Հայաստան այցելող օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկ խոնարհում, հարգանքի տուրք մատուցում։ Սա նաև մարդասիրական ժեստ է։ Այդ երկրներում մարդասիրությունը արժեբանական ելակետ է։ Ազգային ողբերգություն է նաև ուկրաինացի ժողովրդի նկատմամբ իրականացված Հոլոդոմորը, որը ճանաչել են աշխարհի բազմաթիվ երկրներ, և այն նույնպես մարդկության դեմ հանցագործություն է՝ ինչպես 1915-ի Հայոց ցեղասպանությունը կամ 2023-ի արցախցիների բռնի տեղահանությունը։ Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Հոլոդոմորի զոհերի հիշատակի օրն է։
Ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ կան Հոլոդոմորի և մեր ազգային ողբերգությունների միջև։
1932-1933 թթ. սովը խորհրդային բռնազավթման տարիների ամենաողբերգական էջերից է։ Ուկրաինայում բոլշևիկները բռնագրավում են ցորենի ամբողջ պաշարները, արգելում ցորենի և հացի մասնավոր վաճառքը։ Սկսվում է համատարած սով։ Միլիոնավոր մարդիկ են զոհվում։ Սովի մասին տեղեկություններ տարածողները խիստ պատժվում են։
Հոլոդոմորի մասին միջազգային մակարդակով սկսել են խոսել 1970-ականներից, սակայն միջազգային ճանաչումն ու դատապարտումը սկսվել է Սառը պատերազմի ավարտից հետո։ 1987 թվականի վերջին Ուկրաինայի կոմկուսի առաջին քարտուղար Շչերբիցկին խոսել է Ուկրաինայում 1930-ականների սկզբին տեղի ունեցած զանգվածային սովի մասին։ 1993-ից սկսած մի շարք երկրներ՝ ԱՄՆ-ն, Լատինական Ամերիկայի երկրները, ԵՄ երկրները, ճանաչել և դատապարտել են Հոլոդոմորը որպես ցեղասպանություն, որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն։ 1915-ի Հայոց ցեղասպանությունը ևս ճանաչել ու դատապարտել են նույն ազգերը։ Նմանությունն ակնհայտ է։
Ուկրաինայի դեմ 2022-ից սկսված ռուսական ագրեսիայի ընթացքում կատարվել են մարդկության դեմ հանցագործություններ, օրինակ՝ Բուչայում։ Արցախում 2022-ի վերջին փակվեց Լաչինի միջանցքը։ Հայաստանի հետ սահմանին կապիկություն էին անում ադրբեջանցի բնապահպանները։ Իսկ ռուս խաղաղապահն էլ փակեց սահմանը՝ թույլ չտալով, որ Հայաստանից մեքենաներն անցնեն Արցախ։ Այսպես Արցախում արհեստականորեն ստեղծվեց հումանիտար ճգնաժամ։ 1932-33-ին ռուսները սովի էին մատնում ուկրաինացիներին, իսկ 2022-23-ին հայ ազգի չբարեկամները սարսափ էին տարածում, որ կարող են փակ պահել ճանապարհը և արցախցիներին սովի մատնել, եթե արցախցիները չհանձնվեն կամ չհեռանան։ Այս առումով ևս հայերի և ուկրաինացիների ճակատագրի նմանությունն ակնհայտ է։
Բռնի տեղահանությունը ևս ցեղասպանություն է որակվում։ 2023-ին արցախցիների բռնի տեղահանությունը մարդկության դեմ կատարված հանցագործություն է, ցեղասպանական ակտ, որը վաղեմության ժամկետ չունի, ինչպես Հոլոդոմորը։
Ի տարբերություն աշխարհի բազմաթիվ երկրների՝ ՀՀ իշխանությունները չեն ճանաչել ու դատապարտել Հոլոդոմորը որպես ցեղասպանություն։ ՀՀ իշխանություններն այսօր չեն ճանաչում արցախցիների բռնի տեղահանությունը որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն, այլ միայն որպես հումանիտար խնդիր։ Հետահայաց կարծիք կա, թե եթե ՀՀ իշխանությունը ժողովրդավար լիներ, մարդասիրական քաղաքականություն վարեր, ճանաչեր ու դատապարտեր Հոլոդոմորը, ապա Արցախը չէին կարողանա զավթել, Արցախի հայ ժողովուրդը բռնի տեղահանման չէր ենթարկվի։
Տարբերությունները ևս կան։ Հոլոդոմորի դեպքում բռնի տեղահանություն չի եղել։ Հակառակը՝ ուկրաինացիներին թույլ չեն տվել զանգվածաբար ու կազմակերպված լքել տները, հեռանալ։ Մեր դեպքում փաստացի կորցրել ենք հայրենիքի մեծ հատվածները։ Հոլոդոմորի պարագայում նման կորուստ չի եղել։
Ուկրաինայի խորհրդարանում մի քանի անգամ փորձել են օրակարգ բերել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նախագիծ, վերջին անգամ՝ 2020-ին, սակայն բոլոր դեպքերում այն չի ընդունվել։ Իսկ Հոլոդոմորի մասին ՀՀ ԱԺ բարձր ամբիոնից խոսելու փորձ չի եղել։ Սա ամոթալի տարբերություն է։
Կարճ ասած՝ միայնակ չենք ազգային ողբերգությունների հարցում։ Ամոթալի է, որ ցեղասպանության ու բռնի տեղահանության միջով անցած հայ ժողովուրդը, նրա ընտրյալները չեն ճանաչել Հոլոդոմորը։ Սա նշանակում է, որ մարդասիրական խիզախություն, մարդկային խիղճ չունենք։ Եթե այդպես չէ, ապա Փաշինյանն այսօր հարգանքի մի խոսք կասի Հոլոդոմորի զոհերի հիշատակին։
Թաթուլ Մկրտչյան