Ալբանիայում շաբաթ օրը ուսանողների գլխավորած բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը, վերաճել են բախումների, հայտնել է Reuters-ը։
Ցույցը տեղի է ունեցել մայրաքաղաք Տիրանայում, երկրի Անկախության օրը, մի քանի ամիս շարունակվող հակակառավարական ելույթների ֆոնին։
Ցուցարարները քարեր և հրկիզող խառնուրդով շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, որոնք, ի պատասխան, կիրառել են ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։
Գործակալության լրագրողի խոսքով՝ ակցիայի որոշ մասնակիցներ դիմակներով էին։ Նրանք քարկոծել են կառավարության շենքը և փորձել մոտենալ Ռամայի գրասենյակին, սակայն ոստիկանությունը հետ է մղել նրանց։
Դժգոհությունը պայմանավորված է կառավարությունում ենթադրյալ կոռուպցիայով, աշխատատեղերի պակասով և կրթության ցածր որակով։ Բողոքի ցույցերը Տիրանայում սկսվել են հոկտեմբերի կեսերին, ապա տարածվել այլ քաղաքներում։ Նախորդ ակցիաների ընթացքում ցուցարարները հրկիզել են պետական շենքեր և բանկեր, կոտրել խանութների ցուցափեղկերն ու պոկել սալաքարերը՝ ոստիկանների ուղղությամբ նետելու համար։
«Արդեն բավական են՝ կոռուպցիան, աղքատությունը, արտագաղթը»,- հայտարարել է շաբաթօրյա ցույցին մասնակցած 45-ամյա ինժեներ Էրալդա Բազեն։ Մյուս ցուցարարները պահանջել են բարելավել կենսապայմանները և ապահովել բժշկական օգնության հասանելիությունը։