Նիկոլ Փաշինյանը հնարավոր չի համարում ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ օրենքի չեղարկումը: Այս մասին նա ասել է նոյեմբերի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Ռուսաստանի դրդմամբ այդ օրենքից Հայաստանի հրաժարվելու հնարավորության մասին հարցին:
«Հնարավոր չեմ համարում այդ օրենքի չեղարկումը, օրենքն ընդունվել է քաղաքացիական նախաձեռնությամբ, տեղի են ունեցել ընտրություններ, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը քվեարկել է այդ օրենքի օգտին»,- ասել է նա։
Իսկ որտե՞ղ է այսօր կիրառվում այս օրենքը։
Օրենքով գործընթացը մեկնարկել է 2025-ի մարտի 26-ին։ Անցել է ավելի քան 1 տարի 8 ամիս։ ՀՀ իշխանությունը քանի՞ քայլ է կատարել այս գործընթացի ուղղությամբ։ Քանի՞ որոշում, հրաման է ընդունել՝ հղում անելով այս օրենքին, քանի՞ նախաձեռնություն է ձեռնարկել՝ հղվելով այս օրենքին։ Ընդհանրապես՝ 1,5 տարվա մեջ քանի՞ իրավական փաստաթղթում կամ հարակից օրենքներում է հիշատակվել այս օրենքը։ Օրենքի մասին հիշատակում կա Կառավարության 2026-ի ծրագրի Արտաքին քաղաքականության 5-րդ կետում, ինչը հիմք է տալիս ասելու, որ ժողովուրդը հունիսի 7-ի ընտրությամբ հաստատել է այս ճանապարհը։ Բայց բանն այն է, որ ՀՀ-ն նույն ռուսամետ կուրսն է վարում։ Այսինքն՝ 5-րդ կետը սառույցին է։
Փոխարենը՝ այն ակտիվորեն քննարկվում է Մոսկվայում։ Երբ այստեղ ուղիղ հարց են դնում Նիկոլ Փաշինյանի առաջ, նա չի ասում, որ մեր ժողովուրդն է հունիսի 7-ին ընտրել այդ ճանապարհ, չի ասում՝ ԵՄ-ին անդամակցումը մեր քաղաքակրթական ընտրությունն է, այլ փորձում է արդարանալ, հավաստիացնել ռուսներին, թե ԵՄ-ին միանալու հարց ՀՀ քաղաքական օրակարգում չկա, ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու մասին օրենքն ընդունել են, որ ԵՄ-ին միանալու հայտ չներկայացնեն, հանրաքվե չանեն։ Ավելի ազնիվ կլիներ, եթե ասեր, որ օրենքն ընդունել են, որ ԵՄ-ին միանալու հարցը գրեն սառույցին։
Նույնպես 1990-ին խորհրդային բռնազավթման ենթարկված բախտակից որոշ երկրներ իրապես անկախություն հռչակեցին, դիմեցին ՄԱԿ-ին ճանաչման հարցով։ Իսկ Հայաստանը օգոստոսի 23-ին հռչակեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը, չդիմեց ՄԱԿ-ին։ Այս կերպ օրվա իշխանությունները մոտ մեկ տարի ձգձգեցին Հայաստանի անկախացումը։
Հիմա ՔՊ-ական իշխանությունները առաջարկում են հանել Սահմանադրության նախաբանից այդ հռչակագրին արվող հղումը, այն որակում կոնֆլիկտածին, պետության համար վտանգավոր և այլն։ Նույնպիսի որակումներ է տալիս նախկին ԱԽ քարտուղար, պաշտոնաթողությունից հետո 180 աստիճանով մտքափոխված և եվրասկեպտիկ դարձած Արմեն Գրիգորյանը ԵՄ-ին միանալու մասին գործընթաց սկսելու մասին օրենքին։ Նա դրանով է պայմանավորում ՌԴ-ի հակահայկական քայլերը, կանխատեսում հայ-ռուսական կոնֆլիկտի խորացում, պետության համար վտանգավոր, աղետալի զարգացումներ և այլն։
Տրամաբանական է, որ ինչպես այսօր վերաիմաստավորում են անկախության հռչակագիրը և հրաժարվում այն ներառել Սահմանադրության նախաբանում, նույնպես վաղը կարող են հրաժարվել ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու մասին օրենքից, մանավանդ՝ որ այդ ուղղությամբ առաջընթաց չկա՝ ո՛չ ռուսական ռազմաբազան է դուրս բերվել, ո՛չ ՀՀ սահմաններից են հեռացվել ռուսները, ո՛չ լյուստրացիա ու դեսովետիզացում են արվել։
Ավելին՝ նույն խոսքում Փաշինյանն ասում է. «Մեր ընկալումն այն է, որ մենք չպետք է վնասենք Ռուսաստանին, Ռուսաստանն էլ մեզ չպետք է վնասի, այլ բան, որ մենք ունենք ինքնիշխան երկրներ և մեր ինքնիշխանությունը կարևոր է»։ Մոսկվան ակնարկներով, երբեմն պարզ ասում է, որ ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու մասին ՀՀ օրենքը իրեն վնասում է։ Սրանո՞վ է պայմանավորված, որ ՀՀ իշխանությունը ԵՄ-ին միանալու իրական քայլեր չի անում։ ԵՄ-ին միանալու հայտ չեն ներկայացնում, որ չվնասե՞ն Ռուսաստանին։
Ուկրաինայում մոտ 5 տարի շարունակվող պատերազմով Կրեմլը միլիոնավոր մարդկանց է զոհավբերում, ձգտում վերականգնել իր երբեմնի ազդեցության գոտիները։Այս առումով անկախ Ուկրաինան Կրեմլին վնաս է։ Նույնպես՝ ՀՀ անկախությունը հակասում է Ռուսաստանի նկրտումներին։ Եթե Պուտինն այս մասին ուղիղ ասի Փաշինյանին, ապա նա հրաժարվելո՞ւ է ՀՀ անկախությունից, ինչպես հիմա անգործություն են ցուցաբերում ԵՄ միանալու գործընթացի ուղղությամբ։
Կարճ ասած՝ ողջամիտ կասկած կա, որ Փաշինյանը Մոսկվայի խնդրանքով է ձգձգում ԵՄ-ին միանալու գործընթացը, հիմա քնեցրել օրենքը, մի օր էլ կչեղարկեն։ Իսկ եթե այս կասկածներն անհիմն են, ապա Փաշինյանը դեկտեմբերի 2-ին օրակարգ կբերի ՀՀ-ից ռուսական զորքերն ու բազան դուրս բերելու, «Գույք պարտքի դիմացը» չեղարկելու, երկաթուղին վերցնելու հարցերը։ Իսկ մինչ այդ՝ այսօր՝ նոյեմբերի 28-ին, կարող է ճանաչել Հոլոդոմորը։
Թաթուլ Մկրտչյան