Ներքին 2 ժամ առաջ - 15:20 28-11-2026

ՀԷՑ-ում 10 տարվա հարկային ստուգման արդյունքում 0 դրամի խախտում անգամ չի հայտնաբերվել. Ալոյան

200-250 մլրդ դրամ տարեկան շրջանառություն ունեցող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում 10 տարի շարունակ ՊԵԿ-ից ստուգում են իրականացրել, անգամ 0 դրամի խախտում չեն հայտնաբերել։ Այս մասին ասուլիսում հայտարարել է փաստաբան Վարդան Ալոյանը։

Նրա խոսքով` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր հերթին ամեն տարի վերահսկողություն է իրականացնում ՀԷՑ-ում։ Նա ընդգծել է, որ սեփականատերերն իրենց նախաձեռնությամբ ներդրել էին մի ծրագիր, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատողներն օնլայն ռեժիմով ցանկացած պահի կարողանան տեսնել, թե ՀԷՑ-ում ինչ է կատարվում։

Ալոյանն ընդգծել է, որ եթե այդքան խախտումների մասին են այսօր խոսում, ինչու ՀԷՑ-ի որևէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել։

«Ես որևէ տեղեկություն չունեմ, որ որևէ մի պաշտոնյա այս «բացահայտումների» հետ կապված որևէ պատասխանատվության ենթարկված լինի»,- ասել է Ալոյանը։
ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի հուլիսի 3-ին ընդունել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը։

2026 թվականի մայիսի 8-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը ՀԷՑ-ը ձեռք բերելու համար 380,000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ գործարար և «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ընտանիքին։ Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել, ու բանակցությունները չեն կայացել։ Հունիսին հայտնի է դարձել, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը ճանաչել հանրության գերական շահ։

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հունիսի 29-ին հայտարարել է, թե կառավարությունը որոշում կընդունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հանրային գերակա շահ ճանաչելու մասին, որին կհաջորդեն արդեն շուկայական արժեքի գնահատումը և փոխհատուցումը։

Ամենից շատ դիտված