«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» շրջանակներում իրավապահ համակարգն ուսումնասիրում է տասնամյակների պատմություն՝ հասնելով մինչև նախկին պաշտոնյաների ու նրանց փոխկապակցված անձանց սեփականությանը և դատական կարգով իրականացնելով գույքի բռնագանձում։ Սակայն, այս սկզբունքայնությունը դադարում է գործել, երբ խնդիրը վերաբերում է երկրի գործող վարչապետի անցյալի գույքային պատմություններին։
Oragir.News-ը պաշտոնական հարցում էր ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյոք իրավապահները ստուգել են Նիկոլ Փաշինյանի՝ մինչև իշխանության գալն ունեցած գույքի ու ֆինանսական մուտքերի օրինականությունը։
Դատախազությանն ուղղած մեր հարցերը հետևյալն էին․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև իշխանության գալը հանդիսացել է Երևանի Գարեգին Նժդեհի 29 հասցեում գտնվող բնակարանի սեփականատեր։ ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից իրականացվե՞լ է նրա անշարժ գույքի ձեռքբերման և դրանից ստացված միջոցների օրինականության ուսումնասիրություն։ Եթե այո, ապա ի՞նչ է պարզվել, և եթե ոչ՝ ո՞րն է իրավական հիմքը կամ պատճառը։ 2. Քննության առարկա դարձե՞լ է «Հայկական ժամանակ»-ի գրասենյակի տարածքի սեփականացման պատմությունը։ Ստուգվե՞լ է արդյոք տեղեկությունն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը կամ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն այդ տարածքը Կենտրոնի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանից ստացել են որպես ապօրինի նվեր։ 3․ Պարզե՞լ է արդյոք Դատախազությունը կամ հարկային մարմինները, թե որքանով են օրինական եղել Նիկոլ Փաշինյանի լրագրողական տարիների ֆինանսական հոսքերը, փոխանցումներն ու ստացված հոնորարները, որոնցով նա, ըստ իր պնդման, գույք է ձեռք բերել։ 4.Եթե Դատախազությունն այսօր մեծ թափով ստուգում և բռնագանձում է նախկին պաշտոնյաների՝ տասնամյակներ առաջ սեփականացրած գույքերը, ինչո՞ւ նույն խստությամբ չի ստուգում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի ունեցվածքի ծագումը։
Ահա այն ուղիղ հարցերը, որոնք մենք ուղարկել էինք Գլխավոր դատախազություն, և որոնց դիմաց ստացանք ընդամենը մեկ նախադասությունը․ «Ձեր՝ 2026 թվականի հոկտեմբերի 115/141325-2026 հարցման պատասխանն է՝ ոչ»։
Գլխավոր դատախազությունը չի ներկայացրել հավելյալ իրավական պարզաբանումներ կամ հիմնավորումներ՝ պաշտոնապես արձանագրելով, որ գործող վարչապետի անցյալի գույքային պատմությունը չի հանդիսացել ուսումնասիրության առարկա։
Այս ամենի ֆոնին դարձյալ օդում կախված է մնում ամենագլխավոր հարցը. եթե Դատախազությունն այսօր մեծ թափով, ամենայն խստությամբ ստուգում ու բռնագանձում է նախկին պաշտոնյաների սեփականացրած գույքերը, ինչու նույն սկզբունքայնությամբ չի ստուգում գործող վարչապետի և նրա ընտանիքի ունեցվածքի ծագումը։