Ներքին 10 րոպե առաջ - 18:30 28-11-2026

Նոր թմրանյութերն արագ առաջացնում են հոգեբանական կախվածություն, ինչն առավել վտանգավոր է

Աշխարհում շարունակաբար աճում է թմրամիջոց օգտագործողների թիվը․ ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ 15–64 տարեկան մարդկանց շրջանում 2023-ին թմրամիջոց օգտագործած անձանց գնահատված թիվը եղել է շուրջ 315 միլիոն։

Թվերը, ինչպես նշում են մասնագետները, մտահոգիչ աճ ունեն նաև Հայաստանում (այս տարվա ցուցանիշները կհրապարակվեն 2027-ի փետրվարին): 2024-ի վիճակագրական տվյալներով Թմրամիջոցների օգտագործմամբ պայմանավորված հոգեկան և վարքային խանգարումների գրանցված դեպքերի թիվը եղել է 7512 մարդ, մեկ տարի հետո արդեն՝ 7626 մարդ (սա նշանակում է, որ գրանցված տվյալներով 7626 ընտանիք տառապում է անկանխատեսելի ու անկառավարելի խնդիրների պատճառով):

Եվ ակնհայտ է, որ այս թիվը չի ներկայացնում թմրանյութ ընդունողների իրական պատկերը. սրանք այն մարդիկ են, որոնց օգտագործումն ինչ - որ պահի դարձել է տեսանելի, վտանգավոր, վարքային շեղումները եղել են անշրջանցելի։

ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Գայանե Վարդազարյանը Oragir.News-ի հետ զրույցում վստահաբար ասում է, որ ամեն կերպ պետք է թույլ չտալ, որ նույնիսկ մի անգամ մարդը փորձի թմրամիջոց, քանի որ դա կարող է առաջացնել ոչ թե ֆիզիկական, այլ հոգեկան կախվածություն, որը շատ ավելի դժվար է ենթարկվում լավացման (վերջնական առողջացման մասին այստեղ չեն խոսում. մեկ անգամ ընկած մարդը համարվում է մշտապես շատ ավելի հեշտ թիրախ կախվածության համար, այսինքն աշխատում են վիճակն ուղղակի լավացնել):

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի տնօրեն, հոգեբան, հոգեթերապևտ Արկադի Մեհրաբյանը Oragir.News-ի հետ զրույցում խոսում է կախվածությունների հակման, դրանք մանկական տարիքից նկատելու ու ծնողների, հարազատների կողմից խնդրի հետ ճիշտ աշխատելու կարևորության մասին. նա բացատրում է, որ դեռահասի, մարդու մոտ խնդիր լուծելու կարողությունը ձևավորելը կարող է հեռու պահել հետագայում որոշակի նյութերից կախվածության մեջ ընկնելուց։

Սթափեցնող են բուժվող մարդկանց պատմությունները, որոնք ունեն կախվածություններ։ «Մի օգտագործեք թմրանյութեր, իրականությունից փախչելու փոխարեն ձևակերպեք խնդիրներն ու լուծեք»,- ասում են նրանք։