Ուղիղ եթեր
Ներքին 4 շաբաթ առաջ - 16:01 06-05-2026

Ինչու են մտահոգվում Մոսկվայի անբարյացկամ արձագանքից

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Ոմանց մոտ տագնապ է առաջացել Եվրոպացի առաջնորդների և Ուկրաինայի նախագահ Զելենսկու Հայաստան այցերի կապակցությամբ։ Մարդիկ վախ են հայտնում, թե Մոսկվան կարող է թշնամանալ Հայաստանի հետ, վատ բաներ անել հայ ժողովրդի հանդեպ։

Հիմնավո՞ր է այս մտահոգությունը։

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովին մասնակցելու համար Երևան էին եկել տասնյակ երկրների ղեկավարներ։ Այս երկրների մեծ մասն Ուկրաինայի անկախության և ժողովրդավարության պաշտպանության դիրքերում է կանգնած, սպառազինություն է մատակարարում, պատժամիջոցներ սահմանում Մոսկվայի դեմ։ Սակայն ժողովրդավարական այս երկրները հավաքվում են նաև այլ երկրներում այլ առիթներով։ Ու գրեթե բոլոր դեպքերում ընդունում նույնաբովանդակ բանաձև, որտեղ Ուկրաինայի անկախությանն աջակցելու և Մոսկվայի ագրեսիան դատապարտող դրույթներ են լինում։ Հետևաբար՝ Երևանում նրանց հավաքվելն ինքնին մտահոգվելու պատճառ չէ։

Հայաստանը Եվրոպայի խորհրդի, Եվրոպական խորհրդարանի, եվրոպական այլ միջազգային կառույցների անդամ է, ստորագրել է Հռոմի ստատուտը, ճանաչում է ՄԻԵԴ-ի գերակայությունը և այլն։ Մոսկվան այս իրավիճակի հետ վաղուց է հաշտվել։ Հետևապես՝ այս առումով ևս մտահոգվելու հիմնավոր պատճառ չկա։

Հայաստանն անկախ, ժողովրդավարական պետություն է 1991-ի Սեպտեմբերի 21-ի հանրաքվեի հիմքով։ ՌԴ-ն ճանաչել է ՀՀ անկախությունը։ Չնայած՝ ՀՀ-ում դեռ մնացել են ռուսական զորքերը և դպրոցներում դեռ ռուսերենի ժամերը շատ են, սակայն դա հիմք չէ, որ ՀՀ-ն որակվի ռուսական ազդեցության գոտի, գաղութ կամ նման մի բան։ Հայ-ռուսական որևէ պայմանագրով կամ համաձայնագրով ՀՀ-ն չի պարտավորվել չընդունել եվրոպական, ժողովրդավարական երկրների ղեկավարներին, չհյուրընկալել նրանց։ Այս առումով ևս մտահոգվելու հիմք չկա։

Ժողովրդավարական երկրները պարբերաբար պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի դեմ։ Բայց Հայաստանն այդ պատժամիջոցներին չի միանում, մշտապես հայտարարում, որ ուկրաինա-ռուսական պատերազմում Հայաստանը ոչ մի կերպ չի ուզում ներգրավել, ոչ մեկին չի ուզում աջակցել։ Հիմա էլ այս հարցում որևէ նոր դիրքորոշում չի արտահայտում։ Ուստի՝ այս առումով ևս մտահոգվելու առիթ չկա։

Ոմանք ուղիղ խոսել են ԱԺ հունիսի 7-ի ընտրություններում ռուսական միջամտությունը չեզոքացնելու, ԵՄ նոր առաքելության մասին։ Մեր երբեմնի բախտակից եվրոպական երկրները խորհրդային բռնազավթումից ազատագվելուց հետո լյուստրացիայի մասին օրենք են ընդունել և սահմանափակել ռուսական գործակալների մուտքը քաղաքականություն։ ՔՊ-ական իշխանությունն այս ուղղությամբ բան չի արել, և ռուսական գործակալներն այս անգամ ևս անարգել մտնելու են խորհրդարան։ Այս առումով էլ մտահոգվելու բան չկա։

Երևանում Մակրոնն իր ելույթներից մեկում ասել է.

«Հայաստանի տարածքում դեռ գտնվում են 4000 ռուս զինծառայող և ավելի քան 1000 սահմանապահ։ Այդ պատճառով Եվրոպան պետք է օգնի այս երկրին ավելի ինքնուրույն ապահովել իր սահմանների անվտանգությունը», ապա հավելել է՝ «այսօրվա աշխարհում ավելի լավ է չափազանց չապավինել Ռուսաստանին»։ Սա շատ կոնկրետ ակնարկ է ուղղված ՀՀ քաղաքական համայնքին։ Եթե Փաշինյանն արձագանքեր և ասեր, որ մտածում են այս ուղղությամբ, առաջիկայում կբարձրացնեն այս հարցը, ապա կարելի էր ասել, որ բան է փոխվել, ուրախանալու կամ մտահոգվելու առիթ կա։ Սակայն ՀՀ իշխանությունը որևէ կերպ չի արձագանքել։

Եվրոպացի մի քանի գործիչներ ակնարկել են նաև Հայաստանի ԵՄ-ին անդամակցության հեռանկարի մասին։ Այս հարցում էլ Հայաստանը դիրքորոշում չի հստակեցրել։ Օրինակ՝ Փաշինյանը կարող էր այս գագաթաժողովի ընթացքում հայտարարել, որ Հայաստանը ԵՄ անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացնում։ Սակայն այսպիսի որևէ խոսք կամ ակնարկ չի հնչել։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը կամ ՀՀ բարձրաստիճան որևէ պաշտոնյա այս օրերին ոչ մի նոր բան չեն ասել Հայաստանի քաղաքական կուրսի փոփոխության վերաբերյալ, Հայաստանը ոչ մի նոր բան չի արել, որին Մոսկվան, ենթադրաբար, կարող է թշնամաբար արձագանքել։ Ուստի՝ այս իրավիճակում Մոսկվայից չբարեկամական ենթադրյալ արձագանքի մասին մտահոգություն հայտնողները պարզապես ակնարկում են, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ, պոտենցիալ չբարեկամ է, չի հարգում հայ ժողովրդի իրավունքները և կարող է առանց պատճառի ու առիթի թշնամություն անել հայերի նկատմամբ։

Թաթուլ Մկրտչյան Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին