Ուղիղ եթեր
Ներքին 51 րոպե առաջ - 21:56 29-10-2026

Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ը Գյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ից պարբերաբար ահազանգեր է ստանում տնօրեն Լիդիա Մարտիրոսյանի՝ աշխատակիցների նկատմամբ վատ վերաբերմունքի և նրանց նվաստացնելու վերաբերյալ։

«Ասում է՝ էստեղ շեֆը ես եմ, դուք ենթականեր եք, իմ խոսքով է ամեն ինչ, դուրներդ չի գալիս՝ դիմումներդ գրեք, գնացեք։ Աշխատողներին նվաստացնում է, անընդհատ լարված մթնոլորտի մեջ է պահում։ Իրեն թվում է, որ իր տունն է, ամեն ինչ իրենն է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է ահազանգող քաղաքացին, որը չի ցանկանում ներկայանալ՝ աշխատանքից չազատվելու մտավախությամբ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ խնդիրներ կան նաև հաստատության շահառու երեխաների նկատմամբ վերաբերմունքի հետ կապված։

Ահազանգերի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը զրուցել է «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիդիա Մարտիրոսյանի հետ։

«Հետաքրքիր է, թե ով է եղել էդ ահազանգողը։ Հա, լավ, ոչինչ։ Ամբողջ աշխատակազմին խոսեցրեք, տեսեք՝ կա՞ մարդ, ով դժգոհ է ինձնից։ Ես չգիտեմ, թե ինչ են խոսում, ինչ են ասում։ Կարող եք գալ և տեսնել կամ մտնել մեր ֆեյսբուքյան էջը և հավաստիանալ՝ արդյո՞ք կա վատ վերաբերմունք, թե՞ չէ»,- ասաց տնօրենը։

Մարտիրոսյանը նշեց, որ արդեն պատկերացնում է՝ ով կարող է լինել ահազանգողը։ Նրա խոսքով՝ խոսքը նախկին աշխատակցի մասին է, որն այլևս հաստատությունում չի աշխատում։

«Մեր ՊՈԱԿ-ին մասնաճյուղ է միացել, էդ աշխատակիցը չափորոշիչներով պայմանավորված դուրս է մնացել աշխատանքից։ Երևի իր սադրանքներն են, ոչինչ»,- ասաց Լիդիա Մարտիրոսյանը։

Նշենք, որ հաստատության աշխատակիցները նախկինում ևս հայտնվել են երեխաների նկատմամբ բռնության գործով վարույթի շրջանակում։

Նշենք նաև, որ խնամքի այս հաստատությունում մահվան դեպքեր են արձանագրվել։

Հիշեցնենք, որ անցած տարի Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը հայտնաբերվել է 13-ամյա աղջնակի մարմին։ 2024 թ.Գյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում 2-ամյա տղա է մահացել։

Անահիտ Չալիկյան

Ձեզ գուցե հետաքրքրի