Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի ԺՊ-ի թեկնածուների ու նրանց ընտանիքի անդամների գույքի և եկամուտների հայտարարագրերը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ից 10-ը Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարին որոշելու համար անցկավող փրայմըրիզին մասնակցում է 7 թեկնածու․ ՔՊ-ական պատգամավորներ Կարեն Սարուխանյանն ու Դավիթ Առուշանյանը, Աննա Հակոբյանի ազգական Վահագն Մկրտչյանը, Շիրակի նախկին մարզպետի խորհրդական Լևոն Անանյանը, ավագանու ՔՊ-ական անդամ Շավարշ Արամյանը, ՔՊ երիտթևի Շիրակի համակարգող Էմմա Բարսեղյանը, Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյանը։Oragir.News-ն այս կապակցությամբ օրերս հայտնել էր, որ
փրայմերիզի ամենահավանական հաղթողը հենց Աննա Հակոբյանի ազգականն է՝ Վահագն Մկրտչյանը, որի ունեցվածքը կարող եք տեսնել
այստեղ․
Այսօր կներկայացնենք ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի, նրա կնոջ՝ Արփի Փիլոյանի և մոր՝ Սուսաննա Սարուխանյանի հայտարարագրերը։ Սարուխանյանն ի սկզբանե հաղթողի ամենահավանական թեկնածուն էր, սակայն այն բանից հետ, երբ նրա թմրանյութի թեստի արդյունքը դրական էր եղել, վերջինիս շանսերը կտրուկ նվազել են։
Որպես անշարժ գույք՝
Կարեն Սարուխանյանը հայտարարագրել է 6 հողամաս՝ բաժնային՝ ½ սեփականությամբ, որոնք գտնվում են Շիրակի մարզի Աշոցք համայնքում և գնվել են 2016 թվականի հունվարի 1-ին։ Տարեվերջին այս հողամասերը նույնությամբ պահպանվել են։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, Սարուխանյանը չի հայտարարագրել։
Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 145 հազար դրամ, տարեվերջին՝ 600 հազար դրամ։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 2 մլն 350 հազար դրամ, տարեվերջին՝ 4 մլն դրամ։
Հաշվետու տարում Սարուխանյանի եկամուտները կազմել են 11 մլն 554․622 դրամ, որից 9 մլն 847․982 դրամը ՀՀ ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, 930 հազար դրամը՝ Ամերիա բանկից, 2000 դոլարը՝ ACBA ստացված փոխառությունները։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 17 մլն 625․972,8 դրամ։
Սարուխանյանի կինը՝
Արփի Փիլոյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ հասարակական նշանակության շինություն՝ Գյումրիում, որը նվիրատվություն է ստացել 2022 թվականի հունիսի 6-ին։ Տարեվերջին այս շինությունը պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, Արփի Փիլոյանը չի հայտարարագրել։
Փիլոյանի բանկային հաշիվներն ամբողջ տարվա ընթացքում դատարկ են եղել։ Նա տարեսկզբին ունեցել է 1 մլն 800 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին դարձել է 2 մլն դրամ։
Հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 1 մլն 119․038 դրամ, որը Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից ստացած աշխատավարձն է։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1 մլն 439 հազար դրամ։
ՔՊ-ական պատգամավորի մայրը՝
Սուսաննա Սարուխանյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։
Ամբողջ տարվա ընթացքում վերջինիս բանկային հաշիվները դատարկ են եղել։ Նա տարեսկզբին ունեցել է 400 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին դարձել է 350 հազար դրամ։
Հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 1 մլն 897․463 դրամ, որից 1 մլն 97․463 դրամը ԿԳՄՍՆ Գյումրու պետական բժշկական քոլեջից ստացած աշխատավարձն է, 800 հազար դրամը՝ Հայէկոնոմ բանկից ստացված այլ եկամուտը։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 600 հազար դրամ։