իրավունքն այսօր ոտնահարված է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով:
15։00 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները: Խոցվել է հակառակորդի 257 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 723 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ: Հակառակորդն ունի 7290 զոհ:
15։30 Հ1-ը հայտնում է․ Հայաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթին:
15։55 «Իրականում խնդրի լուծումը հիմնականում ռազմադաշտում է: Սա արձանագրենք միանգամից: Դա ճշմարտություն է, որը բոլորիս համար էական է»,-ԱԺ-ում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
17:40 Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է․ Օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորման իր ծրագիրը։ Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի։ Քաղաքում մեկ անգամ օդային տագնապ է հայտարարվել։ Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է գրադ կայանքից։ Ավերածություններն այստեղ շատ են։ Նշանակետում դարձյալ քաղաքացիական և հանրային նշանակության օբյեկտներն են եղել։ Օրվա ընթացքում երկու անգամ Ստեփանակերտն է հրթիռակոծվել։ Բարեբախտաբար, խոշոր ավերածություններ չեն գրանցվել։ Ընդհանուր առմամբ, տուժածներ` նախնական տվյալներով չկան։
18։30 «Տարիքս կապ չունի, ո՞ւմ է պետք անազատ ու անկախությունից զուրկ կյանքը». այս համոզմունքով է կրկին ռազմի դաշտում իր բաժին պայքարը մղում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի վարիչ, Հայաստանի անձավագիտական կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանը:
20։10 «Մենք կողմերին կոչ ենք անում ցուցաբերել ծայրահեղ զսպվածություն, խուսափել քաղաքացիական օբյեկտներին հարվածելուց, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտություն»,- ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
21։00 Պայթյունների ձայների ներքո աղոթախառը մարգարեություն Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոցում։
22։05 ԱԱԾ-ն դավաճանության դեպք է բացահայտել։
22։45 «Երեկ ողջ գիշեր մարտերը շարունակվել են, չնայած ակտիվությունը որոշակիորեն նվազել է: Մարտերի շարունակումը կախված է նրանից, որ դիվերսիոն խմբերը, որոնք գտնվում են Շուշի քաղաքի մերձակա անտառներում, համայնքներում, ճանապարհներին, ձորերում եւ այլուր, փորձում են ամեն կերպ լուծել որոշակի խնդիրներ»,-Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով, առավոտյան մարտերն ավելի թեժ շարունակվել են հրետանու կիրառությամբ, օրվա ընթացքում նաեւ Ադրբեջանի զինված ուժերը հյուսիսում, կենտրոնական ուղղությունում, Կարմիր շուկայի հատվածում, հարավային ուղղությամբ եւ տարբեր տեղերում փոքր գրոհող խմբերում նվազագույն քանակի զրահատեխնիկայով, հրետանու կրակի աջակցությամբ փորձել են նորից առաջ գնալ, բայց հետ են շպրտվել: «Ինչ վերաբերվում է Շուշի քաղաքի մերձակա համայնքների, անտառների դիվերսիոն խմբերին, ապա վերջիններս հիմնականում հանդիպելով մեր զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների դիմադրությանը, հանգուցային կետերի պահակակետերին, պաշտպանության ստորաբաժանումներին՝ երկարատեւ մարտի չեն բռնվում, օրվա ընթացքում հաջողվել է մի քանիսին օղակել, ոչնչացնել, հետ շպրտել տվյալ բնագծերից: «Նախորդ գիշեր ես գտնվում էի Արցախում, եւ որոշակի ակտիվություն պահպանում էր նաեւ հրետանին, դիվերսիոն խմբերի չեզոքացման ստորաբաժանումները, անտառների, բնակավայրերի մաքրողները իրենց գործը շարունակում են…Այն բոլոր դիվերսանտները վարձկանները, որոնք ձգտում են դեպի նոյեմբերի 9-ի ձեւական հաղթական պայմանական ցուցադրության՝ Ադրբեջանի դրոշի օրը որոշակի տեղերում ներկայացնել ադրբեջանական դրոշը եւ ոգին բարձրացնել ադրբեջանական բանակի ու վարձկանների, վերջին օրերին որեւէ կերպ որեւէ ուղղությամբ չեն կարողանում առաջանալ»: