Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքներով հաղթել է երկիրը 12 տարի կառավարող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը՝ ստանալով ձայների ավելի քան 54 տոկոսը։
Ընդդիմադիր 4 ուժերը միասին ստացել են ընդհանուր ձայների 37.33 տոկոսը, և նրանցից 3-ը արդեն հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։ Հոկտեմբերի 26-ի համապետական ընտրությունների արդյունքները չի ճանաչում նաև հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով այս օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում ընդդիմության առաջնորդների հետ։
Միևնույն ժամանակ առանցքային ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ չեն վերցնելու իրենց մանդատները և փողոցային պայքար են սկսելու։ Այս համատեքստում փորձագետներից շատերը նշում են, որ Վրաստանում հետընտրական գործընթացները կարող են հեղափոխական սցենարով զարգանալ՝ հանգեցնելով իշխանափոխության։
Թեմայի վերաբերյալ
Oragir.News-ը զրուցել է Վրաստանի Սամցխե-Ջավախքի «Մեդիա» վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի հետ․
- Պարո՛ն Այվազյան, ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները, ըստ ձեզ՝ հրապարակված պաշտոնական արդյունքները արտահայտո՞ւմ են ժողովրդի իրական տրամադրությունները։-Միանշանակ դժվար է ասել, քանի որ ընտրությունները տարբեր տեղերում տարբեր ձևի են անցկացվել։ Ջավախքում ոչ մի լուրջ խախտման մասին չի կարելի խոսել, քանի որ իշխանությունները շատ լավ տեղյակ էին, որ այստեղ մարդիկ հիմնականում են իրենց օգտին։ Հարցեր կան մայրաքաղաք Թբիլիսիում և այլ մեծ քաղաքներում ու հնարավոր է նաև շրջաններում տեղի ունեցած քվեարկության վերաբերյալ, որտեղ մենք չենք եղել, բայց միջազգային դիտորդների ուշադրությունը կենտրոնացվում է կարծես թե այդ ընտրատեղամասերի վրա, այլ ոչ թե Ջավախքի։
-Ինչո՞վ եք պայմանավորում, որ Վրաստանի հայաբնակ շրջաններում, մասնավորապես Ջավախքում, մարդիկ նախապատվությունը տվել են իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը։-Այստեղ մի քանի կարևոր հանգամանք կա․ նախ այն, որ ընդդիմությունն ընհանրապես ոչ մի աշխատանք չի տարել տեղի հայ ազգաբնակչության հետ, նորմալ խոստումներ չեն եղել, ընդդիմության ցուցակներում հայ թեկնածուներ չեն եղել, ինչը իշխանությունների համար ստեղծել է շատ հարմար դաշտ, որպեսզի մարդիկ նրանց օգտին քվեարկեն։
Բացի այդ, ջավախահայերը շատ կարևորում են Ռուսաստանի հետ հարաբերությունները, քանի որ գիտեք՝ արտագնա աշխատանքների են գնում։ Մյուս կողմից էլ գործող իշխանությունները ողջ քարոզարշավի ժամանակ հայտարարում էին՝ «եթե չքվեարկեք մեր օգտին, ապա մենք ունենալու ենք պատերազմ Ռուսաստանի Դաշնության հետ»։ Այստեղ բոլորը Ռուսաստանում հարազատներ ունեն և գնում են արտագնա աշխատանքի։
Կարծում եմ՝ հիմնականում այն 2 ֆակտորն է, որ ազդել են ընտրությունների արդյունքների վրա։ Այսինքն՝ ընդդիմությունը պասիվ է եղել, ընդհանրապես չի աշխատել, երկրորդն էլ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները, որոնք պետք է ավելի չվատթարանան և պատերազմական իրավիճակ չստեղծվի, ինչպես որ Ուկրաինայում։ Այդ մասին խոսում էր իշխանությունը, իսկ թե դա որքանով էր համապատասխանում իրականությանը, այլ հարց է, բայց այդ քարոզչությունն իրականացվել է։
-Ընդդիմությունն արդեն հայտարարել է հետընտրական գործընթացների մասին։ Կարո՞ղ է ընդդիմությունն այս ճանապարհով հաջողության հասնել՝ հեղափոխության կամ արդյունքների վերանայման ու դրա համար առավելապես ինչ գործոններ են անհրաժեշտ։-Այս պահի դրությամբ դժվար է նման կանխատեսումներ անելը՝ հեղափոխություն կամ հեղաշրջում, բայց մեկ բան պարզ է՝ ցույցերը կլինեն բազմահազարանոց, տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր մարդիկ հիմա ամենայն հավանականությամբ կհավաքվեն Թիֆլիսում։ Դժվար է ասել, թե դրանք ինչ ծավալի շարունակականություն կունենան, ու ես կարծում եմ, որ այդ ամենը կապված կլինի նրա հետ, թե ինչպիսի միջազգային արձագանք կլինի։ Այս պահի դրությամբ միջազգային արձագանքը մի քիչ պասիվ է, ու կարծում եմ՝ հետընտրական գործընթացները կարող ենք հենց այդ արձագանքով դատել ու նույնն էլ հակառակ ուղղությամբ՝ տեղի պրոցեսները կարող են ավելի հստակություն մտցնել միջազգային քաղաքական գնահատականների մասով, որոնք այժմ այդքան էլ հստակ չեն․ մի կողմից ընտրությունների առումով լուրջ քննադատություններ կան, բայց մյուս կողմից էլ ԱՄՆ-ն և ԵՄ-ն կարծես թե պատուհան են թողնում՝ Վրաստանի իշխանությունների համար։ Այսպիսինն է այս պահի դրությամբ իրավիճակը։
-«Վրացական երազանք»-ի հաղթանակից հետո Վրաստանն առավելապես ի՞նչ ուղղությամբ կընթանա, օրինակ նախընտրական շրջանում պնդումներ էին հնչում, որ երկիրը կվերադառնա Ռուսաստանի ուղեծիր, համաձա՞յն եք այս պնդումների հետ։-Բարդ է ասելը, մեկ բան կարող եմ հստակ ասել՝ եթե ընդդիմությունը հաղթանակ տաներ, ապա այդ ժամանակ 100 տոկոս հավանականությամբ մենք կկարողանայինք խոսել այն մասին, որ Վրաստանի եվրոպական ուղին կշարունակվի և ավելին՝ արագորեն կսկսվեն Եվրոպական միությանն անդամակցելու շուրջ բանակցությունները։
Այս պարագայում, այսօրվա հայտարարությունները, որոնք մենք ունենք այսօր՝ ընտրություններից հետո, հակասում են նախընտրական շրջանի հայտարարություններին․ իշխանությունները՝ վարչապետ Կոբախիձեն, հայտարարում է, որ հունվարից կսկսեն ռեստարտի ենթարկել հարաբերությունները Միացյալ Նահանգների ու Եվրոմիության հետ, իրենց էլ դուր չի գալիս այն վիճակը, որը հիմա կա։ Բացի այդ, հայտարարություն եղավ, որ իրենք չեն վերականգնի դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի ՌԴ-ն օկուպացրել է Վրաստանի տարածքի 10 տոկոսը։
Մինչև ընտրությունները՝ լրիվ հակառակ հռետորաբանությունն էր արևմուտքի մասով, բայց այստեղ երկու տարբերակ կա։ Հնարավոր է, որ վրացական իշխանություններն այս ճանապարհով փորձում են այս ընտրությունների լեգիտիմության հարցը լուծել, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի այն։ Երկրորդն այն է, որ իրենց այս քաղաքականության մեջ իսկապես ինչ-որ անկեղծություն կա ու ամեն բան արվում էր նրա համար, որ ուղղակի իրենք կարողանան պահպանել իրենց իշխանությունը ու հիմա այլևս այդ վտանգը չեն տեսնում, հետևաբար կարող են վերականգնել հարաբերությունները Արևմուտքի հետ։ Այս 2 սցենարը շատ հավանական է։
Դավիթ Գույումջյան