Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է Պատմության ինստիտուտի, Մատենադարանի ավագ գիտաշխատող, պատմագիտության թեկնածու Արտակ Մաղալյանը:
Պատմաբանը խոսել է Արցախի Խամսայի մելիքությունների, դրանց ծագման, անվան նշանակության, կառուցվածքի, կառավարման առանձնահատկությունների, տարածված պատժատեսակների, մելիքների փոխհարաբերությունների, Խորհրդային Հայաստանում թեմայի ոչ բավարար ուսումնասիրության, Դավիթ Բեկի ապստամբության, սեփական պատմությունից հրաժարման անընդունելիության մասին:
Արտակ Մաղալյանը մանրամասներ է ներկայացրել Փանահ խանի՝ մելիք Շահնազարի աջակցությամբ Շուշիում հաստատվելու ուշագրավ պատմությունից և մյուս մելիքների դեմ սկսված պատերազմից:
«Այստեղ մենք գործ ունենք քաղաքական սիմբիոզի վառ օրինակի հետ: Փաստորեն մելիք Շահնազարը Փանահ խանի գալուց հետո կարողանում է ազատվել մելիքների անխուսափելի վրիժառությունից, որովհետև չորսով վաղ թե ուշ նրան հաղթելու էին: Իսկ Փանահ խանն էլ կարողանում է հաստատվել Շուշիում, և իմ կարծիքով՝ Դաշտային Ղարաբաղում նրա իշխանությունը երկար կյանք չուներ»,- ասում է պատմաբանը:
Ըստ Մաղալյանի՝ այս սիմբիոզի հետևանքով մենք ունենում ենք առաջին ոչ հայկական իշխանությունը Արցախի տարածքում, Արցախի մելիքությունների իշխանապետությունը խարխլվում է, և մենք ստանում ենք մեր հայկական հողի վրա առաջին այլացեղ և այլակրոն պետական կազմավորումը՝ ի դեմս Ղարաբաղի խանության՝ իր երեք խաներով:
Այս և այլ ուշագրավ հարցերի շուրջ ամբողջական զրույցը՝ տեսանյութում:
Գևորգ Էմին-Տերյան