«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին զրկել են ընտրելու իրավունքից, ասուլիսի ժամանակ ասել է պատգամավոր Գոհար Մելոյանը։
«Տասնյակներ չէ, հարյուրներ չէ, հազարավոր ընտրողներ զրկվել են իրենց հիմնական քաղաքական իրավունքից, որը ակտիվ իրավունք է համարվում։ Մեր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին ևս զրկել են ընտրելու իրավունքից, ու հենց այդ առիթով էինք մենք գտնվում Ոստիկանության անձնագրային բաժանմունքում:
Մեր թեկնածուն, Արցախցի է, ով բնակվել ու հաշվառված է Սպիտակում, վերջինը ստացել է կրկին ոստիկանության անձնագրայինի կողմից տեղեկանք, այդ տեղեկանքի հիմքով է նա որպես թեկնածու գրանցվել։
Այսինքն Ոստիկանությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տվյալ անձի հետ որևէ իրավական խնդիր չեն տեսել, չեն ունեցել, ու պատահաբար մարդը հայտնաբերում է, որ ինքը ցուցակներում այլևս ընդգրկված չէ։
Գնում է անձնագրային և ասում են, որ դու այլևս քաղաքացիության համար դիմել էիր, շնորհվել է քաղաքացիությունը, հետևաբար էլ ընտրելու իրավունք չունես, քանի անձնագիրդ ֆիզիկապես չես վերցրել, այսինքն մենք մի իրականությունում ենք ապրում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է իրավատերը, այս Սահմանադրության նախագծով նոր հայ ժողովրդի հասկացություն են սահմանում, այդ հայ ժողովուրդը մենակ քաղաքացին է դառնում ու այդ քաղաքացին ավելի քիչ իրավունք ունի, քան այն կարգավիճակով մարդը, ով չուներ այդ քաղաքացու կարգավիճակը։
Այսինքն, մարդու իրավական կարգավիճակը փոխվել է, ըստ էության, իր իրավունքների շրջանակը ենթադրաբար ավելի պետք է ընդլայնվեր, բայց այդ հիմքով, որ ինքը քաղաքացի է դառնում, մարդուն թույլ չեն տալիս իրացնել իր ընտրական իրավունքը, քանի որ անձնագրայինը արդեն համակարգով տեսնում է, որ քաղաքացիության շնորհման փաստը իրողություն է»,- ասել է նա։