Կառավարության հերթական նիստում վարչապետը երեկ անդրադարձել է ՀՀ տարբեր հատվածներում խաչեր տեղադրելու թեմային՝ նշելով, որ ՀՀ-ում խուճապային տեմպերով ինչ-որ խաչեր են հայտնվում՝ պլաստմասից, երկաթից, հին կահույքի կտորներից, շինարարության ավելցուկից սարքած։ Նա
նշել է, որ պրոցեսը միշտ չէ, որ քրիստոնեության հետ կապ ունի, և վստահ չէ, որ նախաձեռնության հեղինակները կկարողանան Կտակարանից կամ Աստվածաշնչից որևէ բան պատմել։
Բանն այն է, որ խաչի խորհուրդը մեզանում կարևոր սիմվոլ է և առնչվում է քրիստոնեության հետ։ Թե ինչպես են արձագանքում Փաշինյանի հայտարարությանը հոգևորականները, Oragir.news-ը փորձեց պարզել Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանից։
Մեզ հետ զրույցում նա ասաց․ «Խաչքարերը մեր հոգևոր մշակույթի անբաժանելի մասն են, կանգնեցվել են նաև գերեզմանաքարեր, հուշակոթող՝ կարևոր իրադարձությունների հետ կապված։ Խաչերի ու խաչքարերի կանգնեցումը կարևոր իրադարձություն է համարվել պետության համար։ Իհարկե, վերջին տարիների միտումները փաստում են, որ տեղադրվող հուշակոթողների կանոկանության ու ճաշակավորության առումով կարիք կա որոշակի կարգավորումների։ Խաչերը մեր ժողովրդի հոգևոր զգացումների արտահայտումն է։ Կապ չունի՝ ինչ խաչի մասին է խոսքը»։
Տեր Շահե քահանա Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց. «Խաչերի խորհուրդը մեզանում շատ կարևոր է, և բնավ կապ չունի՝ ինչ խաչի մասին է խոսքը։ Բայց ավելի լավ կլինի՝ Մայր Աթոռից ճշտեք, միևնույնն է, նույն բանն ենք ասելու»։
Փաստորեն անգամ Աստվածաշնչում խաչի խորհրդի մասին գրվածը վարչապետի համար հիմք չէ, որ այն խորհրդանշում է, ինչպես Աստվածաշնչում է գրված, իմաստություն և արդարություն։
Մեջբերումներ Աստվածաշնչից «Խաչն արդարություն է մեզ համար իր նյութի շնորհիվ, որովհետև Աստված խոստացավ մարդուն, որ Կենաց ծառից ճաշակելով՝ նա կանմահանա: Եվ քանի որ չկերավ, արդարապես վերստին Կենաց խաչի փայտով անմահացրեց մարդկանց: Եվ որովհետև սատանան փայտի միջոցով հաղթեց մարդուն, իրավամբ նույն փայտով էլ Տերը հաղթեց մեզ հաղթողին: Մարդն ընկավ և մեռավ ծառի ու նրա պտղի պատճառով» (Ծննդոց Գ, 6-7)։
«Խաչը մեզ համար իմաստություն է իր զորությամբ, որովհետև այն տեսնելով՝ նրանից անբաժան ենք ճանաչում Խաչվածին, ինչպես Ինքն ասաց. «Այս է Իմ հանգիստը հավիտյանս հավիտենից, սրանում պիտի բնակվեմ, քանզի սիրեցի այն» (Բ Օրինաց ԻԱ 23):