Ցեղասպանության թանգարան-ինտիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սառը դատողություններ՝ տաք դեպքերի շուրջ
1920 թվականի ապրիլին տեղի ունեցավ Ադրբեջանական դեմոկրատական հանրապետության խորհրդայնացումը՝ բոլշևիկների և երիտթուրք-քեմալական զինվորականության համաձայնության արդյունքում: Կարմիր բանակը, կարելի է ասել շքերթային քայլքով, մտավ Բաքու և առանց դիմադրության գրավեց իշխանությունը: Դիմադրել էր միայն խորհրդարանի պահակը, ով տեղում սպանվել էր:
Ադրբեջանի խորհրդայնացումով Հայաստանն ու Վրաստանը, կարելի է ասել, որևէ շանս չունեին չխորհրդայնանալու առումով: Արևմտյան տերությունները անհրաժեշտ չափով աջակցություն չցուցաբերեցին ոչ Ռուսաստանի հակաբոլշևիկյան ուժերին, ոչ էլ Հայաստանին ու Վրաստանին` դիմակայելու համար:
Այսօր էլ, ինչպես 106 տարի առաջ, Ադրբեջանին վերապահված է հայկական ու վրացական պետականությունների չեզոքացման դերակատարությունը, որից հետո անմիջապես տեղի կունենա նաև հենց ադրբեջանական պետականության լուծարումը, որը վստահաբար տեղի կունենա անարյուն ու առանց դիմադրության: Ու դա տեղի կունենա հայաթափված Արցախի առավելությամբ:
1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանի Հեղափոխական կոմիտեն խառնիճաղանջ բոլշիկյան ուժերի գլուխն անցած մտավ Քարավանսարա (Իջևան) և հայտարարեց, որ համաժողովրդական ապստամբության արդյունքում իշխանությունն անցել է բոլշիկներin: Ոչ մի ապստամբություն էլ չէր եղել, ուղղակի այդպես պետք է արձանագրվեր պատմության համար:
Հեղկոմի կազմը հետևյալ տեսքն ուներ՝ Սարգիս Կասյան (ծն. Շուշի), Ասքանազ Մռավյան (ծն. Գանձակ ), Սահակ Տեր-Գաբրիելյան (ծն. Շուշի), Ավիս Նուրիջանյան (գյուղ Վաչագան, Զանգեզուր), Ալեքսանդր Բեկզադյան (ծն. Շուշի), Իսահակ Դովլաթյան (ծն. Շուշի): Նրանց մեծ մասը շուշեցիներ էին և բոլորը՝ բացառությամբ Ասքանազ Մռավյանի, կգնդակահարվեն ստալինյան տեռորի տարիներին:
Վերադառնանք մեր օրեր: 2018 թվականի ապրիլին նախկին Լենինականի նախկին Մայիսյան ապստամբության հրապարակից նախկին Քարավանսարայի բնակիչ Նիկոլ Փաշինյանը մտավ Երևան և խաբեությամբ համաժողովրդական հեղափոխություն բեմադրելով` անցավ իշխանության գլուխ:
Ավելի ճիշտ՝ ստացավ իշխանություն՝ նախապես նրան այդ գործողության համար նախապատրաստելու արդյունքում: Այդ կրկեսը բեմադրելու գործում մեծ դերակատարություն ունեցան նախկին խորհրդային ՊԱԿ-ի գործակալական ցանցի մնացուկները, ովքեր ծայրագույն չարամտություն ցուցաբերելով, մահացու հարված հասցրեցին տակավին չկայացած պետականության ողնաշարին ու սրտին: Չմոռանանք այդ օրերի գերակտիվ ազգագրագետներին ու ու մեր օրերում լռող պատմաբաններին:
Հայկական պետականության կազմալուծման գործընթացը ներկայումս ընթանում է հետևյալ հաջորդականությամբ.
ա. Խաբեությամբ ու կեղծարարությունների միջոցով իշխանության պահում՝ ամեն գնով
բ. պարտության, պարտվողականության ու հպատակության քարոզ
գ. պետական ինստիտուտների հարաբերականացում ու մարգինալացում՝ հատկապես համակարգի բացահայտ իգացման միջոցով, որով վարկաբեկվում է նաև հայ կինն ու նրա կերպարը, այդ կերպ թաքուն ու բացահատ նսեմացնելով նաև հայ տղամարդուն
դ. տգետ ու կիսագրագետ զանգվածների պետական կառավարման համակարգ մուտք գործելը
ե. բանակի ու ուժային կառույցների չեզոքացում ու հպատակեցում՝ պարտության խորհրդանիշ հանդիսացող անձի առաջ շքերթի մասնակցելու և մեդալների ժապավենների խմբագրման տեսքով
զ. Պետականության հիմնանար փաստաթղթերի ու պետական խոհրդանշանների դեմ անընդհատ տարվող սև քարոզչություն
է. հասարակության լայն շերտերի դեմ հոգեբանական ու տեղեկատվական պատերազմի մեթոդների լայնածաված կիրառում, ամենօրյա մանիպուլատիվ գործողություններ ու երկպառակություն սերմանելու անդադար քայլեր:
1937 թվականին մարդկանց աքսորում ու գնդակահարում էին որևէ մեկի կնոջը կամ ձիուն տիրանալու համար, իսկ հայրենադարձների դեպքում չեկիստներին դուր էր գալիս իրենց զոհերի իմպռնի վերարկուներն ու շորերը:
Սևբաճկոնավոր չեկիստ-ղասաբիստների ռեինկարնացիան այսօր տեղի է ունեցել ի դեմս տարոնչախոյանների, ալենսիմոնյանների, հայկկոնճորյանների և մյուսների և, իհարկե, թիկնոցավոր դատավորների: Իսկ սփյուռքի մեր հայրենակիցները տակավին շարունակում են մեծ փողերով փոքր աշխարհներ ստեղծել իրենց շուրջը՝ հարմար առիթի դեպքում նորաթուխ ոճրագործների հետ լուսանկարվելու առիթը բաց չթողնելով:
Մերգելյան ինստիտուտի տնօրենի նշանակումը միմիայն պետք է տեսնել ու գնահատել հայկական ուժեղ ու մրցունակ խորհրդանշանները չեզոքացնելու ու ոչնչացնելու քայլերի համատեքստում:
Չզարմանաք, եթե վաղը կամ մյուս օրը Հայոց պատմության հորմոնալ տեսության ամբիոնի առաջատար գիտաշխատող Լյուսի Քոչարյանը նշանակվի Գիտությունների ակադեմիայի նախագահ, իսկ մեծազոր Լուլուն՝ Մեծամորի ատոմակայանի տնօրեն:
Ամեն ինչ տրամաբանության, «թավշա» տրամաբանության մեջ է…»: