Հոկտեմբերի 17-ի «Գյումրու օրվա» միջոցառումը ոչ միայն տոնական տրամադրություն, այլև քաղաքական ու դիվանագիտական հակազդեցությունների առիթ է դարձել։ Միջոցառման հովանավոր Սամվել Կարապետյանին քննադատած Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գրառումը մի քանի օր անց արժանացավ Ռուսաստանի դեսպանատան, ապա նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի արձագանքին։
Դավիթ Առուշանյանը, քննադատելով Սամվել Կարապետյանին և «Գյումրու օրվա» միջոցառման շուրջ ստեղծված իրավիճակը, սոցցանցի իր էջում գրել էր.
«Մի քանի տեսախցիկ, մի քանի մտահոգ դեմք, մի քանի բարձրագոչ նախադասություն՝ «մեր Գյումրու» մասին, և ահա պատրաստ է հերթական քաղաքական ներկայացումը։
Մնում է միայն հանդիսատես գտնել։ Բայց այստեղ մի փոքրիկ անհարմարություն կա՝ Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»։
Հ.Գ. Մենք հյուրընկալ ժողովուրդ ենք․ մեր հյուրերը մեր գլխի վրա տեղ ունեն։ Բայց մի՛ փորձեք մեր գլխից բարձր թռչել, բարձրությունից ընկնելը ցավոտ է։
Գաստրոլյորներ, զգույշ եղեք...»
Մարզպետի այս գրառումը, մասնավորապես՝ «Իվանների» մասին հիշատակումը, ռուսական կողմի դժգոհության պատճառ է դարձել։
Մի քանի օր անց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հանդես եկավ կոշտ արձագանքով՝ հարցականի տակ դնելով մարզպետի հրապարակային խոսույթի ընդունելիությունը։
«Անհասկանալի է Շիրակի մարզպետի հրապարակման մեջ «Իվանների» մասին հիշատակումը։ Կցանկանայինք չհավատալ, որ մի մարզի ղեկավարը, որտեղ տեղակայված են ռուսական 102-րդ ռազմակայանը և ռուս սահմանապահները, կարող է ընդունելի համարել այնպիսի հրապարակային հայտարարություններ անելը, որոնք կարող են ռուսաստանցիների նկատմամբ էթնիկ թշնամանք հրահրել»,- ասված էր դեսպանատան հայտարարության մեջ։
Սակայն ռուսական կողմի արձագանքը դրանով չսահմանափակվեց։ Շիրակի մարզպետի գրառմանը անդրադարձավ նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ քննադատելով Դավիթ Առուշանյանի ձևակերպումները և պնդելով, որ դրանք նվաստացնում են հայ ժողովրդին։
Զախարովան հիշեցրել էր, որ նացիստների կողմից «Իվաններ» կամ «կարմիր Իվաններ» կոչվող խորհրդային զինվորների թվում շուրջ կես միլիոն էթնիկ հայ է եղել։ Նա նաև հիշատակել էր հայազգի հայտնի գործիչներին՝ մարշալ Բաղրամյանին, ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն, ինչպես նաև Թևոսյանին և Իսակովին։
Ռուսական պաշտոնական շրջանակների այս արձագանքներից հետո
Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանից՝ հասկանալու համար, թե ինչ դիրքորոշում ունի նա հնչած քննադատությունների վերաբերյալ։
Սակայն Առուշանյանը հայտարարեց, որ այս թեմայի հետ կապված որևէ մեկնաբանություն չի ցանկանում անել։
Այսպիսով, ռուսական կողմի հրապարակային դժգոհությունից հետո մարզպետը նախընտրում է չարձագանքել՝ չպարզաբանելով իր գրառման շուրջ բարձրացված հարցերը։
Ռուսաստանի դեսպանատան հայտարարությունը, սակայն, ինքնին չի նշանակում, որ Դավիթ Առուշանյանի նկատմամբ արդեն իսկ մուտքի արգելք է սահմանվել։
Հիշեցնենք, որ նախկինում ևս հայաստանյան քաղաքական գործիչների՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների շուրջ տարաձայնությունները ուղեկցվել են մուտքի արգելքով։ Այդպես եղավ Արթիկի համայնքապետ Անան Ոսկանյանի պարագայում, երբ նրա մուտքը ՌԴ 50 տարով
արգելվեց։
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ ևս
արգելվել է։Դավիթ Առուշանյանի դեպքում, սակայն, այս պահին մուտքի արգելքի մասին հաստատված տեղեկություն չկա։
Անահիտ Չալիկյան