Արտաքին 32 րոպե առաջ - 23:28 28-11-2026

Ռուսաստանում ևս կներդրվի IMEI միասնական համակարգ

Ռուսաստանում IMEI միասնական համակարգ է ներդրվելու, բջջային սարքերի նույնականացման միասնական տվյալների շտեմարան է ստեղծվելու։ Մինչև 2027 թվականի մարտի 1-ը ռուսական ցանցերին միացված սմարթֆոնները ավտոմատ կերպով կավելացվեն տվյալների բազայում։ Այս ամսաթվից հետո արտասահմանից ներմուծված հեռախոսները կգրանցվեն Госуслуги պորտալի միջոցով։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Ամիսներ առաջ նույնպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել նաև ՀՀ կառավարությունը հունիսի 25-ի նիստում, հավանություն է տալով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին, ներդնելով IMEI միասնական համակարգ։

Այս նախաձեռնությունը հանրային բացասական արձագանքներ է ստացել, այն խնդրահարույց է որակվել անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից։

Կառավարությունն այս առումով հետևյալ պարզաբանումն է տարածել․ «Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI համարների գրանցման համակարգ։ Կարգավորումը միտված է՝ նվազեցնելու ապօրինի ներմուծված բջջային հեռախոսների շրջանառությունը, ապահովելու հավասար և արդար մրցակցային պայմաններ օրինական ներմուծողների համար, պաշտպանելու սպառողներին կեղծ կամ փոփոխված IMEI համարներով հեռախոսներից, ներդնելու բջջային հեռախոսների հաշվառման միասնական շտեմարան։ Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ։ Ստեղծվող շտեմարանում պահպանվելու է միայն սարքի 15-նիշանոց IMEI համարը՝ առանց որևէ անձնական տվյալների»։