Արտաքին 50 րոպե առաջ - 23:10 28-11-2026

Թբիլիսիում հուժկու ցույց է անցկացվում «Վրաստանը Եվրոպա է» կարգախոսով

Թբիլիսիի Ազատության հրապարակում այսօր՝ նոյեմբերի 28-ին, մեկնարկել է բողոքի հզոր ցույց՝ «Վրաստանն առանց Իվանիշվիլիի, Վրաստանը Եվրոպա է» կարգախոսով։ Ցույցը կազմակերպել են ընդդիմադիր 12 կուսակցություններ, այդ թվում՝ Միխայիլ Սաակաշվիլիի «Ազգային շարժումը»։

Ակցիայի ընթացքում հնչել են Վրաստանի և Եվրամիության օրհներգերը։ Oragir.News-ն արձանագրել է, որ ցույցի մասնակիցները Ազատության հրապարակ են հասել երթով՝ մի քանի վայրերից։

Քաղաքացիները երթեր են անցկացրել ինչպես Ավլաբարի մետրոյի կայարանի, այնպես էլ Թբիլիսիի պետական համալսարանի տարածքից և Օրբելիանի հրապարակից։ Ավլաբարի մետրոյի կայարանի և ԹՊՀ առաջին մասնաշենքի մոտ հավաքված քաղաքացիները միավորվել են Նիկոլոզ Բարաթաշվիլի փողոցում, որից հետո շարժվել են դեպի Ազատության հրապարակ։

Ավելի վաղ ակցիայի մասնակիցները տեղում պարզել էին Վրաստանի և Եվրամիության հսկայական դրոշներ։

Այսօրվա ակցիան նվիրված է Վրաստանի կառավարության կողմից մինչև 2028 թվականի վերջը Եվրամիության հետ Վրաստանի ինտեգրման գործընթացը դադարեցնելու որոշման ընդունման 2-րդ տարելիցին։ Նշված որոշման հրապարակմանը հետևել էր երկրում բողոքի ակցիաների մեկնարկը, որոնք շարունակվում են մինչ օրս։