Ներքին 11 րոպե առաջ - 19:25 29-11-2026

Սպիտակում ընտրողները չեն գտել իրենց անունները ընտրացուցակներում․ դիտորդներն այլ խախտումներ ևս արձանագրել են․ azatutyun.am

Azatutyun.am-ը գրում է, որ սպիտակում ՏԻՄ ընտրություններն ընդհանուր առմամբ հանգիստ են ընթանում։ Դիտորդները, սակայն, մի շարք խախտումներ ու խնդիրներ են արձանագրել, որոնք էական ազդեցություն ունեցող չեն համարում։

Մասնավորապես, տեղական դիտորդները նշել են բաց քվեարկության և վստահված անձանց կողմից ընտրողներին ուղղորդելու առանձին դեպքերի մասին։ «Անկախ դիտորդ« դաշինքի փոխանցմամբ՝ որոշ ընտրատեղամասերում միաժամանակ ներկա են եղել նույն քաղաքական ուժի մեկից ավելի վստահված անձինք, ինչը հակասում է ընտրական օրենսդրության պահանջներին։ Դիտորդները չեն բացառում, որ նման դեպքերը կարող էին նպատակ ունենալ ազդելու ընտրողների որոշման վրա։

Ուշագրավ իրավիճակ է եղել Ջրաշեն բնակավայրում, որն ընդամենը երկու ընտրատեղամասեր ունի և երկուսն էլ տեղակայված են նույն դպրոցի շենքում։ Դեպի ընտրատեղամասեր տանող ճանապարհն անցնում է «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական շտաբի կողքով, որտեղ դեռևս փակցված են քարոզչական պաստառներ։

Այս հանգամանքը քննադատել են թե՛ դիտորդները, թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ կարծիք հայտնելով, որ պաստառները կարող են հոգեբանական ազդեցություն ունենալ քվեարկության եկող քաղաքացիների վրա։ Միևնույն ժամանակ, շտաբը տեղակայված է ընտրատեղամասերից ավելի քան 50 մետր հեռավորության վրա, ուստի տվյալ դեպքում Ընտրական օրենսգրքի խախտում չի արձանագրվել։

Սպիտակում առավել տարածված խնդիրներից մեկը ընտրացուցակներում քաղաքացիների անունների բացակայությունն է։

Անձնագրային բաժանմունքի մոտ մարդիկ էին հավաքվել՝ փորձելով վերականգնել ընտրելու իրենց իրավունքը։ Նրանցից ոմանք պնդել են, որ համայնքից մեկ տարուց ավելի չեն բացակայել, սակայն տեղամաս հասնելուն պես պարզել են, որ ընտրացուցակներում ընդգրկված չեն։

Դիտորդները պատմել են նաև դեպքերի մասին, երբ քաղաքացիները բուժման նպատակով մեկնել են արտերկիր, իսկ վերադառնալուց հետո պարզել, որ ընտրելու իրավունք չունեն։

Մանրամասները՝ azatutyun.am կայքում։